Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-1164-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.06.2013-24.08.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.29/59(234) Հոդ.856
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ


Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն)

 

Հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով որոշում եմ.

(նախաբանը խմբ. 18.12.10 ՆՀ-314-Ն)

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեստի բնագավառում` բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների համար, հետևյալ համամասնությամբ`

1) գրականության և արվեստի բնագավառում`

ա. գրականության և հրապարակախոսության ոլորտում` մեկ մրցանակ,

բ. երաժշտության ոլորտում` մեկ մրցանակ,

գ. կերպարվեստի ոլորտում` մեկ մրցանակ,

դ. թատերական արվեստի ոլորտում` մեկ մրցանակ,

ե. կինոարվեստի ոլորտում` մեկ մրցանակ.

2) ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` մեկ մրցանակ.

3) ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ.

4) հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ:

(1-ին կետը խմբ. 18.12.10 ՆՀ-314-Ն, խմբ., լրաց. 06.06.11 ՆՀ-93-Ն, լրաց. 04.06.13 ՆՀ-128-Ն)

2. Սահմանել, որ որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով:

(2-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն)

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման կարգը` համաձայն հավելվածի:

(3-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն)

4. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի պահպանման, մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների մաս կազմող վկայագրերի, կրծքանշանների պատրաստման և դրամական պարգևների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերի մասում սահմանված կարգով նախատեսում է համապատասխան միջոցներ:

(4-րդ կետը խմբ. 15.06.04 ՆՀ-108-Ն, փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն)

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` ապահովել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մաս կազմող կրծքանշանների և վկայագրերի պատրաստումը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 4-ի «Գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-543 հրամանագիրը:

7. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. օգոստոսի 22
Երևան
ՆՀ-1164-Ն

 

Հավելված
ՀՀ Նախագահի
2002 թ. օգոստոսի 22-ի
ՆՀ-1164-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ
(վերնագիրը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն)

Կ Ա Ր Գ Ը

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները (այսուհետ` մրցանակ) շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին:

(1-ին կետը փոփ., լրաց. 18.12.10 ՆՀ-314-Ն)

2. Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ և որպես կանոն հանձնվում է մրցանակաբաշխության տարվա դեկտեմբեր ամսվա վերջին 10 օրվա ընթացքում:

Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի կարող են ներկայացվել միայն մեկ անգամ:

(2-րդ կետը լրաց. 04.06.13 ՆՀ-128-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերը (այսուհետ` հանձնախումբ) մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում (2002 թվականի համար` սեպտեմբերի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում)` միևնույն օրը, մամուլի և զանգվածային լրատվության միևնույն միջոցներով տեղեկացնում են մրցանակաբաշխության անցկացման, ինչպես նաև մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման մասին:

(3-րդ կետը փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն)

4. Գրականության և արվեստի ստեղծագործությունները, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաև գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառների այլ կազմակերպությունների կողմից:

Ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության կառավարման ոլորտում գիտության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, բաժանմունքների, պետական գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի գիտական խորհուրդների կողմից:

(4-րդ կետը խմբ. 18.12.10 ՆՀ-314-Ն)

5. Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել) են՝

1) գրականության և արվեստի բնագավառներում՝ մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում.

2) ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում՝ մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում:

(5-րդ կետը խմբ. 18.12.10 ՆՀ-314-Ն, 04.06.13 ՆՀ-128-Ն)

6. Ստեղծագործությունները, հայտնագործություն(ներ)ը, (գյուտ(եր)ը և աշխատանք(ներ)ը մրցանակի հայցման են ներկայացվում հանձնախմբերին մրցանակաբաշխության տարվա ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

(6-րդ կետը լրաց., փոփ. 18.12.10 ՆՀ-314-Ն)

7. Ստեղծագործությունը, հայտնագործություն(ներ) (գյուտ(եր) և աշխատանք(ներ) մրցանակի հայցման ներկայացվելիս դրան կցվում են այդ ոլորտի երեք մասնագետների` ստեղծագործության, հայտնագործության(ներ) (գյուտ(եր) և աշխատանք(ներ) վերաբերյալ գրավոր դրական կարծիքներ, որոնցում պետք է փաստարկված ներկայացվի ստեղծագործության, հայտնագործության(ներ) (գյուտ(եր) և աշխատանք(ներ)` մրցանակի արժանի լինելու հանգամանքը:

(7-րդ կետը լրաց. 18.12.10 ՆՀ-314-Ն)

8. Մրցանակի հայցման ներկայացվելիս ստեղծագործության, հայտնագործության(ներ) (գյուտ(եր) և աշխատանք(ներ) հեղինակի (հեղինակների) և այդ ոլորտում նրա (նրանց) գործունեության վերաբերյալ ներկայացվում է նաև հակիրճ տեղեկատվություն:

(8-րդ կետը լրաց. 18.12.10 ՆՀ-314-Ն)

9. Մրցանակի հայցման ներկայացված ստեղծագործությունները, հայտնագործություն(ներ)ը (գյուտ(եր)ը և աշխատանք(ներ)ը քննարկում, մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպում և անցկացնում են հանձնախմբերը:

(9-րդ կետը լրաց. 18.12.10 ՆՀ-314-Ն)

10. Հանձնախմբերի կազմերը, սույն հրամանագրի 1-ին կետում նշված բնագավառներին և ոլորտներին համապատասխան, հաստատվում և փոփոխվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:

(10-րդ կետը լրաց. 18.12.10 ՆՀ-314-Ն)

11. Հանձնախումբը բաղկացած է ինն անդամից:

(11-րդ կետը խմբ. 14.03.05 ՆՀ-52-Ն)

12. Հանձնախմբերում անդամներն ընդգրկվում են իրենց համաձայնությամբ և իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

13. Հանձնախմբի ընթացիկ աշխատանքը կազմակերպելու նպատակով հանձնախումբն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է իր աշխատակարգը:

14. Հանձնախումբն ունի նախագահ, որին իր անդամներից ընտրում է հանձնախումբը:

15. Հանձնախմբերի անդամները իրենց ստեղծագործությունների, հայտնագործություն(ներ)ի (գյուտ(եր)ի և աշխատանք(ներ) համար չեն կարող հավակնել հրամանագրի 1-ին կետում նշված պետական մրցանակներ ստանալուն:

(15-րդ կետը լրաց. 18.12.10 ՆՀ-314-Ն)

16. Հանձնախումբը, սույն կարգին և իր աշխատակարգին համապատասխան, աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով, որոնք կարող են գումարվել հանձնախմբի նախագահի կամ հանձնախմբի անդամների առնվազն մեկ երրորդի կողմից:

17. Հանձնախմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնախմբի անդամների կեսից ավելին:

18. Հանձնախմբի նախագահի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության կամ նրա բացակայության դեպքում նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է հանձնախմբի անդամներից որևէ մեկի վրա` հանձնախմբի որոշմամբ:

19. Հանձնախմբի նախագահը`

ա) հրավիրում և վարում է հանձնախմբի նիստը.

բ) նշանակում է հանձնախմբի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

գ) ստորագրում է հանձնախմբի որոշումները.

դ) իրականացնում է հանձնախմբի գործառույթներից բխող այլ կազմակերպական աշխատանքներ:

20. Հանձնախմբի անդամը`

ա) մասնակցում է հանձնախմբի աշխատանքներին.

բ) կատարում է հանձնախմբի հանձնարարականները.

գ) առաջարկություններ է ներկայացնում հանձնախմբի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ.

դ) իրականացնում է հանձնախմբի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:

21. (կետն ուժը կորցրել է 12.09.07 ՆՀ-205-Ն)

22. Հանձնախումբն է որոշում մրցանակի հավակնորդների ընտրության չափանիշները:

Ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների հանձնախմբերը մրցանակի թեկնածուների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, ինչպես նաև դրանց կցված նյութերը կարող են ուղարկել անկախ փորձաքննության` սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով:

Փորձաքննությունն անցկացվում է համապատասխան ոլորտի առաջատար կազմակերպությունների կամ առանձին փորձագետների կողմից, որոնց ցանկը յուրաքանչյուր տարի որոշում է համապատասխան հանձնախումբը:

Փորձաքննության արդյունքները հանձնախմբին ներկայացվում են հիմնավորված գրավոր եզրակացության ձևով, որը ստորագրում է այն կատարած անձը, իսկ կազմակերպության կողմից կատարվելու դեպքում` տվյալ կազմակերպության ղեկավարը:

(22-րդ կետը լրաց. 18.12.10 ՆՀ-314-Ն)

23. Մրցանակի դափնեկրի թեկնածուին ընտրելու որոշումը հանձնախումբն ընդունում է գաղտնի քվեարկությամբ, հանձնախմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

24. Մրցանակների շնորհման մասին առաջարկությունները հանձնախմբերը Հայաստանի Հանրապետության Նախագահին են ներկայացնում ոչ շուտ, քան մրցանակաբաշխության տարվա դեկտեմբերի 1-ը և ոչ ուշ, քան դեկտեմբերի 15-ը:

25. Մրցանակների շնորհման մասին հանձնախմբերի առաջարկությունների հիման վրա մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` համապատասխան հրամանագրով:

26. Մրցանակը ստեղծագործության, հայտնագործության(ներ) (գյուտ(եր) և աշխատանք(ներ) համահեղինակների շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր:

(26-րդ կետը լրաց. 18.12.10 ՆՀ-314-Ն)

27. Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

28. Հանձնախմբերի նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

29. Մրցանակի արժանացած անձանց մրցանակները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը` հանդիսավոր պայմաններում:

(հավելվածը խմբ. 14.03.05 ՆՀ-52-Ն, փոփ. 12.09.07 ՆՀ-205-Ն, փոփ., լրաց., խմբ. 18.12.10 ՆՀ-314-Ն, լրաց., խմբ. 04.06.13 ՆՀ-128-Ն)

 

ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար

Ա. Թումանյան