Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.17
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5067/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5067/02/15
2017թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան  

Դատավորներ՝

 Կ. Հակոբյան

 

 Ա. Հունանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

    Ռ. Հակոբյանի
    Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկետեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Կամո Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ստեփան Մեսրոպյանի ընդդեմ Բանկի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ստեփան Մեսրոպյանը պահանջել է Բանկից բռնագանձել 817.190 ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները՝ սկսած 19.06.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև բռնագանձել 52.000 ՀՀ դրամ՝ որպես իրավունքի գրանցման և դադարեցման համար կատարված ծախս, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.11.2016 թվականի որոշմամբ Ստեփան Մեսրոպյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 06.07.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ստեփան Մեսրոպյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գումար վերադարձնելու պարտավորությունը Բանկի մոտ ծագել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ գործարքների անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը միայն պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ստացածը, իսկ տվյալ դեպքում Բանկի կողմից վերադարձվել է ոչ միայն պայմանագրում նշված գումարը, այլ նաև որոշակի չափով ավել գումար է տրվել` որպես հնարավոր վնասների փոխհատուցում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը պայմանագրի կողմերի միջև կիրառելի չէ, քանի որ Բանկն այդ գումարը Ստեփան Մեսրոպյանից ստացել է օրինական կնքված գործարքով, իսկ այն անվավեր ճանաչվելուց հետո գումարը վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հայցապահանջում ներառված պետական գրանցման ծախսերին, հաշվի չի առել, որ 52.000 ՀՀ դրամն իրավունքի գրանցման համար պետական տուրքն է, և գործարքի անվավերության դեպքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ևս պետք է կրի դրա հետևանքները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.11.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.07.2016 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել վճռաբեկ բողոքում նշված խախտումները, իսկ կայացված դատական ակտը համապատասխանում է օրենքի պահանջներին: Նկատի ունենալով, որ կողմերի միջև կնքված պայմանագիրն անվավեր է ճանաչվել, Բանկն Ստեփան Մեսրոպյանի կողմից առաջին իսկ վճարումը կատարելու պահից սկսած ապօրինի է պահել վերջինիս դրամական միջոցները, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները ենթակա են հաշվարկման 13.06.2011 թվականից սկսած:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 22.05.2008 թվականին կնքված թիվ Ա61 վարկային պայմանագրով վարկառու Նառա Հովհաննիսյանի՝ Բանկի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունը չկատարելու համար 14.04.2010 թվականին Բանկի սեփականության իրավունքն է գրանցվել այդ պարտավորության կատարումն ապահովելու նպատակով գրավադրված` Երևանի Քանաքեռ 1-ին փողոցի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 36-60).

2) Բանկի և Ստեփան Մեսրոպյանի միջև 07.07.2011 թվականին կնքվել է անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Բանկը 8.000.000 ՀՀ դրամի դիմաց Ստեփան Մեսրոպյանի սեփականությանն է հանձնել վերը նշված անշարժ գույքը: Նույն պայմանագրի 2.2 կետի համաձայն` նշված գումարից 2.600.000 ՀՀ դրամը վճարվել է պայմանագրի նոտարական վավերացման օրը, իսկ գումարի մնացած մասը պետք է վճարվեր 18 ամիսների ընթացքում` յուրաքանչյուր ամիս 300.000 ՀՀ դրամից ոչ պակաս գումար վճարելու միջոցով: Ի կատարումն պայմանագրում նշված այդ պայմանի` Ստեփան Մեսրոպյանը մինչև 29.01.2013 թվականը Բանկին վճարել է ընդհանուր 8.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 10-30, 35).

3) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2014 թվականի թիվ ԵԱՔԴ/2183/02/11 վճռով անվավեր է ճանաչվել 14.04.2010 թվականին վերը նշված գույքի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումը, և որպես անվավերության հետևանք` անվավեր են ճանաչվել վերը նշված անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված Ստեփան Մեսրոպյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 36-60).

4) 19.06.2015 թվականին Բանկն Ստեփան Մեսրոպյանին վերադարձրել է նրանից ստացած 8.000.000 ՀՀ դրամը, ինչպես նաև վճարել է ևս 2.290.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 4, 84-87):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկման հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու արդյունքում վերադարձման ենթակա գումարը չվերադարձնելու դեպքում դրամական պարտավորությունը չկատարելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնին` միաժամանակ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու արդյունքում նման դատական ակտի հիման վրա վերադարձման ենթակա գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման հնարավորությանը:

Այսպես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արդար դատաքննության իրավունքը կդառնա վերացական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ դատարանի՝ ի վնաս կողմերից մեկի կայացրած վերջնական, պարտադիր դատական ակտը մնա անկատար: Ավելին, եթե Կոնվեցիայի 6-րդ հոդվածն առանց պաշտպանության թողնի դատական ակտերի ի կատար ածումը, ապա դա հավանաբար կհանգեցնի այնպիսի իրողության, որն անհամատեղելի կլինի իրավունքի գերակայության սկզբունքների հետ, որը Պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան վավերացնելիս (տե՛ս, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40, «Գլուր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության և մյուսների թիվ ԳԴ/0171/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերը նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու դեպքերում ապրանքի համար վճարված գումարը հետ ստանալը գնորդի իրավունքն է: Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից ձեռք է բերում պարտադիրության և կատարելիության հատկանիշ, և եթե վաճառողն այն չի կատարում, այսինքն` տվյալ դեպքում գումարը չի վերադարձնում գնորդին, ապա վերջինս իրավունք ունի դատական կարգով պահանջելու բռնագանձել չվերադարձված գումարը: Այս դեպքում, երբ արդեն իսկ առկա է նման վճիռ, այդ գումարը դառնում է գնորդի օգտին բռնագանձման ենթակա գումար, որը չվերադարձնելու դեպքում վաճառողն արդեն խախտում է վճռի պարտադիրության և կատարելիության հատկանիշները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ դատական ակտով բռնագանձման ենթակա և չվերադարձված գումարի նկատմամբ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը ենթակա են վճարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Ավելին` Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում կարևորում է դատական ակտի առկայությունը՝ նկատի ունենալով, որ քանի դեռ դատական ակտով վիճահարույց գործարքն անվավեր չի ճանաչվել, այն օրինական գործարք է, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման պայմանը՝ առանց օրինական հիմքի դրամական միջոցները պահելը (վերադարձնելուց խուսափելը, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելը, այլ անձի հաշվին անհիմն ստանալը կամ խնայելը), առկա չէ: Այլ կերպ ասած` քանի դեռ գործարքը վավեր է, գնորդի կողմից վճարված դրամական միջոցները վաճառողի մոտ գտնվում են օրինական հիմքով: Հետևաբար որպես գործարքի անվավերության հետևանք վճարման ենթակա դրամական միջոցների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները կարող են հաշվարկվել միայն գործարքն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացող կետանցի պահից սկսած:

Ինչ վերաբերում է տվյալ դեպքում կետանցի պահը որոշելուն, ապա Վճռաբեկ դատարանը տվյալ հարցն անհրաժեշտ է համարում քննարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորման շրջանակներում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի իրավական վերլուծությանը, նշել է, որ օրենսդիրը որպես պարտավորությունը խախտելու համար պատասխանատվության պարտադիր պայման սահմանել է պարտավորությունը խախտած անձի մեղքի առկայությունը (տե՛ս, «Արդշինինվեստբանկ»ՓԲԸ-ն ընդդեմ «Լանդրաս»ՍՊԸ-ի թիվ ԵՔԴ/0595/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում գործարքն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական ակտի առկայության պայմաններում անհրաժեշտ է, որ հաստատվի պայմանագրի հիման վրա գնորդից ստացված գումարը դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վաճառողի կողմից գնորդին անհապաղ չվերադարձնելու փաստը, քանի որ միայն այդ դեպքում կքննարկվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հանգամանքը: Նկատի ունենալով, որ տվյալ պարագայում քննարկման է ենթակա դրամական պարտավորությունը չկատարելու համար պատասխանատվությունը, իսկ պատասխանատվության պարտադիր պայման է պարտավորությունը խախտած անձի մեղքը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում պարզել մեղքի ծագման պահը, այսինքն՝ որ պահից անձը մեղավոր կհամարվի նշված պարտավորությունը չկատարելու մեջ:

Հաշվի առնելով, որ մեղքն անձի հոգեբանական վերաբերմունքն է իր կողմից կատարվող իրավախախտման և դրա հետևանքների նկատմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավախախտման համար մեղքը կարող է առկա լինել միայն այն պահից սկսած, երբ անձին հայտնի է դարձել իր ունեցած դրամական պարտավորության մասին: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու արդյունքում որպես պատասխանատվության միջոց տոկոսներ հաշվարկելիս դատարանները պետք է հաշվի առնեն, թե որ պահից է տեղի ունեցել իրավախախտումը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ պահը համընկնում է վերջնական դատական ակտը պարտապանին հասու լինելու պահի հետ, այսինքն՝ թե որ պահից է պարտապանն իմացել կամ իրական հնարավորություն ունեցել իմանալու, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ունի դրամական պարտավորություն:

Ընդ որում, վերը շարադրված իրավական դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականի որոշման շրջանակներում օրինական ուժի մեջ մտած և չկատարված դատական ակտով բռնագանձման ենթակա աշխատավարձը չվճարելու դեպքում աշխատավարձի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկման հնարավորության հարցի կապակցությամբ: Հաշվի առնելով, որ ինչպես սույն գործով, այնպես էլ թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով փաստական հանգամանքները նմանատիպ են, մասնավորապես՝ վերաբերում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրմանը՝ անկախ բռնագանձման ենթակա գումարի գոյացման հիմքից, Վճռաբեկ դատարանը որևէ հիմք չի արձանագրում թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականի որոշմամբ արտահայտած իր իրավական դիրքորոշումից շեղվելու համար և վերահաստատելով այն՝ հավասարապես կիրառելի է համարում նաև սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունը չկատարելու համար 14.04.2010 թվականին գրանցվել է Բանկի սեփականության իրավունքն այդ պարտավորության կատարումն ապահովելու նպատակով գրավադրված` Երևանի Քանաքեռ 1-ին փողոցի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ: Այնուհետև Բանկի և Ստեփան Մեսրոպյանի միջև 07.07.2011 թվականին կնքվել է անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Բանկը 8.000.000 ՀՀ դրամի դիմաց Ստեփան Մեսրոպյանի սեփականությանն է հանձնել վերը նշված անշարժ գույքը: Նույն պայմանագրի 2.2 կետի համաձայն` նշված գումարից 2.600.000 ՀՀ դրամը վճարվել է պայմանագրի նոտարական վավերացման օրը, իսկ գումարի մնացած մասը պետք է վճարվեր 18 ամիսների ընթացքում` յուրաքանչյուր ամիս 300.000 ՀՀ դրամից ոչ պակաս գումար վճարելու միջոցով: Ի կատարումն պայմանագրում նշված այդ պայմանի` Ստեփան Մեսրոպյանը մինչև 29.01.2013 թվականը Բանկին վճարել է ընդհանուր 8.000.000 ՀՀ դրամ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2014 թվականի վճռով անվավեր է ճանաչվել 14.04.2010 թվականին Բանկի անվամբ վերը նշված գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և որպես անվավերության հետևանք` անվավեր են ճանաչվել վերը նշված պայմանագիրն ու դրա հիման վրա Ստեփան Մեսրոպյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Բանկը, հաշվի առնելով կայացված դատական ակտի բովանդակությունը, 19.06.2015 թվականին Ստեփան Մեսրոպյանին վերադարձրել է պայմանագրով նրանից ստացած 8.000.000 ՀՀ դրամը, ինչպես նաև վճարել է ևս 2.290.000 ՀՀ դրամ: Այսինքն` Բանկը Ստեփան Մարգարյանին գումարը, ըստ էության, վերադարձրել է դատական ակտի հիման վրա:

Ստեփան Մեսրոպյանը հայց է ներկայացրել ընդդեմ Բանկի` խնդրելով նրանից բռնագանձել 817.190 ՀՀ դրամ` որպես ապրանքի գնից պակաս վերադարձված գումար, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները՝ սկսած 19.06.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև բռնագանձել 52.000 ՀՀ դրամ ՝ որպես իրավունքի գրանցման և դադարեցման համար կատարված ծախս, ու 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ «Բանկի կողմից ստացված գումարն անօրինական պահելու ժամանակահատված կարող է համարվել վերը նշված գործարքն անվավեր ճանաչելու մասին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2014 թվականի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև անվավերության հետևանքների կիրառմամբ պայմանավորված դրամական պարտավորության փաստացի կատարման պահը», «Բանկը գումարներն ստացել է օրինական հիմքերով` կողմերի միջև 07.07.2011 թվականին կնքված գործարքի ուժով, ուստի և այն հետագայում անվավեր ճանաչելու դեպքում գործարքի գործողության ընթացքում տոկոսներ ենթակա չեն բռնագանձման, քանի որ այդ ընթացքում գումարի վճարումն իրականացվել է օրինական և իրավական հիմքով՝ գործարքի ուժով», և հաստատված համարելով, որ «08.04.2015 թվականից Ստեփան Մեսրոպյանի հանդեպ Բանկն ունեցել է 8.000.000 ՀՀ դրամի հետ վճարման պարտավորություն՝ որպես գործարքի անվավերության հետևանք», «Բանկի կողմից 19.06.2015 թվականին Ստեփան Մեսրոպյանին հատուցվել է 10.290.000 դրամ, որից 8.000.000 ՀՀ դրամը` որպես տան համար վճարված փոխհատուցում, իսկ 2.290.000 ՀՀ դրամը՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվակված տոկոսագումար՝ սկսած 28.01.2013 թվականից մինչ պարտավորության փաստացի կատարման օրը` 19.06.2015 թվականը, այսինքն՝ Բանկի կողմից վճարվել է ավելի գումար, քան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով 08.04.2015 թվականից մինչ 19.06.2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվեգրված գումարը», հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Դատարանի կողմից տոկոսների հաշվեգրման ժամանակահատվածի սկիզբը սխալ է մեկնաբանվել», «Դատարանի կողմից հաշվարկը պետք է կատարվեր ամեն ամիս նվազող գումարների վրա, այսինքն` Բանկի կողմից գումարների վճարման պարտավորությունը ծագել է ավելի վաղ` հայցվորի կողմից կատարված առաջին վճարման պահից», գտել է, որ «անհիմն է դառնում Դատարանի այն եզրահանգումը, որ Բանկը պետք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվեգրվող տոկոսների հաշվարկը սկսեր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/2183/02/11 վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 08.04.2015 թվականից», ու Ստեփան Մեսրոպյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 06.07.2016 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ գործը նոր քննության ուղարկելու մասով, հիմնավոր է, սակայն Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ պայմանագրի հիման վրա ստացված գումարն Ստեփան Մեսրոպյանին վերադարձնելու Բանկի պարտականությունը ծագել է թիվ ԵԱՔԴ/2183/02/11 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացվելու և այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու արդյունքում որպես պատասխանատվության միջոց տոկոսներ հաշվարկելիս պետք է հաշվի առնվի, թե որ պահից է փաստացի սկսել իրավախախտումը, այսինքն՝ որ պահից է Բանկը մեղավոր իրավախախտման համար, որի համար պետք է պարզել, թե երբ է վերջնական դատական ակտը հասու դարձել Բանկին: Հետևաբար սույն գործով պարզաբանման է ենթակա այն հարցը, թե թիվ ԵԱՔԴ/2183/02/11 քաղաքացիական գործով առկա է արդյոք վերջնական դատական ակտ, երբ է այն ուժի մեջ մտել և երբ է հասու դարձել Բանկին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ենթակա է նոր քննության՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի վերոնշյալ հանգամանքները պարզելու համար, որպիսի պայմաններում անհնարին է համարում որպես իրավունքի գրանցման և դադարեցման համար կատարված ծախսի բռնագանձման հարցին` որպես ածանցյալ պահանջի, ինչպես նաև փաստաբանի վարձատրության գումար բռնագանձելու հարցին անդրադառնալը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և գործը նոր քննության ուղարկելով, կայացրել է ճիշտ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի դատական ակտը սխալ է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, որպիսի պարագայում սույն գործը Վերաքննիչ դատարանի որոշման ուժով ենթակա է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, և այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2016 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան 

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան