ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2018 թվականի N 136-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԱՑԻ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՅԼ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.06.18 N 784-Ա)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4.5-րդ կետի դրույթները՝
1. Ստեղծել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հաստատել՝
1) հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 15.06.18 N 784-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ. փետրվարի 15-ի N 136 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 15.06.18 N 784-Ա)
- ՀՀ վարչապետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
- Գյուղատնտեսության նախարար |
- Ֆինանսների նախարար |
- Տարածքային կառավարման և զարգացման նախարար |
- Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար |
- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ |
- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ |
- Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը խմբ. 15.06.18 N 784-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թ. փետրվարի 15-ի N 136 -Աորոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 4.5-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի 2018 թվականին Հայաստանի Հանրապետության համայնքներին (այսուհետ` համայնք) այլ սուբվենցիաների տրամադրման նպատակով ստեղծված ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործառույթները, աշխատանքների կազմակերպումը, որոշումների ընդունման ընթացակարգը և ծրագրային հայտերի գնահատման հետ կապված հարաբերությունները:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Հանձնաժողովի գործունեության նպատակը 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու նպատակով ծրագրային հայտերի գնահատումն է:
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝
1) սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի (այսուհետ՝ հայտեր) գնահատման ապահովումը.
2) գնահատման մոդելների և գործիքների ներդրումը.
3) հայտերի վերլուծության և գնահատման հնարավորությունների ընդլայնումը, որոշումների ընդունման անաչառությունը և շահերի բախման բացառումը.
4) պրոֆեսիոնալ և վստահելի գնահատումը.
5) հայտերի գնահատման գործընթացի թափանցիկության ապահովումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
6. Հանձնաժողովի նախագահի կողմից, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ, կարող են գումարվել արտահերթ նիստեր:
7. Հանձնաժողովի նիստերը վարում է հաձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի ցուցումով:
8. Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարության կողմից աշխատանքային գործընթացը հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հարցման միջոցով:
9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ։
10. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
11. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
12. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:
13. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:
14. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են՝
1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
15. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում հանձնաժողովի նիստի անցկացումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:
16. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական և քարտուղարության աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
17. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարությունը:
18. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից՝ հանձնաժողովի նիստի անցկացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
19. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմում:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
20. Հանձնաժողովի նախագահը՝
1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) որոշում է հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց կազմը.
4) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ գործառույթներ:
21. Հանձնաժողովի անդամները՝
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.
2) հայտերն ստանալուց հետո գնահատում են հայտերը՝ հանձնաժողովի առաջին նիստում հաստատված գնահատման ընթացակարգին համապատասխան, և դրանք ներկայացնում են հանձնաժողովի քարտուղարություն.
3) մասնակցում են որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկությանը.
4) հանձնաժողովի ընդունած որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում են գրավոր (հատուկ) կարծիք.
5) մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին:
22. Հանձնաժողովի քարտուղարությունը՝
1) ապահովում է հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.
2) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումն ու տրամադրումը.
3) հանձնաժողովի անդամների կողմից հայտերի վերաբերյալ կարծիքներն ու գնահատականներն ստանալուց հետո ամփոփում է գնահատականները՝ հանձնաժողովի նիստին ներկայացնելու նպատակով.
4) ապահովում է հանձնաժողովի նիստի արձանագրության կազմումը, արձանագրությանը կցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր (հատուկ) կարծիքները, այն տրամադրում է հանձնաժողովի բոլոր անդամներին և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.
5) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքում:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.07.2018, N 974-Ա | 18.07.2018, N 136-Ա | |
15.06.2018, N 784-Ա | 16.06.2018, N 136-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|