Գլխավոր տեղեկություն
Համար
N 516-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2018 թվականի N 516-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

    
2018 թ. մայիսի 3
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 516-Ա որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման ԵՎ կառավարման

 

I. ամփոփ համառոտագիր

 

1. Հայեցակարգում համառոտ կերպով մատնանշվում են հայեցակարգի նպատակը, ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քաղաքականության մշակման հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը, զարգացման ընթացքը և որոշ կանխատեսումային արդյունքներ:

2. Այլընտրանքային (վերականգնվող) էներգետիկայի համատեքստում կուտակիչ կայանները հանդիսանում են կարևոր և անբաժանելի բաղկացուցիչ մաս:

3. Սահմանված են կուտակիչ կայանների հետագա զարգացման առավելությունները` այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ:

 

II. Ներածություն

 

4. Հայաստանի Հանրապետությունում գործնականում բացակայում են հանածո ածխաջրածինները: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիան արտադրվում է հիմնականում ատոմային, ջերմային և հիդրոէլեկտրակայանների կողմից: Էներգետիկ անվտանգության տեսանկյունից նշված տարբերակված համակարգային կառուցվածքը համարվում է բավականին կայուն և հավասարակշռված: Այնուամենայնիվ, այս կայունությունը երաշխավորված չէ միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածների համար:

5. Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման արդյունքում միջուկային էներգիան ներքին սպառման համակարգում կկազմի 40-42 տոկոս, 40 տոկոսը կկազմի ՀԷԿ-երի արտադրանքը (ներառյալ` շահագործվող և կառուցվող ՓՀԷԿ-երը և «Շնող» ՀԷԿ-ը), մնացած 18-20 տոկոսն այսօր գործող արտադրական հզորությունների պայմաններում բաժին կընկնի բնական գազով աշխատող ջերմային կայաններին:

6. Հաշվի առնելով բնական գազի սեփական պաշարների բացակայությունը` հայեցակարգի նպատակն է առաջիկա տասը տարիների ընթացքում գազային կայանների կողմից արտադրվող նշված 18-20 տոկոսը փոխարինել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայով` գազային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան ուղղելով արտահանման: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ կառավարել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիան:

7. Հայեցակարգն ամրագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականն այլընտրանքային էներգետիկայի ոլորտում արտադրող հզորությունների ավելացմանը զուգահեռ կուտակիչ կայանների զարգացման վերաբերյալ: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կբարձրացնի Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության աստիճանը:

 

III. Իրավական դաշտը

 

8. Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործում են այլընտրանքային էներգետիկայի զարգացմանն ուղղված մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը, նախանշվել են ռազմավարական ծրագրերը և նորմավորվել է կարգավորող դաշտը:

9. Ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերն են՝

1) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N ՆԿ-182-Ն կարգադրությունը:

 

IV. խնդիրներԸ, նպատակներԸ Եվ առաջարկվող լուծումներԸ

 

10. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ շահագործման նպատակով անհրաժեշտ է ունենալ համապատասխան հզորությամբ պտտվող պահուստային հզորություններ:

11. Քանի որ վերջին երկու տասնամյակներում էլեկտրաէներգետիկական համակարգի սպառման գիշերային բեռի նվազագույն հզորությունը մոտավորապես կրկնակի անգամ փոքր է երեկոյան առավելագույն բեռի միջին մեծությունից, ապա կարելի է պնդել, որ գիշերային ժամերին համակարգում լրացուցիչ սպառման ավելացումը կնպաստի բեռի բաշխման օրական գրաֆիկի հարթեցմանը, կհանգեցնի գիշերային ժամերին համակարգի ջերմային կայաններում լրացուցիչ բեռնվածության, որը կբերի ջերմային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի տեսակարար ծախսի նվազեցմանը:

12. Այժմ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգն աշխատում է հարևան երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ զուգահեռ ռեժիմներում: Առանձնացված աշխատանքային ռեժիմների դեպքում էներգահամակարգում կարող է առաջանալ հզորության դեֆիցիտ, որն իր հերթին կարող է հանգեցնել հաճախականության կարգավորման խնդիրների: Նշված խնդիրներն այսօր լուծվում են, մասնավորապես, սպառողների մասնակի անջատումներով:

13. Կայաններում գեներատորների վթարային անջատումների դեպքում համակարգում առաջանում է հզորության դեֆիցիտ, որը երկրում հասանելի ներքին աղբյուրների անբավարարության դեպքում լուծվում է հարևան երկրներից փոխհոսքի օգնությամբ, ինչն զգալիորեն նվազեցնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության աստիճանը:

14. Հաշվի առնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների և տեխնոլոգիաների օգտագործման և զարգացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության որդեգրած ագրեսիվ ռազմավարությունը, այդ ռեսուրսների անկանխատեսելիությունն ու եղանակային պայմաններից խիստ կախվածությունը՝ ակնհայտ է, որ մոտ ապագայում մեծ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արևային և հողմային կայանների թողարկումն էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների կառավարման գործընթացը կարող է դարձնել առավել համալիր` պահանջելով թողարկել լրացուցիչ պտտվող հզորություններ:

15. Աշխարհի բոլոր էլեկտրաէներգետիկական համակարգերում առկա են նշված խնդիրները: Գործող տեխնոլոգիաների պայմաններում դրանք լուծվում են տարբեր եղանակներով, որոնցից ամենատարածվածն ու արդյունավետը համարվում է էլեկտրակուտակիչ կայանների կիրառումը:

16. Նախնական գնահատմամբ նշված խնդիրները լուծելու համար Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգին առաջիկա տասնամյակում անհրաժեշտ կլինեն 300 ՄՎտxժ ընդհանուր կուտակիչ ունակությամբ կուտակիչ կայաններ, որոնք հնարավորություն կտան արագ և արդյունավետ ցուցանիշներով մուտք գործել համակարգ և անվնաս անջատվել համակարգից՝ վերականգնվող աղբյուրների անկանխատեսելի և անբարենպաստ տատանումների պայմաններում:

17. Էլեկտրաէներգիայի տեղափոխման հետևանքով առաջացող հնարավոր կորուստները և ֆինանսական ծախսերը նվազեցնելու նպատակով կուտակիչ կայանները նպատակահարմար է կառուցել շահագործվող ենթակայանների մոտ:

18. Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրակուտակիչ կայանների ներդրման, դրանց հետ աշխատանքի փորձի ձեռքբերման և դրանց տնտեսական արդյունավետության ճշգրիտ գնահատման նպատակով առաջարկվում է կառուցել և շահագործման հանձնել 14 ՄՎտxժ կուտակիչ ունակությամբ և մինչև 3 ՄՎտ հզորությամբ առաջնեկային (պիլոտային) էլեկտրակուտակիչ կայան:

19. Առաջնեկային կայանի կառուցումն առաջարկվում է իրականացնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարչի կողմից մասնավոր միջոցների ներգրավմամբ: Նշված միջոցների վերադարձն ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության սակագնի միջոցներով:

20. Առաջնեկային կայանը հնարավորություն կտա գնահատել հետագայում Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգին անհրաժեշտ 300 ՄՎտxժ կուտակիչ ունակություն ապահովելու համար կուտակիչ կայանների օպտիմալ հզորությունը և ձևավորել դրանց բաշխման ամենաարդյունավետ տարբերակը:

 

V. առավելությունները

 

21. Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում համապատասխան հզորության էլեկտրակուտակիչ կայանի կամ կայանների կառուցումն ունի հետևյալ առավելությունները՝

1) վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների լայնածավալ կիրառում.

2) հարևան երկրներից առանձնացված աշխատանքային ռեժիմներում էներգահամակարգի հաճախականության կարգավորման դյուրացում.

3) արտադրող կայաններում գեներատորների վթարային անջատումների դեպքում հզորության դեֆիցիտի վերացում.

4) պտտվող հզորությունների պակասուրդի դեպքում տվյալ պահին գոյացած սպառման դեֆիցիտի ծածկում.

5) համակարգի սպառման բեռի գրաֆիկի հարթեցում.

6) ջերմային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ վառելիքի տեսակարար ծախսի նվազեցում:

 

VI. ֆինանսական գնահատականԸ

 

22. Սույն հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծման համար չեն նախատեսվում քայլեր, որոնց իրականացման համար անհրաժեշտ լինի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական ռեսուրսների հատկացում:

23. Սույն հայեցակարգով նախատեսված առաջնային կուտակիչ կայանի կառուցման ծախսերի ազդեցությունը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության սակագնի վրա չի գերազանցի 0,05 դրամը, իսկ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերջնական սակագնի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա:

24. Սույն հայեցակարգով առաջարկվող քայլերի իրականացման դեպքում բացասական հետևանքներ չկան: Ֆինանսական գնահատականներով արտահայտված այլ ռիսկեր չեն հայտնաբերվել:

 

VII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

25. Սույն հայեցակարգով նախատեսված քայլերի իրականացման արդյունքում կկազմվի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը կներկայացվի Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, որը կներառի առաջիկա տասը տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արևային, հողմային և այլընտրանքային այլ աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության և կուտակման անհրաժեշտ ծավալները, արտադրող և կուտակիչ հզորությունների նկարագրությունը, դրանց գործարկման ժամանակացույցը և ֆինանսավորման սկզբունքները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան