Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.10/37(1395).1 Հոդ.620.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՄԴ/0072/01/16

ԵՄԴ/0072/01/16

Նախագահող դատավոր՝  Մ. Արղամանյան

Դատավորներ՝

Ռ. Մխիթարյան

Ս. Չիչոյան

  

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

   

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ՝

դատախազ

Վ. Պետրոսյանի

պաշտպան

Է. Բեգլարյանի

    

2017 թվականի դեկտեմբերի 20-ին

ք. Երևանում

    

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Հայկի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ պաշտպան Է.Բեգլարյանի վճռաբեկ բողոքը,

      

ՊԱՐԶԵՑ

   

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հունվարի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 16100216 քրեական գործը։

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունվարի 9-ի որոշմամբ Արմեն Հայկի Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

2016 թվականի հունիսի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 10-ի դատավճռով ամբաստանյալ Արմեն Հայկի Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի կարգով, նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում` ալկոհոլամոլության դեմ։

3. Ամբաստանյալ Ա.Մուրադյանի պաշտպան Է.Բեգլարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 10-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ։

4. Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Մուրադյանի պաշտպան Է.Բեգլարյանը։ Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել գործով մեղադրող Վ.Պետրոսյանը` խնդրելով մերժել բողոքը և Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

     

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի մայիսի 10-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) [Դ]ատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտությամբ, ինչպես նաև դատարանի ներքին համոզմամբ ապացուցվել է ամբաստանյալ Արմեն Հայկի Մուրադյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու փաստը։

(…)

(…) Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, այնպես էլ նրա անձը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 168-183)։

6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պաշտպան Է.Բեգլարյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան` խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 10-ի դատավճիռը և մեղսագրվող արարքում Ա.Մուրադյանին արդարացնել, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Մուրադյանի նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։

7. Լսելով բողոքաբեր կողմին, ինչպես նաև վերաքննիչ բողոքի կապակցությամբ դատախազի պատասխանը` Վերաքննիչ դատարանը կողմերին հնարավորություն է ընձեռել հանդես գալու դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդություններով, որի կապակցությամբ 2017 թվականի օգոստոսի 17-ի նիստի ընթացքում, ամբաստանյալ Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ցանկանում է միջնորդություն ներկայացնել և, միաժամանակ նշելով, որ վատառողջ է ու այլևս ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին, խնդրել է ժամանակ տրամադրել` պաշտպանի հետ խորհրդակցելու ու միջնորդությամբ հանդես գալու համար, ինչը դատարանի կողմից բավարարվել է, և հայտարարվել է 5 րոպե ընդմիջում։

Դատական նիստը վերսկսելուց հետո նախագահող դատավորը հայտարարել է, որ ամբաստանյալը չի ներկայացվել դատական նիստին, ինչի կապակցությամբ պաշտպանը տեղեկացրել է, որ ամբաստանյալն իրեն վատ է զգացել և այս պահին որևէ բան հայտնել չի կարող` միաժամանակ նշելով, որ վերջինս ցանկանում է առանձնազրույց ունենալ իր հետ` միջնորդություն ներկայացնելու կապակցությամբ։

Արդյունքում Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, դատական նիստը հետաձգել է ու վերանշանակել 2017 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 13։00-ին (տե՛ս դատական նիստի արձանագրությունը)։

8. Նշանակված դատական նիստը բացվել է 2017 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 13։24-ին։ Նախագահող դատավորը հայտարարել է, որ դատական նիստին ամբաստանյալ Ա.Մուրադյանը չի ներկայացվել` միաժամանակ հայտնելով, որ համաձայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ներկայացուցչի բանավոր հայտարարության, ամբաստանյալին տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չի եղել ներկայացնել դատական նիստին։ Դատական նիստը հետաձգվել է մինչև ամբաստանյալին ներկայացնելը (տե՛ս դատական նիստի արձանագրությունը)։

8.1. Դատական նիստը վերսկսվել է ժամը 13։30-ին, որի ընթացքում ուղեկցող գումարտակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից իրենց տեղեկացրել են, որ ամբաստանյալը հրաժարվում է ներկայանալ դատական նիստին։

Պաշտպանը հայտնել է, որ ամբաստանյալի` դատական նիստին չներկայանալու վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, իր վերջին տվյալներով Ա.Մուրադյանը դատական նիստին ներկայանալու է և իր առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթուղթ է ներկայացնելու, քանի որ նրա մոտ նոր հիվանդություն է ախտորոշվել։

Պաշտպանը խնդրել է դատական նիստը հետաձգել և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` ամբաստանյալի մասնակցությունն ապահովելու համար, իսկ վերջինիս` դատական նիստին ներկայանալուց կրկին հրաժարվելու դեպքում, նրա ստորագրությամբ հաստատված գրավոր փաստաթուղթ ներկայացնել։

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել դատական նիստը շարունակել առանց ամբաստանյալի մասնակցության` հայտնելով, որ վերջինիս չներկայանալու վերաբերյալ որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացվել` միաժամանակ արձանագրելով, որ նախորդ դատական նիստին ամաստանյալը պաշտպանի միջնորդությամբ ժամանակ էր խնդրել` նոր ապացույցներ ներկայացնելու համար, ինչը բավարարվել էր, սակայն ամբաստանյալը, հրաժարվելով դատական նիստին ներկայանալուց, ինքն իրեն զրկել է, կամ դրանով իսկ դիրքորոշում է հայտնել, որ որևէ նոր ապացույց ներկայացնելու ցանկություն չունի (տե՛ս դատական նիստի արձանագրությունը)։

8.2. Դատարանը դատական նիստը հայտարարել է փակված և հեռացել խորհրդակցական սենյակ` ժամը 13։38-ին։

Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվել է նույն օրը՝ ժամը 13։43-ին (տե՛ս դատական նիստի արձանագրությունը)։

9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) Արմեն Մուրադյանի կողմից կատարված հանցանքը հիմնավորված և նրա մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել է ճիշտ հետևության և հաստատված է համարել Արմեն Մուրադյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ (…)։

(…)

[Առաջին ատյանի] դատարանի դատավճիռը պատճառաբանված ու հիմնավորված է գործի փաստական հանգամանքներով, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներով, պատիժն ու պատախանատվությունը մեղմացնող հանգամանքներով, այդպիսիք ծանրացնող հանգամանքների բացակայությամբ, որոնց պայմաններում դատարանը պահպանելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները, Արմեն Մուրադյանի նկատմամբ նշանակել է պատիժ, որը համապատասխանում է նրա կողմից կատարված հանցագործության բնույթին ու ամբաստանյալի անձնավորությանը (…)» (տե'ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 55-66)։

10. 2017 թվականի սեպտեմբերի 4-ին պաշտպան Է.Բեգլարյանին հասցեագրված` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի պետի գրության համաձայն` 2017 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գումարտակի աշխատակիցները կալանավոր Ա.Մուրադյանին Վերաքննիչ դատարան դատական նիստի տեղափոխելու համար ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ են ներկայացել և վերջինիս դուրս են գրել ժամը 14։50-ին։ Նույն գրության համաձայն` վերոնշյալ դատական նիստի կարգագիրը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ է ներկայացվել Երևան քաղաքի վարչության գումարտակի աշխատակիցների միջոցով` 2017 թվականի օգոստոսի 29-ին (տե'ս քրեական գործ, հատոր 6, թերթ 113)։

     

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոք բերած անձը գտել է, որ նախաքննությամբ ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր չէր Արմեն Մուրադյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնել։ Ըստ բողոքաբերի, սույն գործով Արմեն Մուրադյանի մեղադրանքի հիմքում դրվել են հիմնականում տուժողի ցուցմունքները, նախաքննությունն իրականացվել է ոչ թե օբյեկտիվ և բազմակողմանի, այլ կամայական և խտրական։

Բողոքաբերը նշել է, որ դատաքննության ընթացքում տուժող Աիդա Մկրտիչյանը դիմում է ներկայացրել, որով հերքել է իր նախաքննական և դատարանում տված ցուցմունքները՝ հայտնելով, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել։

Ըստ բողոքի հեղինակի` գործում առկա մյուս ապացույցներով ևս, ներառյալ փորձագետի եզրակացություններն ու իրեղեն ապացույցները, հնարավոր չէ պնդել և հիմնավորել, որ Արմեն Մուրադյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարք։

11.1. Բացի այդ, ըստ բողոքաբերի, ամբաստանյալ Արմեն Մուրադյանի նկատմամբ նշանակվել է ենթադրյալ կատարածին անհամաչափ խիստ պատիժ։ Առաջին ատյանի դատարանը քննության առարկա չի դարձրել նաև նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը։

Բողոքի հեղինակը նշել է, որ 2017 թվականի մարտի 20-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ստացվել է էպիկրիզ, համաձայն որի` Արմեն Մուրադյանի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ 3-րդ կլինիկական փուլ` խիստ արտահայտված իմունային անբավարարություն, թոքերի ինֆիլտրատիվ տուբերկուլյոզ, բերանի խոռոչի և ըմպանի կանդիդոզ, սեբորեային դերմատիտ, քաշի կորուստ ավելի քան 10 տոկոս և սեպտիցեմիա։

Բողոքաբերը գտել է, որ Վճռաբեկ դատարանի` Հ.Հաբեշյանի գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով Ա.Մուրադյանի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքերը, կարելի է փաստել, որ դրանք իրենց համակցությամբ առանձնահատուկ են և կարող են դիտվել որպես բացառիկ, հետևաբար բավարար են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման համար։

12. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը գործի քննության ընթացքում թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։

Մասնավորապես բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով ամբաստանյալի միջնորդությունը, նրան հնարավորություն էր ընձեռել հաջորդ դատական նիստին միջնորդությամբ հանդես գալու համար, սակայն իրականում Արմեն Մուրադյանը զրկված է եղել իր այդ իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ անկախ իր կամքից դատարան չներկայացվելու պատճառով։ Այսպես, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ստացված հարցման պատասխանի համաձայն՝ 2017 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի աշխատակիցները կալանավորված անձ Ա.Մուրադյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան դատական նիստի տեղափոխելու համար ՔԿ հիմնարկ են ներկայացել և վերջինիս դուրս են գրել ժամը 14։50-ին։ Այսինքն՝ Ա.Մուրադյանը ՔԿ հիմնարկից դուրս է գրվել դատական նիստից 1 ժամ 50 րոպե անց, երբ արդեն իսկ իր վերաբերյալ գործի քննությունը Վերաքննիչ դատարանում ավարտված է եղել։ Բացի այդ, ըստ բողոքաբերի, հիշյալ գրության մեջ որևէ նշում չկա այն մասին, որ Ա.Մուրադյանը հրաժարվել է մասնակցել Վերաքննիչ դատարանի դատական նիստին։

13. Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշումը և մեղսագրվող արարքում Ա.Մուրադյանին արդարացնել, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, կամ բեկանել դատական ակտը և ուղարկել նոր քննության։

      

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. պատշաճորեն ապահովվե՞լ է արդյոք ամբաստանյալի` Վերաքննիչ դատարանի դատական նիստին մասնակցելու, դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու և նյութեր ներկայացնելու իրավունքը։

15. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա։

2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք։

()

4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ ()։

5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով։ Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ։

6. Քրեական դատավարության ընթացքում կողմերն իրենց դիրքորոշումը, այն պաշտպանելու եղանակները և միջոցներն օրենքի շրջանակներում ընտրում են ինքնուրույն` անկախ դատարանից, այլ մարմիններից և անձանցից։ Դատարանը, կողմի միջնորդությամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրան ձեռք բերելու անհրաժեշտ նյութեր։

7. Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը (…)։

8. Դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է (։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն`

«1. Մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք։ Քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտպանության իր իրավունքը։

2. Մեղադրյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

(…)

10) քրեական գործին կցելու և հետազոտելու համար ներկայացնել նյութեր.

(…)

12) հարուցել միջնորդություններ.

(…)

17) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին և գործի նյութերի հետազոտմանը (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն`

«Դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`

«Բացառիկ դեպքերում կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանների հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր նյութեր կամ միջնորդելու դատարան կանչել իրենց նշած վկային կամ փորձագետին, նշանակելու փորձաքննություն, եթե նրանք հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու այդ նյութերը, կանչելու վկային կամ փորձագետին, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Վերաքննիչ դատարանի դատական նիստին, ի թիվս այլոց, պարտադիր մասնակցում է նաև ամբաստանյալը, որը ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը։

16. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է։ Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին։ Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին։ Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում։ Այլ խոսքով` ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս Վերաքննիչ քրեական դատարանը պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ։ Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը (տե՛ս, mutatis mutandis, Ամալյա Ղարիբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11, Նոյ Մուսայելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԿԴ1/0007/06/12, Հակոբ Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0230/01/14, Ռաֆայել Քոթանջյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԿԴ3/0010/06/15 որոշումները)։

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 17-ի դատական նիստի ժամանակ, մինչև դատաքննությունն ավարտելը, դատարանը կողմերին հնարավորություն է ընձեռել հանդես գալու դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդություններով։ Ամբաստանյալ Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ցանկանում է միջնորդություն ներկայացնել և խնդրել է ժամանակ տրամադրել` պաշտպանի հետ խորհրդակցելու ու միջնորդություն ներկայացնելու համար` միաժամանակ նշելով, որ վատառողջ է և ի վիճակի չէ շարունակել մասնակցել դատական նիստին։

Ամբաստանյալի միջնորդությունը բավարարվել է, և հայտարարվել է 5 րոպե ընդմիջում։ Դատական նիստը վերսկսվելուց հետո նախագահող դատավորը հայտարարել է, որ ամբաստանյալը չի ներկայացվել դատական նիստին, ինչի կապակցությամբ պաշտպանը տեղեկացրել է, որ ամբաստանյալը չի կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ վատ է զգացել։ Միաժամանակ հայտնել է, որ վերջինս ցանկանում է առանձնազրույց ունենալ իր հետ` միջնորդություն ներկայացնելու կապակցությամբ։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և դատական նիստը հետաձգել է՝ նշանակելով 2017 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 13։00-ին (տե'ս սույն որոշման 7-րդ կետը)։

Նշանակված դատական նիստը բացվել է 2017 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 13։24-ին։ Նախագահող դատավորը հայտարարել է, որ դատական նիստին ամբաստանյալ Ա.Մուրադյանը չի ներկայացվել, քանի որ, համաձայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ներկայացուցչի բանավոր հայտարարության, տեխնիկական խնդիրների պատճառով ամբաստանյալին հնարավոր չի եղել ներկայացնել դատական նիստին։ Դատական նիստը հետաձգվել է մինչև ամբաստանյալին ներկայացնելը և վերսկսվել ժամը 13։30-ին, որի ընթացքում ուղեկցող գումարտակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում իրենց տեղեկացրել են, որ ամբաստանյալ Ա.Մուրադյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին։

Ամբաստանյալ Ա.Մուրադյանի պաշտպանը հայտնել է, որ ամբաստանյալի` դատական նիստին չներկայանալու պատճառն իրեն հայտնի չէ։ Իր վերջին տեղեկություններով Ա.Մուրադյանը դատական նիստին մասնակցելու է և իր առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթուղթ է ներկայացնելու, քանի որ նրա մոտ նոր հիվանդություն է հայտնաբերվել։ Արդյունքում պաշտպանը խնդրել է դատական նիստը հետաձգել և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` ամբաստանյալի մասնակցությունն ապահովելու համար` միաժամանակ փաստելով, որ որևէ գրավոր փաստաթուղթ չի ներկայացվել այն մասին, որ ամբաստանյալը հրաժարվում է իրացնել իր իրավունքը։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել դատական նիստը շարունակել ամբաստանյալի բացակայությամբ այն հիմնավորմամբ, որ ամբաստանյալի չներկայանալու վերաբերյալ որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացվել, նախորդ դատական նիստին ամբաստանյալը միջնորդել է ժամանակ տրամադրել` նոր ապացույցներ ներկայացնելու համար, ինչը դատարանի կողմից բավարարվել էր, սակայն ամբաստանյալը, հրաժարվելով դատական նիստին ներկայանալուց, ինքն իրեն զրկել է կամ դրանով դիրքորոշում է հայտնել, որ որևէ նոր ապացույց ներկայացնելու ցանկություն չունի (տե'ս սույն որոշման 8.1-րդ կետը)։

Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ այլ միջնորդություններ չկան դատաքննությունը լրացնելու վերաբերյալ, դատական նիստը հայտարարել է փակված և ժամը 13։38-ին հեռացել խորհրդակցական սենյակ` դատական ակտ կայացնելու։ Դատական ակտը հրապարակվել է նույն օրը՝ ժամը 13։43-ին (տե'ս սույն որոշման 8.2-րդ կետը)։

Ըստ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի պետի` 2017 թվականի սեպտեմբերի 4-ի գրության՝ 2017 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գումարտակի աշխատակիցները կալանավոր Ա.Մուրադյանին Վերաքննիչ դատարան դատական նիստի տեղափոխելու համար ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ են ներկայացել և վերջինիս դուրս են գրել ժամը 14։50-ին։ Նույն գրության համաձայն` վերոնշյալ դատական նիստի կարգագիրը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ է ներկայացվել Երևան քաղաքի վարչության գումարտակի աշխատակիցների միջոցով` 2017 թվականի օգոստոսի 29-ին (տե'ս սույն որոշման 10-րդ կետը)։

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված նորմերի և 16-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերում բացակայում է ամբաստանյալի՝ Վերաքննիչ դատարանի դատական նիստին մասնակցելուց հրաժարվելու մասին որևէ կերպ ձևակերպված տվյալ։ Ավելին՝ Ա.Մուրադյանի պաշտպանը դատարանի ուշադրությունն է հրավիրել այդ հանգամանքի վրա, ինչպես նաև հայտնել, որ իր վերջին տվյալներով Ա.Մուրադյանը պետք է ներկայանար դատական նիստին և իր առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթուղթ ներկայացներ, քանի որ նրա մոտ նոր հիվանդություն է ախտորոշվել։ Նման պայմաններում, միայն ուղեկցող գումարտակի ներկայացուցչի հայտարարությունը՝ առանց դրա պարզաբանման ուղղությամբ պատշաճ միջոցներ ձեռնարկելու, չէր կարող իրավաչափ հիմք համարվել ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը շարունակելու համար։

Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճորեն չի ապահովել ամբաստանյալ Ա.Մուրադյանի` դատական նիստին մասնակցելու, դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու և նյութեր ներկայացնելու իրավունքը։ Նշված խախտումներն իրենց հերթին հանգեցրել են ամբաստանյալ Ա.Մուրադյանի արդար դատաքննության իրավունքի խախտման։

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 23-րդ, 65-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա դատական ակտը բեկանելու հիմք է։

20. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 11-11.1.-րդ կետերում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելուց հետո։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 398-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

   

Ո Ր Ո Շ Ե Ց

   

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Արմեն Հայկի Մուրադյանի վերաբերյալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 10-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության։

2. Ամբաստանյալ Արմեն Հայկի Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

      

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
 

Ե. Դանիելյան

  Լ. Թադևոսյան
  Ա. Պողոսյան
  Ս. Օհանյան