Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.40
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.11.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

         

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

           

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱԴԴ/0074/01/15

Քրեական գործ թիվ ԵԱԴԴ/0074/01/15

 

Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան

Դատավորներ՝

Կ. Ղազարյան

Ա. Խաչատրյան

            

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

           

նախագահությամբ

Ս. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

 

մասնակցությամբ

 

 

դատախազ

Հ. Չախոյանի

 

ամբաստանյալ

Ռ. Մկրտչյանի

 

պաշտպաններ

Ա. Ֆերոյանի

 

Գ. Գրիգորյանի

         

2017 թվականի նոյեմբերի 15-ին

ք.Երևանում

        

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Բախշի Հովհաննեսի Երիցյանի, Էլմիրա Բախշիի Երիցյանի և Ռաֆիկ Բագրատի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

   

Գործի դատավարական նախապատմությունը.

 1. 2015 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 10104915 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով:

 Նախաքննության մարմնի` 2015 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ Բախշի Հովհաննեսի Երիցյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Նախաքննության մարմնի` 2015 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ Էլմիրա Բախշիի Երիցյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Նույն մարմնի` 2015 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ Ռաֆիկ Բագրատի Մկրտչյանը նույնպես ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Բ.Երիցյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ Է.Երիցյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

2015 թվականի հոկտեմբերի 14-ին Բ.Երիցյանի, Է.Երիցյանի և Ռ.Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 29-ի դատավճռով ամբաստանյալ Բ.Երիցյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի հիման վրա ամբաստանյալ Բ.Երիցյանի նկատմամբ նշանակվել է նաև հարկադիր բուժում` նյարդահոգեբույժի հսկողությամբ:

Ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալներ Է.Երիցյանի, Ռ.Մկրտչյանի անմեղությունը` համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

3. Մեղադրող Հ.Չախոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 29-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Ռ.Մկրտչյանի պաշտպան Ա.Ֆերոյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը և բողոքարկվող դատական ակտը թողնել անփոփոխ:

       

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Բ.Երիցյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) [Մ]եղադրյալ Էլմիրա Բախշիի Երիցյանի հետ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արշավիր Արմենակի Բարսամյանին:

Այսպես.

Բախշի Հովհաննեսի Երիցյանը 2015 թվականի հունվարի 31-ին` ժամը 10:00-ին, կնոջ` Էլմիրա Երիցյանի հետ, Հրազդան քաղաքից նստելով Ռաֆիկ Բագրատի Մկրտչյանի կողմից շահագործվող Գազ 31-105 մակնիշի 77SO677 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, վերջինիս հետ միասին գնացել են Երևան քաղաքի Մարգարյան փողոց, ավտոմեքենան կայանել 10-րդ շենքի մոտ և, իրենց բջջային հեռախոսները թողնելով ավտոմեքենայի մեջ, երեքով շուրջ 800 մետր ոտքով քայլել են դեպի Ֆուչիկի փողոցի 24-րդ շենքի 30-րդ բնակարան` նույն բնակարանի բնակիչ Արշավիր Արմենակի Բարսամյանի և իր միջև Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 120-րդ շենքի 21-րդ բնակարանի պատկանելիության հարցի շուրջ զրուցելու և տվյալ բնակարանում գտնվող չհրկիզվող պահարանից իրեն պատկանող ոսկյա զարդերը վերցնելու համար` տան մուտքի բանալիները պահանջելու նպատակով: Ստանալով մերժում` Բախշի Երիցյանն ապօրինաբար Արշավիր Բարսամյանին կյանքից զրկելու դիտավորությամբ մուրճի երկաթյա հատվածով հարվածներ է հասցրել Արշավիր Բարսամյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է հյուրասենյակի մահճակալին և օգնություն կանչելու նպատակով սկսել բղավել: Այնուհետև, Արշավիր Բարսամյանի կողմից դիմադրությունը կանխելու նպատակով Էլմիրա Երիցյանը գետնից վերցրել է պլաստմասե շշեր, մի քանի հարված հասցրել Արշավիր Բարսամյանի գլխին, ապա մարմնով ընկել է վերջինիս վրա, բռնել նրա ձեռքերը, իսկ Բախշի Երիցյանը, թղթյա կտորներով փակելով Արշավիր Բարսամյանի շնչառական ուղիները, շարունակել է մուրճով բազմաթիվ հարվածներ հասցնել Արշավիր Բարսամյանի դեմքի շրջանին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի բաց, բութ գանգուղեղային և պարանոցի` փակ, բութ վնասվածքներ ու սպանել նրան:

Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը բնակարանի նկուղ տեղափոխելու համար Բախշի Երիցյանը բռնել է Արշավիր Բարսամյանի դիակի ձախ ձեռքից, Ռաֆիկ Մկրտչյանը` աջ ձեռքից, իսկ Էլմիրա Երիցյանը` ոտքերից, միասին տարել են խոհանոց, սակայն չեն հասցրել թաքցնել, քանի որ հանցանքի կատարման պահին նկատվել և բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից» (տե´ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 152-153):

5.1. Էլմիրա Բախշիի Երիցյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա «(...) [Մ]եղադրյալ Բախշի Հովհաննեսի Երիցյանի հետ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արշավիր Արմենակի Բարսամյանին: 

Այսպես.

Էլմիրա Բախշիի Երիցյանը 2015 թվականի հունվարի 31-ին` ժամը 10:00-ին, ամուսնու` Բախշի Երիցյանի հետ, Հրազդան քաղաքից նստելով Ռաֆիկ Բագրատի Մկրտչյանի կողմից շահագործվող Գազ 31-105 մակնիշի 77SO677 հաշվառման համարանշի ավտոմեքենան, վերջինիս հետ միասին գնացել են Երևան քաղաքի Մարգարյան փողոց, ավտոմեքենան կայանել 10-րդ շենքի մոտ և, իրենց բջջային հեռախոսները թողնելքով ավտոմեքենայի մեջ, երեքով շուրջ 800 մետր ոտքով քայլել են դեպի Ֆուչիկի փողոցի 24-րդ շենքի 30-րդ բնակարան` նույն բնակարանի բնակիչ Արշավիր Արմենակի Բարսամյանի և ամուսնու միջև Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 120-րդ շենքի 21-րդ բնակարանի պատկանելիության հարցի շուրջ զրուցելու և տվյալ բնակարանում գտնվող չհրկիզվող պահարանից Բախշի Երիցյանին պատկանող ոսկյա զարդերը վերցնելու համար տան մուտքի բանալիները պահանջելու նպատակով:

Ստանալով մերժում` Բախշի Երիցյանն ապօրինաբար Արշավիր Բարսամյանին կյանքից զրկելու դիտավորությամբ մուրճի երկաթյա հատվածով հարվածներ է հասցրել Արշավիր Բարսամյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է հյուրասենյակի մահճակալին և օգնություն կանչելու նպատակով սկսել բղավել: Այնուհետև, Արշավիր Բարսամյանի կողմից դիմադրությունը կանխելու և ամուսնու հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, Էլմիրա Երիցյանը գետնից վերցրել է շշեր, մի քանի հարված հասցրել Արշավիր Բարսամյանի գլխին, ապա մարմնով ընկել է վերջինիս վրա, բռնել նրա ձեռքերը, իսկ Բախշի Երիցյանը, թղթյա կտորներով փակելով Արշավիր Բարսամյանի շնչառական ուղիները, շարունակել է մուրճով բազմաթիվ հարվածներ հասցնել Արշավիր Բարսամյանի դեմքի շրջանին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի բաց, բութ գանգուղեղային և պարանոցի` փակ, բութ վնասվածքներ ու սպանել նրան:

Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը բնակարանի նկուղ տեղափոխելու համար Բախշի Երիցյանը բռնել է Արշավիր Բարսամյանի դիակի ձախ ձեռքից, Ռաֆիկ Մկրտչյանը` աջ ձեռքից, իսկ Էլմիրա Երիցյանը` ոտքերից, միասին տարել են խոհանոց, սակայն չեն հասցրել թաքցնել, քանի որ հանցանքի կատարման պահին նկատվել և բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից» (տե´ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 173-174):

5.2. Ռաֆիկ Բագրատի Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա «(…) Հրազդան քաղաքի բնակիչներ` Բախշի Երիցյանին և վերջինիս կնոջը` Էլմիրա Բախշիի Երիցյանին մատուցելով տաքսի ծառայության պատվեր, 2015 թվականի հունվարի 31-ին` ժամը 10:00-ին, իր կողմից օգտագործվող 31-105 մակնիշի 77SO677 համարանիշի ավտոմեքենայով վերջիններիս տարել է Երևան քաղաք և նրանց հետ միասին գնացել Ֆուչիկի փողոցի 24-րդ շենքի 30-րդ բնակարան, որտեղ նույն բնակարանի բնակիչ Արշավիր Արմենակի Բարսամյանի և Բախշի Հովհաննեսի Երիցյանի միջև զրույցի ժամանակ վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում Բախշի Երիցյանը սպանության դիտավորությամբ մուրճով հարվածներ է հասցրել Արշավիր Բարսամյանի գլխի և դեմքի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ընկել է մահճակալին և օգնություն կանչելու նպատակով սկսել է բղավել, որի ժամանակ Արշավիր Բարսամյանի կողմից հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով Էլմիրա Երիցյանը մարմնով ընկել է վերջինիս վրա, բռնել նրան, իսկ Բախշի Երիցյանը, շարունակելով մուրճով հարվածներ հասցնել` ապօրինաբար Արշավիր Բարսամյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Այնուհետև Ռաֆիկ Մկրտչյանը կատարել է հանցագործության հետքերի նախապես չխոստացված պարտակում, օգնել է Բախշի և Էլմիրա Երիցյաններին, բռնել է դիակի աջ ձեռքը այն բնակարանի նկուղում թաքցնելու նպատակով և վերջիններիս հետ դիակը տեղափոխել է խոհանոց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործության հետքերը չեն կարողացել թաքցնել, քանի որ հանցանքի կատարման պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից» (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 183-184):

6. Առաջին ատյանի դատարանը դատավճռում փաստել է. «[Դ]ատարանը գտնում է, որ արժանահավատ են ամբաստանյալ Բ.Երիցյանի դատաքննական ցուցմունքները, մասնավորապես այն, որ մուրճով Արշավիր Բարսամյանի դեմքին և գլխին հարվածողը եղել է ինքը, որ իր ձեռքի թղթերը մտցրել է նրա բերանը, որպեսզի արյունը բերանից չհոսի, այնուհետև, երբ փորձել է նրա դիակը տեղափոխել խոհանոց, իրեն այդ հարցում Է.Երիցյանը և Ռ.Մկրտչյանը չեն օգնել բացի այդ ինքն իր այդ գործողությունները չի կարող պատճառաբանել, քանի որ չի հասկացել, թե ինչ է կատարել, ինչպես նաև չի հասկացել իր գործողությունները: Դատարանի սույն հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Էլմիրա Երիցյանը նույնպես իր դատաքննական ցուցմունքներով հաստատել է այն տեղեկությունը, որ ինքը Բախշի Երիցյանին չի օգնել դիակը տեղափոխելու հարցում, այլ Բախշի Երիցյանը միայնակ գրկել է դիակը` փորձելով այն տեղափոխել խոհանոց, ավելին` նա փորձել է անգամ Բախշի Երիցյանին թույլ չտալ այդ անել: Բացի այդ, վերը նշված հանգամանքների արժանահավատության վերաբերյալ դատարանի հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Բախշի Երիցյանը քննչական փորձարարության ժամանակ նույնպես հայտնել է, որ Արշավիր Բարսամյանի դիակը խոհանոց միայնակ է տեղափոխել, առանց որևէ մեկի օգնության:

Ինչ վերաբերում է Է.Երիցյանի դատաքննական ցուցմունքներին, ապա դրանք նույնպես արժանահավատ են, քանի որ ի սկզբանե Է.Երիցյանը իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չճանաչելով տվել է իրականությանը համապատասխանող ցուցմունքներ, մասնավորապես, որ ինքը, մինչ Արշավիր Բարսամյանի բնակարան հասնելը, որևէ խոսակցություն չի ունեցել Բախշի Երիցյանի հետ, որ ինքը, երբ Արշավիր Բարսամյանի հարվածից հետո Բախշի Երիցյանն ընկել է, փորձել է նրան օգնել բարձրանալ գետնից, ինքը Բախշի Երիցյանին չի օգնել դիակը խոհանոց տեղափոխելու հարցում: Վերոնշյալի վերաբերյալ դատարանի ներքին համոզմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ դեպքին անմիջապես մասնակցություն ունեցած Բախշի Երիցյանն իր ցուցմունքներով նույնպես հաստատել է Էլմիրա Երիցյանի հայտնած վերոնշյալ հանգամանքները, փաստերը, բացի այդ, դատարանը, Էլմիրա Երիցյանի ցուցմունքները համադրելով քրեական գործում առկա մյուս ապացույցների հետ, դրանց վերլուծության և գնահատման արդյունքում ներքին համոզմամբ եկել է եզրահանգման, որ Էլմիրա Երիցյանի ցուցմունքներն արժանահավատ են և համապատասխանում են իրականությանը: Ավելին` դատարանի նման հետևությունը, բացի վերոգրյալից, պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կարող է հերքել Է.Երիցյանի ցուցմունքերի արժանահավատությունը:

(...)

Դատարանը վերլուծության է ենթարկել Ռ.Մկրտչյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները (...) դրանք համադրելով քրեական գործի փաստական հանգամանքերի հետ (...) գտնում է, որ Ռ.Մկրտչյանի ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննական ցուցմունքներն արժանահավատ չեն, հավատ չեն ներշնչում, իսկ Դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռ.Մկրտչյանը բազմաթիվ անգամներ նախաքննության ընթացքում տվել է միմյանց հակասական ցուցմունքներ, ավելին` հենց Ռ.Մկրտչյանի կողմից դատաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ հերքվել է այն փաստը, որ ինքը հայտնել է, թե իբր Է.Երիցյանն օգնել է Բ.Երիցյանին Արշավիր Բարսամյանի սպանության հարցում` պատճառաբանելով, որ ինքն ի նկատի է ունեցել օգնել ասելով, որ Է.Երիցյանն օգնել է Բ.Երիցյանին բարձրանալ գետնից` բռնելով նրա ձեռքերից, իսկ ցուցմունքների միջև առկա հակասությունն էլ պատճառաբանել է՝ շփոթված լինելով: (...) դատարանը հարկ է համարում նշել, որ նրա ցուցմունքներն անարժանահավատ համարելու համար հիմք է հանդիսացել, (...) նաև այն, որ վերջինս տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը մասնավորապես դրսևորվում է ուղեղի արյան շրջանառության քրոնիկ խանգարումներով (...): Հետևաբար Ռ.Մկրտչյանի մոտ առկա հիվանդությունն իր հերթին զրկել է նրան նախաքննության ընթացքում բազմիցս անգամ, իսկ հետագայում դատաքննության ընթացքում ցուցմունքներ տալու ժամանակ հանգամանքները վերլուծել և վերարտադրել ըստ արժանվույնս:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Գ.Պողոսյանը, Ա.Այվազյանը և Ա.Հակոբյանը հայտնել են, որ իրենք նկատել են պատուհանից, թե ինչպես Է.Երիցյանը, Բ.Երիցյանը և Ռ.Մկրտչյանն Արշավիր Բարսամյանի դիակը բռնած տեղափոխել են խոհանոց, Դատարանը գտնում է, որ վկաների ցուցմունքներն այս մասով հավատ չեն ներշնչում, իսկ Դատարանի այս հետևությունը պայմանավորված է նրանց ցուցմունքների միջև առկա հակասություններով, այսինքն` վկաները, միաժամանակ լինելով դեպքի վայրում, նայելով պատուհանից ներս, իբր տեսել են Բ.Երիցյանին, Է.Երիցյանին, Ռ.Մկրտչյանին ինչ-որ գործողություններ կատարելիս, իսկ հետագայում, որպես վկա հարցաքննվելիս, դեպքի հանգամանքները նկարագրելու ընթացքում տվել են միմյանց հակասող ցուցմուքններ, մասնավորապես վկա Գ.Պողոսյանը հայտնել է, որ Արշավիր Բարսամյանի պատուհանը կիսով չափ թերթերով փակված է եղել, չի կարող հիշել դիակը գետնին դրված է եղել, թե` ոչ, նախաքննության ժամանակ հայտնել է, որ դիակի դեմքը շորով ծածկել է Բ.Երիցյանը, իսկ դատաքննության ժամանակ հայտնել է, որ այդ գործողությունը կատարել է Է.Երիցյանը, սակայն ավելի ուշ ավելացրեց, որ ներկայումս որոշ հանգամանքեր չի հիշում, Է.Երիցյանի և Ռ.Մկրտչյանի վրա արյան հետքեր չի նկատել, վկա Ա.Այվազյանը չի տեսել, որ դիակը քարշ տան, քանի որ գետնին փռված թերթերը կկուտակվեին, ինչպես նաև հատկանշական է այն, որ ինքը խոհանոցում նկուղ չի նկատել պատուհանից նայելիս, Է.Երիցյանի և Ռ.Մկրտչյանի վրա արյան հետքեր չի նկատել, իսկ Ա.Հակոբյանը հայտնել է, որ պատուհանից նայելիս նկուղ նկատել է, այն էլ դուռը բաց վիճակում, ինչպես նաև Է.Երիցյանի և Ռ.Մկրտչյանի վրա արյան հետքեր չի նկատել: Դատարանը հարկ է համարում նշել նաև, որ վկաները դատաքննության ընթացքում հայտնել են, որ Է.Երիցյանի, Ռ.Մկրտչյանի վրա արյան հետքեր չեն նկատել, այնինչ, նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից տրված զեկուցագրերում մանրամասն նկարագրելով դեպքը, հայտնել են նաև, որ Է.Երիցյանի, Ռ.Մկրտչյանի վրա նկատել են արյան հետքեր: Սույն հակասությունը, այսինքն` Է.Երիցյանի և Ռ.Մկրտչյանի վրա արյան հետքեր դեպքից հենց անմիջապես հետո նկատելը, սակայն ավելի ուշ` դեպքից որոշ ժամանակ անց, արդեն որպես վկա հարցաքննվելիս, այդ փաստը հերքելն իրենց իսկ ցուցմունքներով, դատարանին ևս հիմք են տալիս ներքին համոզմամբ գալու եզրահանգման, որ վերոնշյալ վկաների ցուցմունքները՝ Բ.Երիցյանի, Է.Երիցյանի և Ռ.Մկրտչյանի կողմից Արշավիր Բարսամյանի դիակը խոհանոց տեղափոխելու մասով, հավատ չեն ներշնչում: Բացի այդ, դատարանը հարկ է համարում նշել, որ պատուհանները թերթերով կիսով չափ փակված լինելու հանգամանքն իր հերթին ևս խոչընդոտ կարող էր հանդիսանալ վկաներ Գ.Պողոսյանի, Ա.Այվազյանի, Ա.Հակոբյանի կողմից բնակարանի ներսը պարզ նկատելի աստիճանի տեսնելու և հետագայում Բ.Երիցյանի, Է.Երիցյանի և Ռ.Մկրտչյանի գործողությունները մանրամասն նկարագրելու համար: (...) Հետևաբար վերոնշյալ բոլոր էական հակասություններն իրենց համակցությամբ դատարանին հիմք են տալիս ներքին համոզմամբ գալու հետևության, որ վկաներ Գ.Պողոսյանի, Ա.Այվազյանի և Ա.Հակոբյանի ցուցմունքները, որ նկատել են Բ.Երիցյանին, Է.Երիցյանին, Ռ.Մկրտչյանին Արշավիր Բարսամյանի դիակը խոհանոց տեղափոխելիս՝ նկարագրելով նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, անարժանահավատ են» (տե´ս քրեական գործի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 164-165):

6.1. Դատավճռի` դատարանի իրավական վերլուծությունների հատվածում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է. «(...) [Ս]ույն գործով ձեռք չի բերվել վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որոնց հիման վրա հնարավոր կլինի հիմնավոր համարել սույն գործի ճիշտ լուծման համար առանցքային նշանակություն ունեցող հանգամանքները, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցանքի կատարմանն Է.Երիցյանի մասնակցությունը: Այսինքն` սույն գործով ձեռք չի բերվել ապացույցների անհրաժեշտ և բավարար համակցություն, որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցանքին Է.Երիցյանի մասնակցության վերաբերյալ յուրաքանչյուր փաստական հանգամանք դատարանը հաստատված համարի այն խորությամբ և աստիճանի, որ կասկած չմնա դրանց ապացուցվածության վերաբերյալ և հերքի պաշտպանական կողմի` Է.Երիցյանի պաշտպանության համար բերվող փաստարկները, հետևաբար Է.Երիցյանի մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքերի ապացուցվածությունը խիստ կասկած է հարուցում:

Հետևաբար առկա է չփարատված կասկած Է.Երիցյանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարելու հանգամանքների, մասնավորապես, որ նախնական համաձայնության գալով Բ.Երիցյանի հետ, օգնել է նրան սպանել Արշավիր Բարսամյանին, ինչը դրսևորվել է Է.Երիցյանի կողմից Արշավիր Բարսամյանի վրա ընկնելով, նրա ձեռքերը պահելով` դիմադրությունը կոտրելու համար, այնուհետև օգնել է Բ.Երիցյանին Արշավիր Բարսամյանի դիակը խոհանոց տեղափոխելու համար, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ նրա:

(...) Բացի այդ, դատարանը հարկ է համարում նշել, որ նախաքննական մարմնի կողմից, բացի Ռ.Մկրտչյանի նախաքննական ցուցմունքներից, ձեռք չեն բերվել այլ ապացույցներ, որոնք կարող են փաստել Է.Երիցյանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարելու հանգամանքը և հնարավորություն տան դատարանին դրա վերաբերյալ գալու արժանահավատ և հավաստի հետևության: Ավելին` նրան առաջադրված մեղադրանքի զանգվածում առկա ապացույցների, մասնավորապես` դատակենսաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննության թիվ 15-0328 եզրակացության համաձայն` Էլմիրա Երիցյանի աջ և ձախ ձեռքերի եղունգների կտրվածքների տակ, ինչպես նաև Արշավիր Բարսամյանի վարտիքից կտրված կասկածելի հետքերում «հեմոֆան» ախտորոշիչ ժապավենի փորձով արյան առկայություն չի հայտնաբերվել, Էլմիրա Երիցյանի հագուստների մանրակրիտ զննությամբ արյան կասկածելի հետքեր չեն հայտնաբերվել, փորձաքննության ներկայացված Էլմիրա Երիցյանից ստացված եղունգների նմուշներում որևէ գործվածքի մանրաթելեր չկան, փորձաքննության ներկայացված էլմիրա Երիցյանի հագուստների հետազոտությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել, փորձագետի թիվ 169 Ք-15 եզրակացության համաձայն` փորձաքննությանը տրամադրված Արշավիր Բարսամյանի հագուստների վրա հետագա համեմատական հետազոտության համար պիտանի, ինչպես նաև Էլմիրա Երիցյանի հագուստների գործվածքների կազմի մեջ մտնող միկրոմանրաթելեր չեն հայտնաբերվել, փորձաքննությանը տրամադրված Էլմիրա Երիցյանի հագուստների վրա հետագա համեմատական հետազոտության համար պիտանի, ինչպես նաև Արշավիր Բարսամյանի հագուստների գործվածքի կազմի մեջ մտնող միկրոմանրաթելեր չեն հայտնաբերվել, առկայությունը ոչ միայն չեն հաստատում, այլ նաև հերքում են Էլմիրա Երիցյանի մասնակցությունը կատարված հանցագործությանը, ուստի դրանց վերլուծության, գնահատման և դրանք սույն գործի փաստական հանգամանքերի հետ համադրման արդյունքում դատարանը գալիս է արժանահավատ և հիմնավոր հետևության, որ սույն քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կարող է հիմնավորել Էլմիրա Երիցյանի մեղավորությունը կատարված հանցագործությանը:

Հետևաբար Դատարանը գտնում է, որ Է.Երիցյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարքում ապացուցված չէ, ինչպես նաև սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ուստի Է.Երիցյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և նրան պետք է արդարացնել` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

(…)

Բացի այդ, սույն գործով ձեռք չի բերվել վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որոնց հիման վրա հնարավոր կլինի հիմնավոր համարել սույն գործի ճիշտ լուծման համար առանցքային նշանակություն ունեցող հանգամանքները, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարմանը Ռ.Մկրտչյանի մասնակցությունը: Այսինքն` սույն գործով ձեռք չի բերվել ապացույցների անհրաժեշտ և բավարար համակցություն, որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին Ռ.Մկրտչյանի մասնակցության վերաբերյալ յուրաքանչյուր փաստական հանգամանք դատարանը հաստատված համարի այն խորությամբ և աստիճանի, որ կասկած չմնա դրանց ապացուցվածության վերաբերյալ և հերքի պաշտպանական կողմի` Ռ.Մկրտչյանի պաշտպանության համար բերվող փաստարկները, հետևաբար Ռ.Մկրտչյանի մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքերի ապացուցվածությունը խիստ կասկած է հարուցում:

Հետևաբար առկա է չփարատված կասկած Ռ.Մկրտչյանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարելու հանգամանքների, մասնավորապես, որ օգնել է Բ.Երիցյանին Արշավիր Բարսամյանի դիակը խոհանոց տեղափոխելու համար, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ նրա:

Դատարանի վերոնշյալ հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռ.Մկրտչյանի մեղադրանքի հիմքում դրված առանցքային ապացույցը վկաներ Գ.Պողոսյանի, Ա.Այվազյանի և Ա.Հակոբյանի ցուցմունքներն են, իսկ ինչպես արդեն Դատարանն իր վերոնշյալ հիմնավորմամբ նշել է, հաշվի առնելով դրանցում առկա էական հակասությունները, դրանք չեն կարող հիմք ընդունվել և դրվել Ռ.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի հիմքում, ավելին` նրանց ցուցմունքների միջև էական հակասությունները դատարանին թույլ չեն տալիս ներքին համոզմամբ գալու արժանահավատ հետևության, որ այդ ցուցմունքներն արժանահավատ են և հավաստի:

Բացի այդ, դատարանը հարկ է համարում նշել, որ նախաքննական մարմնի կողմից, բացի Գ.Պողոսյանի, Ա.Այվազյանի և Ա.Հակոբյանի ցուցմունքներից, ձեռք չեն բերվել այլ ապացույցներ, որոնք կարող են փաստել Ռ.Մկրտչյանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարելու հանգամանքը և հնարավորություն տան դատարանին դրա վերաբերյալ գալու արժանահավատ և հավաստի հետևության: Ավելին` նրան առաջադրված մեղադրանքի զանգվածում առկա ապացույցների, մասնավորապես` դատաբժշկական փորձագետի թիվ 211 եզրակացության, համաձայն` Ռաֆիկ Բագրատի Մկրտչյանի մոտ փորձաքննության պահին վաղեմությամբ դեպքին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտանաբերվել, դատակենսաբանական դատահետքաբանական համալիր թիվ 15-0328 եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված Ռաֆիկ Մկրտչյանի կապույտ սվիտրի, աջ կոշիկի վրա մանրակրկիտ զննությամբ արյան կասկածելի հետքեր չեն հայտնաբերվել, փորձաքննության ներկայացված Ռաֆիկ Մկրտչյանից ստացված եղունգների նմուշներում որևէ գործվածքի մանրաթելեր չկան, փորձաքննության ներկայացված Ռաֆիկ Մկրտչյանի բաճկոնի վրա առկա բացակայող կոճակը պոկվել է մեխանիկական ձգվածության հետևանքով` քաշել-պոկելու արդյունքում, Ռաֆիկ Մկրտչյանի մյուս հագուստների հետազոտությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել, առկայությունը ոչ միայն չեն հաստատում, այլ նաև հերքում են Ռաֆիկ Մկրտչյանի մասնակցությունը կատարված հանցագործությանը, ուստի դրանց վերլուծության, գնահատման և դրանք սույն գործի փաստական հանգամանքերի հետ համադրման արդյունքում Դատարանը գալիս է արժանահավատ և հիմնավոր հետևության, որ սույն քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կարող է հիմնավորել Ռաֆիկ Մկրտչյանի մեղավորությունը կատարված հանցագործությանը:

Հետևաբար դատարանը գտնում է, որ Ռ.Մկրտչյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում ապացուցված չէ, ինչպես նաև սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ուստի Ռ.Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և նրան պետք է արդարացնել՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ» (տե´ս քրեական գործի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 138-186):

7. Վերաքննիչ դատարանը, մեղադրողի բողոքի հիման վրա ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը, այն թողել է օրինական ուժի մեջ:

8. 2017 թվականի նոյեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի հատուկ հաղորդագրությունն այն մասին, որ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պահվող Բախշի Երիցյանը խցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

2017 թվականի նոյեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Բ.Երիցյանի մահվան վերաբերյալ ակտի գրանցման պատճենը:

      

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները սույն գործով թույլ են տվել նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ի հիմնավորում վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը կայացրել են չպատճառաբանված դատական ակտեր, ինչի արդյունքում առանձնապես ծանր հանցանք կատարած անձը պատասխանատվության է ենթարկվել միջին ծանրության հանցագործության համար, իսկ առանձնապես ծանր և միջին ծանրության հանցանքներ կատարած անձինք անհիմն կերպով ազատվել են քրեական պատասխանատվությունից: Այսպես` ստորադաս դատարանը, ամբաստանյալ Բ.Երիցյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելով, հաշվի չի առել և պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա ապացուցողական ողջ զանգվածը, բացի այդ, հետազոտված ապացուցներին կամայական և իրարամերժ մեկնաբանություններ է տվել:

Բողոքաբերը վիճարկում է նաև դատարանի կողմից նշանակված կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար փորձաքննության իրավաչափությունը` փաստելով, որ այն նշանակվել է առանց դատական նիստ հրավիրելու և խորհրդակցական սենյակից դուրս` խախտելով ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածը, այնպես էլ կողմերի` իրենց իրավունքների իրացման հնարավորությունը:

9.1. Բողոքի հեղինակը, վերլուծության ենթարկելով քրեական գործով ձեռքբերված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ Է.Երիցյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և ամբաստանյալ Ռ.Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով` ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի խախտումներ: Բացի այդ, Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների մեջբերմամբ բողոք բերած անձը եզրահանգել է, որ սույն գործով կայացված դատական ակտերը պատճառանաված չեն, ստորադաս դատարանները քրեական գործով հետազոտված ապացույցներին տվել են կամայական գնահատական:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 29-ի դատավճիռը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

     

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. առկա՞ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված` քրեական գործի վարույթը բացառող հանգամանք:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(…)

10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի վերաբերյալ գործով որոշման մեջ` արձանագրելով հետևյալը. «(…) [Թ]եև (…) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման» (տե´ս Ա.Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը):

13. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն Օգսեն Մկրտչյանի վերաբերյալ կայացված որոշման շրջանակներում արձանագրել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքի` քրեական հետապնդման ենթարկվող անձի մահվան դեպքում, այդ անձի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, իսկ քրեական գործի վարույթը այդ անձի մասով` կարճվի:

Նշվածից բացառություն կարող է լինել միայն այն դեպքերում, երբ տվյալ գործով վարույթի իրականացումն անհրաժեշտ է.

ա) մահացածի իրավունքների վերականգնման համար,

բ) այլ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:

Հետևաբար, եթե բացառություն կազմող վերոգրյալ անհրաժեշտությունը բացակայում է, ապա անձի մահվան դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ քրեական գործի վարույթը` կարճման, անկախ նրանից, թե գործը քննության որ փուլում է գտնվում» (տե´ս Օ.Մկրտչյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՐԴ/0150/01/12 որոշման 11-րդ կետը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է վճռաբեկ բողոք` փաստարկելով, որ ամբաստանյալ Բ.Երիցյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելը չի բխում գործում առկա ապացույցներից (տե´ս սույն որոշման 4-րդ և 9-րդ կետերը): Վճռաբեկ դատարանը 2017 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ (տե´ս սույն որոշման 4-րդ կետը):

2017 թվականի նոյեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի հատուկ հաղորդագրությունն առ այն, որ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պահվող Բ.Երիցյանը խցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: 2017 թվականի նոյեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Բ.Երիցյանի մահվան վերաբերյալ ակտի գրանցման պատճենը (տե´ս սույն որոշման 8-րդ կետը):

15. Սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով նախորդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները, այն է` ամբաստանյալ Բ.Երիցյանի մահվան փաստը, ինչպես նաև այն, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը բերված չէ ամբաստանյալի իրավունքների վերականգնման նպատակով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված` Բ.Երիցյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչպես նաև նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը բացառող հանգամանք: Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում է մահացածի իրավունքների վերականգնման նպատակով գործի վարույթը շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև առկա չէ այլ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու անհրաժեշտություն:

Հետևաբար Բ.Երիցյանի մասով Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի որոշումը պետք է բեկանել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել ամբաստանյալի մահվան հիմքով:

Վերոնշյալի պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու չէ անդրադառնալու բողոքաբերի` սույն որոշման 9-րդ կետում մեջբերված փաստարկներին:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ամբաստանյալ Է.Երիցյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և ամբաստանյալ Ռ.Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը:

17. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «(…) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման (…) կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»:

Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում և իրավական դիրքորոշում ձևավորել առ այն, որ մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է: Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միևնույն ժամանակ անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:

Քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով` մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած (տե´ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-30-րդ և 33-րդ կետերը):

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Է.Երիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ ամբաստանյալ Ռ.Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (տե´ս սույն որոշման 1-ին, 5.1-5.2-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, եզրահանգել է, որ գործով ձեռք չի բերվել վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որոնց հիման վրա հնարավոր կլինի հիմնավոր համարել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցանքի կատարմանը Է.Երիցյանի մասնակցությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարմանը Ռ.Մկրտչյանի մասնակցությունը: Հետևաբար առկա է չփարատված կասկած Է.Երիցյանին և Ռ.Մկրտչյանին մեղսագրված արարքը կատարելու հանգամանքների վերաբերյալ, ինչն էլ պետք է մեկնաբանվի հօգուտ նրանց: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը ճանաչել և հռչակել է Է.Երիցյանի և Ռ.Մկրտչյանի անմեղությունը նրանց առաջադրված մեղադրանքներում (տե´ս սույն որոշման 6-6.1-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, այն թողել է օրինական ուժի մեջ (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

19. Սույն գործի փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-րդ կետում շարադրված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրականացնելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, մասնավորապես` համակարգված վերլուծության ենթարկելով ամբաստանյալներ Բ.Երիցյանի, Է.Երիցյանի և Ռ.Մկրտչյանի, վկաներ Գ.Պողոսյանի, Ա.Այվազյանի և Ա.Հակոբյանի ցուցմունքները, դատակենսաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննության թիվ 15-0328 եզրակացությունը, ամբաստանյալներ Է.Երիցյանի և Ռ.Մկրտչյանի անմեղության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության (տե´ս սույն որոշման 6-6.1-րդ կետերը):

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալներ Է.Երիցյանի և Ռ.Մկրտչյանի, վերջիններիս անմեղության հարցում եկել է հիմնավոր եզրահանգման: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, իսկ Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, իրավացիորեն այն թողել է անփոփոխ:

20. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է.Երիցյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և ամբաստանյալ Ռ.Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը հիմնավորված և պատճառաբանված են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

       

Ո Ր Ո Շ Ե Ց

     

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալներ Էլմիրա Բախշիի Երիցյանի և Ռաֆիկ Բագրատի Մկրտչյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Ամբաստանյալ Բախշի Հովհաննեսի Երիցյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանել` նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել Բախշի Երիցյանի մահվան կապակցությամբ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

  

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան