Գլխավոր տեղեկություն
Համար
N 690-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 25.06.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2018 թվականի N 690-Լ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-318-15.05.2018-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հունիսի 19
Երևան

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-318-15.05.2018-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունԸ

 

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է լրացում կատարել «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածում` սահմանելով, որ ոստիկանության ծառայողի կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ չեն կարող օգտագործվել ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում: Ըստ նախագծի հեղինակների՝ ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս չեն ապահովում «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու սահմանված պահանջը և «փաստորեն խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության», ինչը չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքի նախագծի և դրա ընդունման հիմնավորման վերաբերյալ ստորև ներկայացված հանգամանքները՝

1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածը, որպես անձնական տվյալների մշակման իրավաչափության առաջնահերթ պայման, սահմանում է անձնական տվյալների մշակման՝ օրենքով նախատեսված լինելը, ինչը «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի գործող խմբագրությամբ ամբողջությամբ ապահովված է: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածներով սահմանված համաչափության սկզբունքին, ապա ոստիկանության կողմից հասարակական կարգը պահպանելիս, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս, իրականացվող տեսաձայնագրման և լուսանկարահանման եղանակով տվյալների մշակումը հետապնդում է օրինական նպատակ, իսկ դրան հասնելու միջոցները պիտանի են, անհրաժեշտ և չափավոր:

 2. Առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը հերթապահություն իրականացնելու ընթացքում, օրինակ, տրանսպորտային միջոցի մեջ տեղադրված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցով ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի իրավախախտում հայտնաբերելիս օրենքի ուժով զրկված է լինելու խախտումն արձանագրելու հնարավորությունից: Քննարկվող դեպքում տրանսպորտային միջոցի շարժման մեջ գտնվելու ընթացքում կատարված իրավախախտումների պարագայում բանավոր նախազգուշացնելու պահանջը կատարելն օբյեկտիվորեն հնարավոր չէ: Բացի դրանից, հնարավոր են անգամ այնպիսի իրավիճակներ, երբ ենթադրյալ իրավախախտը չենթարկվի ոստիկանության ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հրահանգին` դրանով իսկ անհնար դարձնելով ոստիկանության ծառայողի կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու և ենթադրյալ իրավախախտման արձանագրման վերաբերյալ անձին տեղեկացնելը: Մեր կարծիքով, ընդունելի չէ նաև նախագծի հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, որ գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում «խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության»: Ստացվում է, որ իրավախախտում արձանագրելուց և համապատասխան վարույթ հարուցելուց առաջ անհրաժեշտ է ստանալ իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձի համաձայնությունը, ինչը չի բխում օրենքի տրամաբանությունից: Միևնույն ժամանակ, նախագծով որդեգրված տրամաբանությամբ ստացվում է, որ թեև առկա է առերևույթ իրավախախտում, այլ կերպ ասած` վարչական իրավախախտման վարույթ հարուցելու առիթ, իրավասու մարմինը (պաշտոնատար անձը) իրավասու չէ կատարելու օրենքով իրեն վերապահված գործառույթը՝ ենթադրյալ իրավախախտի համաձայնության բացակայության պատճառով:

3. «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի տասնչորսերորդ պարբերությամբ նախատեսված բանավոր նախազգուշացման պահանջը գործնականում ամբողջությամբ իրագործելի է: Այսպես, նշված հոդվածի կիրառումն ապահովելու նպատակով ոստիկանությունում մշակվել և ներկայումս շրջանառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 151-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին նախագծեր, որոնց համաձայն գունագրաֆիկ երանգավորում ունեցող պարեկային ավտոմոբիլների վրա՝ տեսանելի վայրում, փակցվելու են իրականացվող տեսանկարահանման մասին նախազգուշացնող տարբերանշաններ (դրանց ձևը սահմանվելու է ոստիկանության պետի հրամանով): Գունագրաֆիկ երանգավորում չունեցող ավտոմոբիլով ծառայությունն իրականացվելու է բացառապես այն ճանապարհներին, որտեղ տեղակայված են նախազգուշացնող ցուցանակներ:

Ծառայողների համազգեստին ամրացված տեսախցիկներն ինքնին տեսանելի են անզեն աչքով: Բացի դրանից ծառայողները խստիվ հրահանգվել են դրանցով նկարահանումներ իրականացնելիս պարտադիր նախազգուշացնել տվյալների սուբյեկտներին: Այլ կերպ ասած, շարժական տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր կիրառելիս օրենքով նախատեսված նախազգուշացման պահանջը կատարվելու է ամբողջ ծավալով:

4. Գտնում ենք, որ նման դեպքերում առանցքային նշանակություն պետք է ունենա այն հանգամանքը, որ ենթադրյալ իրավախախտի համար վարչական վարույթի շրջանակներում ապահովվում է լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունը, այդ թվում` իր պահանջով տեսագրությունը կամ լուսանկարն ստանալու և վարչական վարույթի շրջանակներում իր՝ այլ իրավունքներն իրացնելու միջոցով:

Այդուհանդերձ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ՝ հիմնավորման մեջ նշված խնդրի բավարար կարգավորման ուղղությամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան