Գլխավոր տեղեկություն
Համար
N 802-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 25.06.2018
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2018 թվականի N 802-Լ

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հաստատել Անվտանգության խորհրդի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

2. Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ 15-օրյա ժամկետում Անվտանգության խորհրդի գործունեության 2018 թվականի ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 19-ի N 802-Լ
որոշման

 

 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

I. Ընդհանուր դրույթ

 

1. Սույն աշխատակարգը կարգավորում է Անվտանգության խորհրդի գործունեությանն առնչվող ընթացակարգային հարցերը` «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան:

 

II. Անվտանգության խորհրդի գործունեության կազմակերպման ԵՎ իրականացման կարգը

 

 2. Անվտանգության խորհրդի գործունեությունը կազմակերպվում է տարեկան ծրագրի հիման վրա, որն Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից, յուրաքանչյուր տարվա համար, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը՝ մինչև նախորդող տարվա ավարտը:

 3. Անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրում ներառվում են Անվտանգության խորհրդի նիստերում քննարկվելիք հարցերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցերը, Պաշտպանության նախարարի կիսամյակային զեկույցները՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ, անվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվությունը և դրանց հակազդմանն ուղղված առաջարկությունները, ինչպես նաև Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկումների և հաշվետվությունների ներկայացման ժամկետները:

 4. Անվտանգության խորհուրդը պաշտպանության ռազմավարական պլանավորումն ու վերանայումն իրականացնում է Պաշտպանության նախարարի միջոցով:

 5. Պաշտպանության նախարարն Անվտանգության խորհուրդ է ներկայացնում պաշտպանության ռազմավարական պլանավորման ու վերանայման արդյունքում մշակված փաստաթղթերը, ինչպես նաև զինված ուժերի և այլ զորքերի զարգացման, զինված ուժերի ծավալման, զորահավաքային, կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանները, ինչպես նաև համապատասխան մարմինների հետ համաձայնեցված զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը:

 6. Արտակարգ իրավիճակների նախարարն Անվտանգության խորհուրդ է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը:

 7. Համաձայն «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի` Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:

 8. Անվտանգության խորհրդի նիստերը վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

 9. Հայաստանի Հանրապետությանն սպառնացող անմիջական վտանգի կամ զինված հարձակման, ինչպես նաև պատերազմ հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ:

 10. Համաձայն «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի` Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը և հիմնական զեկուցողներին որոշում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

 11. Անվտանգության խորհրդի քարտուղարը սահմանված ժամկետում կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի տրամադրումն Անվտանգության խորհրդի անդամներին, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ նաև Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց:

 12. Անվտանգության խորհրդի անդամներն Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու անհնարինության մասին նիստից երեք օր առաջ, իսկ հրատապ դեպքերում` անհապաղ, ծանուցում են Անվտանգության խորհրդի քարտուղարին, ով այդ մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 13. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի հարցը զեկուցող Անվտանգության խորհրդի անդամն Անվտանգության խորհրդի նիստին փորձագետներ հրավիրելու վերաբերյալ առաջարկությունը ծանուցում է Անվտանգության խորհրդի քարտուղարին, ով այդ մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 14. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Անվտանգության խորհրդի նիստին հրավիրված անձանց մասնակցությունն ապահովում է Անվտանգության խորհրդի գրասենյակը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի իրավասու պաշտոնատար անձանց հետ:

 15. Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրված անձինք ներկա են գտնվում միայն իրենց վերաբերող հարցի քննարկմանը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվությամբ:

 16. Անվտանգության խորհրդի քարտուղարը, Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը մշակելիս, մինչև այն Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնելը, հաշվի է առնում Անվտանգության խորհրդի անդամներից ստացված առաջարկությունները:

 17. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ Անվտանգության խորհրդի անդամներն առաջարկություններ կարող են ներկայացնել նիստից առնվազն երկու օր առաջ, կամ նիստի ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում նիստին ներկայացնելով առաջարկությունների գրավոր տարբերակը, կամ դրանց էլեկտրոնային կրիչը:

 18. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում լրացուցիչ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի գործունեության ծրագրով չնախատեսված, հարցերի ներառման վերաբերյալ Անվտանգության խորհրդի անդամներն առաջարկություններ կարող են ներկայացնել նիստից առնվազն երեք օր առաջ, որոնք Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից ամփոփվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ նիստից առնվազն երկու օր առաջ:

 19. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերին ծանոթանալու հատուկ կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

 20. Անվտանգության խորհրդի քարտուղարը, մինչև Անվտանգության խորհրդի նիստն սկսվելը, Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցում է քվորումի առկայության մասին:

 21. Քվորումի բացակայության դեպքում նիստը հետաձգվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված ժամկետով:

 22. Նիստն սկսվում է Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի հրապարակմամբ, որին հետևում է օրակարգի հարցերի քննարկումը` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված հերթականությամբ:

 23. Անվտանգության խորհրդի նիստում հարցերը զեկուցում են Անվտանգության խորհրդի անդամները կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվությամբ՝ այլ անձինք:

 24. Օրակարգի յուրաքանչյուր հարցի քննարկման ավարտին Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից քվեարկության է դրվում տվյալ հարցով Անվտանգության խորհրդի դիրքորոշումը: Դրա հիման վրա Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նախապատրաստվում է Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծ և Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից Անվտանգության խորհրդի անդամների հետ համաձայնեցվելուց հետո այն ներկայացվում է ստորագրման:

 25. Առանձին դեպքերում Անվտանգության խորհուրդը կարող է սահմանափակվել հարցերի քննարկմամբ` առանց որոշում ընդունելու կամ տարաժամկետելու որոշման ընդունումը՝ մինչև Անվտանգության խորհրդի հաջորդ նիստը:

 26. Անվտանգության խորհրդի որոշումներն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ դրանք ընդունելու օրվանից ոչ ուշ, քան երեք օր հետո:

 27. Անվտանգության խորհրդի քարտուղարն Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին և Անվտանգության խորհուրդ:

 28. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ Անվտանգության խորհրդի նիստում քննարկված հարցերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը՝ համագործակցելով Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ:

 29. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ Անվտանգության խորհրդի նիստի լուսաբանումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ համատեղ:

 30. Անվտանգության խորհրդի նիստերն արձանագրվում են Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից, ընդ որում, արձանագրությունները համարակալվում են նիստերին տրված համարների հերթականությամբ:

 31. Անվտանգության խորհրդի գործունեության վերաբերյալ փաստաթղթերը և այլ նյութեր պահվում են Անվտանգության խորհրդի գրասենյակում:

 

III. Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվությունը հավաքելու ԵՎ ամփոփելու կարգը

 

 32. Անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության հավաքումը և ամփոփումը կազմակերպելու նպատակով համապատասխան հարցումներ է ուղարկում գործադիր իշխանության մարմիններին և ամփոփում նրանց առաջարկությունները:

 33. Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության ամփոփագրերը և ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ առաջարկություններն Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ:

 

IV. Անվտանգության խորհրդի հանձնախմբերը ԵՎ աշխատանքային խմբերը

 

 34. Անվտանգության խորհրդի հանձնախմբերը և աշխատանքային խմբերն ստեղծվում են Անվտանգության խորհրդի լիազորությունների իրականացման, Անվտանգության խորհրդի առանձին օրակարգային հարցերի քննարկման, Անվտանգության խորհրդի տարեկան ծրագրով նախատեսված հարցերով կամ Անվտանգության խորհրդի գործունեությանն առնչվող այլ հարցերով նախապատրաստական աշխատանքներ և փորձագիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով՝ Պաշտպանության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին և Անվտանգության խորհուրդ ներկայացված հիմնավորումների հիման վրա:

 35. Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով՝ Պաշտպանության նախարարը, Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի ստեղծման նպատակով ապահովում է Անվտանգության խորհրդի անդամներից համապատասխան առաջարկությունների ստացումը և դրանց ամփոփումը:

 36. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի ստեղծման, կազմի և դրանց գործունեության կարգի վերաբերյալ առաջարկությունները և համապատասխան որոշման նախագծերը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով՝ Պաշտպանության նախարարը:

 37. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի անհատական կազմը հաստատվում է Անվտանգության խորհրդի քարտուղարի, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով՝ Պաշտպանության նախարարի կողմից՝ գործադիր իշխանության մարմիններին ուղղված հարցման հիման վրա ստացված առաջարկությունների հաշվառմամբ:

 38. Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով՝ Պաշտպանության նախարարը ղեկավարում է Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի գործունեությունը:

 39. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի գործունեության ղեկավարումը կարող է դրվել Անվտանգության խորհրդի այլ անդամների վրա:

 40. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով:

 41. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները հանձնախմբերի և աշխատանքային խմբերի ղեկավարների կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին և Անվտանգության խորհուրդ:

 42. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի ղեկավարներն Անվտանգության խորհրդի հանձնախմբերին և աշխատանքային խմբերին տալիս են հանձնարարականներ և վերահսկում դրանց կատարումը:

 43. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի գործունեությունը դադարեցվում է դրանց առջև դրված խնդիրների սպառման կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով՝ Պաշտպանության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին և Անվտանգության խորհուրդ ներկայացված հիմնավորումների հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան