ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2018 թվականի N 515-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու, ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2121-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ գլխում կատարել հետևյալ լրացումները`
1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.
«զ) սույն պայմանագրի 11-րդ կետի «գ» ենթակետի պահանջների համաձայն՝ եռօրյա ժամկետում հրավիրել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ընտրված ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի նիստ (այսուհետ՝ վարչական խորհուրդ):».
2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.
«դ) ոռոգման ջրի անբավարար պայմաններում բաժանորդի մշակաբույսի ոռոգման ռեժիմի և նորմի պահանջների բավարարման անհնարինության վերաբերյալ համապատասխան տեղեկատվության և (կամ) տվյալների ստացման դեպքում անմիջապես տեղեկացնել տվյալ հիդրոմիավորից սնվող բոլոր բաժանորդներին և մշակել մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողական ռեժիմ և նորմ:».
3) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» և «ը» ենթակետերով.
«է) ոռոգման ջրի անբավարար պայմաններում մշակաբույսի ոռոգման ռեժիմի և նորմի պահանջների բավարարման անհնարինության դեպքում՝ սույն պայմանագրի 9-րդ կետի «դ» ենթակետի հիմքով մշակված մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողական ռեժիմին և նորմին համապատասխան՝ մատակարարի հետ կնքել համաձայնագիր.
ը) սույն պայմանագրի 11-րդ կետի «գ» ենթակետում՝ նշված դեպքում ընդունելի համարել վարչական խորհրդի որոշումը:».
4) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.
«գ) սույն պայմանագրի 9-րդ կետի «դ» ենթակետով սահմանված պահանջներով մատակարարի կողմից առաջարկվող մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողության ռեժիմը և նորմն իր համար ընդունելի չլինելու դեպքում պահանջել մատակարարից այն քննարկել վարչական խորհրդում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|