Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.53
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ Վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0465/05/16

Վարչական գործ թիվ ՎԴ/0465/05/16

2017թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

Դատավորներ՝

Ա. Առաքելյան

Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայկ Ղազարյանի ներկայացուցիչներ Դավիթ Ասատրյանի և Աշխեն Դաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.08.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Ղազարյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ Ծառայության 29.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503791823 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայկ Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 29.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503791823 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Անի Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 01.04.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.08.2016 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 01.04.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հայկ Ղազարյանի ներկայացուցիչները։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 22-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 28-րդ, 124-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ծառայության 29.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503791823 որոշմամբ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Ղազարյանը ենթարկվել է վարչական պատասխատվության ոչ թե իր կատարած իրավախախտման համար, այլ միայն այն բանի համար, որ տվյալ ընկերության վարորդը չի վճարել նախկինում նշանակված տուգանքները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Դատարանը չի պահանջել վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի բոլոր նյութերը, որտեղ առկա են համապատասխան ապացույցներ այն մասին, որ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Ղազարյանը կատարել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իր պարտականությունը: Այսինքն՝ Հայկ Ղազարյանը պատշաճ կերպով հայտնել է վարչական մարմնին այն անձի տվյալները, ում ամրացված է «TOYOTA» մակնիշի «859 US 65» համարանիշի տրանսպորտային միջոցը: Հետևաբար վարչական վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրության դեպքում Վերաքննիչ դատարանը չէր գա այն եզրահանգման, որ Հայկ Ղազարյանի կողմից չի մատնանշվել իրավախախտում կատարած անձը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 01.04.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ծառայության 29.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503791823 որոշմամբ Հայկ Ղազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «TOYOTA» մակնիշի «859 US 65» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 31.08.2015 թվականին՝ ժամը 15:37-ին, Երևան քաղաքի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկի հատվածում չի պահպանել «Կանգ-գիծ» գծանշման պահանջը (գ.թ. 4)։

2. Հայկ Ղազարյանը գործի քննության ընթացքում Դատարանին հայտնել է, որ վարչական ակտում նշված տրանսպորտային միջոցը վարում է Արսեն Ավագյանը, որի վերաբերյալ բազմիցս տեղեկացվել է Ծառայությունը (գ.թ. 24-25)։

3. Ծառայության 30.10.2015 թվականի թիվ 17-4-429 գրությամբ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Ղազարյանին 12.10.2015 թվականի գրության կապակցությամբ հայտնվել է, որ Արսեն Ավագյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշում կայացնել հնարավոր չէ, քանի որ վերջինս այլ տրանսպորտային միջոցներով կատարել է ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնց արդյունքում նրա նկատմամբ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 20 և ավելի որոշումներ, որոնք չեն վճարվել (գ.թ. 26)։

4. Ծառայության 23.12.2015 թվականի թիվ 17-4-26363 գրությամբ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Ղազարյանին 15.12.2015 թվականի գրության կապակցությամբ հայտնվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Հայկ Ղազարյանի կողմից չեն ներկայացվել ապացույցներ, որոնք հիմնավորում են գրությունում նշված անձանց «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ում աշխատելու և տրանսպորտային միջոցները նրանց ամրակցված լինելու փաստը, ուստի Ծառայության թիվ 1503791823 և այլ որոշումները կայացվել են Հայկ Ղազարյանի նկատմամբ, և դրանց պահանջների կատարման պարտավորությունը կրում է վերջինս՝ որպես տրանսպորտային միջոցներն ամրակցելու իրավասություն ունեցող անձ (գ.թ. 5)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանմամբ կամ լուսանկարահանմամբ հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության կիրառման կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) ո՞վ է ենթակա վարչական պատասխանատվության իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանմամբ կամ լուսանկարահանմամբ հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար,

2) ինչպիսի՞ իրավական կառուցակարգի միջոցով կարող է հաղթահարվել տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածը:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության (...):

Մատնանշված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական պատասխանատվության ոլորտում գործում են «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» կարևորագույն սկզբունքները:

Անձնական պատասխանատվության սկզբունքը նշանակում է, որ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն անձամբ իր կողմից կատարված զանցանքի համար: Իսկ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին:

Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ նշելով, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետևաբար` մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ նշված սկզբունքը սերտորեն առնչվում է նաև վարչական պատասխանատվության մեկ այլ սկզբունքի` անձնական պատասխանատվության սկզբունքին, որի համաձայն՝ անձը ենթակա է պատասխանատվության միայն անձամբ կատարած իրավախախտման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վարչական պատասխանատվության վերոնշյալ սկզբունքներից կատարել է բացառություն, որը վերաբերում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտին:

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 01.03.2016 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա նույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի վկայակոչված խմբագրությունները, ըստ էության, նախատեսում են միևնույն իրավակարգավորումները, իսկ դրանց միջև առկա տարբերությունը վերաբերում է այն դեպքին, երբ տրանսպորտային միջոցը սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե ֆիզիկական, այլ իրավաբանական անձի: Քանի որ սույն վճռաբեկ բողոքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը վերաբերում է այն դեպքին, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերն իրավաբանական անձ է, Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ անհրաժեշտ է համարում իրավական դիրքորոշումներ ձևավորել այն իրավիճակի վերաբերյալ, երբ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված տրանսպորտային միջոցի սեփականատեր իրավաբանական անձի տնօրենը վարչական կամ դատական կարգով վիճարկում է իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտը՝ իր վարչական բողոքի կամ հայցի հիմքում դնելով այն հանգամանքը, որ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ: Ընդ որում, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերում են միայն այն դեպքին, երբ տրանսպորտային միջոցը դուրս չի եկել սեփականատիրոջ տիրապետությունից վերջինիս կամքից անկախ հանգամանքներում:

 

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ մինչև 11.01.2016 թվականը գործող այն օրենսդրական կարգավորումների վերլուծությանը, որոնք վերաբերում են իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատասխանատվության ենթակա սուբյեկտին որոշելու կառուցակարգին:

Այսպես, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին (...) պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը գրավոր հարցում է կատարում իրավաբանական անձին (...):

Նույն օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարցում ստացած անձը պարտավոր է 5-օրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե ում է ամրացված տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը:

Վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ մինչև 11.01.2016 թվականը գործող իրավակարգավորումների համաձայն՝ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատասխանատվության ենթակա սուբյեկտին որոշելու հարցը լուծելու համար վարչական մարմինը պարտավոր էր գրավոր հարցում ուղարկել տվյալ իրավաբանական անձին, իսկ վերջինս էլ իր հեթին պարտավոր էր հնգօրյա ժամկետում վարչական մարմնին տրամադրել հարցմամբ պահանջվող տեղեկությունները, մասնավորապես՝ այն անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, ում ամրացված է տվյալ տրանսպորտային միջոցը:

Վերոգրյալ իրավական նորմերը համադրելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ մինչև 01.03.2016 թվականը գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավադրույթների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցման միջոցով վարչական մարմինն առաջին հերթին պարտավոր էր պարզել այն անձին, ով ենթակա է վարչական պատասխանատվության իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտման համար: Փաստորեն, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումով վարչական մարմինը պարզում էր, թե իրավաբանական անձին պատկանող այն տրանսպորտային միջոցը, որի միջոցով կատարվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ամրացված է արդյո՞ք որևէ ֆիզիկական անձի, և որոնք են այդ անձին նույնականացնող տվյալները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձին ուղղված քննարկվող հարցման միջոցով վերոգրյալ հանգամանքների պարզումն ապահովում էր իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտման համար վարչական պատասխանատվության կիրառումը պատշաճ սուբյեկտի (այն անձի, որին ամրացված է տվյալ տրանսպորտային միջոցը) նկատմամբ: Ընդ որում, տվյալ դեպքում իրավաբանական անձի կողմից վարչական մարմնի հարցմանը տրվող պատասխանի բովանդակությունն օրենսդիրը սահմանել էր սպառիչ կերպով. իրավաբանական անձը պարտավոր էր օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնին հայտնել այն անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և բնակության վայրը, ում ամրացված է տվյալ տրանսպորտային միջոցը: Իրավաբանական անձից ստացած տեղեկությունների հիման վրա պարզելով այն անձի տվյալները, ում ամրացված է տվյալ տրանսպորտային միջոցը, վարչական մարմինը պետք է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկեր այդ անձին:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ մինչև 01.03.2016 թվականը գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավական նորմը պետք է մեկնաբանվի և կիրառվի հետևյալ կերպ. եթե (1) իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ու տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար և (2) վարչական կամ դատական կարգով վիճարկում է իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն այն հիմքով, որ իրավախախտման կատարման պահին տվյալ տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ, ապա այդ վարչական ակտը կարող է վերացվել միայն այն դեպքում, երբ վարչական պատասխանատվության ենթարկված անձն ապացուցի, որ ինքը պատշաճորեն կատարել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականությունը: Ասվածը վերաբերում է այն դեպքին, երբ իրավաբանական անձը ստացել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումը և ողջամտորեն հնարավորություն է ունեցել պատասխանալու դրան: Այսինքն՝ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը պարտավոր էր ապացուցել, որ ստանալով վերոհիշյալ հարցումը և ողջամտորեն հնարավորություն ունենալով պատասխանել դրան, այդ հարցմանն ի պատասխան վարչական մարմնին հայտնել է այն անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և բնակության վայրը, ում ամրացված է տվյալ տրանսպորտային միջոցը: Ընդ որում, այն դեպքում, երբ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձի կողմից վերոգրյալ պարտականության պատշաճ կատարման փաստը չի հաստատվում, ապա դա հանգեցնում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձի պատասխանատվության իրավաչափության հաստատմանը:

 

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ համապատասխան հարցման միջոցով իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատասխանատվության ենթակա սուբյեկտին որոշելու հարցը լուծելու վերաբերյալ վերը նշված իրավակարգավորումները գործել են մինչև 11.01.2016 թվականը, իսկ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ 11.01.2016 թվականից գործող խմբագրությունն այլևս նման կառուցակարգ չի նախատեսում: Ըստ այդմ, սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 01.03.2016 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տվյալ իրավաբանական անձի ղեկավարի պատասխանատվության կանխավարկածի էությանը և դրա հաղթահարման կառուցակարգին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով բացահայտված խախտման համար պատասխանատվության ենթակա սուբյեկտի հարցում որոշակիորեն շեղվել է «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» սկզբունքներից՝ ամրագրելով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածը: Անդրադառնալով տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ առհասարակ իրավաբանական կանխավարկածն իրավական նորմերով հաստատված այն կանոնն է, որի համաձայն՝ որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը։

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 01.03.2016 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը սեփականության իրավունքով պատկանում է իրավաբանական անձի, ընդհանուր կանոնի համաձայն, տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով բացահայտված ճանապարհային երթևեկության կանոնի խախտման համար վարչական պատասխանատվության է ենթակա տվյալ իրավաբանական անձի ղեկավարը: Փաստորեն, 01.03.2016 թվականից գործող կարգավորումների ուժով օրենսդիրը սահմանել է, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի էությունը հանգում է հետևյալին. տրանսպորտային միջոցն իրավաբանական անձի պատկանելու դեպքում տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթակա է տվյալ իրավաբանական անձի ղեկավարը, քանի դեռ չի ապացուցվել, որ տվյալ իրավախախտումը կատարել է այլ անձ:

ՀՀ սահմանադրական դատարանը, 21.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1282 որոշմամբ անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավական նորմի սահմանադրականության հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը վարչական պատասխանատվության ենթարկելու ընդհանուր կանոնները սահմանելիս քննարկվող դեպքում վարչական պատասխանատվության սուբյեկտ է դիտարկել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը` հաշվի առնելով վերջինիս սեփականության իրավունքի իրացումից ծագող պարտականությունը, այն է` հանձնելու տրանսպորտային միջոցն այն անձի փաստացի օգտագործմանը, ով այն պետք է շահագործի ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան` դրանով իսկ չխախտելով այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ նշված իրավակարգավորումը նպատակաուղղված է անձանց իրավունքների պաշտպանությանը և պայմանավորված է տրանսպորտային միջոցի վարորդի պարտականությունների կատարման, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարած անձի առավել արագ բացահայտման և պատասխանատվության ենթարկման անհրաժեշտությամբ, ինչը ևս ուղղված է այլ անձանց իրավունքների ու օրենքով պահպանվող շահերի պահպանմանը:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ տվյալ իրավահարաբերություններում տրանսպորտային միջոցի սեփականատերը և իրավաչափ ձևով իր սեփականության օգտագործողը գտնվում են որոշակի իրավապայմանագրային հարաբերությունների մեջ, որը, ի մասնավորի, ենթադրում է նաև տրանսպորտային միջոցի օրինաչափ օգտագործման պարտավորություն և իրավախախտման համար պատասխանատվության անխուսափելիություն: Միևնույն ժամանակ, ելնելով մեղքի առկայությամբ պատասխանատվության, պատժի անհատականացման ընդհանուր սկզբունքներից` օրենսդիրը քննարկվող դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը վարչական պատասխանատվության սուբյեկտ է դիտարկում, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ: Նման իրավակարգավորում սահմանելու նպատակը ոչ միայն մեղքի առկայությամբ պատասխանատվության ընդհանուր սկզբունքի պահպանումն է, այլև տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ` սեփականության իրավունքի իրացումից ծագող պարտականության չկատարման դեպքերը կանխելը, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարած անձի պատասխանատվության անխուսափելիության երաշխավորումը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ելնելով «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» վերոհիշյալ սկզբունքներից՝ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով այդ կանխավարկածը հաղթահարելի է համարել այն դեպքում, երբ ապացուցվում է, որ իրավախախտումը կատարել է այլ անձ: Ընդ որում, տվյալ դեպքում մեղսագրվող իրավախախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստի ապացուցման բեռը կրում է այն անձը, ով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի ուժով իրավասու մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության տեսանկարահանող և լուսանակարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար (իրավաբանական անձի ղեկավարը)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով տրանսպորտային միջոցով տեղի ունեցած իրավախախտումների դեպքում այն վարած անձի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ վրա դրված պարտականության իրավաչափության հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ավտոմեքենայի յուրաքանչյուր սեփականատեր պետք է գիտակցի, որ ինքը պարտավոր է ենթարկվել որոշակի իրավական կարգավորման ռեժիմի, որի առկայությունը պայմանավորված է տրանսպորտային միջոցների շահագործումից այլոց կյանքին և առողջությանը սպառնացող հնարավոր վտանգով: Հետևաբար, այն անձինք, ովքեր ցանկանում են որպես սեփականություն ունենալ և շահագործել ավտոմեքենա, պետք է ստանձնեն որոշակի պատասխանատվություն և պարտականություններ, որոնք հանդիսանում են մեխանիկական տրանսպորտային միջոցներին վերաբերող իրավական կարգավորման ռեժիմի բաղկացուցիչ տարրերը: Ըստ Եվրոպական դատարանի՝ տրանսպորտային միջոցի սեփականատերը որոշ չափով պետք է համաձայնի ստանձնել ցուցմունք տալու պարտականություն՝ կապված իր մեքենայի ներգրավմամբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հետ: Ընդ որում, փոխադրամիջոցների սեփականատերերի վրա տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերով հայտնաբերված իրավախախտման կատարման պահին մեքենան վարող անձի մասին տվյալները բացահայտելու պարտականությունը պետք է համարել իրավաչափ՝ հաշվի առնելով իրավախախտման և պատասխանատվության միջոցի ոչ խիստ բնույթը, ճանապարհային ենթևեկության անվտանգությունն ապահովելու նկատմամբ հանրային հետաքրքրությունը, ինպես նաև այդպիսի պարտականություն ունենալու կանխատեսելիությունը փոխադրամիջոցի սեփականատիրոջ համար (տե՛ս, O’Hallօraո aոd Fraոcis v. Tհe Uոited Kiոgdօm (15809/02, 25624/02) գործով Եվրոպական դատարանի 29.06.2007 թվականի վճիռը, 52-63-րդ կետեր):

Հաշվի առնելով քննարկվող հարցի շուրջ ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում այն մոտեցումը, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման համար անհրաժեշտ իրավաբանական փաստի ապացուցման պարտականությունը կրում է այն անձը, ով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի ուժով իրավասու մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության տեսանկարահանող և լուսանակարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, այսինքն՝ իրավաբանական անձի ղեկավարը:

Այլ կերպ ասած, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 01.03.2016 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավական նորմը պետք է մեկնաբանվի և կիրառվի հետևյալ կերպ. եթե (1) տրանսպորտային միջոցը սեփականության իրավունքով պատկանում է իրավաբանական անձի և իրավաբանական անձի ղեկավարը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ու տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար և (2) վարչական կամ դատական կարգով վիճարկում է իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն այն հիմքով, որ իրավախախտման կատարման պահին տվյալ տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ, ապա այդ վարչական ակտը կարող է վերացվել միայն այն դեպքում, երբ վարչական պատասխանատվության ենթարկված անձն ապացուցի, որ տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ:

Միևնույն ժամանակ սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում իրավակիրառ պրակտիկայում միատեսակ ընկալում ձևավորել այն փաստական հանգամանքների բովանդակության վերաբերյալ, որոնք տրանսպորտային միջոցն իրավաբանական անձի պատկանելու դեպքում տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի ուժով վարչական պատասխանատվության ենթարկված անձը պարտավոր է ապացուցել այդ կանխավարկածը հաղթահարելու համար:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված կանխավարկածի հաղթահարման համար ապացուցման ենթակա փաստական հանգամանքների բովանդակությունն օրենսդիրը սահմանել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում, մասնավորապես՝ հետևյալ դրույթի միջոցով. «(...) եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ (...)»: Նշված իրավական նորմի բովանդակությունից հետևում է, որ տվյալ դեպքում օրենսդրի կողմից կանխորոշված ապացուցման ենթակա փաստական հանգամանքը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելն է: Փաստորեն, քննարկվող իրավիճակում անհրաժեշտ է ապացուցել ոչ թե այն հանգամանքը, որ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն իրավախախտման կատարման պահին չի վարել տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի ուժով վարչական պատասխանատվության ենթարկված անձը, այլ այն հանգամանքը, որ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ:

Վերոգրյալից ուղղակիորեն հետևում է, որ խնդրո առարկա հասարակական հարաբերությունների կարգավորման հարցում օրենսդրի կամքը հանգում է հետևյալին. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման համար անհրաժեշտ է ոչ թե ապացուցել այն փաստը, որ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն իրավախախտման կատարման պահին չի վարել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի ուժով վարչական պատասխանատվության ենթարկված անձը, այլ բացահայտել այն հանգամանքը, թե կոնկրետ ով է վարել տրանսպորտային միջոցը, այսինքն՝ թե կոնկրետ որ ֆիզիկական անձն է կատարել տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտումը, և ապացուցել այդ հանգամանքի առկայությունը: Հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացուցման բեռը կրող սուբյեկտը՝ իրավաբանական անձի ղեկավարը, չի կարող բավարարվել միայն այն փաստի վկայակոչմամբ, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտման կատարման պահին ինքը չի վարել տվյալ տրանսպորտային միջոցը, և պարտավոր է հայտնել, թե իրավախախտման կատարման պահին ով է վարել տվյալ տրանսպորտային միջոցը՝ նշելով այդ անձին նույնականացնելու համար անհրաժեշտ և բավարար տվյալներ (առնվազն վերջինիս անունը և հասցեն): Ընդ որում, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի ուժով վարչական պատասխանատվության ենթարկված անձը, մատնացույց անելով որևէ մեկին՝ որպես իրավախախտման կատարման պահին իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարած անձի, պարտավոր է ապացուցել, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տվյալ տրանսպորտային միջոցը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացուցման բեռը կրող սուբյեկտի (իրավաբանական անձի ղեկավարի) կողմից վկայակոչված կոնկրետ անձի կողմից իրավախախտման կատարման պահին իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու փաստը վարչական կամ դատական ընթացակարգերի շրջանակներում չհաստատվելու (ապացուցված չհամարվելու) դեպքում նշված սուբյեկտի վրա օրենքով դրված ապացուցման պարտականությունը համարվում է չկատարված, ինչն էլ հանգեցնում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վերջինիս պատասխանատվության իրավաչափության հաստատմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման բովանդակությունը հանգում է հետևյալին. նշված կանխավարկածի ուժով վարչական պատասխանատվության ենթարկված անձը՝ իրավաբանական անձի ղեկավարը, պարտավոր է իրավասու մարմնին (վարչական մարմին կամ դատարան) հայտնել իրավախախտման կատարման պահին իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարած անձի ինքնությունը և ապացուցել, որ իրավախախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տրանսպորտային միջոցը: Հակառակ պարագայում տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածը համարվում է չհաղթահարված, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով վարչական պատասխանատվության ենթակա պատշաճ սուբյեկտ է դիտարկվում իրավաբանական անձի ղեկավարը, և վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտը չի կարող վերացվել այն հիմքով, որ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում 21.12.2015 թվականին ընդունված և 11.01.2016 թվականից ուժի մեջ մտած թիվ ՀՕ-179-Ն օրենքով կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք ևս վկայում են այն մասին, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման համար նշված կանխավարկածի ուժով վարչական պատասխանատվության ենթարկված անձը պարտավոր է իրավասու մարմնին (վարչական մարմին կամ դատարան) հայտնել իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարած անձի ինքնությունը և ապացուցել, որ իրավախախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տրանսպորտային միջոցը:

Այսպես, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ 11.01.2016 թվականից գործող խմբագրությամբ 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը կարող է ապացուցվել օրենքով սահմանված ժամկետում և կարգով գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացնելու (...) միջոցով:

Նույն օրենքի՝ 11.01.2016 թվականից գործող խմբագրությամբ 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գանգատը (բողոքը կամ հայցադիմումը) կարող է ներկայացվել վարչական ակտի հասցեատիրոջ կամ խախտում կատարած անձի կողմից և պետք է պարունակի խախտումը կատարած անձի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը, ինչպես նաև դրան պետք է կցվեն գանգատը ներկայացնող անձանց անձնագրերի և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճենները: Եթե տրանսպորտային միջոցն օգտագործվում է գրավոր պայմանագրի հիման վրա, ապա գանգատին (բողոքին կամ հայցադիմումին) պետք է կցվի նաև պայմանագրի պատճենը:

Վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը 11.01.2016 թվականից գործող իրավակարգավորումների միջոցով սահմանել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման, այսինքն՝ տվյալ իրավախախտումը փաստացի չկատարած, սակայն նշված կանխավարկածի ուժով վարչական պատասխանատվության ենթարկված անձի վարչական պատասխանատվության բացառման և տվյալ իրավախախտման իրական կատարողին պատասխանատվության ենթարկելու պայմաններն ու կարգը։ Ըստ այդ իրավակարգավորումների՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը՝ իրավաբանական անձի ղեկավարը, կարող է հասնել իր նկատմամբ ընդունված վարչական ակտի վերացմանը թե՛ վարչական, թե՛ դատական կարգով այդ վարչական ակտը վիճարկելու միջոցով՝ իր բողոքի կամ հայցի հիմքում դնելով այն փաստական հանգամանքը, որ իրավախախտման կատարման պահին տվյալ տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ: Ընդ որում, վարչական կարգով բողոքարկման վարույթի կամ դատական գործի քննության ընթացքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի ուժով վարչական պատասխանատվության ենթարկված անձը պարտավոր է վարչական բողոքը քննող վարչական մարմնին կամ դատարանին ներկայացնել, ի թիվս այլնի, հետևյալ տվյալները (փաստաթղթերը).

1) իրավախախտումը կատարած անձի անունը և ազգանունը,

2) իրավախախտումը կատարած անձի վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը,

3) տրանսպորտային միջոցն իրավախախտումը կատարած անձի կողմից օգտագործվելու հիմք հանդիսացող գրավոր պայմանագիրը (առկայության դեպքում):

Փաստորեն, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ 11.01.2016 թվականից գործող խմբագրությամբ 7-րդ հոդվածով սահմանված վերոգրյալ իրավական նորմերով օրենսդիրը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված անձի վրա դրել է պարտականություն վարչական բողոքը քննող վարչական մարմնին կամ դատարանին հայտնել որոշակի տեղեկություններ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կատարման պահին տվյալ տրանսպորտային միջոցը վարած անձի և այդ անձի կողմից տրանսպորտային միջոցն օգտագործելու հիմքերի վերաբերյալ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ օրենսդիրը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման հարցում դրսևորել է հստակ մոտեցում՝ առ այն, որ նշված կանխավարկածի հաղթահարման համար անհրաժեշտ ապացուցման բեռի բովանդակությունը հանգում է հետևյալին. տրանսպորտային միջոցն իրավաբանական անձի պատկանելու դեպքում տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը՝ իրավաբանական անձի ղեկավարը, պարտավոր է իրավասու մարմնին (վարչական մարմին կամ դատարան) հայտնել իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարած անձի ինքնությունը և ապացուցել, որ իրավախախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տրանսպորտային միջոցը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման համար բավարար հիմքերի առկայության պայմաններում տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը վարչական բողոքարկման եղանակով վիճարկելու կառուցակարգը ողջամիտ ժամկետների պահպանման տեսանկյունից կարող է առավել արդյունավետ կերպով ապահովել անձի խախտված իրավունքների գործնական վերականգնումը, քան քննարկվող կանխավարկածի հաղթահարումը նույն վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու և դատական գործ հարուցելու միջոցով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հայկ Ղազարյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Ծառայության 29.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503791823 որոշումը: Նշված վարչական ակտով Հայկ Ղազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «TOYOTA» մակնիշի «859 US 65» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 31.08.2015 թվականին՝ ժամը 15:37-ին, Երևան քաղաքի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկի հատվածում չի պահպանել «Կանգ-գիծ» գծանշման պահանջը։

Հայկ Ղազարյանի կողմից 16.03.2016 թվականին Դատարան է ներկայացվել «Հայցի հիմքի վերաբերյալ իրավական փաստարկներ» վերտառությամբ փաստաթուղթը, որի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտում նշված տրանսպորտային միջոցը վարում է Արսեն Ավագյանը, որի վերաբերյալ բազմիցս հայտնվել է Ծառայությանը: Ծառայության կողմից 30.10.2015 թվականի թիվ 17-4-429 գրությամբ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Ղազարյանին հայտնվել է, որ Արսեն Ավագյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշում կայացնել հնարավոր չէ, քանի որ վերջինս ավտոտրանսպորտային միջոցներով կատարել է ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնց արդյունքում նրա նկատմամբ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 20 և ավելի որոշումներ, որոնք չեն վճարվել:

Դատարանը բավարարել է Հայկ Ղազարյանի հայցը և անվավեր է ճանաչել Ծառայության 29.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503791823 որոշումը: Դատարանը վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում վարչական մարմինը, կրելով իր ընդունած վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը, չի ապացուցել, որ Ծառայության 29.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503791823 որոշմամբ Հայկ Ղազարյանին մեղսագրվող արարքը կատարվել է վերջինիս կողմից, ինչն էլ հանգեցնում է վիճարկվող վարչական ակտի անվավերության:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և փոփոխել այն՝ մերժելով Հայկ Ղազարյանի հայցը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում Ծառայության 29.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503791823 որոշմամբ Հայկ Ղազարյանին մեղսագրվող արարքն այլ անձի կողմից կատարված լինելու փաստի ապացուցման պարտականությունը կրում է ոչ թե պատասխանող վարչական մարմինը, այլ հայցվոր Հայկ Ղազարյանը: Մինչդեռ ըստ Վերաքննիչ դատարանի՝ «(...) սույն վարչական գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Հայկ Ղազարյանի կողմից մատնանշվել է խախտում կատարած անձը, ինչպես նաև առկա չէ որևէ փաստաթուղթ այն մասին, որ հայցվորը վարչական իրավախախտման արձանագրման պահին նշված տրանսպորտային միջոցը չի վարել, այլ այն վարել է այլ անձ (...)»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Հայկ Ղազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության «TOYOTA» մակնիշի «859 US 65» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդի կողմից կատարված և տեսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնի խախտման («Կանգ-գիծ» գծանշման պահանջի չպահպանում) համար՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայկ Ղազարյանը նշված տրանսպորտային միջոցի սեփականատեր «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ի տնօրենն է և այդ տրանսպորտային միջոցն ամրացնելու լիազորություն ունեցող անձը: Այսինքն՝ վիճարկվող վարչական ակտով Հայկ Ղազարյանին պատասխանատվության ենթարկելիս Ծառայությունն առաջնորդվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ մինչև 01.03.2016 թվականը գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասոով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա են որոշ ոչ ամբողջական տվյալներ այն մասին, որ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ն Ծառայության 29.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503791823 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմնին հայտնել է այն անձի տվյալները, ում ամրացված է «TOYOTA» մակնիշի «859 US 65» համարանիշի տրանսպորտային միջոցը՝ պատասխանելով «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Ծառայության հարցմանը: Մինչդեռ վարչական մարմինը պատասխանատվության է ենթարկել ոչ թե «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ի կողմից որպես տվյալ տրանսպորտային միջոցը վարող անձ մատնանշված ոմն Արսեն Ավագյանին, այլ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ի տնօրենին՝ որպես տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձի: Ընդ որում, Ծառայությունն իր այդ վարքագիծը պատճառաբանել է այն հանգամանքով, որ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ի կողմից մատնանշված անձն արդեն իսկ բազմիցս ենթարկվել է վարչական պատասխատվության ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար և չի վճարել իր նկատմամբ առաջադրված տուգանքները:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում Ծառայության կողմից «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ին պատկանող «TOYOTA» մակնիշի «859 US 65» համարանիշի տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնի խախտման համար այդ իրավաբանական անձի տնօրեն Հայկ Ղազարյանին պատասխանատվության ենթարկելու պատճառաբանությունները չեն բխում վիճարկվող վարչական ակտի ընդունման պահին գործող վերը վկայակոչված իրավակարգավորումներից և հակասում են դրանց: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ այն անձը, ում ամրացված է իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցը, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ենթակա էր վարչական պատասխանատվության այդ տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք տվյալ անձը վճարել է իր նկատմամբ նախկինում նշանակված տուգանքների գումարները, թե՝ ոչ: Այսինքն՝ Ծառայության այն փաստարկը, որ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ի կողմից որպես «TOYOTA» մակնիշի «859 US 65» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդ մատնանշված անձը՝ Արսեն Ավագյանը, «կատարել է ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումներ, ավելի քան քսան անգամ ենթարկվել է վարչական պատասխատվության ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար և չի վճարել իր նկատմամբ առաջադրված տուգանքները», չի կարող որևէ իրավաբանական նշանակություն ունենալ «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ին պատկանող այդ տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնի խախտման համար պատասխանատվության ենթակա սուբյեկտի հարցը լուծելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերում բացակայում են ինչպես Ծառայության 29.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503791823 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ին Ծառայության կողմից «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցման, այնպես էլ այդ հարցման՝ նույն օրենքի մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված և «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ի կողմից տրված պատասխանի օրինակները: Նշված ապացույցների բացակայության պայմաններում հնարավոր չէ միանշանակ դատողություն կատարել այն հարցի կապակցությամբ, թե «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ն պատշաճ կերպով կատարել է արդյոք իրավահարաբերության պահին գործող օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունը՝ հայտնելու այն անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և բնակության վայրը, ում ամրացված է «TOYOTA» մակնիշի «859 US 65» համարանիշի տրանսպորտային միջոցը: Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ գործի քննության ներկայիս փուլում հնարավոր չէ գնահատել վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունը «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված նորմերին:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրահանգման, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ հարցերը.

- արդյոք Ծառայությունը «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նորմին համապատասխան հարցում ուղարկել է «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ին վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու համար, և

- արդյոք «Հայկ Ռաֆո» ՍՊԸ-ն Ծառայության հարցմանն ի պատասխան պատշաճ կերպով հայտնել է վերջինիս այն անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և բնակության վայրը, ում ամրացված է «TOYOTA» մակնիշի «859 US 65» համարանիշի տրանսպորտային միջոցը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ կերպով չեն պարզել սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի շրջանակը: Հետևաբար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex օfficiօ") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու միջոցով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցերը պարզելու և դրա հիման վրա վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունն օրենքով սահմանված կարգով որոշելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան
ս. անտոնյան
Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան