Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.41
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.11.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ2/0055/01/15

ԼԴ2/0055/01/15
Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան

Դատավորներ՝

Մ. Պապոյան
Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

 

2017 թվականի նոյեմբերի 15-ին                                                                                             ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 28-ի որոշման դեմ ամբաստանյալ Արթուր Գուրգենի Մամաջանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Արթուր Մամաջանյանը հանցանք կատարած լինելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ապարանի բաժին, ենթարկվել անձնական խուզարկության, այնուհետև հաղորդում տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոս ամսվա ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մարցի» անտառպետության անտառապետ, պաշտոնատար անձ հանդիսացող Փաշիկ Խառատյանին անձամբ, որպես կաշառք, յուրաքանչյուր անգամ տվել է 50.000 ՀՀ դրամ, ընդհանուրը` 350.000 ՀՀ դրամ` իր օգտին վերջինիս կողմից նրա լիազորությունների շրջանակում ծառայության գծով թողտվության` առանց համապատասխան թույլտվության ծառահատումներ կատարելու, դրանք չարձանագրելու և փայտանյութն իր հորը պատկանող «Զիլ 130» մակնիշի 15 LU 041 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով տեղափոխելու համար:

Արթուր Մամաջանյանի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 55104815 քրեական գործը:

2015 թվականի նոյեմբերի 17-ին Արթուր Մամաջանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

2015 թվականի նոյեմբերի 20-ին Փաշիկ Խառատյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

1.1 Նախաքննական մարմնի` 2015 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ մեղադրյալ Արթուր Մամաջանյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ թիվ 55104815 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 55106115 քրեական գործը:

2015 թվականի դեկտեմբերի 22-ին Արթուր Մամաջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին, և նա հարցաքննվել է որպես կասկածյալ:

Նախաքննական մարմնի` 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ կաշառք տալու հոդվածով հարուցված թիվ 55104815 քրեական գործով վարույթը կարճվել է, Փաշիկ Խառատյանի և Արթուր Մամաջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Արթուր Մամաջանյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2015 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 14-ի որոշմամբ քրեական գործն ըստ տարածքային ընդդատության ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Արթուր Մամաջանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ ապացույցների անբավարարության հիմքով:

3. Լոռու մարզի դատախազի տեղակալ Մ.Մովսիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ բողոքը մասնակի բավարարել է` Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Արթուր Մամաջանյանի պաշտպան Ռ.Հակոբյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մայիսի 5-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

         Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5.  Արթուր Մամաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «նա, նախազգուշացված լինելով հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ու գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2015 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում գրավոր հաղորդում է տվել, որ նույն թվականի օգոստոս ամսվա ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մարցի» անտառպետության անտառապետ, պաշտոնատար անձ հանդիսացող Փաշիկ Խառատյանին իր օգտին վերջինիս կողմից նրա լիազորությունների շրջանակում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով թողտվության` առանց համապատասխան թույլտվության ծառահատումներ կատարելու, դրանք չարձանագրելու և փայտանյութն իր հորը պատկանող «Զիլ 130» մակնիշի 15 LU 041 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով յոթ անգամ Լոռու մարզից Շիրակի մարզ տեղափոխելու և այնտեղ վերավաճառելու համար անձամբ` որպես կաշառք, յուրաքանչյուր անգամ տվել է 50.000 ՀՀ դրամ, ընդհանուրը` 350.000 ՀՀ դրամ, ինչը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 99):

5.1 ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ա.Հայրապետյանի` 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կազմված թիվ 24-15-0137 օպերատիվ հաղորդագրության քարտի համաձայն` «Սեպտեմբերի 1-ին ժ. 11.00-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ Ապարանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում քաղ. Արթուր Գուրգենի Մամաջանյանը ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է տվել (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 2):

5.2 Նախաքննական մարմնի` 2015 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 55104815 քրեական գործով վարույթը կարճելու, Փաշիկ Խառատյանի և Արթուր Մամաջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու մասին որոշման համաձայն` «(...) 2015 թվականի դեկտեմբերի 21-ին Արթուր Մամաջանյանի կողմից ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ թիվ 55104815 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 5106115 քրեական գործը և առանձնացվել առանձին վարույթում, որի նախաքննության ընթացքում կասկածյալի կարգավիճակով հարցաքննվել է Արթուր Մամաջանյանը և [2015 թվականի դեկտեմբերի 22-ին] ցուցմունք տվել այն մասին, որ անտառապետ Փաշիկ Խառատյանին երբևէ կաշառք չի տվել, իսկ ոստիկանության Ապարանի բաժնում Փաշիկ Խառատյանին կաշառք տալու վերաբերյալ հաղորդում տալիս գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: (...) [Ն]կատի ունենալով, որ թիվ 55104815 քրեական գործով կատարվել են հնարավոր բոլոր քննչական գործողությունները, սակայն Փաշիկ Խառատյանի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և Արթուր Մամաջանյանի կողմից պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, ուստի ելնելով վերոգրյալից (...) որոշեցի թիվ 55104815 քրեական գործով վարույթը կարճել, Փաշիկ Խառատյանի և Արթուր Մամաջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 186-188):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժնի ավագ քննիչ Դ.Դավթյանի թիվ 55104815 քրեական գործով 21.12.2015 թվականի` «Քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին» որոշումն անօրինական է, քանի որ այն կայացվել է առանց օրինական հիմքերի և առիթի: (...) [Այդ հանգամանքը] որպես հետևանք հանգեցնում է նաև այդ գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական գործողությունների և դրանց արդյունքում ձեռք բերված տվյալների անօրինականության և անթույլատրելիության` թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են հայեցակարգի [հիման] վրա:

         (...) [Ք]ննիչը նախևառաջ պետք է օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացնող որևէ հիմքով կարճեր կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված թիվ 55104815 քրեական գործի վարույթը և Ա.Մամաջանյանի ու Փ.Խառատյանի նկատմամբ դադարեցներ քրեական հետապնդումը, այսինքն` վերջնական որոշմամբ հերքեր Ա.Մամաջանյանի կողմից տրված հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքները, որպեսզի դրանից հետո ի հայտ գար ինչպես քրեական գործ հարուցելու օրինական առիթը (տվյալ դեպքում` քննիչի կողմից իր լիազորություններն իրականացնելիս նոր հանցագործության հատկանիշների հայտնաբերումը), այնպես էլ օրինական հիմքը` առերևույթ սուտ մատնության հանցակազմի օբյեկտի և օբյեկտիվ կողմի հատկանիշներ պարունակող դեպքի մասին բավարար տվյալները:

(...) [Հակառակ պարագայում] անձը նախ` զրկվում է իր հայտնած տվյալների ստուգման արդյունքում կայացված դատական ակտը վիճարկելու իրավունքից, որը կարող է իրեն պաշտպանել սուտ մատնության կասկածանքից, երկրորդ` անձը կարող է արդարացված մտավախություն ունենալ առ այն, որ դա իր հանդեպ հոգեբանական ճնշում է` մեղադրանքի հիմնավորման համար ցանկալի ցուցմունքներ ստանալու նպատակով, որպիսին, դատարանի գնահատմամբ, առկա է եղել սույն գործով: (...) Դատարանը չփարատված կասկած ունի առ այն, որ քննիչը սուտ մատնության փաստով քրեական գործ է հարուցել, որպեսզի քրեական պատասխանատվության «սպառնալիքի» տակ Ա.Մամաջանյանին «հարկադրի» կաշառքի գործով մեղադրանքների վերաբերյալ այլ ցուցմունք տալուն, քանի որ նա որպես կասկածյալ, այնուհետև որպես մեղադրյալ ցուցմունք տալուց հայտնել է, որ սուտ է ասել հաղորդում տալուց:

(...)

Դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով բացակայում է Ա.Մամաջանյանի արարքում 333-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, քանի որ չի հիմնավորվել սուբյեկտիվ կողմը:

Բանն այն է, որ Ա.Մամաջանյանն իր կամքով և ցանկությամբ չի ներկայացել ոստիկանության Ապարանի բաժին, ընդ որում` իր կողմից կաշառք տալու և Փ.Խառատյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հաղորդում տալու նպատակով: Քրեական գործի նյութերի հետազոտությունից պարզ է դառնում, որ նա հանցանքի կատարման մեջ կասկածանքի հիմքով բերման է ենթարկվել ոստիկանության Ապարանի բաժին, ենթարկվել է անձնական խուզարկության և իրավունքների այլ սահմանափակումների, իսկ հաղորդումը տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ (...) Այս ամենը վկայում է այն մասին, որ իրականում անձը ո՛չ դիտավորություն, ո՛չ էլ նպատակ է ունեցել կատարելու սուտ մատնություն՝ հաղորդում տալը հետևանք է ոստիկանության ակտիվ գործողությունների՝ առանց անձին պարզաբանելու նրա լռելու, իր վերաբերյալ որևէ տեղեկություն չհայտնելու մասին իրավունքները՝ ինչպես սահմանված է ՀՀ վճռաբեկ դատարանի Գ.Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման մեջ: Միայն այս հանգամանքը բավարար է դատարանին գնահատելու, որ սուտ մատնության սուբյեկտիվ կողմը հաստատված չէ, անձի կամքը որոշակիորեն ճնշված է եղել հաղորդում տալուց և ինքը, փաստորեն, իրեն մերկացնող հաղորդում է տվել:

Այս ենթատեքստում դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը« որ թիվ 55104815 քրեական գործով «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ« նախաքննական մարմինը նշել է« որ Փաշիկ Խառատյանի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և Արթուր Մամաջանյանի կողմից պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Ընդ որում՝ այդ որոշումը չի վերացվել և ուժի մեջ է: Հիշյալ ձևակերպումը հաստատում է« որ մեղադրանքի կողմը ոչ թե հերքել է նշված ենթադրյալ հանցագործությունը« այլ՝ չի կարողացել դա ապացուցել« իսկ նման չփարատված կասկածների պարագայում անձին չի կարող մեսագրվել ուղղակի դիտավորությամբ սուտ մատնություն կատարելը:

Թեև որոշման եզրափակիչ մասում քննիչը նշել է հանցադեպի բացակայությունը, որպես քրեական վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք, սակայն դատարանն արձանագրում է, որ որոշման պատճառաբանական մասում քննիչը նշել է, որ ապացույցները բավարար չեն եղել, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորություններն սպառվել են:

Ուշագրավն այն է, որ այս որոշումը նախաքննական մարմինը կայացրել է այն ժամանակ, երբ նոր հարուցված և մաս անջատած գործով Ա.Մամաջանյանը եղել է կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակում և այդ կարգավիճակում տված ցուցմունքը ևս հիմք է հանդիսացել հիշյալ որոշումը կայացնելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 212-226):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) [Տ]վյալ դեպքում առկա է եղել ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ քրեական գործ հարուցելու առիթը, այնպես էլ՝ քրեական գործ հարուցելու հիմքերը: Մասնավորապես, թիվ 55104815 քրեական գործի շրջանակներում իր լիազորություններն իրականացնելիս նախաքննական մարմինը ձեռք է բերել այնպիսի տվյալներ (...), որպիսիք վարույթն իրականացնող մարմինը ողջամտորեն կարող էր բավարար համարել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման փաստի (հանցակազմի օբյեկտիվ կողմի և օբյեկտի) առկայությունը հաստատված համարելու համար:

Հետևապես, Առաջին ատյանի դատարանի դատողությունն առ այն, որ տվյալ դեպքում բացակայել են քրեական գործ հարուցելու օրինական հիմքերն ու առիթը, չի բխում գործի փաստական տվյալներից և հիմնազուրկ է:

Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ նաև Առաջին ատյանի դատարանի այն դատողությունը, ըստ որի՝ սույն քրեական գործը չէր կարող հարուցվել, քանի դեռ թիվ 55104815 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ չէր հերքվել Ա.Մամաջանյանի հաղորդման մեջ նշված՝ կաշառք տալու և ստանալու հանգամանքները, կամ չէր հաստատվել դրանց անհիմն լինելն ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով անձը չէր ազատվել քրեական պատասխանատվությունից:

 (...)

 [Թ]իվ 55104815 քրեական գործի նյութերով սույն քրեական գործը հարուցելով և առանձնացնելով՝ նախաքննության մարմինը թույլ չի տվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը «Թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» սկզբունքի համատեքստում կարող էր հանգեցնել սույն քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների ու դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցների՝ Ա.Մամաջանյանի մեղադրանքի հիմքում օգտագործելու անթույլատրելիության:

(...)

Անդրադառնալով Ա.Մամաջանյանի արարքում սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի մեկնաբանումներին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք հիմնազուրկ են, քանի որ անձի` հանցանք կատարելու կասկածանքով ոստիկանություն բերվելը, անձնական խուզարկության կամ այլ իրավաչափ (հակառակը հիմնավորող փաստական տվյալներ գործում չկան) սահմանափակումների ենթարկվելը, ինչպես նաև բերման ենթարկվելու առիթով բացատրություն վերցնել կամ չվերցնելը, այդ անձի կողմից սուտ մատնության հանցակազմի օբյեկտիվ կողմն իրականացնելու դեպքում, ինքնին չի կարող վկայել նրա արարքում սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմի բացակայության մասին: Ինչ վերաբերում է Ա.Մամաջանյանի կողմից հաղորդում տալը ոստիկանության աշխատակիցների գործողություններով պայմանավորելու՝ Առաջին ատյանի դատարանի դատողությանը, ապա այն հիմնավորված կլիներ այն դեպքում, երբ կմատնանշվեր ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինի միջամտության կամ հաղորդում տալուն որևէ այլ կերպ նպաստած անիրավաչափ գործողության դրսևորման կոնկրետ փաստ, ինչը տվյալ դեպքում բացակայում է (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 78-93):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 28-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, որոնց պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

8.1 Մասնավորապես բողոքաբերը նշել է, որ նախաքննական մարմնի` 2015 թվականի դեկտեմբերի 21-ի` թիվ 55104815 քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին որոշմամբ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 28-րդ և 184-րդ հոդվածներով ամրագրված պահանջները: Մասնավորապես, բողոքի հեղինակը հայտնել է, որ այն պայմաններում, երբ թիվ 55104815 քրեական գործով բացակայել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված արդարացնող հիմքով կայացված վերջնական որոշում, ապա սուտ մատնության հանցակազմով քրեական գործ չէր կարող հարուցվել` օրինական առիթի և հիմքերի բացակայության պատճառով:

8.2 Բացի այդ, բողոք բերած անձի համոզմամբ նախաքննական մարմնի նոր քրեական գործ հարուցելիս թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումները «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» սկզբունքի համատեքստում հանգեցրել են այդ քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների ու դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցների անթույլատրելիությանը:

8.3. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ թիվ 55104815 քրեական գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին չվերացված որոշման առկայության պայմաններում սուտ մատնության հանցակազմով քրեական գործի հարուցումը հանգեցրել է իր պաշտպանյալի լռելու, իր դեմ ցուցմունք չտալու իրավունքների, անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման` հաշվի առնելով, որ նոր քրեական գործի հարուցումը կարող է դիտարկվել որպես հոգեբանական ճնշում` մեղադրանքի հիմնավորման համար ցանկալի ցուցմունքներ տալու նպատակով:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի դատավճռին:

 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված` սուտ մատնության հանցակազմով քրեական գործի հարուցման հիմքերի բավարարության և ապացույցների բավարարության գնահատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

I. Սուտ մատնության հանցակազմով քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավասու էր արդյոք նախաքննական մարմինը Ա.Մամաջանյանի կողմից ենթադրյալ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցել քրեական գործ այն պայմաններում, երբ Ա.Մամաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով առկա չէր համապատասխան վերջնական որոշում:

11. ՀՀ քրեական օրենգրքի 333-րդ հոդվածի համաձայն`  «1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է`

[պատժվում է համապատասխան պատժով]:

2. Նույն արարքը, որը`

1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,

(...)

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

12. Սուտ մատնության հանցակազմի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Գալստյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիրքորոշում է արտահայտել առ այն, որ. «Մեջբերված հոդվածը ներառված է ՀՀ քրեական օրենսգրքի «Արդարադատության դեմ ուղղված հանցագործությունները» վերնագրված գլուխ 21-ում: Քննարկվող հոդվածով նախատեսված հանցագործությունը արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է, որը խաթարում է իրավապահ մարմինների բնականոն գործունեությունը, որոնք հարկադրված են լինում ուժեր ու միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար կամ կատարված հանցագոր-ծությունը քննելիս ընթանալ սխալ ուղիով: Վերջինս կարող է հանգեցնել անմեղ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, նրանց իրավունքների անհիմն սահմանափակումների: Այսպիսով, սուտ մատնության հիմնական անմիջական օբյեկտը արդարադատության բնականոն իրականացմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ լրացուցիչ անմիջական օբյեկտը՝ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Հանցագործության օբյեկտիվ կողմը կարող է դրսևորվել երկու ձևով: Առաջին դեպքում հան-ցավորը հայտնում է տեղի չունեցած հանցագործության մասին: Այս դեպքում արարքը քննարկվող հոդվածով որակելու համար էական չէ հանցանքի կատարման մեջ որոշակի անձի մատնանշելու հանգամանքը: Երկրորդ դեպքում հանցավորը հայտնում է իրականում տեղի ունեցած հանցագործության մասին` մատնանշելով այնպիսի անձի, ով չի կատարել այն:

Սուտ մատնությունը կարող է իրականացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Քննարկվող հանցակազմն առկա է այն դեպքում, երբ երևակայական հանցագործության կամ հանցագործի մասին տե-ղեկությունները հաղորդվում են այն պետական մարմիններին, որոնք քրեական գործ հարուցե-լու իրավունք ունեն: Այլ մարմիններին նույնաբովանդակ տեղեկություններ հաղորդելը քննարկվող հանցակազմը չի առաջացնում:

Քննարկվող հանցակազմը ձևական է. հանցագործությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հասցեատերը ստանում է հանցագործության կամ հանցավորի մասին կեղծ տեղեկությունները: (…)» (տե՛ս Հեղինե Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԼԴ/0051/01/14 որոշման 23-րդ կետը):

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն`  «Քրեական գործ հարուցելու առիթներն են`

1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.

2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.

3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ս.Գևորգյանի  գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) քրեական գործի հարուցման փուլի իրավական նշանակությունն այնպիսի դատավարական կարգի ապահովման մեջ է, որի պայմաններում կբացառվի քրեադատավարական գործիքակազմի անհիմն և աննպատակահարմար կիրառումը, հետևաբար նաև՝ ոչ հանցավոր իրադարձությունների կապակցությամբ անձանց իրավունքների ու օրինական շահերի սահմանափակումները և հանրային ռեսուրսների վատնումը: Դրանով պայմանավորված՝ քննարկվող փուլի առաջնային խնդիրներից է քրեական գործ հարուցելու առիթի օրինականության, ինչպես նաև հիմքերի բավարարության պարզումը:

Քրեական գործ հարուցելու առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն (...): Առիթն օրենքով սահմանված այն աղբյուրն է, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների մասին (...): Ընդ որում, քրեական գործ հարուցելու առիթը պետք է բավարարի օրենքով նախատեսված և՛ ձևական (...), և՛ բովանդակային պահանջներին (...):

Քրեական գործ հարուցելու հիմքը հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են: Ընդ որում, քրեական գործ կարող է հարուցվել միայն հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների բավարարության դեպքում: Դրանց բավարարության գնահատման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է ոչ թե հանցակազմի բոլոր տարրերի, այլ սոսկ հանցագործության արտաքին հատկանիշների առկայության հավաստումը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ենթադրությունն օբյեկտիվորեն կրում է հավանական բնույթ, քանի որ դրա վերջնական հաստատումը գործի քննության հետագա փուլերի խնդիրն է: Քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ենթադրում է հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների այնպիսի համակցություն, որն օբյեկտիվ դիտորդին հնարավորություն կտա ենթադրություն կատարել հանցագործության հավանական առկայության վերաբերյալ: Հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների դեպքում պետք է հարուցվի քրեական գործ (քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում) (...)» (տե՛ս Սիրվարդ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԼԴ/0018/11/16 որոշման 12-րդ կետը):

14. Սույն որոշման 12-րդ և 13-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության կատարման մասին իրավապահ մարմիններին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրող անձանց սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելը պետության արձագանքն է այդ տեղեկատվության ստուգման, հանցագործության բացահայտման, քրեական օրենքով արգելված ենթադրյալ հանցանք կատարած անձանց հայտնաբերման ուղղությամբ վատնված մարդկային և նյութական ռեսուրսներին, ինչպես նաև այլ անձանց քրեական օրենքով արգելված արարքի կատարման վերաբերյալ սուտ տեղեկություն հաղորդելու արդյունքում վերջիններիս իրավունքների ու օրինական շահերի խախտմանը, պատվի ու արժանապատվության նվաստացմանը: Հիշյալի հաշվառմամբ թեև սուտ մատնությունն ավարտված է համարվում իրավասու մարմնի կողմից հանցագործության կամ հանցավորի մասին կեղծ տեղեկությունները ստանալու պահից, սակայն այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմքերը ձևավորվում են այն ժամանակ, երբ օրենքով սահմանված կարգով հաստատվում է հանցագործության մասին հաղորդման բովանդակության սուտ լինելը: Հակառակ պարագայում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ենթադրյալ սուտ մատնություն պարունակող հաղորդման առիթով իրականացվող քննությանը զուգահեռ քրեական հետապնդում կիրականացվի դրան ուղղակիորեն հակադրվող, այն բացառող քրեական վարույթի շրջանակներում: Վերջինս ոչ միայն կիմաստազրկի անձի իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիքները, այլ նաև լուրջ սպառնալիք կստեղծի քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից իրենց լիազորությունները կամայական գործադրելու տեսանկյունից:

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ սուտ մատնության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ստուգելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի ենթադրյալ սուտ մատնություն պարունակող հաղորդման կապակցությամբ օրենքով սահմանված կարգով վերջնական որոշման առկայությունը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արթուր Մամաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն արարքի համար, որ նա, նախազգուշացված լինելով հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ու գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2015 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում գրավոր հաղորդում է տվել, որ նույն թվականի օգոստոս ամսվա ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մարցի» անտառպետության անտառապետ, պաշտոնատար անձ հանդիսացող Փաշիկ Խառատյանին իր օգտին վերջինիս կողմից նրա լիազորությունների շրջանակում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով թողտվության` առանց համապատասխան թույլտվության ծառահատումներ կատարելու, դրանք չարձանագրելու և փայտանյութն իր հորը պատկանող «Զիլ 130» մակնիշի 15 LU 041 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով յոթ անգամ Լոռու մարզից Շիրակի մարզ տեղափոխելու և այնտեղ վերավաճառելու համար անձամբ, որպես կաշառք, յուրաքանչյուր անգամ տվել է 50.000 ՀՀ դրամ, ընդհանուրը` 350.000 ՀՀ դրամ, ինչը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը ճանաչել և հռչակել է Արթուր Մամաջանյանի անմեղությունն իրեն առաջադրված մեղադրանքում` գտնելով, որ նախաքննական մարմնի` «քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին» որոշումը կայացվել է օրինական առիթի և հանցագործության հիմքերի բացակայության պայմաններում, ինչը հանգեցրել է այդ գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական գործողությունների և դրանց արդյունքում ձեռք բերված տվյալների անթույլատրելիության` «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» հայեցակարգի հիման վրա: Դատարանը նշել է, որ նախաքննական մարմինը նախևառաջ պետք է հերքեր Ա.Մամաջանյանի կողմից տրված հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքները, որպեսզի դրանից հետո ծագեր քրեական գործի հարուցման օրինական առիթը և հիմքը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշման հետ, որ Ա.Մամաջանյանի հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքները հերքելուց հետո միայն կարող էր հարուցվել քրեական գործ, բեկանել է կայացված դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քնության` հայտնելով, որ Արթուր Մամաջանյանի նկատմամբ սուտ մատնությամբ քրեական գործ հարուցելիս առկա են եղել քրեական գործ հարուցելու օրինական առիթ և հիմքեր: Վերաքննիչ դատարանը գտել է, որ նախաքննական մարմինը կաշառք տալու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռք է բերել այնպիսի տվյալներ, որպիսիք ողջամտորեն կարող էին բավարար համարվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման փաստի առկայությունը հաստատված համարելու համար: Ուստի դատարանը գտել է, որ նախաքննական մարմինը թույլ չի տվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» հայեցակարգի համատեքստում կարող էր հանգեցնել ձեռքբերված ապացույցների անթույլատրելիությանը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով սուտ մատնությամբ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը, պատշաճ գնահատման և վերլուծության չի ենթարկել ներկայացված ենթադրյալ սուտ մատնություն պարունակող հաղորդման հիման վրա իրականացված քրեական վարույթը եզրափակող վերջնական որոշման և սուտ մատնությամբ քրեական գործ հարուցելու մասին որոշման ժամանակագրական հաջորդականությունը:

Մասնավորապես, Փ.Խառատյանին կաշառք տալու վերաբերյալ Ա.Մամաջանյանի հաղորդումը ստանալու պահից քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից կատարված դատավարական գործողությունների ժամանակագրական հաջորդականությունից հետևում է, որ`

- 2015 թվականի սեպտեմբերի 11-ին հարուցվել է թիվ 55104815 քրեական գործը, որի նախաքննության ընթացքում Ա.Մամաջանյանին` խոշոր չափով կաշառք տալու, իսկ Փ.Խառատյանին` խոշոր չափով կաշառք ստանալու հոդվածներով առաջադրվել են մեղադրանքներ,

- 2015 թվականի դեկտեմբերի 21-ին վերոնշյալ քրեական գործի նյութերով հարուցվել է թիվ 55106115 քրեական գործը մեղադրյալ Ա.Մամաջանյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ,

- 2015 թվականի դեկտեմբերի 22-ին Ա.Մամաջանյանը թիվ 55106115 քրեական գործով հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին,

- 2015 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել կաշառք տալու հոդվածով հարուցված թիվ 55104815 քրեական գործով վարույթը կարճելու, հանցագործության դեպքի բացակայության հիմքով Փաշիկ Խառատյանի և Արթուր Մամաջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այն պատճառաբանությամբ, որ քրեական գործով կատարվել են հնարավոր բոլոր քննչական գործողությունները, սակայն Փաշիկ Խառատյանի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և Արթուր Մամաջանյանի կողմից պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները:

Վերոնշյալ դատավարական գործողությունների կատարման ժամանակագրական հաջորդականությունից երևում է, որ առանց վերջնական իրավական գնահատականի արժանացնելու և հերքելու Ա.Մամաջանյանի հաղորդմամբ ներկայացված տեղեկատվությունը, այդ փաստով քրեական հետապնդում իրականացնելուն զուգահեռ նախաքննական մարմինը որոշում է կայացրել սուտ մատնության հանցակազմի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: Արդյունքում, Ա.Մամաջանյանի նկատմամբ իրարամերժ վարույթներով զուգահեռաբար իրականացվել է քրեական հետապնդում, Ա.Մամաջանյանն իր կողմից կաշառք տալու վերաբերյալ սուտ մատնություն կատարելու շուրջ հարցաքննվել է որպես կասկածյալ այն դեպքում, երբ ընթացքի մեջ է եղել կաշառք տալու փաստով իրականացվող նախաքննությունը, որի շրջանակներում նա ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Ընդ որում կաշառք տալու փաստի առթիվ իրականացվող վարույթն ավարտվել է 2015 թվականի դեկտեմբերի 28-ին, որից ընդամենը երկու օր անց` 2015 թվականի դեկտեմբերի 30-ին սուտ մատնության մեղադրանքով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ավելին, Փ.Խառատյանի կողմից կաշառք ստանալու մասին սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունն ըստ էության ավելի խիստ է, քան կաշառք տալու համար նախատեսված պատասխանատվությունը: Նման պայմաններում ողջամտորեն կարող է առաջանալ մտավախություն առ այն, որ իրարամերժ վարույթներով քրեական հետապնդման իրականացումը կարող է օգտագործվել որպես վարույթն իրականացնող մարմնի համար ցանկալի տեղեկություններ ստանալու միջոց (mutatis mutandis տե՛ս Կարեն Սարուխանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0301/01/09 որոշման 23-րդ կետը):

17.1 Հետևաբար Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ նախաքննական մարմինը կաշառք տալու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռք էր բերել այնպիսի տվյալներ, որպիսիք ողջամտորեն կարող էին բավարար համարվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման փաստի առկայությունը հաստատված համարելու համար, հիմնավոր չէ, քանի որ սուտ մատնությամբ քրեական գործ հարուցելու պահին դեռևս հերքված չի եղել կաշառք ստանալու վերաբերյալ տեղեկատվությունը:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությանը, որ սույն դեպքում բացակայում է նաև քրեական գործ հարուցելու օրինական առիթը, քանի որ առիթի օրինականությունը պայմանավորված է դրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ձևական և բովանդակային պահանջներին բավարարելու հանգամանքով, մինչդեռ սույն գործի հարուցման առիթը բավարարում է հիշյալ հատկանիշներին: Սակայն Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի այն դատողության հետ, որ սույն դեպքում բացակայել են քրեական գործ հարուցելու բավարար հիմքերը:

18. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմինն իրավասու չէր Ա.Մամաջանյանի կողմից ենթադրյալ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցել քրեական գործ այն պայմաններում, երբ Ա.Մամաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով առկա չէր համապատասխան վերջնական որոշում:

II. Ապացույցների բավարարությունը.

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Ա.Մամաջանյանի նկատմամբ միմյանց բացառող քրեական վարույթներ զուգահեռաբար իրականացնելով` նախաքննության մարմինն արդյոք թույլ չի տվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը հանգեցրել է սույն քրեական գործի շրջանակներում ձեռքբերված ապացույցների` Ա.Մամաջանյանի մեղադրանքի հիմքում դնելու և օգտագործելու անթույլատրելիության:

20. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` «(...)

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա.

(…)

է) չպարտադրվի իր դեմ ցուցմունքներ տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Կասկածյալին և մեղադրյալին չի կարելի հարկադրել ցուցմունքներ տալ, նյութեր ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնին կամ նրան որևէ աջակցություն ցույց տալ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն` «Մեղադրյալը« սույն օրենսգրքով սահմանված կարգով« իրավունք ունի` հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Մեղադրյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար« բացի այն դեպքերից« երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն`

«Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը« որոնք ձեռք են բերվել`

(...)

2) կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի (...)` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ.

(...)

2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի այն խախտումները« որոնք դրսևորվել են քրեական դատավարության մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտմամբ»:

21. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է. այն նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք է: Մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքելու իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքն անձի համար գործուն «զենք» է` դիմակայելու իշխանական լիազորություններով օժտված պետական մարմինների գործողություններին: Այս առումով պաշտպանության իրավունքը քրեական դատավարության խնդիրների, մասնավորապես՝ հանցավոր արարքի հետ կապված պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից անձի պաշտպանության, ինչպես նաև անօրինական կամ առանց անհրաժեշտության դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման չենթարկվելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 2-րդ մասի 3-րդ կետ) իրացման միջոցներից է (տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի՝ Նորիկ Պողոսյանի գործով թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը, 2015 թվականի հունիսի 5-ի՝ Հեղինե Գալստյանի գործով թիվ ԼԴ/0051/01/14 որոշման 29-րդ կետը):

Անձի պաշտպանության իրավունքը սերտորեն փոխկապակցված է լռելու իրավունքի հետ, և որպես վերջինների ապահովման երաշխիք է նախատեսված կասկածյալին և մեղադրյալին ցուցմունք տալուն կամ վարույթն իրականացնող մարմնին որևէ այլ աջակցություն ցուցաբերելուն հարկադրելու արգելքը:

Լռություն պահպանելու իրավունքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում հստակ հիշատակված չէ, սակայն այն հանրաճանաչ միջազգային նորմ է, որն ընկած է արդարացի դատաքննության հասկացության հիմքում, որի մասին խոսվում է 6-րդ հոդվածում: Դրա իմաստը, inter alia, իշխանությունների ոչ պատշաճ հարկադրանքից մեղադրյալին պաշտպանելն է, ինչն օգնում է խուսափել դատական սխալներից և հասնել 6-րդ հոդվածով նախատեսված նպատակներին: Մասնավորապես այդ իրավունքը նպաստում է, որ մեղադրանքը չհիմնվի այնպիսի ապացույցների վրա, որոնք ձեռք են բերվել մեղադրյալի կամքին հակառակ` հարկադրանքի կամ ճնշման միջոցով: Այս իմաստով նշված իրավունքը սերտորեն կապված է անմեղության կանխավարկածի հետ, որը նախատեսված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասում: Ընդ որում ցուցմունք տալու կամահայտնության պարագայում իր լռելու իրավունքից հրաժարվելիս պետք է բացառված լինի կամքի ճնշման կամ այլ եղանակով հարկադրանքի կիրառման հնարավոր մտավախությունը (mutatis mutandis տե՛ս Sanunders v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի` 1996 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 19187/91, կետ 68-69, John Murray v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի` 1996 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 18731/91, կետ 45, J.B. v. Switzerland գործով Եվրոպական դատարանի` 2001 թվականի մայիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 31827/96, կետ 64):

Միևնույն ժամանակ, լռելու իրավունքի հետ սերտորեն փոխկապակցված է իր անմեղության մասին հայտարարելու անձի իրավունքը: Մասնավորապես, այդ իրավունքի իրացմամբ ենթադրյալ հանցանք կատարած անձը նախաքննական մարմնին է ներկայացնում իր դիրքորոշումը մեղսագրվող քրեական օրենքով արգելված արարքի վերաբերյալ և ըստ այդմ` կառուցում իր պաշտպանական մարտավարությունը: Այսինքն անձի` իր անմեղության մասին հայտարարելու իրավունքը հիմնարար երաշխիք է իր պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու իրավական կառուցակարգերի համակարգում:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու նպատակով լռելու կամ անմեղության մասին հայտարարելու իրավունքներից օգտվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա և նրա համար առաջացնել որևէ անբարենպաստ հետևանք: Վերջինս նույնպես հիմնարար նշանակություն ունի անձի պաշտպանական իրավունքի համատեքստում, որի շնորհիվ երաշխավորվում է առանց որևէ բացասական իրավական հետևանքների առաջացման մտավախության անձի կողմից իր իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Հակառակ պարագայում անձի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային (տե՛ս Artico v. Italy գործով 1980 թվականի մայիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 6694/74, կետ 33):

Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև փաստել, որ անձի` պաշտպանության իրավունքից օգտվելու հնարավորությունը բացարձակ չէ և սահմանափակված է «չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին» չափորոշիչով (տե՛ս 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը): Այլ կերպ պաշտպանվելու իրավունքը չի կարող ենթադրել անօրինական, այլոց իրավունքներն ու ազատությունները խախտող, այդ թվում` հանցավոր միջոցներով պաշտպանություն իրականացնելու իրավունք: Հետևաբար պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով` իր իրավունքներից օգտվելը չի կարող առաջացնել բացասական իրավական հետևանքներ, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը հայտարարում է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին՝ այդ կերպ փորձելով հիմնավորել իր անմեղությունը (տե՛ս mutatis mutandis Հեղինե Գալստյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԼԴ/0051/01/14 որոշման 29-րդ կետը):

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Մամաջանյանը 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կաշառք տալու մասին հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում (տե՛ս սույն որոշման 5.1 կետը):

2015 թվականի դեկտեմբերի 22-ին` Ա.Մամաջանյանը` որպես կասկածյալ, ցուցմունք է տվել այն մասին, որ անտառապետ Փաշիկ Խառատյանին երբևէ կաշառք չի տվել, իսկ կաշառք տալու վերաբերյալ ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում տալիս գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում (տե՛ս սույն որոշման 5.2 կետը):

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ա.Մամաջանյանը ո՛չ դիտավորություն, ո՛չ էլ նպատակ է ունեցել կատարելու սուտ մատնություն. հաղորդում տալը հետևանք է ոստիկանության ակտիվ գործողությունների՝ առանց անձին պարզաբանելու նրա լռելու, իր վերաբերյալ որևէ տեղեկություն չհայտնելու մասին իրավունքները, որի արդյունքում անձն ինքնամերկացնող հաղորդում է տվել: Այդ համատեքստում դատարանը նաև նշել է, որ թիվ 55104815 «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը կայացվել է հենց այն ժամանակ, երբ նոր հարուցված և մաս անջատված գործով Ա.Մամաջանյանն ունեցել է  կասկածյալի, ապա մեղադրյալի կարգավիճակ, և կասկածյալի կարգավիճակում տված ցուցմունքը ևս հիմք է հանդիսացել հիշյալ որոշումը կայացնելու համար (տե՛ս սույն որոշման 6 կետը):

