Գլխավոր տեղեկություն
Համար
N 1321-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.06.2018-28.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.29/72(1347) Հոդ.1057
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1321-Ն

 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.06.18 N 647-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.06.18 N 647-Ն)

1. Սահմանել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.06.18 N 647-Ն)

2. Սահմանել, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող (վճարված) տոկոսների գումարների չափով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից 2014, 2015, 2016 և 2017 թվականների հաշվետու եռամսյակների (տարվա) համար վճարված եկամտային հարկի գումարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն որոշման համաձայն:

(2-րդ կետը փոփ. 08.06.18 N 647-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն որոշման հավելվածով նախատեսված` տվյալ վարկառուի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկատվության հիման վրա հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դրույթը՝ 2019 թվականի հունվարի 1-ից:

(3-րդ կետը փոփ. 08.06.18 N 647-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 23
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

(վերնագիրը փոփ. 08.06.18 N 647-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի (այսուհետ՝ հիփոթեքային վարկ) սպասարկման համար վճարվող տոկոսների (այսուհետ՝ տոկոս) գումարների չափով ֆիզիկական անձանց (բացառությամբ վարձու աշխատող չհամարվող անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի) օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով գանձված) եկամտային հարկը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ., լրաց. 08.06.18 N 647-Ն)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերող, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան (այդ թվում՝ ավտոկայանատեղի, եթե այն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կցված է բնակարանին) ձեռք բերող, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների (այսուհետ՝ վարկառու) վրա՝ վերջիններիս կողմից սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմնի տարածքային բաժին (այսուհետ` հարկային մարմին) ներկայացվելու դեպքում: Սույն կարգի կիրառման իմաստով, վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող հանդիսացող հիփոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում:

(2-րդ կետը խմբ. 08.06.18 N 647-Ն)

3. Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում վարձու աշխատողին աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկը, իսկ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների մոտ աշխատող վարձու աշխատողների դեպքում՝ վարձու աշխատողը հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունները չեն կատարել կամ կատարել են մասնակի, ապա վարկառուին այդ գործատուի հաշվարկած եկամտային հարկը վերադարձվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական կատարումից հետո՝ վարկառուի կողմից սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվելու դեպքում:

(3-րդ կետը խմբ. 08.06.18 N 647-Ն)

4. Վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:

(4-րդ կետը փոփ. 08.06.18 N 647-Ն)

5. Հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`

1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` վարկառուի բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով, ինչպես նաև աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումը վճարած գործատուի անվանումը և ՀՎՀՀ-ն.

2) վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

4) հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը, իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում՝ համապատասխան ծրագրով նախատեսված հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակը կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը և համապատասխան գույքային իրավունքի գրանցման վկայականը, եթե ծրագրով կիրառելի է գրանցում.

5) հիփոթեքային վարկը տրամադրած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն համաձայնություն է տվել ԱՔՌԱ վարկային բյուրոյին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել տեղեկատվություն տվյալ վարկառուի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների մասին.

6) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ վարկառու համարվող անձին տրված` անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գործող), իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում՝ համապատասխան պետական (համայնքային) մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանը պետությունից (համայնքից) ձեռք բերված (բերվող) լինելու մասին.

7) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի (այդ թվում` նախնական) կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագիր կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան առուվաճառքի կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր, իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում՝ համապատասխան ծրագրով նախատեսված պայմանագիրը (առուվաճառքի նախնական պայմանագիր, առուվաճառքի պայմանագիր, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագիր).

8) վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:

(5-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 08.06.18 N 647-Ն)

6. Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում՝ ապահովելով միայն սույն կարգի 5-րդ կետի 5-րդ և (կամ) 8-րդ ենթակետով սահմանված պահանջները, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:

(6-րդ կետը փոփ. 08.06.18 N 647-Ն)

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

8. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե`

1) այն ներկայացնելու պահին հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն.

2) չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.

3) ձեռք բերվող բնակարանի կամ անհատական բնակելի տան գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 մլն դրամը.

4) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի պայմանագրերի շրջանակներում վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ օգտվել են հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից:

Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին:

(8-րդ կետը խմբ. 08.06.18 N 647-Ն)

8.1. Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեքային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 մլն դրամը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար վերադարձվում է 1.5 մլն դրամը:

(8.1-ին կետը լրաց. 08.06.18 N 647-Ն)

9. Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է տվյալ հաշվետու եռամսյակի համար վերադարձվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա վերադարձը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար:

(9-րդ կետը փոփ. 08.06.18 N 647-Ն)

10. Կատարվող վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող ութերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական: Վերադաս հարկային մարմնի կողմից եկամտային հարկի վերադարձը մերժվելու դեպքում եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում եզրակացությունը, մերժման հիմքերի նշումով, վերադարձվում է այն ներկայացրած հարկային մարմին՝ մերժման հիմքերի մասին վարկառուին ծանուցելու համար:

(10-րդ կետը փոփ. 08.06.18 N 647-Ն)

11. Վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) վարկառուի անունը, ազգանունը.

2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

3) հաշվետու եռամսյակը, որին վերաբերում է վերադարձվող գումարը.

4) վարկառուի բանկի անվանումը և հաշվի համարը.

5) վերադարձվող գումարի չափը.

6) տվյալ հաշվետու եռամսյակի համար վերադարձվող գումարի վերաբերյալ կազմված եզրակացության համարը.

7) եկամտային հարկի հաշվեհամարը, որից պետք է վերադարձվի գումարը:

(11-րդ կետը փոփ. 08.06.18 N 647-Ն)

12. Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:

(12-րդ կետը փոփ. 08.06.18 N 647-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 08.06.18 N 647-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.10.2024, N 1626-Ն ---------
20.06.2024, N 955-Ն 01.08.2024, N 1321-Ն
15.04.2022, N 509-Ն 16.04.2022, N 1321-Ն
24.09.2021, N 1578-Ն 28.09.2021, N 1321-Ն
08.06.2018, N 647-Ն 16.06.2018, N 1321-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան