Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2018 թվականի N 539-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-294-04.04.2018-ԱՍ-011/0 և Պ-2941-04.04.2018-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան


2018 թ. մայիսի 5
Երևան

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԵՎ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթԻ (Պ-294-04.04.2018-ԱՍ-011/0 ԵՎ Պ-2941-04.04.2018-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակահարմար չի համարում և առաջարկում է նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով օրենքների նախագծերի վերաբերյալ ստորև ներկայացված հանգամանքները՝

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) կարգավորման առարկա չի հանդիսանում: Մասնավորապես, օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ այն կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության նպատակն աշխատողների և գործատուների իրավունքների ու շահերի պաշտպանությունն է: Նախագծով ներկայացված առաջարկությունը չի համապատասխանում աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերությունների ձևավորման (13-րդ, 83-րդ հոդվածներ) կարևորագույն սկզբունքին:

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները, այդ թվում՝ աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը:

Տեղին է նաև նշել, որ օրենսգրքում աշխատավարձին հավասարեցված հատուցումներ նախատեսված չեն: Աշխատավարձի կառուցվածքում ներառված տարրերը (հիմնական և լրացուցիչ աշխատավարձ) ամբողջությամբ սահմանված են օրենսգրքի 178-րդ հոդվածում, իսկ «մաքուր աշխատավարձ» հասկացություն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված չէ:

Ինչ վերաբերում է աշխատավարձի չափի օրենսդրական կարգավորմանը, ապա հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ նախատեսված է միայն նվազագույն ամսական աշխատավարձի չափի սահմանում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի 4-րդ հոդվածի համաձայն՝ նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարներ:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրոշմանիշային վճար չեն վճարում այն աշխատողները, որոնց աշխատավարձը` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Այս աշխատողների փոխարեն դրոշմանիշային վճարները վճարում են գործատուները՝ իրենց միջոցների հաշվին:

Աշխատավարձի հարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով: Այս տեսանկյունից անհասկանալի է նախագծով ներկայացված այն արտահայտությունը, որ հարկատու ֆիզիկական անձի կողմից ստացվող մաքուր աշխատավարձի գումարը կամ աշխատավարձին հավասարեցված այլ հատուցումը չի կարող նվազել տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետևանքով` հաշվի առնելով, որ ֆիզիկական անձանց կողմից ստացված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից գործող օրենսդրության համաձայն չեն առաջանում պարտավորություններ տուրքերի գծով:

2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հարկ է նշել, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասն աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է: Զինվորական կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար օրենքով սահմանված աշխատավարձի գործակցի արտադրյալի և զինվորական ծառայության ստաժի տարիների ու զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի արտադրյալի գումարն է:

Հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել նախկինում սահմանված չափերից:

Ըստ այդմ, օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակի չափի հաշվարկման կարգում ամրագրված մեխանիզմներով բացառվում է կենսաթոշակի չափի նվազումը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի համաձայն` 2018 թվականի հուլիսի 1-ին լրանում է սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու ժամկետը: Նշված օրենքի ամբողջական կիրարկումը կարող է նպաստել հետագայում վճարվելիք կենսաթոշակի չափի ավելացմանը, բայց ոչ նվազմանը:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգում պետական կենսաթոշակները և կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային (պարտադիր) կենսաթոշակները չեն հարկվում, քանի որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` եկամտային հարկի հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային կենսաթոշակները)՝ բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակների:

Տուրքերն օրենքով սահմանված դեպքերում և չափով վճարվում են պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայություններ մատուցելու դեպքում: Այսինքն, տուրքերը վճարվում են ծառայություններ ձեռք բերելու համար և չեն կարող ազդել աշխատավարձի և կենսաթոշակի չափերի վրա:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` դրոշմանիշային վճար վճարում են աշխատանքային կամ քաղաքացիական-իրավական պայմանագրերով աշխատող անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները: Կենսաթոշակառուն դրոշմանիշային վճար վճարող չէ, հետևաբար կենսաթոշակից դրոշմանիշային վճար չի վճարվում:

Այսպիսով, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների համակարգում կատարվող փոփոխությունները չեն կարող անդրադառնալ կենսաթոշակի չափի վրա:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան