Գլխավոր տեղեկություն
Համար
N 685-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 22.06.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2018 թվականի N 685-Լ

 

ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻՆ ՏՎՅԱԼ ՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈԻ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափը սահմանել՝ ամսական 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:

2. Կառավարության անդամի բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվում է իր մշտական բնակության վայրից դուրս կառավարության անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար:

3. Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցումը տրամադրվում է այն դեպքերում, երբ կառավարության անդամի նստավայրն իր մշտական բնակության վայրը չէ և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք:

4. Փոխհատուցումը տրամադրվում է կառավարության անդամի` Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են անշարժ գույքի վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները: Դիմումի մեջ ներառվում է նաև տվյալ վայրում կառավարության անդամին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության վերաբերյալ կառավարության անդամի հայտարարությունը:

5. Կառավարության անդամին բնակարանի վարձի փոխհատուցման տրամադրումն ապահովում է նրան աշխատավարձ վճարող պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա:

6. Յուրաքանչյուր ամսվա վարձի փոխհատուցումը տրամադրվում է մինչև հաջորդ ամսվա 15-ը:

7. Փոխհատուցման տրամադրման հիմքերի վերացման դեպքում կառավարության անդամն այդ մասին Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է դիմում:

8. Կառավարության անդամին բնակարանի վարձի ամսական փոխհատուցման տրամադրումը փոփոխվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագրով վարձավճարի՝ փոխհատուցման առավելագույն չափի սահմաններում կատարված փոփոխման դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հունիսի 19
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան