Գլխավոր տեղեկություն
Համար
N 642-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.11/54(1412) Հոդ.734
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2018 թվականի N 642-Ն

 

«ԲՋՆԻ-ԱՄՐՈՑ» ԵՎ «ՍՄԲԱՏԱԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ, «ԲՋՆԻ-ԱՄՐՈՑ» ՈՒ «ՍՄԲԱՏԱԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքի Բջնի բնակավայրում (1.51 հեկտար) գտնվող «Բջնի-ամրոց» և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքի Արտաբույնք բնակավայրում (0.34 հեկտար) ու Եղեգիս բնակավայրում (2.01 հեկտար) գտնվող «Սմբատաբերդ» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները:

2. Սահմանել`

1) «Բջնի-ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 1.51 հեկտար.

2) «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 2.35 հեկտար:

3. Սահմանել, որ «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների պահպանման ու շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների մասնաճյուղերը:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝

1) ապահովել «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների զբաղեցրած հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով կնքել համապատասխան 1.51 և 2.35 հեկտար հողերի անհատույց, անժամկետ օգտագործման մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) ապահովել «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների մասնաճյուղերի կանոնադրությունների հաստատումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25-րդ և 26-րդ կետերով.

«25. «Բջնի-ամրոց» պատմամշակութային արգելոց

26. «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոց»:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2018 թ. հունիսի 12

Երևան