Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-277-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2013-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.30/59(999) Հոդ.994
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 11-րդ և 85-րդ հոդվածներով և Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման միասնական քաղաքականության իրականացման նպատակով որոշում եմ.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների համակարգում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը հանդիսանում է գլխադասային մարմին հայկական սփյուռքի հետ հարաբերությունների բնագավառներում, համակարգում է Հայաստան-սփյուռք գործակցության իրականացումը, ամփոփում և գնահատում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված գործառույթների կատարման վերաբերյալ տեղեկանքները և տեղեկատվությունը:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը`

1) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմիններից կարող է ստանալ և տրամադրել նյութեր, տեղեկատվություն Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ.

2) Հայաստան-սփյուռք գործակցության ծրագրերն ըստ ոլորտների քննարկում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան մարմինների հետ.

3) կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ Հայաստան-սփյուռք գործակցությանն առնչվող առանձին հիմնախնդիրների քննարկման, լուծման ուղիների առաջարկման, համապատասխան ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման համար աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ.

4) կարող է ուղղակիորեն աշխատել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ Հայաստան-սփյուռք գործակցությանն առնչվող հարցերով, որոնք չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, միջպետական հարաբերություններին և միջազգային կազմակերպություններին, իսկ վերջիններիս առկայության դեպքում՝ դրանք իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմիններին`

1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հետ նախապես քննարկել Հայաստան-սփյուռք գործակցության ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տեղեկացնել այլ պետություններ այցերի ընթացքում հայկական համայնքներում նախատեսվող հանդիպումների, միջոցառումների, սփյուռքին առնչվող ստորագրվելիք փաստաթղթերի մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գրավոր իրազեկել համայնքային հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ:

Սույն ենթակետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վրա.

2) նախատեսել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև սփյուռքի ներկայացուցիչների ներգրավումը սփյուռքին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և այլ մարմինների կազմում.

3) սփյուռքահայ գործիչներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնել՝ նախապես Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը սահմանված կարգով գրավոր իրազեկելուց հետո.

4) իրենց իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող համահայկական և սփյուռքի հասարակական կազմակերպությունների գործակցության ծավալման և զարգացման հարցում:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Հայաստան-սփյուռք գործակցության քաղաքականության իրականացման ընդհանուր պատասխանատվությունը դեսպանընկալ պետությունում վերապահել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին:

5. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին՝ սահմանված կարգով ընթացք տալ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից բարձրացված հարցերին, աջակցել ծրագրերի իրականացմանը, իսկ արդյունքների մասին ողջամիտ ժամկետներում տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության սփյուռքի և արտաքին գործերի նախարարություններին:

6. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տարեկան հաշվետվություն սույն հրամանագրի պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ:

7. Սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին:

8. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 22

Երևան

ՆՀ-277-Ն