Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.49
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.11.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0024/06/17

ԵԱՔԴ/0024/06/17

Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ`

ե. դԱՆԻԵԼյանի

Հ. Ասատրյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ
պաշտպան`

Կ. Ղազարյանի

մեղադրող`

Շ. Իսրայելյանի

 

      2017 թվականի նոյեմբերի 15-ին                                                                                      ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Ֆեոդոր Իվանի Բոլդիրևի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում 2016 թվականի փետրվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի, 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 09101217 քրեական գործը:

2017 թվականի փետրվարի 27-ին Ֆեոդոր Բոլդիրևը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և ձերբակալվել:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 1-ի որոշմամբ Ֆ.Բոլդիրևը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով և 175-րդ հոդվածի 1-ին մասով:

2. 2017 թվականի մարտի 2-ին նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումը կիրառելու մասին:

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 2-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոհիշյալ միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանավորումը: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի մարտի 28-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 2-ի որոշումը բեկանելու մասին: Մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա ազատ է արձակվել:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ներկայացված բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ֆ.Բոլդիրևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) Մարատ Կիրիլյուկի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան` խախտելով բնակարանի անձեռնմխելիությունը, այն է` մարմնավաճառությամբ զբաղվող Նազելի Մելիքյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս հեռախոսահամարից Մ.Կիրիլյուկի կողմից իրենց և ծնողների հասցեին հնչած սեռական բնույթի հայհոյանքների շուրջ պարզաբանումներ ստանալու համար, Ն.Մելիքյանի ծառայությունից օգտվելու հանգամանքը որպես պատրվակ օգտագործելով, 2017 թվականի փետրվարի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, (...) իր ընկերներ` Ալեքսանդր Կասմինինի, Ալեքսեյ և Դավիդ Գրինչուկների հետ գնացել է Մ.Կիրիլյուկին պատկանող` Երևան քաղաքի Զ.Սարկավագ փողոցի 123/3 շենքի 13 բնակարան, որտեղ իրենց հետ հեռախոսազրույցի ընթացքում հայհոյած երիտասարդին գտնելու նպատակով Ֆ.Բոլդիրևը և Ա.Գրինչուկը մտել են նշված շենքի 13 բնակարան, իսկ Ա.Կասմինինը և Դ.Գրինչուկը սպասել են դրսում: Ֆ.Բոլդիրևի և Ա.Գրինչուկի առջև հիշյալ բնակարանի մուտքի դուռը բացել է Ն.Մելիքյանը, սակայն նրանք առանց հրավերի դուռը հրելով բացել և ապօրինի մուտք են գործել բնակարան, որտեղ, հանդիպելով բնակարանատեր Մ.Կիրիլյուկին և վերջինիս կողմից իր բնակարանից դուրս գալու օրինական պահանջն անտեսելով, դուրս չեն եկել` խախտելով բնակարանի անձեռնմխելիությունը:

(...) Այնուհետև Ֆ.Բոլդիրևը, Մ.Կիրիլյուկի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտելով և նրա բնակարան ապօրինի մուտք գործելուց հետո, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով Ա.Գրինչուկի հետ հարձակվել է Մ.Կիրիլյուկի վրա` վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` ձեռքերով հարվածներ են հասցրել Մ.Կիրիլյուկի մարմնի տարբեր մասերին և գլխին, պահանջել են գումար և ոսկեղեն, որի ընթացքում Ա.Գրինչուկը Մ.Կիրիլյուկին հարվածել է նաև որպես զենք օգտագործվող առարկայով` արդուկով, նաև պահարանի դարակով: Մ.Կիրիլյուկը հրաժարվել է գումար և ոսկեղեն տալ: Ա.Գրինչուկը և Ֆ.Բոլդիրևը շարունակել են բռնության գործադրումը և գույք հափշտակելու նպատակով շրջել են հիշյալ բնակարանում, որի ընթացքում Ա.Գրինչուկը հափշտակել է Մ.Կիրիլյուկին պատկանող DVD նվագարկիչը, և հեռացել են (...)» (տե´ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 41-43):

5.1. Տուժող Ն.Մելիքյանը 2017 թվականի փետրվարի 17-ի հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. «(...) [Ժ]ամանակ առ ժամանակ 25-30 հազար դրամի դիմաց հանդիպում եմ տղաների հետ և սեռական հարաբերություն եմ ունենում: (...) [Ինձ] զանգահարել են անծանոթ հեռախոսահամարից և առաջարկել հանդիպել, ես [համաձայնել եմ]: Ես, հեռախոսը փոխանցելով [Մարատ Կիրիլյուկին], խնդրեցի նրան, որ բացատրի տան ճանապարհը: (...) Մենք չնկատեցինք, որ նրանց քանակը 4 հոգի է: Նրանք [մոտեցան] դռանը, ես [բացեցի] և անակնկալ կերպով [տեսա] երկու հոգու և, լսելով ներքևից ձայներ, խուճապի մատնվելով, ես [ուզեցի] դուռը փակել իրենց վրա, վտանգ զգալով, սակայն նրանք դուռը [հրեցին] ինձ վրա և միանգամից ներս [մտան]` առանց ոչինչ ասելու, լույսը [վառեցին] և [առաջացան] դեպի հյուրասենյակ: Ես, նրանցից առաջ ընկնելով, Մարատին հասկացրեցի, որ վտանգ կա: Մարատը, տեսնելով այդ 4 անձանց, խուճապի [մատնվեց] ինձ հետ միասին և, կանգնելով ոտքի ու շիշը ձեռքը վերցնելով, [ասաց]` «Ի՞նչ եք անում չորսով իմ բնակարանում, հենց հիմա դուրս եկեք, արա»: Նրանք, գտնվելով ոչ սթափ վիճակում, [ցանկացան] հարվածել Մարատին, [սակայն վերջինս հարվածեց] նրանցից ոմն ռուս երիտասարդի գլխին: (...) [Նրանցից մեկն ինձ ասաց]` «Փողերդ տուր, թե չէ` Մարատին կսպանեմ ու [ամեն ինչ] կբարդվի քո վրա»: Այդ ընթացքում Մարատից նույնպես [ոսկեղեն են պահանջում]` ասելով (...) «Ոսկեղենդ տուր, թե չէ` աղջկան կբռնաբարենք քո հետ միասին»: (...) Ինձ քաշքշելով և ինձնից գումար չստանալով` ռուսն ինձ պահում էր մահճակալին գցելով, իսկ հայը դարակներն էր քանդում, գումար էր ման գալիս: Ես նկատեցի, որ դարակից երեք հատ 20.000 դրամ ընկավ, և այդ ռուսը, ինձ ազատ թողնելով, գնաց հայ ընկերոջ մոտ: (...) Ինձ մոտ 20.000 դրամ [կար], ես այդ գումարըցեցի] պահարանի տակ, որպեսզի չգտնեն: (...) Ես նկատեցի, որ հայը, չբավարարվելով (...) դարակի գումարից, վերցնում է հեռուստացույցը, պատի ժամացույցը, մեծ վազը և [դրա] միջից 10.000 [դրամ] գումար, սակայն [այդ գումարը և ջարդած հեռուստացույցը] թողեց միջանցքում: (...) Ես նաև նկատեցի, որ (...) իմ պայուսակից դատարկում են իրերը և տանում անձնագիրս և 43.000 դրամ գումար: (...) Ինձ թեթև քաշքշել են ռուս երիտասարդներից [երկուսը], սակայն մարմնական վնասվածքներ չունեմ, և ինձ չեն հարվածել: Չեմ տեսել, սակայն Մարատն ինձ պատմել է, որ [իր գլխին] սենյակում հարդուկով  հարվածում էին (...)» (տե´ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 8-11):

5.2. Տուժող Մ.Կիրիլյուկը 2017 թվականի փետրվարի 20-ի լրացուցիչ հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. «(...) [Նազելիի] հեռախոսահամարին զանգահարել էր ռուսալեզու անձնավորություն, որի խոսակցությունը չհասկանալու պատճառով, [նա] անջատեց հեռախոսը: Որոշ ժամանակ անց նա ստացավ ուրիշ համարից զանգ, և իրար չհասկանալու պատճառով սեռական բնույթի հայհոյանքներ տվեցին միմյանց և [անջատեցին] հեռախոսը: Որոշ ժամանակ անց կրկին զանգ եկավ նույն հեռախոսահամարից Նազելիի համարին, նա փոխանցեց հեռախոսն ինձ, ես վերցրեցի և լսեցի տարբեր հայհոյանքներ` ինչ-որ «ռայոնի» բարբառով: Լսելով նրա հայհոյանքները` ես նույնպես հայհոյեցի և կախեցի հեռախոսը: Դրանից որոշ ժամանակ անց Նազելին կրկին զանգ է ստանում, արդեն այլ հեռախոսահամարից, (...) Նազելին ասաց, որ իր ծանոթներից մեկը միգուցե գա մեր տուն: (...) [Դ]ուռը բացելուն պես բնակարան [ներխուժեցին] չորս անհայտ անձինք, որոնք լույսը վառեցին և տեսան, որ ես աղջկա հագուստով եմ, բայց տղայի ձայնով եմ խոսում, զարմանալով հարցրին, թե «Ո±նց, դու տղա± ես» և հարձակվեցին ինձ վրա: Ես գարեջրի շշով խփեցի նրանցից մեկի գլխին: Նրանք սկսեցին ինձ ծեծի ենթարկել, և նրանցից մեկը, խուզարկ[ում էր] բնակարանի իրերը, զգացվում էր, որ գումար է փնտրում, ջարդում էր (...) իրերը, շրջեց գրասեղանը, հեռուստացույցը: Ես, մի կերպ նրանցից ազատվելով, փախա խոհանոց և ասացի Նազելիին, որպեսզի նա զանգահարի 1-02 ծառայություն: Խոհանոցում ձեռքիս վերցրեցի դանակ, որպեսզի վախեցնեմ նրանց, (...) երկուսը վրա հասան և խլեցին ձեռքիս դանակը` ծեծի ենթարկելով ինձ: Այնուհետև նրանցից մեկը փորձում էր մատիցս հանել մատանին` ասելով` «Որտե՞ղ են գումարն ու ոսկեղենը»: Մի կերպ փախնելով` հասել եմ միջանցք, որտեղ նրանցից մեկը, հարդուկը ձեռքին վրա եկավ և սկսեց հարվածել գլխիս տարբեր մասերին: (...) Բնակարանից գողացվել է` DVD նվագարկիչ (...), պատի փայտե ժամացույց (...), հախճապակե ծաղկաման (...), 320.000 ՀՀ դրամ գումար (...), [երկու հատ] բջջային հեռախոս (...): Նաև նրանք փորձել են տանել հեռուստացույցը, սակայն, [տեսնելով, որ կոտրված է], թողել են միջանցքում: Ինձ պատճառվել է ընդհանուր 945.000 ՀՀ դրամի նյութական վնաս (...)» (տե´ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 12-16):

5.3. Տուժող Մ.Կիրիլյուկը կասկածյալ Ֆ.Բոլդիրևի հետ 2017 թվականի փետրվարի 28-ի առերես հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. «(...) Ինձ հետ առերես հարցաքննվող Ֆեոդորին առաջին անգամ տեսել եմ փետրվարի 16-ին` 23:30-ի սահմաններում, երբ նա 3 անձանց հետ մտավ մեր բնակարան: Նա հանդիսանում է այն անձը, ով Ալեքսեյի հետ առաջինը մտավ հյուրասենյակ և սկսեց հարվածել ինձ: Ես գարեջրի շշով խփել եմ [Ֆեոդորի] գլխին, դրանից հետո [նրանք] շարունակել են ինձ ծեծել: (...) Փախել եմ խոհանոց` վերցնելով դանակ, որպեսզի վախեցնեմ, բայց [նրանցից] մեկը խլեց դանակը և շարունակեց[ին] ծեծել ինձ, պահանջել գումար, ոսկի: Այդ ընթացքում Ալեքսեյը փորձում էր հանել մատանիս մատիցս, սակայն երբ ասացի, որ ոսկի չէ, թողեց: Ես, մի կերպ փախնելով, հասա միջանցք, որտեղ [նրանք] շարունակում էի[ն] ծեծել ինձ, իսկ Ալեքսեյը հարդուկով մի քանի անգամ հարվածեց գլխիս:  (...) Հաջորդ օրը նկատեցի, որ տնից պակասում է DVD նվագարկիչը, կոտրվել էր հեռուստացույցը, պատի ժամացույցը չկար, սեղանի վրայից վազը (ծաղկաման), իմ բջջային հեռախոսները (...), դարակիցս իմ հավաքած 320.000 ՀՀ դրամ գումարը (...)» (տե´ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 34-36):

5.4. Տուժող Ն.Մելիքյանը կասկածյալ Ֆ.Բոլդիրևի հետ 2017 թվականի մարտի 1-ի առերես հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. «(...) Ինձ հետ առերես հարցաքննվողին առաջին անգամ տեսել եմ 2017թ. փետրվարի 16-ին` 23:30-ի սահմաններում: [Ֆեոդորն] Ալեքսեյի հետ առաջինն է մտել բնակարան, (...) հասնելով հյուրասենյակ` տեսա[ն] [Մարատին] կանացի շորերով և, զարմանալով, որ տղան ինքն է, և ինքն է [նրանց] հայհոյել, առաջ գնացի[ն] դեպի Մարատը, նա (...) սեղանից վերցրեց գարեջրի դատարկ շիշը և հարվածեց [Ֆեոդորի] գլխին, և անմիջապես [նրանք] սկսեցին միմյանց հարվածել: Այդ ընթացքում հարվածում էր նաև Ալեքսեյը: [Ֆեոդորն] ինձ ոչ սպառնացել է, ոչ` խփել: Ալեքսեյն ինձնից վերցրել էր բջջային հեռախոսս, իսկ հաջորդ օրն առավոտյան տեսել եմ, որ պայուսակիցս անձնագիրս, մազերս ու հեռախոսս, Մարատենց տնից նրա հեռախոսները, ժամացույցը, DVD-ին, վազը [չկան]: (...) Մարատը պատմել է, որ խոհանոցում իրենից գումար և ոսկեղեն են պահանջել, նաև հարդուկով և դարակով ծեծել են: Սակայն ես անձամբ [Ֆեոդորի և Ալեքսեյի] կողմից արված արտահայտությունները չեմ ասել և գործողությունները չեմ տեսել  (...)» (տե´ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 44-45):

5.5. Մեղադրյալ Ֆ.Բոլդիրևը 2017 թվականի փետրվարի 27-ի հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. «(...) 2017 թվականի փետրվարի 16-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ես իմ ընկերներ Ալեքսեյ և Դավիթ Գրինչուկների, Ալեքսանդր Կասմինինի, Իոն Տամիլինի հետ հանդիպել եմ (...) և որոշել ենք միասին հաց ուտել և խմել: Արդեն ժամը 22:00-ի սահմաններում էր, երբ մենք բավականաչափ օղի էինք խմել, միաժամանակ հաց կերել: Ալեքսեյը հեռախոսով մտել էր (...) կայք, որտեղ տեսել էր մարմնավաճառի հեռախոսահամար` 30.000 ՀՀ դրամով: Նա (...) զանգահարեց և սկսեց խոսել այդ աղջկա հետ (...): Ալեքսեյն (...) ասաց, որ խոսակցության ընթացքում աղջկանից ինչ-որ տղա է հեռախոսը վերցրել և (...) անպատիվ շատ հայհոյանքներ է տվել: (...) Պայմանավորվել ենք հանդիպել նրանց տանը` Քանաքեռում: (...) [Ե]ս և Ալեքսեյը (...) մտանք շենքի մուտք, աստիճաններով մի քիչ բարձրացանք, և աջ կողմի դուռը բաց էր, և կանգնած դիմավորում էր մի աղջիկ: (...) Մտնելով հյուրասենյակ` բազմոցին նստած տեսանք մի տղայի, ով հագնված էր աղջկա ներքնաշորերով, գլխին պարիկ էր դրված և քսված էր: (...) Ալեքսեյը հարցրեց նրան` «Դու± ես հայհոյել», նա պատասխանեց` «Հա, ես եմ», և Ալեքսեյը, առաջ գնալով, (...) բռունցքով հարվածեց այդ տղային, և նա ընկավ բազմոցին: Դրանից հետո կանգնեց բազմոցին, սեղանից վերցրեց դանակ, և երբ ես մոտեցա նրան հարվածելու, այդ ընթացքում փաթաթվեցինք միմյանց, և երկուսով ընկանք բազմոցին, որի ընթացքում նա ինչ-որ սուր բանով հարվածեց իմ գլխի աջ կողմին (...): Ես դրանից ավելի բարկացա և սկսեցի Ալեքսեյի հետ այդ տղային ձեռքերով ծեծել դիվանի վրա: Նա նաև հրելով առաջ եկավ, և միասին ընկանք հեռուստացույցի վրա, և այն շրջվեց և կոտրվեց: Բնակարանի իրերն ամբողջությամբ խառնվեցին քաշքշուկի ընթացքում: (...) Տղան փախավ դեպի ննջասենյակ, իսկ ես և Ալեքսեյը գնացինք նրա հետևից: Այնտեղ նույնպես ձեռքերով և ոտքերով խառը հարվածներ ենք հասցրել այդ տղայի մարմնի տարբեր մասերին (...): Իմ` բնակարանում եղած ժամանակ մեզնից որևէ մեկն այդ տղայից կամ աղջկանից գումար չի ուզել, նրանց չի սպառնացել, և ավազակային հարձակում չենք կատարել: Ընդամենը մեզ անձնական վիրավորանք տալու համար գնացել էինք պարզաբանումներ կատարելու: (...) [Ս]պասում էինք Դավիթին, ով մնացել էր այդ բնակարանում: Նա եկավ (...) և (...) Ալեքսեյից պահանջեց աղջկա հեռախոսը: Ալեքսեյը հրաժարվեց տալ (...): Ալեքսեյը բարկանալով ավտոմեքենայի պատուհանից դուրս նետեց այն (...)» (տե´ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 26-30):

6. Առաջին ատյանի դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(...) Ուսումնասիրելով միջնորդությանը կից (...) ներկայացված նյութերը, [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ առկա են ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարմանը Ֆեոդոր Բոլդիրևի առնչությունը (հիմնավոր կասկածը) հաստատող ապացույցները, մասնավորապես` տուժողներ Ն.Մելիքյանի, Մ.Կիրիլյուկի, կասկածյալ Ֆ.Բոլդիրևի ցուցմունքները, տուժողներ Մ.Կիրիլյուկի, Ն.Մելիքյանի և կասկածյալ Ֆ.Բոլդիրևի առերես ցուցմունքները, անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները, բացի այդ, առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից մեկը:

[Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է, որ միջնորդությունը քննարկելու պահին քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն իսկ կատարվել են տուժողներին վերաբերող քննչական այն հիմնական գործողությունները, որոնք վերաբերելի են մեղադրյալի կողմից նրան մեղսագրվող արարքում վերջինիս առնչությանը (հիմնավոր կասկած):

(...)

[Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում այն հանգամանքը, որ Ֆեոդոր Բոլդիրևին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով և 175-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքները դասվում են ոչ մեծ ծանրության և ծանր հանցանքների շարքին, որոնցից ծանրի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը վեց տարի է, հետևաբար մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր` գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին, ուստիև գտնում է, որ նման պայմաններում մեծ է ռիսկայնությունն առ այն, որ Ֆեոդոր Բոլդիրևն, ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

Մեղադրյալի հավանական վարքագծի վերաբերյալ հետևությունը բխում է այն հանգամանքից, որ վերջինիս մեղսագրվող արարքների կապակցությամբ դեպքը, համաձայն միջնորդությանը կից ներկայացված նյութերի, տեղի է ունեցել 2017թ. փետրվարի 16-ին, որի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքից տասն օր անց միայն` 27.02.2017թ. Ֆ.Բոլդիրևը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին` ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, այսինքն` ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքները կատարելուց հետո Ֆ.Բոլդիրևը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից և հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բացառապես ձեռնարկված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում, որպիսի պայմաններում [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ միջնորդությունը հիմնավորված է, այն ենթակա է բավարարման և Ֆ.Բոլդիրևի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով որպես խափանման միջոց պետք է կիրառել կալանավորումը:

[Առաջին ատյանի դատարանը] նաև փաստում է, որ (սկզբնական կալանքի ժամանակահատվածում) մեղադրյալ Ֆեոդոր Իվանի Բոլդիրևի պատշաճ վարքագիծն ու վարույթն իրականացնող մարմին ներկայանալը հնարավոր է ապահովել վերջինիս նկատմամբ առավել խիստ խափանման միջոց կալանավորում ընտրելու պարագայում:

Ինչ վերաբերում է պաշտպանի միջնորդությանը` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելուն, ապա դատարանը հանգում է այն հետևության, որ մեդադրյալ Ֆեոդոր Իվանի Բոլդիրևի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարվել չի կարող:

(...)

[Առաջին ատյանի դատարանի] գնահատմամբ, տվյալ դեպքում, անհրաժեշտ է նշել, որ վերագրվող հանրորեն վտանգավոր արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանն, գործի մյուս հանգամանքների հետ միասին ունեն էական նշանակություն` նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, որ գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով` այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխել մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը` նրան ազատ արձակելու դեպքում, և առկա է ողջամիտ ենթադրություն, որ ազատության մեջ մնալով` մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից: Հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները և պատճառաբանությունները [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի է:

Միջնորդությունը քննարկելիս [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում նաև մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես` նախկինում դատված չլինելը, մշտական բնակության վայր ունենալը, կնոջ հղիության հանգամանքը, սակայն միևնույն ժամանակ արձանագրում է, որ վերը շարադրվածի պայմաններում դրանք ինքնին չեն կարող որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու հիմք հանդիսանալ» (տե´ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 51-58):

7. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն` «(…)  Առաջին ատյանի դատարան ներկայացված վերոգրյալ նյութերի` հիմնավոր կասկածի տեսանկյունից կատարված ուսումնասիրությունից երևում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ ունեցել է մեղադրյալ Ֆեոդոր Բոլդիրևի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-րդ մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցին, ապա ներկայացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2017 թվականի փետրվարի 16-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Ալեքսեյ Գրինչուկը զանգահարել է Նազելի Մելիքյանի հեռախոսահամարին` սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Խոսակցության ընթացքում Մարատ Կիրիլյուկը վերցրել է հեռախոսը և վեճի բռնվել Ալեքսեյ Գրինչուկի հետ, որի ընթացքում փոխադարձ հայհոյանքներ են հնչեցվել, որից հետո Ալեքսեյ Գրինչուկը և նրա ընկերները, այդ թվում` Ֆեոդոր Բոլդիրևը, գնացել են Մարատ Կիրիլյուկի բնակարան` հայհոյանքների կապակցությամբ հարաբերություններ պարզելու համար, որտեղ վիճաբանություն է սկսվել, և Ալեքսեյ Գրինչուկը, Ֆեոդոր Բոլդիրևը և Մարատ Կիրիլյուկը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Ներկայացված նյութերում առկա է նաև հակասական և իրարամերժ փաստական տվյալ, մասնավորապես` այն, որ Ֆեոդոր Բոլդիրևը Նազելի Մելիքյանից և/կամ Մարատ Կիրիլյուկից գումար և ոսկեղեն է պահանջել:

Այսինքն` նշված տվյալները ողջամտորեն վկայում են այն մասին, որ Ֆեոդոր Բոլդիրևի և Մարատ Կիրիլյուկի վիճաբանությունն առաջացել է վերջինի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու` հայհոյանքներ հնչեցնելու հետևանքով: Իսկ այն, որ այդ ծեծկռտուքը վերաճել է մեղադրյալի կողմից ենթադրյալ ավազակությամբ տուժողից գումար, ոսկեղեն և այլ իրեր հափշտակելուն, ապա այդ մասով ներկայացված նյութերը չեն կարող բավարար լինել հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու:

Ընդ որում` տուժողներն իրենց սկզբնական ցուցմունքներում նշել են, թե Ֆեոդոր Բոլդիրևն ու նրա ընկերներն իրենցից գումար և ոսկեղեն են պահանջել: Այնուհետև` տուժող Նազելի Մելիքյանը Ֆեոդոր Բոլդիրևի հետ առերես հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ինքը չի տեսել, թե ովքեր են Մարատին ծեծել և գումար ու ոսկեղեն պահանջել: Այդ մասին իրեն Մարատն է պատմել: Իսկ Ֆեոդոր Բոլդիրևն էլ իր ցուցմունքում նշել է, որ իրենք Մարատ Կիրիլյուկից գումար և ոսկի չեն պահանջել: Իրենք գնացել են այնտեղ հարաբերություններ պարզելու համար և նրան ծեծել են:

Վերը նշվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է նաև շահադիտական շարժառիթը, նպատակը: Շահադիտական նպատակը հանցավորի ձգտումն է նյութական օգուտ ստանալ հափշտակված գույքի հաշվին` այն վերցնելով, իրենը դարձնելով և այլն: Իսկ եթե շահադիտական նպատակը բացակայում է, և անձն ապօրինի, անհատույց տիրանում է ուրիշի գույքին այլ շարժառիթով, մասնավորապես` գույքի տիրոջը մերկացնելու, վրեժ լուծելու և այլ նպատակով, հափշտակության հանցակազմը բացակայում է:

Վերոգրյալ վերլուծությունների լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Ֆեոդոր Բոլդիրևի գործողություններում շահադիտական դրդումների առկայությունը քիչ հավանական է, որպիսի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված չի կարող համարվել: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ֆեոդոր Բոլդիրևի ենթադրյալ գործողություններն առերևույթ կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի, մասնավորապես` 118-րդ հոդվածի կամ 322-րդ հոդվածի 2-րդ մասի (եթե տուժողին էական վնաս է պատճառվել) հատկանիշներ:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ ներկայացված նյութերում առկա են միայն մեղադրյալ Ֆեոդոր Բոլդիրևի կողմից 147-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 118-րդ հոդվածով կամ 322-րդ հոդվածի 2-րդ մասով ենթադրյալ հանցանքները կատարած լինելու հիմնավոր կասկածը հավաստող տվյալներ, հարկ է համարում անդրադառնալ կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության հարցին:

(...)

Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, եկել է այն եզրահանգման, որ մեծ է ռիսկայնությունն առ այն, որ Ֆեոդոր Բոլդիրևը, ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, որպիսի մոտեցումը Վերաքննիչ դատարանի համար անընդունելի է:

Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ վերը նշված եզրահանգումների պայմաններում մեղադրյալ Ֆեոդոր Բոլդիրևի ենթադրյալ գործողությունների արդյունքում հիմնավոր կասկածն առկա է ոչ մեծ և/կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար:

Նման եզրահանգումներով պայմանավորված` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված մեղադրյալի հավանական գործողությունների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնված չեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, ուստի Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներն ամենևին բավարար չեն մեղադրյալ Ֆեոդոր Բոլդիրևի ազատության կանխավարկածը հաղթահարելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, իսկ նման պայմաններում մեղադրյալ Ֆեոդոր Բոլդիրևին ազատությունից զրկելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա ձևավորված նախադեպային իրավունքի իմաստով կդիտվի կամայականություն: Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարում նկատել, որ սույն գործով չեն ներկայացվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ խափանման մյուս միջոցները քրեական գործով վարույթի ընթացքում չեն կարող ապահովել մեղադրյալ Ֆեոդոր Բոլդիրևի պատշաճ վարքագիծը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առնում նաև մեղադրյալ Ֆեոդոր Բոլդիրևի անձը` այն, որ նա ունի մշտական բնակության վայր, նախկինում դատապարտված չի եղել և բնութագրվում է դրականորեն» (տե´ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 26-38):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համոզմամբ Վերաքննիչ դատարանի որոշմամբ  խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 135-րդ և 288-րդ հոդվածների պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Բողոքաբերը, վերլուծելով անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի, ինչպես նաև գրավի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ՏԴ2/0009/06/11, թիվ ԿԴ1/0062/06/12, թիվ ԱՎԴ/0022/06/08, թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշումները, եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը, Ֆ.Բոլդիրևին առաջադրված մեղադրանքը «վերաորակելով» և կալանավորումը վերացնելով, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից` կայացնելով անհիմն ու ապօրինի դատական ակտ:

Մասնավորապես, բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը Ֆ.Բոլդիրևին առաջադրված մեղադրանքի ծանրությունն անհիմն կերպով նվազեցրել է` արդյունքում կալանքի նպատակահարմարության հարցը դիտարկելով ոչ թե ծանր, այլ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների տեսանկյունից: Նման պայմաններում, ըստ բողոքաբերի, անտեսվել են կալանավորման անհրաժեշտության հիմքում ընկած հանցանքի որակական բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը:

8.1. Բողոք բերած անձը նշել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սխալ եզրահանգման է եկել նաև այն առումով, որ տուժողների և մեղադրյալների կողմից տրված ցուցմունքների միջև հակասությունը մեկնաբանել է որպես հիմնավոր կասկածը հերքող հանգամանք: Ըստ բողոքաբերի` քրեական գործի քննության տվյալ փուլում, հատկապես, երբ առկա են վիճարկման ենթակա հանգամանքներ, հարցաքննված անձանց ցուցմունքների միջև կարող են առաջանալ հակասություններ, որոնց պատճառները և յուրաքանչյուր ցուցմունքի արժանահավատությունը, վերաբերելիությունը, հաստատումը կամ հերքումը, ապացուցողական տեսակարար կշիռն արդեն վերլուծության և քննարկման ենթակա է նախաքննության հետագա ընթացքում կամ դատարանում, բայց ոչ կալանավորման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ դատական քննության սահմաններում: 

8.2. Վերոնշյալի համատեքստում բողոքաբերը, մատնանշելով նաև Ֆ.Բոլդիրևին մեղսագրվող հանցանքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, քննչական որոշակի գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի ազդելու հնարավորությունը, Ֆ.Բոլդիրևի կողմից քրեական պատասխանատվությունից առերևույթ խուսափելու հանգամանքը` այն, որ նա թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից և բերման է ենթարկվել դեպքից շուրջ տասն օր անց, գտել է, որ նշված հանգամանքները մեծացնում են հավանականությունը, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել գործի քննությանը:

9. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո±ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Ֆ.Բոլդիրևի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է:

11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

(…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և գրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի գրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու գրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

(…)»:

12. Կալանավորման պայմաններից մեկի` «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» էության և դրա ստուգման սահմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է մի շարք իրավական դիրքորոշումներ: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Էդգար Եղիազարյանի գործով որոշման շրջանակներում վերջինս, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի վրա, ինչպես նաև վերահաստատելով և զարգացնելով իր կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ընդգծել է հետևյալ հանգամանքները`

- հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող` հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում /մեղադրվում/ է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

- կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս պետք է ցույց տրվի, որ հանցանք կատարած լինելու կասկածը պահպանվել է և շարունակում է մնալ «հիմնավոր»: Ազատությունից զրկելու տևողությունը կարող է լինել կարևոր գործոն կասկածի` պահանջվող աստիճանի համար,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից (տե´ս, mutatis mutandis, Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը), ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնելու կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում` ապացույցների` գործը ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ` արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել (այդ առումով մանրամասն տե´ս, օրինակ, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06), կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն),

- հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող` միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմն առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին (օրինակ` անձին մեղսագրվել է խոշոր չափերով գողություն կատարելու հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ), ինչը, սակայն, ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, իսկ վերջինը առերևույթ վկայում է անձի արարքում գողության հասարակ հանցակազմի հատկանիշների առկայության մասին, կամ, օրինակ, անձին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հանցակազմը, սակայն արարքի փաստական նկարագրությունը ակնհայտորեն վկայում է զենքի գործադրման բացակայության, բայց միևնույն ժամանակ առերևույթ փաստում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված որակյալ հանցակազմի առկայության մասին), (տե´ս Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշման 15-րդ կետը):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

         ա) Տուժող Ն.Մելիքյանը 2017 թվականի փետրվարի 17-ի հարցաքննության ժամանակ հայտնել է, որ Մ.Կիրիլյուկի բնակարան եկած չորս անձանցից մեկն իրենից փող է պահանջել` հակառակ դեպքում սպառնալով սպանել Մ.Կիրիլյուկին և ամեն ինչ իր վրա բարդել: Այդ ընթացքում Մ.Կիրիլյուկից ոսկեղեն են պահանջել` սպառնալով իրենց երկուսին էլ բռնաբարել: Այնուհետև այդ անձանցից մեկը սկսել է քանդել դարակները և գումար փնտրել: Ինքը նկատել է, որ դարակից երեք 20.000 ՀՀ դրամ արժողությամբ թղթադրամ է ընկել: Տուժողը նկատել է նաև, որ մեկը վերցնում է հեռուստացույցը, պատի ժամացույցը, ծաղկամանը, դրա միջի 10.000 ՀՀ դրամը, այնուհետև նշված գումարն ու հեռուստացույցը թողնում միջանցքում: Ն.Մելիքյանը տեսել է, որ իր պայուսակից դատարկում են իրերը, ապա վերցնում անձնագիրն ու 43.000 ՀՀ դրամ (տե´ս սույն որոշման 5.1-րդ կետը):

Ֆ.Բոլդիրևի հետ 2017 թվականի մարտի 1-ի առերես հարցաքննության ժամանակ տուժող Ն.Մելիքյանը հայտնել է, որ դեպքի հաջորդ օրը տեսել է, որ իր պայուսակից բացակայում են անձնագիրը, մազերը, հեռախոսը, իսկ Մ.Կիրիլյուկի տնից` վերջինիս հեռախոսները, ժամացույցը, DVD-ն, ծաղկամանը: Տուժողը նշել է նաև, որ Ֆ.Բոլդիրևն իրեն ոչ սպառնացել է, ոչ էլ խփել: Ըստ տուժողի` Մ.Կիրիլյուկը պատմել է իրենից գումար և ոսկեղեն պահաջելու վերաբերյալ, սակայն ինքն անձամբ նման արտահայտություններ չի լսել (տե´ս սույն որոշման 5.4.-րդ կետը):

Տուժող Մ.Կիրիլյուկը 2017 թվականի փետրվարի 20-ի հարցաքննության ժամանակ հայտնել է, որ իր բնակարան են ներխուժել չորս անհայտ անձինք և հարձակվել իր վրա: Նշված անձանցից մեկը խուզարկել է բնակարանի իրերը և գումար փնտրել: Այդ անձանցից մեկ ուրիշը փորձել է հանել իր մատի մատանին` հարցնելով գումարի և ոսկեղենի տեղը: Ըստ տուժող Մ.Կիրիլյուկի` իր բնակարանից գողացել են DVD նվագարկիչ, պատի ժամացույց, ծաղկաման, 320.000 ՀՀ դրամ գումար և երկու բջջային հեռախոս (տե´ս սույն որոշման 5.2-րդ կետը):

Ֆ.Բոլդիրևի հետ 2017 թվականի փետրվարի 28-ի առերես հարցաքննության ժամանակ տուժող Մ.Կիրիլյուկը տվել է, ըստ էության, նույնաբովանդակ ցուցմունքներ (տե´ս սույն որոշման 5.3-րդ կետը): 

բ) Առաջին ատյանի դատարանը նշել է, որ առկա են ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարմանը Ֆ.Բոլդիրևի առնչությունը (հիմնավոր կասկածը) հաստատող ապացույցներ, մասնավորապես` տուժողներ Ն.Մելիքյանի, Մ.Կիրիլյուկի, կասկածյալ Ֆ.Բոլդիրևի ցուցմունքները, տուժողների և կասկածյալի առերես հարցաքննությունների ցուցմունքները և անձին ճանաչման ներկայացնելու արձանագրությունները: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Ֆ.Բոլդիրևին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, ինչպես նաև այն, որ մեղադրյալը դեպքի կատարումից հետո տասն օր անց է բերման ենթարկվել ոստիկանություն, այսինքն` թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից և հայտնաբերվել է միայն ձեռնարկված քննչական ու օպերատիվ գործողությունների արդյունքում, եզրահանգել է, որ մեծ է հավանականությունն առ այն, որ Ֆ.Բոլդիրևը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից (տե´ս սույն որոշման 6-րդ կետը): 

գ) Վերաքննիչ դատարանի համոզմամբ ներկայացված նյութերը բավարար չեն հիմնավոր կասկածի առումով հաստատված համարելու, որ Ֆ.Բոլդիրևի և Մ.Կիրիլյուկի միջև ծեծկռտուքը վերաճել է մեղադրյալի կողմից ավազակությամբ տուժողից գումար, ոսկեղեն և այլ իրեր հափշտակելուն: Բացի այդ, ստորադաս դատարանն արձանագրել է, որ ներկայացված նյութերում առկա է նաև հակասական և իրարամերժ փաստական տվյալ, մասնավորապես` այն, որ Ֆ.Բոլդիրևը Ն.Մելիքյանից և/կամ Մ.Կիրիլյուկից գումար և ոսկեղեն է պահանջել: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ տուժողներ Ն.Մելիքյանն ու Մ.Կիրիլյուկն իրենց սկզբնական ցուցմունքներում նշել են Ֆ.Բոլդիրևի և նրա ընկերների կողմից գումար և ոսկեղեն պահանջելու մասին, սակայն հետագայում Ն.Մելիքյանը նշել է, որ Մ.Կիրիլյուկին ծեծելու ու նրանից գումար և ոսկեղեն պահանջելու գործողություններին ինքն ականատես չի եղել, և այդ մասին իրեն պատմել է Մ.Կիրիլյուկը: Ասվածի, ինչպես նաև մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի` Մ.Կիրիլյուկից գումար և ոսկեղեն պահանջելու հանգամանքը հերքող ցուցմունքների հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Ֆ.Բոլդիրևի գործողություններում շահադիտական դրդումների առկայությունը քիչ հավանական է, որպիսի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված չի կարող համարվել: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ֆ.Բոլդիրևի ենթադրյալ գործողություններն առերևույթ կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի, մասնավորապես` 118-րդ հոդվածի կամ 322-րդ հոդվածի 2-րդ մասի (եթե տուժողին էական վնաս է պատճառվել) հատկանիշներ: Անդրադառնալով կալանավորման հիմքերին` Վերաքննիչ դատարանն անընդունելի է համարել Առաջին ատյանի դատարանի դատողություններն այն մասին, որ Ֆ.Բոլդիրևը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, քանի որ, ըստ Վերաքննիչ դատարանի, մեղադրյալի ենթադրյալ գործողությունների արդյունքում հիմնավոր կասկածն առկա է ոչ մեծ և/կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար: Արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնված չեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա և բավարար չեն մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի ազատության կանխավարկածը հաղթահարելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար (տե´ս սույն որոշման 7-րդ կետը): 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ֆ.Բոլդիրևի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով տուժողներ Ն.Մելիքյանի և Մ.Կիրիլյուկի սկզբնական, ինչպես նաև վերջիններիս` մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի հետ առերես հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները (տե´ս սույն որոշման 5.1-5.4-րդ կետերը), դրանք համադրելով գործում առկա այլ նյութերի հետ, արձանագրում է, որ նշված փաստական տվյալների առկայությունն արդեն իսկ բավարար է` դատավարության տվյալ փուլում ողջամիտ ենթադրություն անելու, որ մեղադրյալ Ֆ.Բոլդիրևին վերագրված արարքն առերևույթ բովանդակում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Այլ կերպ` ըստ Վճռաբեկ դատարանի` սույն գործով առկա են բավարար հիմքեր` եզրակացնելու, որ Ֆ.Բոլդիրևն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, և դեպքը, իրադարձությունը համընկնում են այն առերևույթ հանցանքին, որի կատարման մեջ վերջինս մեղադրվում է:

14.1. Ինչ վերաբերում է գումար և ոսկեղեն պահանջելու մասով տուժողների և մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի կողմից տրված ցուցմունքներում առկա հակասության հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից արված այն հետևություններին (տե´ս սույն որոշման 7-րդ, 13-րդ կետերը), որ Ֆ.Բոլդիրևին վերագրված արարքում ավազակության հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի` շահադիտական շարժառիթի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկածը չի հաստատվում, ապա Վճռաբեկ դատարանը, հիմնվելով սույն որոշման 12-րդ կետի հատկապես վերջին երկու պարբերություններում արտահայտված իրավական դիրքորոշումների վրա, գտնում է, որ այդպիսի դատողությունն իրավաչափ չի կարող համարվել: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս`

- դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից,

- քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայության մասին դատարանի վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում` ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա,

- վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող` միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմն առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին (տե´ս Էդգար Եղիազարյանի գործով թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշման 15-րդ կետը):

Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողների և մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի կողմից տրված ցուցմունքներում առկա վերոհիշյալ հակասությունը չի կարող դիտվել որպես Ֆ.Բոլդիրևին վերագրված արարքում շահադիտական շարժառիթի առերևույթ բացակայության մասին վկայող համեմատաբար ակնհայտ փաստ: Ավելին` նշյալ հանգամանքն ամենևին չի փաստում այն մասին, որ Ֆ.Բոլդիրևին մեղսագրված արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը կամ Ֆ.Բոլդիրևին վերագրված փաստերը հաստատող` միջնորդությանը կից ներկայացված նյութերին: Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև բողոքաբերի հետևյալ փաստարկին. «Քրեական գործի քննության տվյալ փուլում, հատկապես, երբ առկա են վիճարկման ենթակա հանգամանքներ, հարցաքննված անձանց ցուցմունքների միջև կարող են առաջանալ հակասություններ, որոնց պատճառները և յուրաքանչյուր ցուցմունքի արժանահավատությունը, վերաբերելիությունը, հաստատումը կամ հերքումը, ապացուցողական տեսակարար կշիռն արդեն վերլուծության և քննարկման ենթակա է նախաքննության հետագա ընթացքում կամ դատարանում, բայց ոչ կալանավորման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ դատական քննության սահմաններում» (տե´ս սույն որոշման 8.1-րդ կետը): 

15. Նախորդ կետում արված դատողությունները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրակացնելու, որ Ֆ.Բոլդիրևի արարքում ավազակության հանցակազմի հիմնավոր կասկածի առկայությունը համապատասխան պատճառաբանություններով հերքելով` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից:

16. Ինչ վերաբերում է մեղադրյալին կալանավորելու հիմքերին, ապա Ֆ.Բոլդիրևին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով և 175-րդ հոդվածի 1-ին մասով վերագրված հանցագործությունների հանրային վտանգավորության բնույթի, ծանրության աստիճանի (մասնավորապես` մեղսագրված արարքներից ավազակությունը դասվում է ծանր հանցանքների շարքին) գնահատման համատեքստում, հաշվի առնելով նաև այն, որ մեղադրյալը դեպքից հետո թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից և ձեռնարկված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում է միայն դեպքից տասն օր անց հայտնաբերվել ու բերման ենթարկվել` Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի դատողությունն այն մասին, որ նման պայմաններում մեծ է ռիսկայնությունը, որ մեղադրյալը, ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

17. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում նաև կալանքը գրավով փոխարինելու հարցի առնչությամբ Առաջին ատյանի դատարանի արտահայտած հետևյալ դիրքորոշումները. «(...)[Գ]ործի կոնկրետ հանգամանքներից ելնելով այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխել մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը` նրան ազատ արձակելու դեպքում, և առկա է ողջամիտ ենթադրություն, որ ազատության մեջ մնալով մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից: (...)

(...) [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում նաև մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես` նախկինում դատված չլինելը, մշտական բնակության վայր ունենալը, կնոջ հղիության հանգամանքը, սակայն միևնույն ժամանակ արձանագրում է, որ վերը շարադրվածի պայմաններում դրանք ինքնին չեն կարող որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու հիմք հանդիսանալ» (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

18. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 288-րդ, 358-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 2-ի որոշմանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին պետք է հաշվակցել Ֆ.Բոլդիրևին փաստացի արգելանքի վերցնելու պահից` 2017 թվականի փետրվարի 27-ից մինչև ազատ արձակվելը նրա` անազատության մեջ գտնվելու ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ,  43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Ֆեոդոր Իվանի Բոլդիրևի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 28-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 2-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին հաշվակցել 2017 թվականի փետրվարի 27-ից մինչև ազատ արձակվելը մեղադրյալ Ֆ.Բոլդիրևի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան