Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.28
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

    

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3665/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ/3665/05/14

2018թ.    

Նախագահող դատավոր՝   Գ. Ղարիբյան

Դատավորներ՝

Ք. Մկոյան

Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Ն. Տավարացյանի

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աիդա Զաքարյանի և Լևոն Խուրշուդյանի ներկայացուցիչ Թեհմինե Հովսեփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աիդա Զաքարյանի և Լևոն Խուրշուդյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանման, Համլետ, Արշակ և Անդրանիկ Ղարոյանների` Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումը մասնակիորեն վերացնելու և որպես անվավերության հետևանք` 21.08.2013 թվականի հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը, 02.09.2013 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, 31.05.2013 թվականին Էրեբունի նոտարական տարածքում տրված համաձայնությունը վերացնելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աիդա Զաքարյանը և Լևոն Խուրշուդյանը պահանջել են մասնակիորեն՝ 1-ին կետի 2-րդ ենթակետի մասով, վերացնել Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումը և որպես անվավերության հետևանք` վերացնել 21.08.2013 թվականի հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը, 02.09.2013 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, 31.05.2013 թվականին Էրեբունի նոտարական տարածքում տրված համաձայնությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 01.02.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, սեղանամատյանում թիվ 6611 համարով գրանցված 21.08.2013 թվականի հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը, 02.09.2013 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ Է4-13 մատյանի 000221 համարի տակ կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը վերացվել են, իսկ 31.05.2013 թվականին Էրեբունի նոտարական տարածքում տրված համաձայնությունը վերացնելու պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.03.2017 թվականի որոշմամբ Համլետ, Արշակ և Անդրանիկ Ղարոյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 01.02.2016 թվականի վճռի` Աիդա Զաքարյանի և Լևոն Խուրշուդյանի հայցը բավարարելու մասը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աիդա Զաքարյանի և Լևոն Խուրշուդյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համլետ, Արշակ և Անդրանիկ Ղարոյանների ներկայացուցիչը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ Համլետ, Արշակ, Անդրանիկ Ղարոյանների նկատմամբ, քանի որ Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանել է միայն Լևոն Խուրշուդյանին և այդ օրենքի ուժով կարող էր վերականգնվել միայն նրա սեփականության իրավունքը: Ավելին, Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով Լևոն Խուրշուդյանի՝ Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման հիման վրա վերականգնված և պետական գրանցում ստացած սեփականության իրավունքը ենթարկվել է ապօրինի միջամտության, քանի որ Երևանի քաղաքապետն իրավասու չէ ոչ դատական կարգով անձին զրկել իր սեփականության իրավունքից:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածները:                                                               

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից չի պահպանվել հարուցված վարչական վարույթի մասին Լևոն Խուրշուդյանին և Աիդա Զաքարյանին ծանուցելու օրենսդրական պահանջը, ինչի հետևանքով վերջիններս զրկվել են վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում լսված լինելու, ապացույցներ ներկայացնելու և իրենց իրավունքները պաշտպանելու արդյունավետ միջոցի իրավունքից: Հետևաբար Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է և մասնակիորեն ենթակա է վերացման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 01.02.2016 թվականի վճռին:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ սույն գործում առկա են բավարար ապացույցներ այն մասին, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունի ոչ միայն Լևոն Խուրշուդյանը, այլ նաև` Համլետ, Արշակ, Անդրանիկ Ղարոյանները: Հետևաբար նշված անշարժ գույքի նկատմամբ պետք է վերականգնվի նրանց բոլորի սեփականության իրավունքը, ինչը և կատարվել է Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշմամբ: Բացի այդ, վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լևոն Խուրշուդյանի կողմից նոտարական կարգով տրված համաձայնությունը: Այսինքն՝ վերջինս արդեն իսկ տեղեկացված է եղել այդ որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի մասին, և նրա լսված լինելու իրավունքը չի խախտվել: Այսպիսով, սույն գործով Վերաքննիչ դատարանը կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ, որը ենթակա չէ բեկանման:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1)      Երևանի քաղաքապետին հասցեագրված 12.03.2010 թվականի դիմումով Լևոն Խուրշուդյանը խնդրել է «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն օրինականացնել Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեի բնակելի տունը և հողամասը (հատոր 2-րդ, գ.թ. 54).

2)     Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, 16.07.2010 թվականին ընդունել է «Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի Հ.2 բնակելի տան և հողամասի նկատմամբ Լևոն Սմբատի Խուրշուդյանի իրավունքները վերականգնելու, 42,6քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 3152-Ա որոշումը, որի 1-ին կետով վերականգնվել է Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լևոն Խուրշուդյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 342,6քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, իսկ 2-րդ կետով որոշվել է 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 42,6քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լևոն Խուրշուդյանին (հատոր 2-րդ, գ.թ. 49-50).

3)     Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և Լևոն Խուրշուդյանի միջև 28.09.2010 թվականին կնքված, նոտարի կողմից հաստատված և սեղանամատյանի թիվ 6361 համարի ներքո գրանցված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագրի համաձայն` Լևոն Խուրշուդյանը ձեռք է բերել Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեի 42,6քմ մակերեսով հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 23-27).

4)     Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2793260 վկայականի համաձայն` Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման, 30.09.2010 թվականին կնքված ու թիվ 6361 համարի ներքո գրանցված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագրի և գլխավոր հատակագծի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ Է4-13 մատյանի 000221 համարի տակ 05.10.2010 թվականին գրանցվել է Լևոն Խուրշուդյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 բնակելի տան և հողամասի նկատմամբ (Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեի կադաստրային գործի պատճեն).

5)     Թիվ 357246 ամուսնության վկայականի համաձայն՝ Աիդա Զաքարյանը և Լևոն Խուրշուդյանն ամուսնացել են, որի վերաբերյալ գրանցումը կատարվել է 31.12.1976 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 45).

6)     Երևանի քաղաքապետին հասցեագրված 26.06.2012 թվականի դիմումով Համլետ և Անդրանիկ Ղարոյանները խնդրել են վերանայել Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշումն ու այդ որոշման մեջ որպես համասեփականատերեր ավելացնել նաև իրենց անունները: (հատոր 2-րդ, գ.թ. 10).

7)     Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի 12.11.2012 թվականի թիվ         55/Ղ-1655 գրությամբ Համլետ և Անդրանիկ Ղարոյաններին առաջարկվել է ներկայացնել Լևոն Խուրշուդյանի նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությունը` Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման մեջ համապատասխան լրացում կատարելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշումից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, և որոշման մեջ լրացում կատարելու դեպքում կփոփոխվի Լևոն Խուրշուդյանի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականով իրեն պատկանող հողամասի մակերեսը (հատոր 2-րդ, գ.թ. 15).

8)    Լևոն Խուրշուդյանը 31.05.2013 թվականին նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնություն է տվել Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ           3152-Ա որոշման մեջ փոփոխություն (լրացում) կատարելու և այդ որոշման մեջ որպես համասեփականատերեր Անդրանիկ, Արշակ և Համլետ Ղարոյաններին ավելացնելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 16).

9)     Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, 27.06.2013 թվականին ընդունել է «Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 16-ի Հ.3152-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 3224-Ա որոշումը, որի 1-ին կետի 2-րդ ենթակետով Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման վերնագրում, 1-ին, 3-րդ և 8-րդ կետերում «Լևոն Սմբատի Խուրշուդյանի» բառերից հետո լրացվել է «Համլետ Աշոտի Ղարոյանի, Արշակ Պետրոսի Ղարոյանի, Անդրանիկ Պետրոսի Ղարոյանի» բառերը, իսկ նախաբանում «Լևոն Սմբատի Խուրշուդյանի (ծնված 03.04.1954թ.)» բառերից հետո լրացվել են «Համլետ Աշոտի Ղարոյանի (ծնված 04.09.1971թ.), Արշակ Պետրոսի Ղարոյանի (ծնված 27.04.1960թ.), Անդրանիկ Պետրոսի Ղարոյանի (ծնված 10.11.1954թ.)» բառերը (հատոր 2-րդ, գ.թ. 113).

10)  Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա և 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումների հիման վրա, մի կողմից, Երևանի քաղաքապետի, և, մյուս կողմից, Լևոն Խուրշուդյանի, Համլետ, Արշակ, Անդրանիկ Ղարոյանների միջև 21.08.2013 թվականին կնքված, նոտարի կողմից հաստատված և սեղանամատյանի 6611 համարի ներքո գրանցված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագրի համաձայն` Լևոն Խուրշուդյանը, Համլետ, Արշակ ու Անդրանիկ Ղարոյանները ձեռք են բերել Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեի 42,6քմ մակերեսով հողամասը (հատոր        1-ին, գ.թ. 38-42).

11)   Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02092013-01-0124 վկայականի համաձայն` Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա և 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումների, «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» 30.09.2010 թվականի թիվ 6361 ու 28.08.2013 թվականի թիվ 6611 պայմանագրերի և գլխավոր հատակագծի հիման վրա 02.09.2013 թվականին գրանցվել է Լևոն Խուրշուդյանի, Համլետ, Արշակ, Անդրանիկ Ղարոյանների համատեղ սեփականության իրավունքը Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 բնակելի տան և հողամասի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 43): 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարող է արդյո՞ք համայնքի ղեկավարն իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ վարչական ակտում փոփոխություններ կատարել և ավելացնել այլ ֆիզիկական անձանց՝ որպես անշարժ գույքի սեփականատերերի տվյալներ այն պայմաններում, երբ այդ ֆիզիկական անձինք տվյալ անշարժ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքներ չունեն, իսկ նշված վարչական ակտի հասցեատիրոջ սեփականության իրավունքը ստացել է պետական գրանցում:

1) Քննելով վճռաբեկ բողոքն առաջին հիմքով՝ Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (...) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի 1-ին և   2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված համայնքի ղեկավարի որոշումը, որում պարտադիր նշվում են իրավունք ձեռք բերող ֆիզիկական անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին), բնակելի տան հասցեն, տեղեկատվություն բնակելի տան կառուցման տարեթվի մասին, տեղեկատվություն այն մասին, որ անշարժ գույքը բավարարում է նույն օրենքի       1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: (...) Նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում համայնքի ղեկավարի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը կարգավորել է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված որոշակի կատեգորիայի անշարժ գույքի նկատմամբ այդ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման և պատշաճ ձևակերպման հետ կապված հարաբերությունները: «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնումը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվող համայնքի ղեկավարի որոշման հիման վրա, որն էլ տվյալ ֆիզիկական անձին իրավունք է վերապահում օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգով գրանցելու իր սեփականության իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նշված օրենքով սահմանված իրավակարգավորումների միջոցով օրենսդիրը հետապնդում է հստակ նպատակ, այն է՝ որոշակի պահանջների բավարարող և իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի տիրապետող և դրա սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ հանդիսացող ֆիզիկական անձանց հնարավորություն տալ վերականգնելու իրենց սեփականության իրավունքն այդ անշարժ գույքի նկատմամբ։ Հետևաբար «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր պահանջներից մեկն այն է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ կարող է վերականգնվել միայն այդ անշարժ գույքը փաստացի տիրապետող այն ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը, ովքեր հանդիսանում են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ։ Այսպիսով, վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, ի թիվս այլնի, նաև այն հանգամանքը, թե իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացրած ֆիզիկական անձը հանդիսանում է արդյոք այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդ, թե՝ ոչ (տե՛ս, Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքի նկատմամբ վերականգնվում է այն ֆիզիկական անձի սեփականության իրավունքը, ով փաստացի տիրապետում է այդ անշարժ գույքը` որպես սեփական գույք: Ընդ որում, խոսքը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ոչ միայն փաստացի տիրապետում են համապատասխան անշարժ գույքը, այլ նաև հանդիսանում են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ, որոնց սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել: Հետևաբար վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, ի թիվս այլնի, նաև այն հանգամանքը, թե արդյոք ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումում նշված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի (որպես սեփական գույք) տիրապետվում է նաև այլ ֆիզիկական անձանց կողմից, թե` ոչ (տե՛ս, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկով ընդգծել է, որ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է նշված օրենքով սահմանված որոշակի պահանջներին բավարարող միայն այն բնակելի տների նկատմամբ, որոնք կառուցվել են օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ օրինական կառույցներ են: Փաստորեն, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը կարող է վերականգնվել միայն այն բնակելի տների նկատմամբ, որոնք ինքնակամ կառույցներ չեն: Հետևաբար վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, ի թիվս այլնի, նաև այն հանգամանքը, թե իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տունը հանդիսանում է արդյոք օրինական կառույց, թե՝ ոչ (տե՛ս, Սիրանուշ Վարդանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0634/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ համայնքի ղեկավարը կարող է որոշում կայացնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը վերականգնելու մասին միայն այն դեպքում, երբ փաuտական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ քննարկման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ դիմում ներկայացրած ֆիզիկական անձի, ինչպես նաև այդ դիմումում նշված անշարժ գույքի կարգավիճակը լիովին համապատասխանում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պահանջներին:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման 1-ին կետով վերականգնվել է Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լևոն Խուրշուդյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 342,6քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: Այդ վարչական ակտի հիման վրա Երևանի քաղաքապետարանի և Լևոն Խուրշուդյանի միջև 28.09.2010 թվականին կնքվել է «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիր: Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման և «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» 28.09.2010 թվականի պայմանագրի հիման վրա 05.10.2010 թվականին գրանցվել է Լևոն Խուրշուդյանի սեփականության իրավունքը Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 բնակելի տան և հողամասի նկատմամբ:

Այնուհետև Համլետ և Անդրանիկ Ղարոյանների դիմումի հիման վրա հարուցվել է նոր վարչական վարույթ, որի արդյունքում Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, 27.06.2013 թվականին ընդունել է թիվ 3224-Ա որոշումը, որով փոփոխություններ և լրացումներ է կատարել Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման մեջ: Այսպես, Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման վերնագրում, 1-ին, 3-րդ և 8-րդ կետերում «Լևոն Սմբատի Խուրշուդյանի» բառերից հետո լրացվել է «Համլետ Աշոտի Ղարոյանի, Արշակ Պետրոսի Ղարոյանի, Անդրանիկ Պետրոսի Ղարոյանի» բառերը, իսկ նախաբանում «Լևոն Սմբատի Խուրշուդյանի (ծնված 03.04.1954թ.)» բառերից հետո լրացվել են «Համլետ Աշոտի Ղարոյանի (ծնված 04.09.1971թ.), Արշակ Պետրոսի Ղարոյանի (ծնված 27.04.1960թ.), Անդրանիկ Պետրոսի Ղարոյանի (ծնված 10.11.1954թ.)» բառերը:

Դատարանը, մասնակիորեն բավարարելով Աիդա Զաքարյանի և Լևոն Խուրշուդյանի հայցը, անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և որպես հետևանք՝ վերացրել է 21.08.2013 թվականի հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրն ու 02.09.2013 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Դատարանը վճռի հիմքում, մասնավորապես, դրել է այն պատճառաբանությունը, որ Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումը չի պարունակում տեղեկություններ դիմումը ներկայացնող անձի անվան ու ազգանվան, դիմումի բովանդակության, ինչպես նաև այդ դիմումը վարչական մարմնում ստացված լինելու ամսաթվի մասին և ընդունվել է օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Համլետ, Արշակ և Անդրանիկ Ղարոյանների վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և փոփոխել այն՝ Դատարանի կողմից բավարարված մասով մերժելով Աիդա Զաքարյանի և Լևոն Խուրշուդյանի հայցը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ       3224-Ա որոշումն իրավաչափ է, քանի որ վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներն ամբողջությամբ բավարարել են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների մասին» ՀՀ օրենքի դրույթներով սահմանված պահանջներին:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշմամբ, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման մեջ, ըստ էության վերականգնվել է Համլետ, Արշակ ու Անդրանիկ Ղարոյանների սեփականության իրավունքը Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ: Մինչդեռ Երևանի քաղաքապետն իր 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման մեջ չի վկայակոչել «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը՝ որպես Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման մասին որոշում ընդունելու իրավական հիմքը: Այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման իրավաչափությունն առաջին հերթին ենթակա է որոշման հենց «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակներում, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ օրենքով:

Այս տեսանկյունից Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը վիճարկվող որոշման կայացման համար հիմք է ընդունել միայն Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման հասցեատիրոջ՝ Լևոն Խուրշուդյանի կողմից տրված գրավոր համաձայնությունն այդ վարչական ակտի մեջ փոփոխություն (լրացում) կատարելու և այդ որոշման մեջ որպես համասեփականատերեր Անդրանիկ, Արշակ և Համլետ Ղարոյաններին ավելացնելու վերաբերյալ: Սակայն նմանատիպ համաձայնությունը չի կարող հիմք հանդիսանալ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման համար, քանի որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ կարող է վերականգնվել միայն այն ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը, ովքեր փաստացի տիրապետում են այդ անշարժ գույքը և հանդիսանում են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ:

Փաստորեն, Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և որպես Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի համասեփականատերեր Անդրանիկ, Արշակ և Համլետ Ղարոյաններին ավելացնելու համար վարչական մարմինը պարտավոր էր պարզել, թե վերջիններս հանդիսանում են արդյոք այդ անշարժ գույքի սեփականատերեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ, թե՝ ոչ: Մինչդեռ սույն գործով վարչական մարմինը չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Համլետ, Արշակ ու Անդրանիկ Ղարոյանները լիովին համապատասխանում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին և Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող` իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ունեն վերականգնման ենթակա սեփականության իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումն ընդունվել է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 բնակելի տան և հողամասի նկատմամբ Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման և դրա հիման վրա 28.09.2010 թվականին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագրից ծագած Լևոն Խուրշուդյանի սեփականության իրավունքը 05.10.2010 թվականին ստացել է պետական գրանցում:

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության հիմնարար սկզբունքը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում ձևավորել է իրավական դիրքորոշում վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի մասին: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանմամբ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքը նշանակում է, որ բոլոր դեպքերում վարչական ակտը համարվում է իրավաչափ, եթե այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել (տե'ս, Լյուբով Փիլոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և այլոց թիվ ՎԴ/2085/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վարչական ակտի իրավաչափության կանխավարկածից բխում է, որ Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշումը, ինչպես նաև Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Լևոն Խուրշուդյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրավաչափ վարչական ակտեր են, քանի որ երբևէ ոչ իրավաչափ չեն ճանաչվել իրավասու մարմնի կողմից: Այսինքն՝ պետք է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետը 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման ընդունմանն ուղղված վարույթի ընթացքում ձեռք է բերել անհրաժեշտ և բավարար տվյալներ այն մասին, որ Լևոն Խուրշուդյանը և Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը լիովին համապատասխանում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Նման պայմաններում Երևանի քաղաքապետը չէր կարող Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման մեջ կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք անմիջական միջամտող ազդեցություն են ունենում Լևոն Խուրշուդյանի՝ իրավաչափ վարչական ակտերի հիման վրա ճանաչված սեփականության իրավունքի նկատմամբ: Մինչդեռ Երևանի քաղաքապետը 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման ընդունմամբ խախտել է 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման և Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Լևոն Խուրշուդյանի սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափության կանխավարկածը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն իրավացի է համարում բողոք բերած անձի այն դիրքորոշումը, որ Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումն ընդունվել է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ և մասնակիորեն (հայցվորների կողմից պահանջվող մասով) ենթակա է վերացման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով:

2) Քննելով վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով՝ Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաuտական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե` (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե` (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում. արդյունավետ միջոցը պետք է օժտված լինի մարդու իրավունքի ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակումը կանխելու, կամ իրավունքի խախտման համար պատշաճ փոխհատուցում ապահովելու հատկանիշով (տե՛ս, İlhan v. Turkey (22277/93) գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 97):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված մարդու՝ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը ներառում է նաև վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքը, որի ապահովման պարտականությունն օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով դրել է վարույթն իրականացնող վարչական մարմնի վրա: Իսկ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքը բարձրացվել է սահմանադրական մակարդակի. 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածում, որպես պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր, ամրագրված է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վարչական վարույթի մասնակիցների` ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի կենսագործման առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նշված իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ՝ հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար։

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման մասին ծանուցելու և այդ վարույթի ընթացքում լսումներ անցկացնելու իրավական հիմքերը տարբերվում են միմյանցից: Մասնավորապես, վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին չծանուցելու իրավական հիմքի՝ վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից պակաս լինելու, առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը սահմանափակելու և առանց ընթացիկ փուլում լսումների իրականացման միջամտող վարչական ակտ ընդունելու համար, եթե բացակայում են լսումներ չանցկացնելու կամ վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերը (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն՝ օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Ավելին, վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի սահմանափակման համար իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ նույնիսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման անհրաժեշտությունը, քանի որ վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու օրենսդրական պահանջի կատարումը չի կարող տեղի ունենալ ի վնաս վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթը հարուցվել է Համլետ և Անդրանիկ Ղարոյանների դիմումի հիման վրա: Հարուցված վարչական վարույթում քննարկվող հարցը վերաբերել է Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն, ինչն ուղղակիորեն առնչվել է Լևոն Խուրշուդյանի իրավունքներին, քանի որ վերջինս հանդիսացել է Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման հասցեատերը, որում կատարվելիք փոփոխությունների ու լրացումների արդյունքում փոփոխվելու էր նաև Լևոն Խուրշուդյանին տրամադրված իրավունքների ծավալը: Ընդ որում, թեև Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման հիմքը Համլետ և Անդրանիկ Ղարոյանների դիմումն է հանդիսացել, այդուհանդերձ այդ վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտի հասցեատեր էր հանդիսանալու նաև Լևոն Խուրշուդյանը, ինչպես նաև այն առնչվելու էր վերջինիս կնոջ՝ Աիդա Զաքարյանի իրավունքներին և շահերին: Մինչդեռ սույն գործով վարչական մարմինը չի ներկայացրել որևէ ապացույց Լևոն Խուրշուդյանին և Աիդա Զաքարյանին Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու և վարչական վարույթի ընթացքում լսումներ իրականացնելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն անվավեր է ճանաչել նաև այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում թույլ տրված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգային պահանջների խախտման հիմքով, որը հանգեցրել է Լևոն Խուրշուդյանի լսված լինելու իրավունքի սահմանափակման: Դատարանը վճռում, մասնավորապես, նշել է, որ Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, ինչի արդյունքում Լևոն Խուրշուդյանը չի ծանուցվել վարչական վարույթի հարուցման, վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին՝ զրկվելով վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ բացատրություններ տալու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Համլետ, Արշակ և Անդրանիկ Ղարոյանների վերաքննիչ բողոքը, բեկանել ու փոփոխել է Դատարանի վճիռը և մերժել է Լևոն Խուրշուդյանի և Աիդա Զաքարյանի հայցը՝ անհիմն գնահատելով Դատարանի այն դիրքորոշումը, թե վիճարկվող վարչական ակտ կայացնելիս խախտվել է Լևոն Խուրշուդյանի լսված լինելու իրավունքը: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Լևոն Խուրշուդյանը, Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման մեջ փոփոխություն (լրացում) կատարելու մասին համաձայնություն տալով, տեղեկացված է եղել Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի մասին, հետևաբար նրա լսված լինելու իրավունքը չի խախտվել:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վերը նշված որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը խախտել է Լևոն Խուրշուդյանի՝ որպես այդ վարչական ակտի հասցեատիրոջ, և Աիդա Զաքարյանի՝ որպես երրորդ անձի, լսված լինելու իրավունքը:

Այսպես, Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ Լևոն Խուրշուդյանն ու Աիդա Զաքարյանը պետք է ծանուցվեին Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման մասին, մինչդեռ նշված փաստը հաստատող որևէ ապացույց գործում առկա չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ նաև որևէ ապացույց Լևոն Խուրշուդյանին և վերջինիս ամուսին Աիդա Զաքարյանին (այն անձանց, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող էին շոշափվել Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշմամբ) վարչական վարույթում լսումների անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցելու վերաբերյալ, մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ նշված վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում բացակայել են լսումներ չանցկացնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված թե՛ հայեցողական, թե՛ պարտադիր հիմքերը, ինչպես նաև վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքը: Հետևաբար Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում լսումների անցկացումը պարտադիր էր:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Երևանի քաղաքապետի 16.07.2010 թվականի թիվ 3152-Ա որոշման մեջ փոփոխություն (լրացում) կատարելու մասին Լևոն Խուրշուդյանի կողմից տրված համաձայնության առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու և այդ վարույթի հարուցման ու լսումների անցկացման ժամանակի և վայրի մասին Լևոն Խուրշուդյանին և Աիդա Զաքարյանին չծանուցելու համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Փաստորեն, Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման մասին Լևոն Խուրշուդյանին և Աիդա Զաքարյանին չծանուցելու և այդ վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու հետևանքով վերջիններս ոչ իրավաչափ կերպով զրկվել են վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողությունների միջոցով վարչական մարմնի վերջնական որոշման վրա ազդելու հնարավորությունից: Այսինքն՝ Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 35-րդ և 38-րդ հոդվածների խախտմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված Լևոն Խուրշուդյանի և Աիդա Զաքարյանի՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման:

Այսպիսով, Դատարանն իր դատական ակտով իրավացիորեն է եզրահանգել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 35-րդ և 38-րդ հոդվածների խախտմամբ ընդունված լինելու հիմքով Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է և մասնակիորեն (հայցվորների կողմից պահանջվող մասով) ենթակա է վերացման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը, մասնակիորեն վերացնելով Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումը և որպես դրա հետևանք՝ վերացնելով 21.08.2013 թվականի հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրն ու 02.09.2013 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական ակտին պետք է օրինական ուժ տալ` սույն որոշման պատճառաբանություններով:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշմամբ Դատարանի վճռին օրինական ուժ է տրվում միայն Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումը մասնակիորեն վերացնելու և որպես հետևանք` 21.08.2013 թվականի հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրն ու 02.09.2013 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջները բավարարելու մասով, քանի որ Դատարանի վճիռը՝ Էրեբունի նոտարական տարածքում 31.05.2013 թվականին տրված համաձայնությունը վերացնելու պահանջի մասով, վերաքննության կարգով չի բողոքարկվել և այդ պահանջը մերժելու մասով արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Սույն գործով գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աիդա Զաքարյանի ու Լևոն Խուրշուդյանի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է բռնագանձման 60.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարվա պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը  

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը և Երևանի քաղաքապետի 27.06.2013 թվականի թիվ 3224-Ա որոշումը մասնակիորեն վերացնելու և որպես հետևանք` 21.08.2013 թվականի հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրն ու 02.09.2013 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջները բավարարելու մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 01.02.2016 թվականի վճռին:

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աիդա Զաքարյանի ու Լևոն Խուրշուդյանի բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան
Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան