ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2018 թվականի N 617-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1446-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ և 4-րդ կետերում, ինչպես նաև որոշման N 1 հավելվածի 26-րդ, 28-րդ, 29-րդ, 53-րդ, 54-րդ, 55-րդ, 90-րդ, 92-րդ, 93-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով.
2) N 1 հավելվածի 93-րդ կետը «պետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների ծառայության բնույթը խորհրդանշող թևքանշանի» բառերով.
3) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 93.1-ին կետով.
«93.1. Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները համազգեստի աջ թևքին՝ ուսակարից 80 մմ ներքև, կրում են իրենց ծառայությունը խորհրդանշող թևքանշան: Թևքանշանը` 80 մմ x 130 մմ չափսերով, կենտրոնում սև կտորի վրա գունավոր ասեղնագործվում է մասնագիտացված ստորաբաժանման խորհրդանիշը` ընտանիք (հայրը (կապույտ), երեխան (կանաչ), մայրը (դեղին): Ընտանիքի ներքևում պատկերվում է երկու կապույտ կիսաշրջան, իսկ վերևում պատկերվում է դեղին աղավնի՝ ձիթենու կանաչ ճյուղը կտուցին: Թևքանշանի ներքևում ասեղնագործվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառը: Ոստիկանության կենտրոնական ապարատի մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների համազգեստի վրա թևքանշանից վերև սև առանձին կտորի վրա ամրացվում են կիսաշրջանաձև ասեղնագործված «ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ» բառերը: Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների համազգեստի թևքանշանից վերև սև առանձին կտորի վրա ամրացվում է Երևան քաղաքի կամ մարզի կիսաշրջանաձև ասեղնագործված անվանումը:
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 5 Երևան |