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը հայտնել է, որ հանցանք կատարելու կասկածանքով ոստիկանություն բերվելը, անձնական խուզարկության կամ այլ իրավաչափ սահմանափակումների ենթարկվելը, ինչպես նաև բերման ենթարկվելու առիթով բացատրություն վերցնել կամ չվերցնելը, այդ անձի կողմից սուտ մատնության հանցակազմի օբյեկտիվ կողմն իրականացնելու դեպքում, ինքնին չի կարող վկայել նրա արարքում սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմի բացակայության մասին: Անդրադառնալով Ա.Մամաջանյանի կողմից հաղորդում տալը ոստիկանության աշխատակիցների գործողություններով պայմանավորելու՝ Առաջին ատյանի դատարանի դատողությանը` Վերաքննիչ դատարանը նշել է, որ այն հիմնավորված կլիներ այդ հանգամանքը հիմնավորող կոնկրետ փաստական տվյալների առկայության պայմաններում, որպիսիք բացակայում են սույն քրեական գործով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

23. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 20-21-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն հանգամանքը, որ թեև Ա.Մամաջանյանը 2015 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում ներկայացված հաղորդմամբ տեղեկություններ է հայտնել քրեական օրենքով արգելված արարքի կատարման մասին, սակայն հետագայում հայտարարել է իր անմեղության մասին: Այնինչ, իր անմեղության մասին հայտարարելու իրավունքից օգտվելը չէր կարող մեկնաբանվել ի վնաս Ա.Մամաջանյանի և նրա համար առաջացնել անբարենպաստ հետևանքներ, բացառությամբ, եթե կպարզվեր, որ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին՝ այդ կերպ փորձելով հիմնավորել իր անմեղությունը: Արդյունքում Ա.Մամաջանյանի պաշտպանության իրավունքը խախտվել է և կրել վերացական ու պատրանքային բնույթ:

24. Սույն որոշման 17-րդ և 23-րդ կետերում նշված հանգամանքներն իրենց համակցությամբ Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ նախաքննության մարմինը սույն գործով թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ձեռքբերված ապացույցների՝ մեղադրանքի հիմքում դնելու և օգտագործելու անթույլատրելիության:

25. Ա.Մամաջանյանի արարքում սուտ մատնություն կատարելու սուբյեկտիվ կողմի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությունների (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը) կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ սուտ մատնության դեպքում հանցավորը գիտակցում է, որ իր գործողություններով քրեական օրենքով արգելված հանցագործության կատարման մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տրամադրում իրավապահ մարմիններին, զրպարտում է այլ անձանց հանցագործության կատարման մեջ, նվաստացնում վերջիններիս պատիվն ու արժանավատվությունը: Բացի այդ, հանցավորը նաև նախատեսում է և ցանկանում, որ իր գործողությունների արդյունքում գործադրվեն մարդկային և նյութական ռեսուրսներ իր կողմից նկարագրված հանցագործության դեպքը բացահայտելու, այն կատարած անհայտ կամ իր կողմից մատնանշված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ քրեական հետապնդման մարմիններին հանցագործության կատարման մասին սուտ հաղորդում ներկայացնելիս հանցավորը գործում է իր ազատ կամահայտնությամբ, որպես կանոն` սեփական նախաձեռնությամբ: Այլ կերպ` սուտ մատնության սուբյեկտիվ կողմի առանձնահատկություններից ելնելով` հաղորդումն իրավապահ մարմիններին հասցեագրվում է և հայտնի դառնում հանցավորի կամխամտածված գործողությունների արդյունքում, որոնք կարող են նաև ոտնձգել այլ անձանց իրավունքների և օրինական շահերի, պատվի և արժանապատվության դեմ: Այսինքն` սուտ մատնության հանցակազմի դեպքում էական նշանակություն ունի հաղորդումը ներկայացնող անձի` քրեական հետապնդման մարմիններին հանցագործության մասին սուտ տեղեկություններ հայտնելու ուղղակի դիտավորության բացահայտումը, որպիսի պայմաններում պետք է բացառված լինի անձի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրված լինելու մտավախությունը, որը ողջամտորեն կարող է սահմանափակել անձի ազատ կամահայտնությունը:

26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, Ա.Մամաջանյանի արարքում հաստատված համարելով սուտ մատնության սուբյեկտիվ կողմի առկայությունը, համակցության մեջ պատշաճ իրավական գնահատականի չի ենթարկել քրեական օրենքով արգելված արարքի կատարման մասին հաղորդում ներկայացնելու իրադրությունը բնութագրող հանգամանքները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի գնահատել հաղորդում ներկայացնելու հանգամանքները, դրդապատճառները, այն ներկայացնելու պահին Ա.Մամաջանյանի հոգեֆիզիոլոգիական վիճակը, քրեական հետապնդման մարմինների գործողությունները« ինչպես նաև հանցագործության կատարման մասին սուտ հաղորդումն իրավապահ մարմիններին հասցեագրելու ազատ կամահայտնության մասին վկայող այլ գործոնների ամբողջությունը, որոնք ողջամտորեն կասկածներ են առաջացնում Ա.Մամաջանյանի կողմից սուտ մատնություն կատարելու ուղղակի դիտավորության առկայության վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 5.1-ին և 6-րդ կետերը):

27. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արթուր Մամաջանյանի անմեղությունը ճանաչելու և հռչակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Վերաքննիչ դատարանի 2016 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արթուր Գուրգենի Մամաջանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան
Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան