ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2018 թվականի N 568-Լ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝
Հաստատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. մայիսի 25 Երևան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ
1. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը (այսուհետ՝ գրասենյակ) վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (այսուհետ՝ փոխվարչապետ) ընթացիկ գործունեության իրականացումը:
2. Գրասենյակի անվանումն է՝ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ»:
3. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ:
4. Գրասենյակն իր իրավասությանը վերաբերող հարցերով դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
5. Գրասենյակի նպատակը փոխվարչապետի գործունեությանն աջակցությունն է:
6. Գրասենյակի խնդիրը փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացման ապահովումն է: Գրասենյակը պատասխանատու է այդ խնդրի իրականացման համար:
7. Գրասենյակի գործառույթներն են՝
1) փոխվարչապետի համակարգման ոլորտների վերաբերյալ վերլուծական նյութերը, առաջարկությունները նախապատրաստելը և փոխվարչապետին ներկայացնելը.
2) փոխվարչապետի հանձնարարությամբ իր կողմից տրվող հանձնարարությունները և այլ փաստաթղթերը նախապատրաստելը և փոխվարչապետին ներկայացնելը.
3) փոխվարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման նպատակով խորհրդակցությունների հրավիրման և անցկացման ապահովումը՝ ներգրավելով պետական կառավարման համակարգի իրավասու մարմինների ներկայացուցիչների, մասնագետների, փորձագետների.
4) միջազգային տնտեսական ինտեգրման և արտաքին տնտեսական կապերի վերաբերյալ վերլուծությունների իրականացումը:
8. Փոխվարչապետի գրասենյակի կանոնադրությունը հաստատում և դրանում փոփոխություններ է կատարում վարչապետը:
9. Փոխվարչապետի գրասենյակի կառուցվածքը հաստատում և սահմանված կարգով կառուցվածքային փոփոխություններ է կատարում վարչապետը:
10. Փոխվարչապետը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին, իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
11. Փոխվարչապետն իր գրասենյակի ղեկավարի, խորհրդականի, օգնականի, ռեֆերենտի, մամուլի քարտուղարի, արարողակարգի պատասխանատուի անմիջական ղեկավարն է:
12. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
13. Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, գրասենյակի՝ իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ:
14. Գրասենյակի ղեկավարը՝
1) ղեկավարում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը.
2) փոխվարչապետին ներկայացնում է առաջարկություններ իր համակարգման ոլորտում առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ.
3) իր լիազորության սահմաններում տալիս է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր լիազորության սահմաններում վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) փոխվարչապետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) փոխվարչապետի հանձնարարությամբ համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
7) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
15. Փոխվարչապետի խորհրդականը`
1) կազմում է իր աշխատանքային ծրագիրը և ներկայացնում փոխվարչապետի հավանությանը.
2) իրականացնում է փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում է ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ.
3) պարբերաբար փոխվարչապետին է ներկայացնում իրեն հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր.
4) փոխվարչապետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) վերլուծում է փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում փոխվարչապետին.
6) վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումներից կարող է ստանալ իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված անհրաժեշտ նյութեր:
16. Փոխվարչապետի օգնականը՝
1) փոխվարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում փոխվարչապետին իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման վերաբերյալ.
2) փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատողների հետ, փոխվարչապետի համար նախապատրաստում է տեղեկատվական նյութեր.
3) փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով փոխվարչապետի ռեֆերենտների հետ, նախապատրաստում է փոխվարչապետի առանձին ելույթներ, նամակներ.
4) մասնակցում է իրեն հանձնարարված բնագավառին առնչվող` փոխվարչապետի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.
5) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ.
6) փոխվարչապետի հանձնարարությամբ հրավիրում է աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.
7) փոխվարչապետի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
8) փոխվարչապետին առաջարկություններ է ներկայացնում կառավարության, վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
9) վերլուծում է փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում փոխվարչապետին.
10) կատարում է փոխվարչապետի առանձին հանձնարարականներ:
17. Գրասենյակն ունի միայն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների վրա տարածվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները:
18. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները:
19. Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) միջազգային տնտեսական ինտեգրման վարչությունը.
2) վարկային և դրամաշնորհային ծրագրերի համակարգման վարչությունը:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |