ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 744-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարման մարմինների համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ԵՎ ներդրումների նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Նախարարության անվանումն է՝
1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն.
2) ռուսերեն` Министерство экономического развития и инвестиций Республики Армения.
3) անգլերեն` The Ministry of Economic Development and Investments of the Republic of Armenia.
4) ֆրանսերեն՝ Ministére de développement économique et d'investissement de la République d'Arménie:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականի (խորհրդականների), մամուլի քարտուղարի, նախարարի օգնականի (օգնականների) և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գործակալությունները, նախարարությանը ենթակա մարմինները:
7. Նախարարությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ՝ առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
8. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
9. Նախարարության գտնվելու վայրն է՝ քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Նախարարության նպատակներն են տնտեսական քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտներում:
11. Նախարարության խնդիրներն են՝
1) մրցակցային պայմանների բարելավումը.
2) գիտելիքի տնտեսության և երկրում նորարարությունը խթանող միջավայրի ձևավորումը.
3) գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանումը.
4) ներդրումների խթանումը, ներդրումային ապահով միջավայրի երաշխավորումը.
5) արտահանման շուկաների հասանելիության ապահովումը և արտահանման խթանումը.
6) արդյունաբերության ներուժի ընդլայնումը և մրցունակության բարձրացումը.
7) զբոսաշրջության զարգացումը.
8) տարածքային համաչափ զարգացումը.
9) սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը․
10) պետական գույքի կառավարման (այդ թվում` մասնավորեցման) արդյունավետության բարձրացումը.
11) բարձրարժեք ծառայություն մատուցող ոլորտների զարգացումը։
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) իրականացնում է տնտեսական հետազոտություններ, վերլուծություններ և գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն.
2) մշակում է տնտեսական բարեփոխումների օրակարգը.
3) մասնակցում է երկրի տնտեսական հեռանկարային զարգացման քաղաքականության մշակմանը և դրա արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմմանը.
4) դիտանցում է և առաջարկություններ է ներկայացնում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի համագործակցության շրջանակի և ծրագրերի վերաբերյալ` տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, մակրոտնտեսական և բյուջետային քաղաքականություններին համահունչ.
5) իրականացնում է տնտեսական քաղաքականության արդյունքների և ազդեցության գնահատումը, նախապատրաստում տնտեսության վիճակի մասին հաշվետվությունները.
6) առաջարկություններ է ներկայացնում մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ, ներառյալ՝ կարճաժամկետ տնտեսական աճի կանխատեսման և դրա ապահովմանն ուղղված ծրագրերի մասով.
7) մշակում է ճյուղային տնտեսական քաղաքականություններ և իրականացնում դրանց դիտանցում.
8) առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ` տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից.
9) առաջարկություններ է ներկայացնում սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ.
10) իրականացնում է տնտեսության զարգացման պետական և մասնավոր երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ընթացքի դիտանցումը և արդյունքների գնահատումը.
11) մշակում է արտաքին տնտեսական քաղաքականությունը և իրականացնում է դրա դիտանցում.
12) մշակում և իրականացնում է արտաքին առևտրային քաղաքականությունը՝ տարածաշրջանային տնտեսական կառույցների հետ համագործակցության համատեքստում.
13) դիտանցում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում այլ ծրագրերի իրականացումը, և այդ ծրագրերի մասով իրականացնում է Եվրոպական միության կառույցների հետ տարվող աշխատանքները.
14) դիտանցում և համակարգում է Եվրոպական հարևանության գործիքների ներքո իրականացվող ծրագրերը, ինչպես նաև Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությունը.
15) իրականացնում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության աշխատանքները.
16) իրականացնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ապահովման աշխատանքները.
17) դիտանցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի, Եվրոպական միությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և ներկայացուցիչների գործունեությունը.
18) ապահովում է Եվրոպական միության և այլ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող արտոնյալ առևտրային ռեժիմների արդյունավետ իրականացումը և դիտանցում դրանք.
19) ապահովում է Եվրոպական միության կողմից տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգի շրջանակներում արտահանման գործընթացների դյուրացումը, գրանցված արտահանողների համակարգի կիրառումը և առնչվող անհրաժեշտ բոլոր գործընթացների իրականացումը.
20) մշակում է բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ, դիտանցում է Եվրոպական միության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից և (կամ) անդամակցությունից բխող առևտրատնտեսական պարտավորությունների կատարումը.
21) ապահովում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ առևտրին առնչվող դրույթների իրականացման աշխատանքները, ինչպես նաև համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցությունը.
22) մշակում է օտարերկրյա պետությունների հետ կնքվող համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծեր.
23) մշակում է «պետական-մասնավոր» համագործակցության շրջանակը և քաղաքականությունը.
24) մշակում և իրականացնում է կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները` ներառյալ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի կազմումը.
25) իր իրավասության սահմաններում իրականացնում է կարգավորման ազդեցության գնահատում.
26) իր իրավասության սահմաններում վարում է տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստր.
27) մշակում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականությունը.
28) առաջարկություններ է ներկայացնում տարածքային տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ, նախաձեռնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում.
29) մշակում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականությունը և դիտանցում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը.
30) մշակում է զբոսաշրջության պետական քաղաքականությունը և դիտանցում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը.
31) մշակում և իրականացնում է արդյունաբերության զարգացման քաղաքականությունը.
32) մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերը.
33) մշակում է գիտելիքահենք և ինովացիոն տնտեսության ձևավորման ու զարգացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, ինովացիոն գործունեությանն աջակցության, ինովացիոն արդյունքի առևտրայնացման, ինովացիոն ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման քաղաքականությունը, նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց դիտանցումը.
34) մշակում է բարձր տեխնոլոգիական և ինովացիոն կարողությունների զարգացման, ինովացիոն գործունեություն իրականացնող, բարձր տեխնոլոգիական վերազգային ընկերությունների՝ Հայաստան ներգրավման ու հայկական ընկերությունների գլոբալացման խթանման և ոլորտի միջազգային գործընթացներին ներգրավվելու քաղաքականությունը.
35) մշակում և այլ շահագրգիռ մարմինների հետ իրականացնում է տնտեսություն-գիտություն-կրթություն կապերի ընդլայնման քաղաքականությունը, ինչպես նաև իրականացնում է նախարարության ենթակայությամբ գործող գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության պետական կազմակերպությունների ծրագրերի իրագործման դիտանցումը.
36) մշակում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը.
37) ուսումնասիրում է ներքին շուկաները, բացահայտում առկա խոչընդոտները, մշակում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը և իրականացնում դիտանցում.
38) մշակում է սպառողների անվտանգության ապահովման մեխանիզմներ.
39) մշակում, իրականացնում և համակարգում է որակի ենթակառուցվածքի` տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության գնահատման, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավատարմագրման ոլորտների պետական քաղաքականությունը.
40) իրականացնում է որակի ենթակառուցվածի ոլորտային համագործակցությունը միջազգային կառույցների հետ.
41) մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը.
42) մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները.
43) ուսումնասիրում և վերլուծում է արտաքին շուկաները, ապահովում և ներկայացնում առաջարկություններ տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության, ինչպես նաև արտահանման խթանման վերաբերյալ.
44) առաջարկություններ է ներկայացնում պետական գործառնություններում մասնավոր հատվածի դերի բարձրացման վերաբերյալ.
45) մշակում և դիտանցում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը.
46) ձևավորում է Հայաստանի Հանրապետության` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագիրը և առաջարկություններ ներկայացնում դրա գովազդման ուղղությամբ.
47) մշակում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը և իրականացնում դիտանցում.
48) բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների ստեղծման, կտրուկ աճին նպաստող գործարար միջավայր.
49) ուսումնասիրում է ներմուծման և արտահանման վարչարարական ընթացակարգերը և առաջարկություններ ներկայացնում դրանց պարզեցման ուղղությամբ.
50) մշակում և իրականացնում է թանկարժեք մետաղների բնագավառում քաղաքականությունը.
51) թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների կազմակերպումը.
52) ապահովում է նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը.
53) իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում քաղաքականության մշակումը, ինչպես նաև լիցենզիաների, վկայականների, եզրակացությունների, թույլտվությունների, հավաստագրերի տրամադրման և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող աշխատանքները.
54) մշակում և իրականացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում պետական քաղաքականությունը.
55) մշակում և իրականացնում է պետական գույքի կառավարման (այդ թվում` մասնավորեցման) արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը.
56) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
13. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը (այսուհետ՝ նախարար):
14. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝
1) հաստատում է նախարարության, իսկ առկայության դեպքում՝ նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.
2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.
3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:
15. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:
16. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
17. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, նախարարությանը ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը (խորհրդականները), օգնականը (օգնականները), մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
18. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:
19. Նախարարը՝
1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.
2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.
4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.
5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.
7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.
8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
9) սահմանում է յուրաքանչյուր նախարարի տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.
10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
13) հաստատում է հաստիքացուցակը.
14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
15) նախարարության աշխատողներին և համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց ու կազմակերպություններին շնորհում է նախարարության պարգևներ, ինչպես նաև սահմանում է այդ պարգևների ձևերը, դրանց ներկայացման և շնորհման կարգը.
16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
19) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարությանը ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.
20) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, նախարարությանը ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
21) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:
20. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում ՝ նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:
21. Նախարարի տեղակալը՝
1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, նախարարությանը ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները.
6) իր օգնականին տրամադրում է արձակուրդ և խրախուսանքի միջոցներ կիրառում նրա նկատմամբ։
22. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:
23. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:
24. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
25. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:
26. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:
27. Գլխավոր քարտուղարը՝
1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.
5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, նախարարությանը ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ.
11) կազմակերպում և համակարգում է նախարարության հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումն ու ներկայացումը:
28․ Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
29․Նախարարի խորհրդականը՝
1) կազմում է իր աշխատանքային ծրագրերը՝ համաձայնեցնելով դրանք նախարարի հետ.
2) պարբերաբար նախարարին է ներկայացնում անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) նախարարի հրամանով կարող է համակարգել նախարարության որոշակի գործառույթներ.
4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) նախարարի հանձնարարութամբ ներկայացնում է նախարարության դիրքորոշումն արտասահմանյան երկկողմ հարաբերություններում և միջազգային կառույցներում.
6) նախարարի հրամանով կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
7) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
8) նախարարի հանձնարարությամբ՝ կարող է կազմակերպել քաղաքացիների և առանձին կազմակերպությունների ներկայացուցիչների ընդունելություն.
9) կարող է ընդգրկվել միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում.
10) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ։
30. Նախարարի մամուլի քարտուղարը՝
1) ներկայացնում է նախարարի պաշտոնական տեսակետները Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.
4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ։
31. Նախարարի օգնականը՝
1) հաշվետու է անմիջապես նախարարին.
2) համագործակցում է նախարարության ստորաբաժանումների, ստորաբաժանումների ղեկավարների հետ և նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
3) առաջարկություններ է ներկայացնում նախարարին ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներին և քննարկումներին.
5) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
6) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
7) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
8) ցուցաբերում է կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն նախարարին.
9) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
32. Նախարարի տեղակալի օգնականը՝
1) ցուցաբերում է կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն նախարարի տեղակալին.
2) համագործակցում է նախարարության ստորաբաժանումների հետ և նախարարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
3) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված հանձնարարականներ։
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
33. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչություն.
2) գործարար միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչություն.
3) ներդրումային քաղաքականության վարչություն.
4) արդյունաբերական քաղաքականության վարչություն.
5) փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն.
6) ինովացիոն քաղաքականության վարչություն.
7) որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն.
8) Եվրամիության հետ համագործակցության վարչություն.
9) Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչություն.
10) Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչություն.
11) միջազգային համագործակցության վարչություն.
12) իրավաբանական բաժին.
13) ներքին աուդիտի բաժին:
34. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն.
2) անձնակազմի կառավարման վարչություն.
3) գործերի կառավարման վարչություն.
4) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն.
5) քարտուղարություն.
6) առաջին բաժին.
7) զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
35. Նախարարության գործակալություններն են՝
1) Մտավոր սեփականության գործակալություն.
2) Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
36. Նախարարությանը ենթակա մարմիններն են՝
1) Զբոսաշրջության կոմիտե.
2) Պետական գույքի կառավարման կոմիտե:
VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
37. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
38. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
39. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
40. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
41. Նախարարության կարիքների համար պետական գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:
IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
42. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:
43. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
44. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:
45. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, ով իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2019, N 658-Լ | 06.06.2019, N 744-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|