Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1411
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.11/30(1388) Հոդ.541
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.04.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

3 ապրիլի 2018 թ.

 

«ԷՍ ԴԻ ԷՅ ԹՐԱՎԵԼ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2211-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչներ Տ. Եգորյանի, Լ. Հակոբյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Վ. Դանիելյանի,

համաձայն Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Էս Դի Էյ Թրավել» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2211-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Գործի քննության առիթը «Էս Դի Էյ Թրավել» ՍՊԸ-ի` 2017 թվականի նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները, գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները և փաստարկները

Դիմողը վիճարկում է Օրենսգրքի՝ «Վերաքննիչ դատարանի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը» վերտառությամբ 2211-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո»:

Դիմողի կարծիքով՝ վիճարկվող հոդվածը հակասում է Սահմանադրության 1-ին, 3, 28, 29-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին:

Դիմողը գտնում է, որ առանց որևէ ողջամիտ և օբյեկտիվ պատճառների խտրական վերաբերմունք է դրսևորվում անձանց նկատմամբ՝ կախված այն հանգամանքից, թե որ ամսին է հրապարակվել կամ մատչելի դարձել նրանց շահերին առնչվող դատական ակտը: Այն անձինք, ովքեր վիճարկում են 31 օր ունեցող ամիսներին կայացված դատական ակտերը, առավել շահեկան դիրքում են գտնվում, քան նրանք, ովքեր անհրաժեշտություն ունեն վիճարկելու ավելի պակաս օրեր ունեցող ամիսներին հրապարակված կամ մատչելի դարձած դատական ակտերը:

Բացի դրանից, դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի երաշխավորում ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու միջոցով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի կենսագործումը:

Վիճարկվող դրույթում սահմանված մեկամսյա ժամկետը չի համապատասխանում նաև իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ յուրաքանչյուր դեպքում այդ ժամկետը տարբեր է օրերի քանակով:

Վիճարկվող դրույթի` իր նկատմամբ կիրառելիության մասով դիմողը նշում է, որ վճռաբեկ բողոքը ներկայացրել է վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվելուց հետո՝ 29-օրյա ժամկետում, սակայն Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բաց է թողնվել օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը: Այնինչ, ըստ դիմողի, եթե դիմողի շահերին վերաբերող դատական ակտը հրապարակվեր հունվարին կամ մարտին, ապա դիմողը կունենար մի քանի օր ավել ժամանակ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար, և վճռաբեկ բողոքը չէր համարվի ժամկետանց:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները և փաստարկները

Պատասխանող կողմը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված՝ արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման վերաբերյալ դիրքորոշումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաև առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ «Էս Դի Էյ Թրավել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա վիճարկվող Օրենսգրքի 2211-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

Պատասխանողի կարծիքով՝ կոնկրետ դեպքում օրենսդիրը դատական ակտերի վերանայման համար սահմանել է նվազագույնը 25 օր, ինչը բավարար է հիմնավոր բողոքի կազմման և ներկայացման համար: Բացի դրանից, պատասխանողը գտնում է, որ այս հարցում օրենսդիրն ունի հայեցողական լիազորություն այն սահմանափակմամբ, որ նրա կողմից սահմանված ժամկետը բավարար լինի անհրաժեշտ դատավարական գործողության կատարման համար, որպեսզի չխաթարվի վերջինիս գործնական իրացումը:

Ինչ վերաբերում է իրավական որոշակիության սկզբունքին վիճարկվող իրավադրույթի առնչությանը, ըստ պատասխանողի՝ կարևոր չէ, թե որևէ դատավարական գործողության կատարման համար անհրաժեշտ ժամանակահատվածն օրենսդիրն ինչ չափման միավորով է սահմանում՝ ժամերով, օրերով, շաբաթներով, ամիսներով, թե՝ տարիներով, եթե հստակ սահմանված են տվյալ ժամանակահատվածի հոսքի սկիզբը և ավարտը:

Ըստ պատասխանողի՝ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթով սահմանված ժամկետը, Օրենսգրքի ժամկետների հաշվարկման այլ դրույթների հետ դիտարկված, առավել քան կանխատեսելի է, քանզի ամիսների տարբեր օրեր ունենալու հանգամանքը հանրաճանաչ և ընդունված փաստ է, ինչը քաղաքացիներին լիարժեք հնարավորություն է տալիս համապատասխանեցնելու իրենց վարքագիծը խնդրո առարկա իրավակարգավորումներին:

Պատասխանողը գտնում է նաև, որ օրենսդիրը դատավարական գործողության սահմանման համար բավարար ժամկետներ սահմանելիս հաշվի է առնում և հիմք ընդունում հնարավոր նվազագույն ժամկետը:

 

3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հարցադրումները

Սույն սահմանադրաիրավական վեճի լուծման նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

-արդյո՞ք Օրենսգրքի 2211-րդ հոդվածով նախատեսված ամսով հաշվարկվող ժամկետի որոշման կարգը համահունչ է Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության սկզբունքին.

-արդյո՞ք Օրենսգրքի 2211-րդ հոդվածով նախատեսված՝ դատարանի վճիռների բողոքարկման մեկամսյա ժամկետ սահմանելը չի խախտում Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածներով նախատեսված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները, միաժամանակ սահմանափակելով անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

 

4. Սահմանադրական դատարանի վերլուծությունները և դիրքորոշումները

4.1. Օրենսգրքի 2211-րդ հոդվածը կոչված է կանոնակարգելու վերաքննիչ դատարանի հրապարակած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը՝ սահմանելով այն մեկ ամիս: Հիշյալ դրույթում օգտագործված «մեկ ամիս» եզրույթի բովանդակությունը, այդ թվում` նման ժամկետի հաշվարկման կարգը, բացահայտված է Օրենսգրքի այլ` 74-րդ և 75-րդ հոդվածներում:

Մասնավորապես, ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Միաժամանակ, ըստ Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝ եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

Օրենքի որոշակիության սկզբունքը պահանջում է, որ անձի համար իրավակարգավորումները լինեն հնարավորինս պարզորոշ, մատչելի, ըմբռնելի, որպեսզի անձն ի վիճակի լինի դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ որոշակիության աստիճանը կախված է ինչպես անձանց համար իրավակարգավորումների նշանակությունից և հետևանքներից, այնպես էլ այն օբյեկտիվ հանգամանքներից՝ թե որքանով է հնարավոր ճշգրիտ լեզվական ձևակերպումներ տալ կարգավորման առարկա ոլորտներին:

Որոշակիության ավելի խիստ պահանջներ Սահմանադրության 79-րդ հոդվածը դնում է հիմնական իրավունքների սահմանափակման պարագայում. «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

Որոշակիության սկզբունքի կիրառության ժամանակ պետք է նկատի ունենալ, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները:

Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր՝ 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի՝ իրավական նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն՝ «ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել նաև, որ իրավական որոշակիության կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «...անհրաժեշտ է, որ օրենքը լինի բավարար հասանելի ... և որոշակի: ... նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ այն ձևակերպված չէ բավարար որոշակիությամբ, որպեսզի քաղաքացուն հնարավորություն տա կարգավորել իր վարքագիծը: Նա պետք է ի վիճակի լինի, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդի օգնությամբ, այդ հանգամանքներում ողջամիտ աստիճանի կանխատեսել այն հետևանքները, որոնց նշված գործողությունը կարող է հանգեցնել ...» (Michaud v. France, 06.12.2012):

Բացի դրանից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանված ժամկետից հետո ներկայացված դիմումները համարել է անընդունելի, պայմանով, որ համապատասխան ժամկետի ավարտը գնահատվի կանխատեսելի (Melnik v. Ukraine, 28.03.2006):

Ելնելով վերոգրյալից, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթով սահմանված «մեկամսյա» ժամկետն ըստ նորմատիվ ձևակերպման համահունչ է Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության սկզբունքին, քանի որ վերոհիշյալ հիմնավորմամբ որոշակի է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետի հիմքում ընկած «մեկ ամիս» եզրույթի բովանդակությունը և դրան համապատասխան ժամկետների հաշվարկման կարգը: Ուստի վիճարկվող իրավադրույթի կիրառման շրջանակներում անձը հնարավորություն ունի իր իրավական վարքագիծը ներդաշնակեցնել սահմանված պահանջներին:

Սահմանադրական դատարանը՝ արձանագրելով, որ դատավարական ժամկետների սահմանման ժամանակ օրենսդիրն ունի հայեցողության լայն տիրույթ, գտնում է, որ տվյալ պարագայում բողոքարկման ժամկետի սահմանումն ինչպես ամիսներով, այնպես էլ օրերով կամ դատական ակտում բողոքարկման կոնկրետ վերջնաժամկետ սահմանելու միջոցով կլինի համահունչ Սահմանադրությամբ սահմանված իրավական որոշակիության սկզբունքին:

4.2. Անդրադառնալով դիմողի այն պնդմանը, որ առանց որևէ ողջամիտ և օբյեկտիվ պատճառների խտրական վերաբերմունք է դրսևորվում անձանց նկատմամբ՝ կախված այն հանգամանքից, թե որ ամսին է հրապարակվել կամ մատչելի դարձել նրանց շահերին առնչվող դատական ակտը, Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ ամսվա շրջանակում մեկ ամսվա հաշվարկի արդյունքում օրերի ինչպիսի չափաբաժին կստացվի, այն հավասարապես տարածվում է դատավարության բոլոր մասնակիցների վրա, և վերջիններս իրավական առումով ժամկետային հավասար հնարավորություններով են օժտված: Այսպիսի իրավիճակը չի խախտում Սահմանադրության 28-րդ հոդվածով նախատեսված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, ինչպես նաև Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված խտրականության արգելքը, քանի որ այն ոչ թե խտրական մոտեցում է, այլ պայմանավորված է հաշվարկվող ամսվա օրերի թվաքանակով, կրում է օբյեկտիվ բնույթ, ուղղված չէ սոցիալական որևէ խմբի ոչ իրավաչափ արտոնություն տալուն կամ դատավարության որևէ կողմի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ կախված անձի սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Ամիսների՝ տարբեր օրեր ունենալն օբյեկտիվ և հայտնի իրողություն է, իսկ ամիսներով հաշվարկն օգտագործվում է ոչ միայն տարբեր օրենսդրական ակտերում, այլ՝ նաև տարբեր օտարերկրյա և միջազգային իրավական համակարգերում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2211-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

3 ապրիլի 2018 թվականի

ՍԴՈ-1411

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան