Ա Ռ Ա Ջ Ի Ն Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 18419/13)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
19 հուլիսի 2018թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Թիմ Այքը [Tim Eicke],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,
և Աբել Կամպոս [Abel Campos]՝ Բաժանմունքի քարտուղար,
2018 թվականի փետրվարի 6-ին և հունիսի 26-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1 . Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Աիդա Հովհաննիսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի մարտի 6-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 18419/13) հիման վրա:
2 . Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Կ. Մեժլումյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3 . Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ աշխատավայրում իր ղեկավարների կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքը և իշխանության մարմինների կողմից այս հարցի առնչությամբ քրեական վարույթ հարուցելու մերժումն առաջացրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական ասպեկտների խախտում:
4 . 2015 թվականի հոկտեմբերի 6-ին ենթադրյալ վատ վերաբերմունքի և արդյունավետ քննություն չիրականացնելու վերաբերյալ բողոքներն ուղարկվել են Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5 . Դիմումատուն ծնվել է 1958 թվականին և ապրում է Երևանում։
6 . Նա քաղաքացիական ծառայող է, ով աշխատում է Բնապահպանության նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն) որպես պետական տեսուչ: Նա ունի սրտի հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ սրտի ռիթմի խանգարում:
Ա. Գործի նախապատմությունը
7 . Ըստ դիմումատուի, 2012 թվականի հունվարի 10-ին, Հ.Ա.-ն՝ իր բաժնի պետը և Ա.Կ.-ն՝ նրա տեղակալը, Հ.Ա.-ի աշխատասենյակում իր նկատմամբ բռնություն են գործադրել: Մասնավորապես, հարձակվել են իր վրա, բռնել ձեռքերը, վիրավորել և ստիպողաբար վերցրել իրեն առնչվող մի փաստաթուղթ, որն ինքը տարել էր նրանց մոտ՝ իր առարկությունները գրելու համար: Բռնության հետևանքով ինքն ուշագնաց է եղել, հասցվել են մարմնական վնասվածքներ, թևերին ստացել է բազմաթիվ կապտուկներ և լրջորեն նվաստացվել է:
8 . 2012 թվականի հունվարի 12-ին դիմումատուն Նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացրել է գրավոր զեկուցագիր՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել: Նա նշել է, inter alia (ի թիվս այլնի), որ 2011 թվականի երկրորդ կեսի գնահատման հաշվետվությունը վերադարձրել է Հ.Ա.-ին, քանի որ համաձայն չի եղել ստացված գնահատման հետ: 2012 թվականի հունվարի 10-ին նրա գործընկերներից մեկը տեղեկացրել է նրան, որ Հ.Ա.-ն ցանկանում է տեսնել նրան իր աշխատասենյակում: Նրանց հանդիպման ժամանակ Հ.Ա.-ն տվել է նրան գնահատման հաշվետվությունը և հարցրել, թե ինչու այն չի ստորագրել: Նա պատասխանել է, որ ցանկանում է քննարկել այն: Հ.Ա.-ն հրաժարվել է որևէ պարզաբանում տալուց՝ նշելով, որ որոշումներ կայացնողն ինքն է, և որ հաշվետվությունը համապատասխան բաժին կներկայացնի առանց նրա ստորագրության: Այնուհետև Հ.Ա.-ն հրամայել է վերադարձնել գնահատման հաշվետվությունը, ինչը նա հրաժարվել է անել՝ նշելով, որ կգրի իր առարկությունները, կստորագրի և հետո այն կվերադարձնի նրան: Երբ նա պատրաստվել է հեռանալ, Հ.Ա.-ն անմիջապես փակել և կողպել է իր աշխատասենյակի դուռը և սկսել է մոտենալ նրան՝ բղավելով, որ նա գող է և որ իր աշխատասենյակից փաստաթուղթ է գողացել: Գործադրելով ֆիզիկական բռնություն և հասցնելով անձնական վիրավորանքներ՝ նա փորձել է թղթերը վերցնել իրենից: Օգնություն կանչելուց հետո աշխատասենյակ է մտել Ա.Կ.-ն և իրավիճակը շտկելու փոխարեն նա ևս վիրավորել է նրան և հրամայել փաստաթղթերն իրեն հանձնել: Նրանք երկուսով, պատճառելով խիստ ցավ, բռնել են իր [դիմումատուի] ձեռքերը և հարկադրաբար վերցրել թղթերը: Սթրեսի և ցավի հետևանքով ինքը կարճատև ժամանակով ուշագնաց է եղել, որից հետո իրեն ասել են, որ կարող է հեռանալ, քանի որ այլևս որևէ բան չկար քննարկելու: Նա ավարտել է՝ նշելով, որ Հ.Ա.-ի և Ա.Կ.-ի ագրեսիվ վարքի հետևանքով ինքն ստացել է վնասվածքներ, ունեցել առողջական խնդիրներ ու լուրջ հոգեկան ապրումներ: Նա պահանջել է, որպեսզի օրենքի համաձայն համապատասխան միջոցներ ձեռնարկվեն:
9 . Դեպքից հետո դիմումատուն վատ է զգացել և անցել է բժշկական զննություն: Ախտորոշվել է սուր բրոնխիտ և Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի
(Wolff-Parkinson-White, WPW) համախտանիշ (սրտի ռիթմի խանգարում), և 2012 թվականի հունվարի 13-27-ը գտնվել է անաշխատունակության արձակուրդում:
Բ. Ոստիկանության կողմից իրականացված նախնական քննությունը
10 . 2012 թվականի հունվարի 14-ին դիմումատուն դեպքի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, նշելով, որ 2012 թվականի հունվարի 10-ին նա և Հ.Ա.-ն՝ իր բաժնի պետը, վիճաբանել են, որի ժամանակ վերջինս ցուցաբերել է բռնություն և իրեն պատճառել է մարմնական վնասվածք: Նա ցուցմունք է տվել՝ ներկայացնելով իրադարձությունների միևնույն շարադրանքը, որը պարունակվել է Նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված իր զեկուցագրի մեջ:
11 . Նույն օրը քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ որոշելու համար, թե արդյոք դիմումատուն ունեցել է մարմնական վնասվածքներ և եթե այո, ապա որոշելու դրանց բնույթը, պատճառները, լրջությունը և դրանք հասցնելու ժամանակահատվածն ու ձևը:
12 . 2012 թվականի հունվարի 15-ին Հ.Ա.-ն ցուցմունք է տվել ոստիկանությունում: Նա մասնավորապես նշել է, որ դիմումատուն հրաժարվել է իրեն վերադարձնել նրա գնահատման հաշվետվությունը, որից հետո ինքը հեռացել է իր գրասենյակից, փակել դուռը և կանչել Ա.Կ.-ին՝ խնդրելով նրան այլ գործընկերների հետ գալ իր աշխատասենյակ: Այդ ընթացքում դիմումատուն շարունակել է բղավել և հայհոյել: Նա [դիմումատուն] կանչել է իրենց ղեկավարին՝ ասելու համար, որ նա իրեն փակել է ներսում: Նա ժխտել է այն, որ ահաբեկել է դիմումատուին ֆիզիկապես կամ խոսքերով և ասել է, որ նա օգտագործել է հայհոյախառն խոսքեր:
13 . Նույն օրը Ա.Կ.-ն ցուցմունք է տվել և նույն կերպ ժխտել է դիմումատուի նկատմամբ բռնության գործադրումը: 2012 թվականի հունվարի 16-25-ը հարցաքննվել են դիմումատուի մի շարք գործընկերներ, ովքեր դեպքի օրը աշխատանքի են եղել, և ժխտել են, որ Հ.Ա.-ն և Ա.Կ.-ն դիմումատուի նկատմամբ գործադրել են բռնություն:
14 . 2012 թվականի հունվարի 18-ին ավարտվել է դատաբժշկական փորձաքննությունը: Փորձաքննության եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«Բողոքներ` ներկայումս [դիմումատուն] բողոքում է նյարդային խանգարումներից:
Անձնական զննության արդյունքները՝ աջ բազկի ներսի կողմից միջին մեկ երրորդ հատվածում առկա է անկանոն ձևի, ոչ միասեռ, կանաչավուն-դեղին 6 x 2 սմ չափսի ենթամաշկային կապտուկ: Նույն հատվածի ներսի մակերեսին առկա են երկու նույնանման շրջանաձև ենթամաշկային կապտուկներ՝ 1 սմ տրամագծով՝ ձախ բազկի ներսի կողմից միջին մեկ երրորդ հատվածում 1 սմ տրամագծով. ձախ բազկի ներսի կողմից ստորին մեկ երրորդ հատվածում՝ 2 x 1 սմ և 1.5 x 1.2 սմ, իսկ ձախ նախաբազկի դրսի կողմից միջին մեկ երրորդ հատվածում՝ 2.5 x 1.5 սմ չափսերի:
Եզրակացություն. [Դիմումատուի] աջ և ձախ բազուկների ու ձախ նախաբազկի [շրջանում] ենթամաշկային կապտուկի տեսքով մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկաներով՝ հավանաբար նշված ժամանակահատվածում. [վնասվածքները], ինչպես առանձին վերցված, այնպես էլ բոլորը միասին չեն պարունակում առողջությանը հասցված [կարճատև] վնասի տարրեր:
15 . 2012 թվականի հունվարի 24-ին քննիչը դիմումատուից վերցրել է լրացուցիչ ցուցմունք: Նա նշել է, որ որևէ առարկություն չունի դատաբժշկական փորձագետի եզրակացության դեմ և պատրաստվում է հետամուտ լինել իր բողոքին:
16 . 2012 թվականի հունվարի 25-ին քննիչը դիմումատուից վերցրել է մեկ այլ լրացուցիչ ցուցմունք: Դրա համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«Հարց. Ապացույցներ հավաքելու ընթացքում Հ.Ա-ն և Ա.Կ.-ն ասել են, որ նրանք չեն հարվածել Ձեզ և բացարձակ չեն բռնել Ձեր ձեռքերը: Ի՞նչ կարող եք ասել դրա վերաբերյալ:
Պատասխան. ... Ես չգիտեմ, թե ինչու են Հ.Ա-ն և Ա.Կ.-ն ասել դա, սակայն տրամաբանական է, որ նրանք ժխտելու էին նման արարք կատարելը: Ես ևս մեկ անգամ կնշեմ, որ Հ.Ա.-ն և Ա.Կ.-ն քաշքշել են ինձ և բռնել ձեռքերս՝ այդպիսով վնասներ հասցնելով ինձ»:
17 . 2012 թվականի հունվարի 27-ին քննիչը դիմումատուից վերցրել է ևս մեկ լրացուցիչ ցուցմունք: Նա նշել է.
«Ես տեղեկացնում են Ձեզ, որ այն ժամանակից ի վեր, երբ ես [գնացի] ոստիկանություն... Հ.Ա.-ն և Ա.Կ.-ն նույնիսկ ներողություն չեն խնդրել, ավելին, նրանք ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ անհնար է աշխատել, քանի որ մյուս աշխատողներն արհամարհում են ինձ և խուսափում են ինձ հետ շփվելուց՝ իրենց աշխատանքը կորցնելու վախից: Քանի որ Հ.Ա.-ն և Ա.Կ.-ն շարունակում են նման վարքագիծը՝ չարաշահելով իրենց ծառայողական դիրքը, այդ հանգամանքներում ես չեմ կարող հաշտվել նրանց հետ: Ես բողոքում եմ և պահանջում, որ Հ.Ա.-ն և Ա.Կ.-ն ենթարկվեն քրեական հետապնդման: Ես նաև ցանկանում եմ ավելացնել, որ իրենց գործողությունների պատճառով ես ունեցել եմ առողջական խնդիրներ և դրա հետևանքով հունվարի 13-27-ը գտնվել եմ անաշխատունակության արձակուրդում:
18 . 2012 թվականի հունվարի 28-ին Հ.Ա.-ն նորից հարցաքննվել է և, inter alia, նշել է, որ դիմումատուն սուտ ցուցմունք է տվել: Ինքը նրան երբեք չի ենթարկել բռնության կամ չի բռնել նրա ձեռքերը և մինչև նրա հեռանալը մնացել է իր աթոռին նստած: Ինչ վերաբերում է դիմումատուի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքներին, ապա Հ.Ա.-ն նշել է, որ ինքը նրան երբևէ չի դիպչել և չգիտի, թե դրանք ինչպես են հասցվել:
19 . Պարզվում է, որ քննիչը մոտ մեկ ամիս որևէ որոշում չի կայացրել:
20 . 2012 թվականի փետրվարի 24-ին դիմումատուն ոստիկանության Կենտրոնականի վարչության Մարաշի բաժանմունքի պետին ուղարկել է Հ.Ա.-ի և Ա.Կ.-ի դեմ քրեական գործ հարուցելու մասին գրավոր պահանջ: Իր պահանջում նա, inter alia, նշել է, որ տեղեկացվել է Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի դրույթների մասին, համաձայն որոնց քրեական գործ կարող է հարուցվել միայն իր բողոքի հիման վրա: Այնուհետև նշել է, որ չի հաշտվել Հ.Ա-ի և Ա.Կ.-ի հետ և որ պահանջում է, որպեսզի նրանք քրեական հետապնդման ենթարկվեն: Նույն օրը քննիչը լրացուցիչ ցուցմունք է վերցրել դիմումատուից: Եվս մեկ լրացուցիչ ցուցմունք է վերցվել 2012 թվականի փետրվարի 27-ին:
21 . 2012 թվականի մարտի 1-ին դատախազը քննիչին կարգադրել է մերժել Հ.Ա-ի և Ա.Կ.-ի դեմ քրեական գործի հարուցումն այն հիմքով, որ հանցագործություն չի կատարվել: Ենթադրվել է, որ դիմումատուն իրադարձություններն ընկալել է սուբյեկտիվորեն, և որ նրա ղեկավարները նրա նկատմամբ երբևէ բռնություն չեն գործադրել:
22 . 2012 թվականի մարտի 5-ին քննիչը մերժել է Հ.Ա-ի և Ա.Կ.-ի դեմ քրեական գործի հարուցումը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Մասնավորապես, որոշման մեջ նշվել է, որ դիմումատուն դեպքի մասին տվել է ոչ հստակ և հակասական ցուցմունքներ: Նաև նշվել է, որ հավաքված ապացույցները ցույց են տվել, որ 2012 թվականի հունվարի 10-ին նախ Հ.Ա.-ն, հետո Ա.Կ.-ն, ովքեր գնացել են վերջինիս աշխատասենյակ, փորձել են հանգստացնել դիմումատուին, քանի որ նա վիրավորում էր Հ.Ա.-ին: Դեպքի ժամանակ Ա.Կ.-ն բռնել է նրա ձեռքը և վերցրել այն փաստաթուղթը, որը նա վերցրել էր Հ.Ա.-ից: Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ պատժելի է դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը, սակայն պատժելի չէ աննշան մարմնական վնասվածք պատճառելը: Դիտարկվող գործում Հ.Ա.-ի և Ա.Կ.-ի կողմից դիմումատուին պատճառած վնասվածքներն աննշան են. հաստատված չէ, որ նրանք դիտավորությամբ նրան վնասվածքներ են պատճառել:
23 . 2012 թվականի մարտի 13-ին դիմումատուն քննիչի որոշումը բողոքարկել է դատախազին: Նա վիճարկել է, inter alia, որ հակառակ նրա, թե ինչ է նշված որոշման մեջ, ինքը մանրամասն նկարագրել է, թե ինչպես են վարվել իր հետ: Մասնավորապես, նա նշել է, որ նախ Հ.Ա.-ն ուժ գործադրելով բռնել է իր ձեռքերը, ենթարկել է բռնության և փակել նրան իր աշխատասենյակում, որպեսզի նա չհեռանա: Այնուհետև եկել է Ա.Կ.-ն և նույնպես ահաբեկել նրան: Դիմումատուն բողոքել է, որ քննիչի որոշման եզրակացությունը, համաձայն որի Հ.Ա.-ն և Ա.Կ.-ն անզգուշությամբ են իրեն վնասվածքներ հասցրել, չի կարող հիմնավոր լինել և նպատակ ունի պետական պաշտոնյաներին ազատելու պատասխանատվությունից: Նա նաև բողոքել է, որ Հ.Ա.-ի և Ա.Կ.-ի կողմից դիտավորությամբ ցուցաբերած բռնության հետևանքով ինքը՝ որպես կին, ունեցել է ծանր հոգեկան ապրումներ, քանի որ իր ղեկավարն առանց հիմնավոր պատճառի ստորացրել է իրեն և ծանր մարմնական վնասվածք պատճառել հենց աշխատավայրում: Բացի այդ, դիմումատուն նշել է, որ դեպքը տեղի է ունեցել աշխատավայրում և, բնականաբար, քննիչի կողմից հարցաքննված բոլոր վկաները եղել են Հ.Ա.-ի և Ա.Կ.-ի ենթակաները: Եթե հարուցված լիներ քրեական վարույթ, նրանք կհարցաքննվեին վկայի կարգավիճակով և կզգուշացվեին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին:
24 . Հ.Ա.-ն նույնպես բողոքարկել է քննիչի որոշումը, հայտարարելով, որ չի հաստատվել, որ ինքը կամ Ա.Կ.-ն երբևէ հարվածել են դիմումատուին:
25 . 2012 թվականի մարտի 15-ին դատախազը մերժել է դիմումատուի բողոքը և բավարարել Հ.Ա.-ի բողոքը: Մասնավորապես, դատախազն անփոփոխ է թողել քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու [մասին որոշումը], սակայն փոխել է դրա հիմքերը, նշելով, որ Հ.Ա.-ի և Ա.Կ.-ի մասնակցությամբ որևէ հանցագործություն չի կատարվել: Որոշման մեջ նշվել է, որ բացառությամբ նրա [դիմումատուի] սեփական անորոշ և հակասական ցուցմունքների, ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհաստատեր, որ Հ.Ա.-ն և Ա.Կ.-ն դիմումատուին պատճառել են վնասվածքներ: Ինչ վերաբերում է դիմումատուին, ապա որոշման մեջ նշվել է, inter alia,որ Հ.Ա.-ի աշխատասենյակում տեղի ունեցած դեպքի հետևանքով նրա ունեցած սթրեսի պատճառով նա սուբյեկտիվորեն է ընկալել և նկարագրել տեղի ունեցածը: Այս հանգամանքներում, նրա հակասական ցուցմունքները չեն համապատասխանում ապացույցների ամբողջությանը, ինչը, սակայն, հիմք չի կարող լինել նրան սուտ մեղադրանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Գ. Դատական վարույթը
26 . 2012 թվականի ապրիլի 4-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարան (այսուհետ՝ Վարչական շրջանների դատարան)՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել: Նա պնդել է իր նախորդ փաստարկները և բողոքել, մասնավորապես, որ վնասվածքների հարցին ընդհանրապես անդրադարձ չի կատարվել դատախազի որոշման մեջ, որն անտեսել է դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Ի վերջո՝ այդպես էլ չի հաստատվել, թե ով է իրեն վնասվածքներ պատճառել: Դիմումատուն նաև բողոքել է, որ դատախազը հիմնվել է խնդրո առարկա իրավախախտումը կատարած անձանց ենթակաների ցուցմունքների վրա: Նրանց ցուցմունքները չէին կարող դիտարկվել որպես օբյեկտիվ և հավաստի՝ հաշվի առնելով նշված անձանց՝ աշխատանքը կորցնելու հետ կապված լուրջ վախը: Եթե հարուցված լիներ քրեական վարույթ, ապա նրանք կունենային վկայի դատավարական կարգավիճակ և կզգուշացվեին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին:
27 . 2012 թվականի մայիսի 18-ին Վարչական շրջանների դատարանը մերժել է դիմումատուի բողոքը: Այդպես վարվելով, այն գտել է, որ վիճարկվող որոշումը իրավաչափ է, մինչդեռ դիմումատուի փաստարկները բխել են նշված իրադարձությունների և դրանց նկատմամբ ձեռնարկված միջոցների՝ անձնական և սուբյեկտիվ մեկնաբանությունից:
28 . Դիմումատուն Վարչական շրջանների դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: Նա վիճարկել է, inter alia, որ այն [Վարչական շրջանների դատարանը] չի քննել իր փաստարկները: Մասնավորապես, դատաբժշկական փորձաքննությամբ հաստատված՝ իր մարմնի վրա մի շարք վնասվածքների առկայության խնդրին ընդհանրապես անդրադարձ չի կատարվել:
29 . 2012 թվականի հուլիսի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը և ամբողջությամբ անփոփոխ է թողել Վարչական շրջանների դատարանի որոշումը: Այդպես վարվելով, այն նշել է, որ դիմումատուն դեպքի փաստական հանգամանքների վերաբերյալ տվել է ոչ հստակ և հակասական ցուցմունքներ, որոնք չեն հիմնավորվել այլ ապացույցներով, մասնավորապես՝ Հ.Ա.-ի, Ա.Կ.-ի և դեպքի առնչությամբ հարցաքննված այլ անձանց ցուցմունքներով:
30 . 2012 թվականի օգոստոսի 2-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել: Նա պնդել է, որ Վարչական շրջանների դատարանի և Վերաքննիչ քրեական դատարանի որոշումներով չի մեկնաբանվել իր մարմնի վրա եղած վնասվածքների առկայությունը կամ այն փաստը, որ Հ.Ա.-ն փակել է իրեն նրա աշխատասենյակում: Նա նաև կրկին անգամ նշել է քրեական վարույթ հարուցելը մերժելու և իր գործընկերների կողմից տրված ցուցմունքների ոչ հավաստի լինելու առնչությամբ իր փաստարկները:
31 . 2012 թվականի սեպտեմբերի 6-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Քրեական օրենսգիրք (ուժի մեջ է 2003 թվականի օգոստոսի 1-ից)
32 . 118-րդ հոդվածով սահմանվում է, որ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ (դիտավորությամբ մարմնական վնասվածք, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
33 . 338-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քրեական գործով սուտ ցուցմունք տալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
34 . 339-րդ հոդվածի համաձայն՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Բ. Քրեական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 12-ից)
35 . 180-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում (այսուհետ՝ հետաքննություն): Այդ ժամանակահատվածում իրավասու մարմինները կարող են ձեռնարկել որոշակի միջոցներ, ինչպես օրինակ՝ պահանջել բացատրություններ և նշանակել դատաբժշկական փորձաքննություններ (180-րդ հոդվածի 2-րդ մաս):
36 . 182-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին (այսուհետ՝ նախաքննություն): Համաձայն 183-րդ հոդվածի 1-ին մասի՝ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը, inter alia, հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա և մեղադրյալի կամ կասկածյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման:
37 . 206-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ գործով է նա կանչվել և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:
Գ. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք (ընդունվել է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին)
38 . Համաձայն օրենքի 32-րդ հոդվածի՝
«1. ....... ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, ....... քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
դ) ......... աշխատավարձի իջեցում .
ե) ..... ազատում .
զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի իջեցում....
2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը՝ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից:
...
4. Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:
.....»
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
39 . Դիմումատուն բողոքել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մասով առ այն, որ ինքն աշխատավայրում ենթարկվել է դիտավորյալ վատ վերաբերմունքի իր ղեկավարների կողմից, ովքեր պետական ծառայողներ են, և որ իրավասու մարմինները գործի առնչությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել:
40 . Կոնվենցիայի 3-րդ հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:»:
41 . Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
Ա. Ընդունելիությունը
42 . Դատարանը նշում է, որ գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
43 . Դիմումատուն պնդել է, որ Հ.Ա.-ն և Ա.Կ.-ն իրեն դիտավորությամբ վնաս են պատճառել: Նրանց բռնության հետևանքով իրեն մարմնական վնասվածքներ են հասցվել, ստացել է բազմաթիվ կապտուկներ և կորցրել գիտակցությունը: Նա 14 օր չի կարողացել աշխատել: Նրա մարմնական վնասվածքները հաստատվել են փորձագետի՝ 2012 թվականի հունվարի 18-ի եզրակացությամբ: Քանի որ չի հարուցվել քրեական վարույթ, պատշաճ քննություն չի իրականացվել և ոչ ոք չի հարցաքննվել: Հետաքննության ընթացքում որոշ վկաներ տվել են բացատրություններ, սակայն դրանք չեն համարվել նախազգուշացմամբ տրված ցուցմունքներ, քանի որ դրանք չեն տրվել գրավոր նախազգուշացվելուց հետո: Վկաները կարող էին ճիշտ ցուցմունքներ տված լինել, եթե հարցաքննվելուց առաջ գրավոր նախազգուշացվեին:
բ) Կառավարությունը
44 . Ինչ վերաբերում է 3-րդ հոդվածի նյութաիրավական ասպեկտին, ապա Կառավարությունը նշել է, որ սույն գործի փաստական հանգամանքները չեն պարունակել խոշտանգման տարրեր, և որ փաստերի ցանկացած մեկնաբանություն՝ որպես խոշտանգում, ակնհայտորեն չափազանցված և աղավաղված է: Բացի այդ, դիմումատուի ղեկավարները չեն ունեցել նրան վատ վերաբերվելու մտադրություն կամ դրդապատճառ: Նրանց միակ մտադրությունը գործընկերների միջև եղած՝ կատարողականի գնահատման հետ կապված կոնֆլիկտը քաղաքակիրթ ճանապարհով լուծելն է եղել: Դիմումատուի և նրա ղեկավարի միջև վիճաբանությունը չի պատճառել փաստացի մարմնական վնասվածքներ կամ ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք, չի առաջացրել վախի կամ նվաստացած զգալու օբյեկտիվ զգացողություն, և չի կարող համարվել դիմումատուին նվաստացնող կամ ցածրացնող:
45 . Գործի նյութերում չկա ոչինչ, որը կհիմնավորի դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդումները: Սույն գործով բոլոր նյութերն իրականում ցույց են տալիս հակառակը՝ Հ.Ա.-ն և Ա.Կ.-ն միայն փորձել են հանգստացնել դիմումատուին, քանի որ նա բղավել և ոչ պատշաճ խոսքեր է օգտագործել: Ամբողջական, օբյեկտիվ և համապարփակ հետաքննությունից հետո Հ.Ա.-ի և Ա.Կ.-ի դեմ նրա մեղադրանքները համարվել են հակասական և չհիմնավորված, և ոչ մի դեպքում՝ արժանահավատ: Նա չորս օր շարունակ հաղորդում չի ներկայացրել ոստիկանություն: Ավելին, նա դեպքերը հակասական ձևով է նկարագրել և չի տրամադրել հոգեբանական, բժշկական կամ որևէ այլ փորձագիտական ապացույց, որը կարող էր հիմնավորել իր վրա ֆիզիկական կամ հոգեկան ենթադրյալ ազդեցությունը: Հնարավոր չի եղել «հիմնավոր կասկածներից վեր» չափանիշով ապացուցել, որ նրա վնասվածքները պատճառել են իր ղեկավարները: Չի եղել ապացույց, որ առողջական խնդիրները, որ նա ենթադրաբար ունեցել է, կապված են եղել վիճարկվող դեպքերի հետ, քանի որ նա դեպքից հետո հինգ օր շարունակ չի անցել բժշկական քննություն: Այսպիսով, վնասվածքները չեն եղել բավականաչափ լուրջ՝ հասնելու համար Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառման շեմին:
46 . Ինչ վերաբերում է 3-րդ հոդվածի դատավարական ասպեկտին, ապա Կառավարությունը պնդել է, որ Հայաստանի օրենսդրությունը պարունակում է բոլոր մեխանիզմները և քննչական ընթացակարգերը, որոնք պահանջվում են վատ վերաբերմունք ցուցաբերած անձանց համարժեքորեն պատժելու համար: Սույն գործով իրավասու մարմիններն իրականացրել են արդյունավետ քննություն, որը բերել է այն եզրակացության, որ քննվող դեպքի ընթացքում հանցագործություն չի կատարվել: Քննությունը եղել է ամբողջական, առանց ձգձգումների և անկախ, ինչպես նաև պատշաճորեն ապահովվել է դիմումատուի ներգրավվածությունը դրա ընթացքին: Քննչական մարմինների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քննչական միջոցները, սակայն վկաներից ոչ մեկի ցուցմունքներով չեն հաստատվել դիմումատուի պնդումները: Քննչական մարմինների կողմից քրեական վարույթ հարուցելու մերժումն անփոփոխ է մնացել ազգային դատարանների երեք ատյանների կողմից: Հետաքննությունն սկսել է անմիջապես դիմումատուի կողմից ոստիկանություն հաղորդում ներկայացնելու օրը: Բժշկական քննության արդյունքները հաշվի են առնվել և դրանց վրա հիմնվել են մյուս բոլոր ապացույցների հետ միասին: Հետաքննությունը եղել է ամբողջովին անկախ, և դիմումատուն ամբողջությամբ ներգրավված է եղել դրա ընթացքին:
47 . Հետևաբար, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական ասպեկտների խախտում տեղի չի ունեցել:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
48 . Դատարանը նախ վերահաստատում է, որ վատ վերաբերմունքը պետք է լինի նվազագույն ծանրության, որպեսզի լինի 3-րդ հոդվածի գործողության շրջանակում: Այս նվազագույնի գնահատումը հարաբերական է. այն կախված է գործի բոլոր փաստական հանգամանքներից, ինչպիսիք են, օրինակ, վերաբերմունքի բնույթը և համատեքստը, դրա տևողությունը, ֆիզիկական և հոգեկան ազդեցությունները, որոշ դեպքերում զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս, օրինակ, Բուիդն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Bouyid v. Belgium] [GC], թիվ 23380/09, § 86, ՄԻԵԴ 2015, Մ-ն և Մ-ն ընդդեմ Խորվաթիայի [M. and M. v. Croatia], թիվ 10161/13, § 131, 2015 թվականի սեպտեմբերի 3), և Դ.Մ.Դ.-ն ընդդեմ Ռումինիայի [D.M.D. v. Romania], թիվ 23022/13, § 40, 2017թվականի հոկտեմբերի 3):
49 . Վերաբերմունքը Դատարանի կողմից ճանաչվել է որպես նվաստացնող և այդպիսով համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արգելք, եթե այն իր զոհի մոտ առաջացնում է վախի, տառապանքի և նվաստ լինելու զգացում (տե՛ս, օրինակ, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության [Irelandv. the United Kingdom], 1978 թվականի հունվարի 18, §167, շարք Ա թիվ 25) և Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Stanev v. Bulgaria [GC]], թիվ 36760/06, § 203, ՄԻԵԴ 2012), եթե այն նվաստացնում կամ ցածրացնում է անհատին (նվաստացում իր իսկ աչքերում, տե՛ս Ռանինեն ընդդեմ Ֆինլանդիայի [Raninen v. Finland], 1997 թվականի դեկտեմբերի 16, § 32, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-VIII, և (կամ) այլ անձանց աչքերում, տե՛ս Գուստանովին ընդդեմ Բուլղարիայի [Gutsanovi v. Bulgaria], թիվ 34529/10, §136, ՄԻԵԴ 2013 (քաղվածքներ)), անկախ նրանից՝ դա եղել է նպատակը, թե ոչ (տե՛ս Լաբիթան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy [GC]] , թիվ 26772/95, §120, ՄԻԵԴ 2000-IV), եթե այն կոտրում է անձի ֆիզիկական կամ մտավոր դիմադրությունը կամ դրդում է նրան գործել իր կամքին կամ գիտակցությանը հակառակ (տե՛ս Յալլոհն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Jalloh v. Germany [GC]], թիվ 54810/00, § 68, ՄԻԵԴ 2006-IX), կամ այն ցուցաբերում է հարգանքի բացակայություն կամ ցածրացնում մարդկային արժանապատվությունը (տե՛ս Սվինարենկոն և Սլյադնևն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Svinarenko and Slyadnev v. Russia [GC]], թիվ 32541/08 և թիվ 43441/08, §118 և §138, 2014 թվականի հուլիսի 17):
50 . Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ երբ անհատը փաստարկելի պնդում է անում այն մասին, որ նրա նկատմամբ 3-րդ հոդվածի խախտմամբ ցուցաբերվել է խիստ վատ վերաբերմունք ոստիկանության կամ պետության այլ ներկայացուցիչների կողմից, ապա այդ դրույթով անուղղակիորեն պահանջվում է արդյունավետ պաշտոնական քննության իրականացում: 3-րդ հոդվածի խախտմամբ պետության ներկայացուցիչների կողմից ցուցաբերված վերաբերմունքի մասին պնդումների արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը հստակ սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս Բուիդի գործը՝ վերևում հիշատակված, §§ 114-123), իսկ որպես ամենավերջին վճիռ՝ Ջերոնովիչն ընդդեմ Լատվիայի [ԳՊ] [Jeronovičs v. Latvia [GC]], թիվ 44898/10, § 103, ՄԻԵԴ 2016):
51 . Որպեսզի լինի արդյունավետ, այդ քննությունը, ինչպես 2-րդ հոդվածով նախատեսվածի դեպքում, նախ, պետք է լինի պատշաճ (տե՛ս Ռամսահայը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ] [Ramsahai and Others v. the Netherlands [GC]], թիվ 52391/99, § 324, ՄԻԵԴ 2007-II, և Մուստաֆա Թունջը և Ֆեքիրե Թունջն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey [GC]], թիվ 24014/05, § 172, 2015 թվականի ապրիլի 14): Սա նշանակում է, որ այն պետք է հնարավորություն տա պարզելու փաստերը և որոշելու, թե արդյոք գործադրված ուժը արդարացված է եղել այդ փաստական հանգամանքներում, և անհրաժեշտության դեպքում ի հայտ բերելու ու պատժելու մեղավորներին (տե՛ս, իթիվս այլնի, Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy [GC]], թիվ 23458/02, § 301, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), Մուստաֆա Թունջի և Ֆեքիրե Թունջի գործը՝ վերևում հիշատակված, § 172, Ջերոնովիչի գործը՝ վերևում հիշատակված, § 107, և Արմանի Դա Սիլվան ընդդեմ Միացյալ թագավորության [ՄՊ] [Armani Da Silva v. the United Kingdom [GC]], թիվ 5878/08, § 233, ՄԻԵԴ 2016): Նախաքննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե արդյունքի, այլ միջոցի պարտականություն է». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր նախաքննություն լինի հաջողված կամ հանգի դիմումատուի կողմից նշված դեպքերի շարադրանքին համապատասխանող եզրակացության (տե՛ս Դ.Մ.Դ.-ի գործը՝ վերևում հիշատակված, § 40):
52 . Վատ վերաբերմունքի վերաբերյալ լուրջ պնդումների շուրջ իրականացվող նախնական քննությունը նույնպես պետք է լինի ամբողջական: Դրանից հետևում է, որ իրավասու մարմինները միշտ պետք է լրջորեն ձգտեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել և չպետք է հիմնվեն հապճեպ արված կամ անհիմն եզրակացությունների վրա՝ նախաքննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները` ձեռք բերելու համար դեպքին առնչվող ապացույցներ՝ ներառյալ վկաների ցուցմունքները, դատաբժշկական փորձաքննության արդյունքները և այլն: Նախնական քննության ցանկացած թերություն, որը կարող է խաթարել վնասվածքների պատճառի կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնության հաստատումը, կարող է այս չափանիշին չհամապատասխանելու վտանգ առաջացնել (տե՛ս Միխեևն ընդդեմ Ռուսաստանի [Mikheyev v. Russia], թիվ 77617/01, § 108, 2006 թվականի հունվարի 26, և Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի [Virabyan v. Armenia], թիվ 40094/05, §162, 2012 թվականի հոկտեմբերի 2):
53 . 3-րդ հոդվածի [պահանջներին] հակասող վատ վերաբերմունքի մասին պնդումները պետք է հիմնավորվեն պատշաճ ապացույցներով: Այդ ապացույցները գնահատելու համար Դատարանն ընդունում է ապացույցի՝ «հիմնավոր կասկածներից վեր» չափանիշը, սակայն ավելացնում է, որ այդ ապացույցը կարող է հիմնված լինել բավականաչափ ուժեղ, հստակ և համահունչ եզրակացությունների համադրության կամ փաստի համանման անառարկելի ենթադրությունների վրա (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը՝ վերևում հիշատակված, § 161-ի վերջում, Լաբիթայի գործը՝ վերևում հիշատակված, § 121, Յալլոհի գործը՝ վերևում հիշատակված, § 67, և Բուիդի գործը՝ վերևում հիշատակված, § 82):
բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով
54 . Սույն գործով, դիմումատուն բողոքել է, որ նրա ղեկավարների՝ աշխատավայրում ցուցաբերած վարքի հետևանքով իրեն հասցվել են մարմնական վնասվածքներ, այն է՝ թևերին բազմաթիվ կապտուկներ, և որ իրեն լրջորեն նվաստացրել են: Դատարանի նախադեպային իրավունքում անձին նվաստացնելը կամ ցածրացնելը՝ կա՛մ զոհի և (կա՛մ) այլ անձանց աչքերում համարվում է նվաստացնող վերաբերմունք (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը): Այսպիսով, դիմումատուն փաստարկելի պնդում է արել վատ վերաբերմունքի մասին, որը բավարարում է 3-րդ հոդվածով նախատեսված նվազագույն ծանրության աստիճանը:
55 . Դատարանը նշում է, որ դիմումատուն բողոքել է Նախարարությունում քաղաքացիական ծառայող հանդիսացող ղեկավարների կողմից իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի առնչությամբ: Անկախ նրանից, թե 3-րդ հոդվածին հակասող վատ վերաբերմունքը հասցվել է պետության ներկայացուցիչների, թե մասնավոր անհատների մասնակցությամբ, պաշտոնական քննության պահանջները նույնն են (տե՛ս Վ.Կ.-ն ընդդեմ Ռուսաստանի [V.K. v. Russia], թիվ 68059/13, § 185, 2017 թվականի մարտի 7): Հետևաբար, Դատարանը կքննի, թե արդյոք պատասխանող պետությունը դիմումատուի գործի առնչությամբ վարույթն իրականացնելիս խախտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իր դրական պարտավորությունները, թե ոչ:
(i) Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական ասպեկտը
56 . Դատարանը նշում է, որ 2012 թվականի հունվարի 14-ին դիմումատուն դեպքի առնչությամբ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել: Նույն օրը քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, որն իրականացվել է 2012 թվականի հունվարի 18-ին: Դիմումատուի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց՝ Հ.Ա.-ի և Ա.Կ.-ի և դիմումատուի՝ Նախարարության որոշ գործընկերների կողմից տրվել են որոշ բացատրություններ: Այնուամենայնիվ, սույն գործի առնչությամբ այդպես էլ նախաքննություն չի իրականացվել, ինչպես նաև Նախարարությունում նույնպես ներքին քննություն չի իրականացվել (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը):
57 . Սույն գործով դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ դիմումատուի բազկի տարբեր հատվածներում հասցվել են կապտուկներ: Այնուամենայնիվ, նրա բոլոր այն գործընկերները, ովքեր բացատրություններ են տվել և ովքեր եղել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ենթակաները, ժխտել են դիմումատուի կողմից նշված դեպքերի շարադրանքը: Այս բացատրությունների հիման վրա քննիչը հրաժարվել է քրեական վարույթ հարուցելուց: Դիմումատուն վիճարկել է քննիչի որոշումը՝ բողոք ներկայացնելով դատախազին: Նա նաև բողոք է ներկայացրել Վարչական շրջանների դատարան՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել: Ընթացակարգերին դիմելու փորձերից ոչ մեկը հաջողություն չի ունեցել: Թեև բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ դիմումատուին հասցվել են վնասվածքներ, քննիչի կամ ազգային դատարանների կողմից այդ վնասվածքների առնչությամբ որևէ բացատրություն չի տրամադրվել:
58 . Քանի որ դիմումատուն իրավասու ազգային մարմինների առջև փաստարկելի պնդում է արել, որ իր նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք, պետք է իրականացվեր գործի անկախ և արդյունավետ քննություն, որը հնարավորություն կտար պարզելու գործի փաստերը և, եթե իհայտ գար, որ պնդումները ճիշտ են՝ ի հայտ բերելու և հավանական պատիժ սահմանելու մեղավորների նկատմամբ: Այնուամենայնիվ, սույն գործով այդպես էլ քննություն չի սկսվել, ինչպես նաև Նախարարությունում ներքին քննություն նույնպես չի իրականացվել: Հետաքննության ժամանակ ազգային իրավասու մարմինները չեն ձեռնարկել լուրջ փորձեր՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: Չեն ձեռնարկվել քայլեր, օրինակ, դիմումատուի գործընկերներից գրավոր նախազգուշացմամբ ցուցմունք վերցնելու՝ խուսափելու համար այնպիսի հնարավոր խնդիրներից, որոնք կարող էին առաջանալ այն պատճառով, որ նրանք ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ենթականերն են: Չի հաստատվել, թե ինչպես են առաջացել դիմումատուի վնասվածքները, ինչպիսի հանգամանքներում, և արդյոք դրանք վիճարկվող դեպքի հետ ունեցել են որևէ առնչություն, թե ոչ: Ավելին, չեն գործադրվել ջանքեր՝ պարզաբանելու Հ.Ա.-ի ցուցմունքներում առկա որոշ հակասությունները (տե՛ս վերևում՝ 12-րդ և 18-րդ պարբերությունները) կամ պարզելու, թե արդյոք նրա ցուցմունքները ճշգրիտ են: Ինչպես նաև Նախարարության աշխատակազմի ղեկավարի (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) կամ այլ իրավասու վարչական մարմինների կողմից մինչև 2012 թվականի հունվարի 14-ը՝ դիմումատուի՝ հարցի առնչությամբ ոստիկանություն հաղորդում ներկայացնելը, քայլեր նույնպես չեն ձեռնարկվել:
59 . Հաշվի առնելով վերևում նշված թերացումները՝ Դատարանը եզրակացնում է, որ պետական իրավասու մարմինները չեն իրականացրել պատշաճ քննություն դիմումատուի՝ իր նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքի մասին պնդումների առնչությամբ: Այսպիսով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտում:
(ii) Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական ասպեկտը
60 . Հաշվի առնելով արդյունավետ քննության բացակայությունը՝ Դատարան ներկայացված ապացույցները հնարավորություն չեն տալիս «հիմնավոր կասկածներից վեր» չափանիշով փաստել, որ դիմումատուն ենթարկվել է 3-րդ հոդվածի պահանջներին հակասող վերաբերմունքի: Հետևաբար, Դատարանը համարում է, որ չկան բավարար ապացույցներ՝ եզրակացնելու համար, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական դրույթների մասով խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
61 . Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»
Ա. Վնասը
62 . Դիմումատուն պահանջել է 7000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
63 . Կառավարությունը համարել է, որ պահանջը չափազանցված է և անհիմն: Դիմումատուն ցույց չի տվել դեպքի հետ պատճառահետևանքային կապը: Այսպիսով, բողոքը ենթադրական է և ենթակա մերժման: Ամեն դեպքում, եթե Դատարանը որոշել է ոչ նյութական վնասի մասով փոխհատուցում շնորհել, ապա գումարը պետք է լինի ավելի քիչ, քան պահանջվել է:
64 . Դատարանը դիմումատուին շնորհում է 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
65 . Դիմումատուն պահանջել է նաև 3510 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար:
66 . Կառավարությունը պահանջված գումարը համարել է չափազանցված: Ավելին, դիմումատուն չի տրամադրել տեղեկատվություն փաստացի կատարված աշխատանքների, աշխատած ժամերի քանակի կամ ժամավճարի վերաբերյալ: Բացի այդ, չեն ներկայացվել մանրամասներ պահանջված թարգմանության ծախսերի կամ սույն գործին դրանց վերաբերելիության առնչությամբ: Նամակագրության ծախսերը հիմնավորված չեն որևէ փաստաթղթային ապացույցով:
67 . Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են և անհրաժեշտ են եղել, ինչպես նաև որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և առաջնորդվելով վերը նշված չափանիշներով՝ Դատարանը մերժում է Դատարանում վարույթի ընթացքում կրած ծախսերի և ծախքերի մասով պահանջը՝ պատշաճ ապացուցողական փաստաթղթերի բացակայության պատճառով:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
68 . Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդման առնչությամբ պատշաճ և արդյունավետ քննություն չիրականացնելու առումով.
3. Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական դրույթների խախտում տեղի չի ունեցել։
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում որպես ոչ նյութական վնասի հատուցում պետք է դիմումատուին վճարի 3000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի հուլիսի 19-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Աբել Կամպոս Քարտուղար Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս Նախագահ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|