Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0078/04/17

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0078/04/17
2018թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

Դատավորներ՝

Լ. Գրիգորյան

 

Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արամայիս Իսպիրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2017 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Ընկերության ` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ
 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:

 

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Նարինյան) (այսուհետ` Դատարան) 20.03.2017 թվականի որոշմամբ դիմումը վարույթ է ընդունվել:

 

Դատարանի 04.04.2017 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արամայիս Իսպիրյանը:

 

Դատարանի 08.06.2017 թվականի վճռով դիմումը մերժվել է:

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.09.2017 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արամայիս Իսպիրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.06.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արամայիս Իսպիրյանը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսել է սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրության հստակ կարգ, ինչը սույն պարագայում պետք է տեղի ունենար պարտապանի հաշվին, քանի որ Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արամայիս Իսպիրյանի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ Ընկերության, վերջինիս տնօրենի, գույքի և հաշվապահական փաստաթղթերի հայտնաբերման ուղղությամբ, որի արդյունքում հայտնաբերվել են Ընկերության տնօրենի բնակության և Ընկերության գործունեության հասցեները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2017 թվականի որոշումը և «դատական ակտ կայացնելու միջոցով պարտավորեցնել Ընկերությանը վճարելու սնանկության գործով կառավարչի վարձատրությունը՝ սկսած 04.04.2017 թվականից մինչև վճռի ուժ ստանալը»:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանը, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասով, 19.04.2017 թվականին որոշում է կայացրել պարտապան Ընկերության, տնօրենի, գույքի և հաշվապահական փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին (Հավելված հատոր 1-ին, գ.թ. 49-50).

2) Դատարանը, հաշվի առնելով Ընկերության կողմից Դատարան առարկություն ներկայացնելու հանգամանքը, 18.05.2017 թվականի որոշմամբ նշանակել է դատական նիստ (Հավելված հատոր 1-ին, գ.թ. 65).

3) Դատարանը 08.06.2017 թվականի վճռով մերժել է Կոմիտեի դիմումը` միաժամանակ անդրադառնալով դատական ծախսերին և ժամանակավոր կառավարչի վարձատրությանը (Հավելված հատոր 1-ին, գ.թ. 79-81):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյո՞ք սնանկության ժամանակավոր կառավարիչն ունի պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռը բողոքարկելու իրավունք,

2) արդյո՞ք առաջանում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության հարց այն դեպքերում, երբ սնանկության հիմքերի վերանալու պայմաններում կայացվել է սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ:

1) 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Եվրոպական դատարանի կողմից արտահայտած դիրքորոշման համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35-36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ կետի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ (…) Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը):

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի լույսի ներքո մեկնաբանելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերի և անվճարունակության հատկանիշների առկայությանը կամ բացակայությանը: Տվյալ իրավահարաբերությունում շահագրգիռ անձինք են միայն պարտապանը և պարտատերը, այլ կերպ ասած՝ այն հարցը, թե արդյոք պարտապանը կճանաչվի սնանկ, թե` ոչ, անդրադառնում է միայն պարտապանի և պարտատիրոջ իրավունքներին: Հետևաբար օրինաչափ և արդարացված է օրենսդրի մոտեցումն այն մասին, որ նշված դատական ակտը կարող են բողոքարկել միայն պարտապանը և պարտատերը (պարտատերերը):

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ որոշակի դեպքերում դատարանի վճիռը կարող է բողոքարկվել սնանկության ժամանակավոր կառավարչի կողմից այն դեպքում, երբ վճիռն ուղղակիորեն անդրադառնում է սնանկության ժամանակավոր կառավարչի իրավունքներին: Սնանկության ժամանակավոր կառավարչի կողմից վճիռը բողոքարկելու նման իրավունք ծագում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում: Այսպես, նշված նորմի համաձայն, եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց, կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռ կայացվում է կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց, կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են: Նշված դեպքերում սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռն անմիջականորեն առնչվում է սնանկության ժամանակավոր կառավարչի իրավունքներին այնքանով, որքանով կարգավորում է նաև վերջինիս վարձատրության հարցը: Հետևաբար սնանկության ժամանակավոր կառավարչին բողոքարկման իրավունք չտրամադրելը կխախտեր վերջինիս՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարր հանդիսացող բողոքարկման իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև ընդհանուր կանոնի համաձայն՝ սնանկության ժամանակավոր կառավարիչը չի կարող բողոքարկել պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռը, սակայն այդ սահմանափակումը չի վերաբերում այն դեպքին, երբ վճիռն ուղղակիորեն վերաբերում է սնանկության ժամանակավոր կառավարչի իրավունքներին, մասնավորապես՝ վերջինիս վարձատրություն ստանալու իրավունքին: Ընդ որում, անգամ այդ դեպքում սնանկության ժամանակավոր կառավարիչը չի կարող բողոքարկել վճիռը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի և անվճարունակության հատկանիշների առկայության կամ բացակայության հիմքով:

2) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ` նույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով, դատարանը նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ: (…)

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության ժամանակավոր կառավարիչը`

ա) միջնորդություն է ներկայացնում դատարան` նույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումների կիրառման համար.

բ) մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է նույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «ե», «զ» և «ժա.1» կետերով նախատեսված լիազորությունները:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով և նույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «ե», «զ» և «ժա.1» կետերով սահմանված են սնանկության ժամանակավոր կառավարչի լիազորությունները: Մասնավորապես` սնանկության ժամանակավոր կառավարչի միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը, սնանկության ժամանակավոր կառավարիչն է կազմակերպում գույքագրում, միջոցներ ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար, վերլուծում պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում, օրենքով սահմանված կարգով դիմում շարժական գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները գրանցելու համար:

Վերը նշված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկության ժամանակավոր կառավարչին թեև վերապահված են սահմանափակ լիազորություններ, ինչպիսիք են գույքագրման կազմակերպումը, պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար միջոցների ձեռնարկումը, պարտապանի ֆինանսական վիճակի, սնանկության պատճառների, պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեության և ապրանքային շուկայում նրա դրության վերլուծումը, այնուամենայնիվ դատարանի կողմից որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվելիս վերջինիս համար արդեն իսկ ծագում է վարձատրության իրավունքը, որը պետք է իրացվի պարտապանի միջոցների հաշվին վերը թվարկած սահմանափակ լիազորություններն իրականացնելիս կամ այն դեպքում, երբ սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո մերժվում է:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանի անվճարունակությունը դադարելու կամ սնանկության հիմքերը վերանալու դեպքերում սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ կայացնելու պայմաններում սնանկության ժամանակավոր կառավարչին վարձատրություն վճարելու պարտականությունը պարտապանի վրա դնելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու սնանկության վարույթի օբյեկտիվությունը և մասնակիցների միջև շահերի հավասարակշռումը, քանի որ վերը նշված դեպքերում օրենքի ուժով ծագում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը, որը չի կարող կատարվել պարտատիրոջ հաշվին, այլապես կստացվի մի իրավիճակ, երբ պարտապանի դրսևորած վարքագծի հետևանքով առաջացած դատավարական հետևանքները պետք է կրի պարտատերը: Սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքն էլ չի կարող սահմանափակվել որևէ հիմքով՝ նկատի ունենալով, որ օրենսդիրը վարձատրության իրավունքը սահմանելիս այն կախվածության մեջ չի դրել որևէ հանգամանքից: Այլ կերպ ասած՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքերի առկայության դեպքում սնանկության ժամանակավոր կառավարիչը պետք է ստանա վարձատրություն:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ինչ կարգով պետք է որոշվի ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերը վրա հասնելու պայմաններում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով ժամանակավոր կառավարչի վարձատրության չափի հաշվարկման ելակետային պայմաններ ուղղակիորեն չի նախատեսել՝ ամրագրելով միայն, որ փոխհատուցումն իրականացվում է պարտապանի հաշվին: Այդուհանդերձ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերով դիմումը մերժելը չպետք է արգելք լինի ժամանակավոր կառավարչին վարձատրելու համար այն պատճառաբանությամբ, որ վարձատրության հստակ չափ սահմանված չէ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրական այսպիսի բացը հաղթահարելու մեխանիզմներ օրենսդիրն ամեն դեպքում նախատեսել է: Մասնավորապես` տվյալ դեպքում կիրառման է ենթակա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումն այն մասին, որ երբ տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակվել է այլ անձ, ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է պարտապանի հաշվին` վերջին տարում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով, այնպես էլ նույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են համապատասխանաբար պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ պարտապանին սնանկ ճանաչելու պահից: Այսինքն՝ երկու դեպքում էլ ժամանակավոր կառավարիչն իր լիազորություններն իրականացնում է նույն ժամանակահատվածում՝ սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելուց հետո մինչև պարտապանին սնանկ ճանաչելը կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տրամաբանական և հիմնավորված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը կիրառել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում:

Սույն գործի փաստերի համաձայն` 17.03.2017 թվականին Կոմիտեն դիմում է ներկայացրել Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 20.03.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի դիմումն ընդունվել է վարույթ, իսկ 04.04.2017 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արամայիս Իսպիրյանը: Դատարանը 19.04.2017 թվականին որոշում է կայացրել Ընկերության, տնօրենի, գույքի և հաշվապահական փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Դատարանը Կոմիտեի դիմումը մերժելիս, անդրադառնալով սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությանը, «հաշվի առնելով, որ նշանակումից մեկ ամիս անց սնանկ ճանաչելու դիմումը մերժվում է, և այդ ժամանակահատվածում ժամանակավոր կառավարիչը փաստացի աշխատանք չի կատարել», գտել է, որ «ժամանակավոր կառավարչի վարձատրության փոխհատուցման հարց չի առաջանում»:

Վերաքննիչ դատարանը, Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արամայիս Իսպիրյանի վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ «սույն գործով չի իրականացվել ժամանակավոր կառավարչի՝ օրենքով նախատեսված որևէ պարտականություն, որպիսի պայմաններում «վարձատրության փոխհատուցման հարց չառաջանալու վերաբերյալ» Դատարանի եզրահանգումը գնահատել է իրավաչափ և գործի հանգամանքներից բխող:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ վերջիններս նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ սնանկության ժամանակավոր կառավարչի համար դատարանի կողմից որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվելիս արդեն իսկ ծագում է վարձատրության իրավունքը, որը վերջինիս կողմից սահմանափակ լիազորություններն իրականացնելիս կամ սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո դիմումը մերժելու մասին վճիռ կայացնելու պայմաններում պետք է իրացվի պարտապանի միջոցների հաշվին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սխալ մեկնաբանելով համապատասխան նյութական նորմը, սխալ եզրահանգման են եկել սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցի վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 20.09.2017 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արամայիս Իսպիրյանին վարձատրություն նշանակելու հարցը և դրա չափը քննարկելու նպատակով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2017 թվականի որոշումը և գործը` «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արամայիս Իսպիրյանին վարձատրություն նշանակելու հարցը քննարկելու մասով, ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան
  Ս. Անտոնյան
 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան