ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի.
Սահմանել վարչապետին փոխարինելու և վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. ապրիլի 21 Երևան N 412-Լ |
Հավելված |
ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ LԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
I. Վարչապետի բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը
1. Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի առաջին նախադասության՝ վարչապետի բացակայության ժամանակ վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը։
2. Վարչապետի բացակայություն է վարչապետի հիվանդությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակությունը կամ արձակուրդում գտնվելը։
3. Վարչապետի՝ արտասահմանյան գործուղման մեջ գտնվելու դեպքում առաջին փոխվարչապետի վրա վարչապետի որոշմամբ ըստ անհրաժեշտության ժամանակավորապես դրվում է վարչապետի պարտականությունների կատարումը։
4. Վարչապետի բացակայության դեպքում փոխվարչապետն իրականացնում է վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունները, բացառությամբ՝
1) Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված՝ հրաժարական ներկայացնելու,
2) Սահմանադրության 131-րդ հոդվածով սահմանված՝ Կառավարության կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու,
3) Կառավարությանը՝ Կառավարության վստահության հարց դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու,
4) Կառավարությանը և վարչապետի ենթակա մարմինների՝ վարչապետի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց պաշտոնից ազատելու,
5) փոխվարչապետների համակարգման ոլորտները փոփոխելու, նախարարության գործունեության ոլորտներն ընդլայնելու,
6) փոխնախարարների թիվը և նախարարությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների՝ վարչապետի կողմից հաստատվող կանոնադրություններում փոփոխություններ կատարելու, բացառությամբ վարչապետի հանձնարարությամբ սահմանված դեպքերի,
7) վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և աշխատողների քանակը փոփոխելու, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի՝ վարչապետի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց պաշտոնից ազատելու կամ այլ պաշտոնի տեղափոխելու,
8) վարչապետի նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, բացառությամբ վարչապետի հանձնարարությամբ սահմանված դեպքերի,
9) Կառավարությանը մարզպետներին փոխարինելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու լիազորությունների։
II. Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը
5. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի 14-րդ մասով սահմանված դեպքում՝ Կառավարության որոշման հիման վրա վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը։
6. Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինող առաջին փոխվարչապետն իրականացնում է վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր լիազորությունները։
III. Առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու անհնարինության դեպքում վարչապետին փոխարինելու կարգը
7. Առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է այն փոխվարչապետը, որն ավելի երկար է պաշտոնավարել տվյալ պաշտոնում, իսկ եթե փոխվարչապետների պաշտոնավարման ժամկետները հավասար են՝ տարիքով ավագ փոխվարչապետը։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2019, N 669-Լ | 06.06.2019, N 412-Լ | |
17.01.2019, N 36-Լ | 20.01.2019, N 412-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|