Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0397/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0397/02/13
2017թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան  

Դատավորներ՝

 Ս. Միքայելյան

 

 Գ. Խանդանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

    Ռ. Հակոբյանի
    Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Կրիստեխ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կազմակերպության, երրորդ անձ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության՝ վնասը հատուցելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 5.336.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 6.500 ՀՀ դրամ` որպես մաքսային ձևակերպումների և 4.800 ՀՀ դրամ` որպես փոխադրման համար վճարված գումարներ, 6.000.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) 14.05.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 5.336.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 6.500 ՀՀ դրամ` որպես մաքսային ձևակերպումների և 4.800 ՀՀ դրամ` որպես փոխադրման համար վճարված գումարներ, 2.000.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար. հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Կ. Չիլինգարյան, Ա. Պետրոսյան, Ա. Խառատյան) 12.05.2014 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.07.2014 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 18.02.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 5.336.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 6.500 ՀՀ դրամ` որպես մաքսային ձևակերպումների և 4.800 ՀՀ դրամ` որպես փոխադրման համար վճարված գումարներ, 6.000.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.02.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 13-րդ և 20-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 16.02.2012 թվականի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 211-Ն որոշման պահանջները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անհիմն հետևություն է արել այն մասին, որ Կազմակերպության համապատասխան բաժանմունքից Ընկերությունը Ռուսաստանի Դաշնություն է ուղարկել 5.800 հատ միներալոկերամիկական կրնկատակեր, որոնց արժեքը կազմել է 5.336.000 ՌԴ ռուբլի:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ընդունվել է միայն միջազգային փոքր փաթեթ (փոստային առաքանի)՝ 700 գրամ քաշով, մաքսային մարմնի կողմից փակված և կապարակնքված վիճակում. անդորրագրի վրա անգամ նշում չկա ուղարկողի մասին: Բացի այդ, հիմք չի եղել ենթադրելու, որ նշված փակ փաթեթում ներդրված է 5.336.000 ՌԴ ռուբլու արժողությամբ ապրանք, այդ մասին Կազմակերպությանը չի հայտարարվել: Ավելին` առկա չէ որևէ ստորագրված և կնքված պայմանագիր կամ գրավոր այլ փաստաթուղթ, որ Ընկերությունից ընդունել են 5.800 հատ միներալոկերամիկական կրնկատակեր՝ 5.336.000 ՌԴ ռուբլի արժեքով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ չթույլատրվող (արգելված) ներդրվածքի ցանկը սահմանված է օրենքով, և Կազմակերպության աշխատակիցն առաքանին ընդունելիս պարտավոր է ուշադրություն դարձնել միայն այդ հոդվածով սահմանված արգելված առարկաների առկայության հանգամանքին (հրազեն, թմրամիջոցներ և այլն) և որևէ պարագայում պարտավոր չէ ու չի կարող ապրանքագիտական փորձաքննության ենթարկել հանձնվող և մաքսային մարմնի կողմից փակված ու կնքված կապոցը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Կազմակերպությունը վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքը պակաս է վճարել, որի պայմաններում բողոքը ենթակա էր վերադարձման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 16.08.2012 թվականին Կազմակերպության Երևանի թիվ 0013 փոստային բաժանմունքից Ռուսաստանի Դաշնության Նովոուրալսկ քաղաքում գտնվող համապատասխան հասցեատիրոջն ուղարկվել է թիվ RR074549347AM մանր կապոցը` որպես պատվիրված գրանցումով փոստային առաքանի: Կապոցի քաշը կազմել է 700 գրամ, գնահատված արժեքը նշված է 0, որի համար վճարվել է 4.800 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 64).

2) 11.10.2012 թվականին նույն բաժանմունք ներկայացվել է «բողոքագիր»` Ընկերության կողմից ուղարկված վերը նշված առաքանին հասցեատիրոջը չհասնելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 42, 74):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փոստային կապի ազգային օպերատորի կողմից փոստային առաքանու կորստի համար վնասի հատուցման պարտականության ծագման հարցին այն դեպքում, երբ գործով չի հիմնավորվում, թե ինչ պարունակությամբ առաքանի է հանձնվել վերջինիս:

 

 «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` փոստային կապի ազգային օպերատորին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ նույն հոդվածի «գ» կետի համաձայն` վերջինս փոստային կապի ազգային օպերատորին լիազորում է մատուցելու փոստային կապի ունիվերսալ ծառայություններ:

ՀՀ կառավարությունը, ի կատարումն «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի, 10.03.2005 թվականի «Փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ու փոստային կապի ազգային օպերատոր սահմանելու և փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման լիազորություններ տալու մասին» թիվ 292-Ն որոշման 2-րդ կետով սահմանել է, որ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ազգային օպերատոր է «Հայփոստ» ՓԲԸ-ն: Նույն որոշման 3-րդ կետով վերջինս լիազորվել է մատուցել փոստային կապի ունիվերսալ ծառայություններ:

 «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` փոստային կապը փոստային առաքանու ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող կապի տեսակ է, որը տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր է, փոստային առաքանի են հասցեագրված նամակագրական թղթակցությունը, փոստային ծանրոցները և փոստային բեռնարկղերը, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակությունները, միջազգային փոստային կապ է տարբեր պետությունների իրավասության ներքո գտնվող փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանու փոխանակումը, իսկ փոստային կապի ունիվերսալ ծառայություններ են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ծառայությունները` նամակագրական թղթակցության, մինչև 20 կիլոգրամ քաշով ծանրոցների և գյուղական բնակավայրերում պաշտոնական պարբերականների առաքման գծով, ինչպես նաև «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքումը:

 «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` (...) միջազգային փոստային առաքանու կորստի կամ վնասվածքի համար պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով և միջազգային պայմանագրերով:

 «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` միջազգային փոստային առաքանու կորստի կամ փչանալու (վնասվածքի) դեպքում պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով սահմանված կարգով և միջազգային պայմանագրերով:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ազգային օպերատոր է սահմանվել «Հայփոստ» ՓԲԸ-ն, որը լիազորվել է մատուցել վերը նշված փոստային կապի ունիվերսալ ծառայությունները: Վերջինս, որպես Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ազգային օպերատոր, նաև լիազորված է այլ պետությունների օպերատորների հետ կատարելու փոստային առաքանու փոխանակում: Ընդ որում, նման փոխանակում կատարելիս դրա կորստի համար պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով և միջազգային պայմանագրերով:

ՀՀ կառավարությունը, ի կատարումն «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի, 16.02.2012 թվականի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 211-Ն որոշման 1-ին կետով հաստատել է «Հայփոստ» ՓԲԸ-ի` որպես Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ազգային օպերատորի գործունեության կարգը (այսուհետ՝ Կանոնակարգ):

Կանոնակարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` փոքր փաթեթը միջազգային փոստային առաքանի է, որը պարունակում է ապրանքների նմուշներ կամ ոչ մեծ առարկաներ, որոնց ներդրվածքը, չափերը, քաշը և փաթեթավորման տեսակը սահմանվում են Կանոնակարգով:

Կանոնակարգի 4-րդ կետի համաձայն` փոստային կապի ծառայությունները դասակարգվում են փոստային կապի ունիվերսալ ծառայությունների, ինչպես նաև այլ ծառայությունների, այդ թվում` դրամական միջոցների փոստային փոխադրությունների ծառայությունների, միջազգային փոստային առաքանիների առաքման ծառայությունների և արագընթաց փոստային ծառայությունների:

Կանոնակարգի 5-րդ կետի համաձայն` փոստային առաքանիները, կախված մշակման ձևից, ստորաբաժանվում են հետևյալ տարատեսակների`

1) հասարակ` ընդունվում է ուղարկողից՝ առանց նրան անդորրագիր հանձնելու և հասցեատիրոջը (օրինական ներկայացուցչին) հանձնվում է առանց ստորագրության.

2) գրանցվող (գնահատված, պատվիրված, սովորական)` ընդունվում է ուղարկողին՝ անդորրագրի հանձնումով և հասցեատիրոջը (օրինական ներկայացուցչին) հանձնվում է ստորագրությամբ՝ անձնագրի առկայության դեպքում:

Կանոնակարգի 6-րդ կետի համաձայն`գրանցվող փոստային առաքանիները կարող են առաքվել ներդրվածքի ցուցակով, հանձնման մասին տեղեկացմամբ և վերադիր վճարով: Ներդրվածքի ցուցակով, հանձնման մասին տեղեկացումով և վերադիր վճարով փոստային առաքանու տեսակների ցանկը որոշվում է փոստային կապի օպերատորի կողմից:

Կանոնակարգի 7-րդ կետի համաձայն` փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրություններն ստորաբաժանվում են՝ ներհանրապետական (ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար) և միջազգային (ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաքելու, այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու կամ տարանցիկով Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու համար):

Կանոնակարգի 9-րդ կետի համաձայն` միջազգային փոստային առաքանիները դասակարգվում են ըստ հետևյալ տեսակների`

1) նամակներ (հասարակ, պատվիրված, գնահատված).

2) փոստային բացիկներ (հասարակ, պատվիրված).

3) փաթեթներ (հասարակ, պատվիրված).

4) փոքր փաթեթ (հասարակ, պատվիրված).

5) սեկոգրամներ (հասարակ, պատվիրված).

6) «M» պարկ (հասարակ, պատվիրված).

7) ծանրոցներ (հասարակ, գնահատված):

Կանոնակարգի 10-րդ կետի համաձայն` փոստային կապի օպերատորները, փոստային կապի ծառայությունների մատուցման ժամանակ (բացի փոստային կապի ունիվերսալ ծառայություններից) իրենց փոստային կապի ցանցի միջոցով առաքելիս, իրավունք ունեն սահմանելու փոստային առաքանիների առավելագույն չափերը, քաշը և թույլատրելի ներդրվածքը, որոնք առաքման համար արգելված չեն:

Կանոնակարգի 12-րդ կետի համաձայն` միջազգային փոստային առաքանի փոքր փաթեթը, որն առաքվում է միջազգային փոստափոխանակման շրջանակներում, պետք է համապատասխանի հետևյալ առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի հետևյալ պահանջներին՝

 

NN ը/կ

Փոստային առաքանու տեսակը

Առավելա- գույն քաշը

Թույլատրելի ներդրվածքը

Առավելագույն և նվազագույն չափերը

1

2

3

4

5

5.

Փոքր փաթեթ (հասարակ, պատվիրված)

2 կգ

փոքր, չկոտրվող առարկաներ, կամ եզակի ապրանքների նմուշներ

առավելագույնը`
երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ, ամենամեծ չափումը՝ 0.1 մ

 

Կանոնակարգի 19-րդ կետի համաձայն` միջազգային փոստային առաքանիներով առաքվում են ներդրվածքներ, որոնք արգելված չեն ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք կամ արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից և ներմուծել նշանակման երկիր:

Կանոնակարգի 22-րդ կետի համաձայն` փոստային առաքանիներն ընդունվում են փաթեթավորված:

Կանոնակարգի 23-րդ կետի համաձայն` փոստային առաքանիներն ընդունվում են բաց, եթե առաքման ժամանակ ներդրվածքի նկարագիրը ներկայացված է ցուցակով կամ եթե կան կասկածներ, որ փոստային առաքանու մեջ առկա են առաքման համար արգելված առարկաներ կամ նյութեր:

Կանոնակարգի 30-րդ կետի համաձայն` միջազգային փոստային առաքանին ընդունվում և ձևակերպվում է Կանոնակարգի, «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Համաշխարհային փոստային միության կողմից ընդունված ակտերի և միջազգային փոստափոխանակման ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի համաձայն:

Կանոնակարգի 58-րդ կետի համաձայն` փոստային կապի ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ փոստային կապի ծառայություններից օգտվողներն իրավունք ունեն փոստային կապի օպերատորին ներկայացնելու գրավոր պահանջ կամ բողոք, այդ թվում` պատճառված վնասը հատուցելու նպատակով:

Կանոնակարգի 59-րդ կետի համաձայն` փոստային առաքանին չառաքելու, առաքման սահմանված ժամկետի խախտման, փոստային առաքանու վնասվածքի կամ կորստի, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունները չվճարելու հետ կապված գրավոր պահանջը կամ բողոքը ներկայացվում է՝ ինչպես փոստային առաքանին ուղարկողից ընդունող փոստային կապի օպերատորին, այնպես էլ՝ փոստային առաքանու նշանակման վայրի փոստային կապի օպերատորին՝ վեց ամսվա ընթացքում՝ փոստային առաքանու ուղարկման կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունների հանձնման օրվանից սկսած:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոստային կապը կապի տեսակ է, որի միջոցով ապահովվում է փոստային առաքանու ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը: Այսինքն՝ փոստային կապը կանոնակարգող իրավանորմերը կարգավորում են փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման հետ կապված հասարակական հարաբերությունները: Ընդ որում, միջազգային փոստային կապի միջոցով ապահովվում է տարբեր պետությունների իրավասության ներքո գտնվող փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանու փոխանակումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջազգային փոստային առաքանին, ի թիվս այլնի, ներառում է փոքր փաթեթները և ծանրոցները: Ընդ որում, փոքր փաթեթը կարող է լինել հասարակ և պատվիրված: Կանոնակարգի 12-րդ կետի բովանդակությունից բխում է, որ միջազգային փոստային առաքանի փոքր փաթեթի ներդրվածքը կարող է ներառել փոքր, չկոտրվող առարկաներ կամ եզակի ապրանքների նմուշներ՝ 2 կիլոգրամը չգերազանցող քաշով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կանոնակարգի վերը նշված իրավանորմերից բխում է նաև, որ որպես ընդհանուր կանոն՝ փոստային առաքանիներն ընդունվում են փաթեթավորված: Ընդ որում, փոստային առաքանին կարող է ընդունվել բաց հետևյալ դեպքերում․

1) եթե առաքման ժամանակ ներդրվածքի նկարագիրը ներկայացված է ցուցակով,

2) եթե կան կասկածներ, որ փոստային առաքանու մեջ առկա են առաքման համար արգելված առարկաներ կամ նյութեր:

Փոստային կապի ծառայություններից օգտվողներն իրավունք ունեն նաև փոստային կապի ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ փոստային կապի օպերատորին ներկայացնելու գրավոր պահանջ կամ բողոք, այդ թվում` պատճառված վնասը հատուցելու նպատակով:

 Սույն գործի փաստերի համաձայն` 16.08.2012 թվականին Կազմակերպության Երևանի թիվ 0013 փոստային բաժանմունքից Ռուսաստանի Դաշնության Նովոուրալսկ քաղաքում գտնվող համապատասխան հասցեատիրոջն ուղարկվել է թիվ RR074549347AM «մանր կապոցը»` որպես պատվիրված, գրանցումով փոստային առաքանի: «Կապոցի» քաշը կազմել է 700 գրամ, գնահատված արժեքը նշված է 0, վճարվել է 4.800 ՀՀ դրամ: 11.10.2012 թվականին նույն բաժանմունք ներկայացվել է «բողոքագիր»` Ընկերության կողմից ուղարկված վերը նշված առաքանին չհասնելու վերաբերյալ: Այնուհետև Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կազմակերպության` ծառայությունների մատուցման հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:

Սույն գործով Դատարանը, նաև պատճառաբանելով, որ «5.800 հատ միներալոկերամիկական գնդաձև կրնկատակերով մանր կապոցը՝ 700 գրամ քաշով չի հասցվել նշանակված վայր», «բեռն ընդունվել է Կազմակերպության աշխատակցի կողմից և որևէ առարկություն չի ներկայացվել դրա կապակցությամբ», «բեռը պատշաճ չի փոխադրվել այնքանով, որ կապոցը չի հանձնվել հասցեատիրոջը», հայցը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «գործին կցված 15.07.2012 թվականի թիվ 175 «Նովոուրալսկի նաուչնո-կոնստրուկտորսկիյ ցենտր» ՍՊԸ-ի և «Կրիստեխ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի, փոստային առաքանու անդորրագրի, մաքսային հայտարարագրից հետևում է, որ պատասխանողն իմացել է փոստային առաքանու ներդրվածքի և դրա արժեքի մասին, քանի որ այդ մասին հստակ նշված է դատարանին ներկայացված նշված պայմանագրում և մաքսային հայտարարագրում», «փոստային առաքումների համար հանձնման-ընդունման ակտի փոխարեն կազմվում և ծառայությունից օգտվողներին են տրվում համապատասխան անդորրագրեր, որտեղ նշվում են որոշակի տվյալներ», «օպերատորը պետք է միջոցներ ձեռնարկեր պարզելու համար, թե ինչ է ցանկանում առաքել հաճախորդը և որ ծառայությունն է նախատեսված դրա համար», «հայցվորը պայմանագրային հարաբերությունների մեջ է մտել պատասխանողի, այլ ոչ թե ՌԴ փոստի հետ», «ընդունելով փոստային առաքանին` «Հայփոստ» ՓԲԸ-ն պարտավորվել է այն հանձնել հասցեատիրոջը, որպիսի պարտավորությունը չի կատարել», Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 18.02.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե′ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող՝ Ընկերության կողմից Կազմակերպության Երևանի թիվ 0013 փոստային բաժանմունքին 5.336.000 ՌԴ ռուբլի արժողության 5.800 հատ միներալոկերամիկական գնդաձև կրնկատակեր հանձնված լինելու և Կազմակերպության կողմից փոստային առաքանու ներդրվածքի ու դրա արժեքի մասին իմանալու փաստերը հաստատված է համարել նույն բաժանմունքի կողմից 16.08.2012 թվականին տրված ձև 1 անդորրագրով, 15.07.2012 թվականին «Նովոուրալսկի նաուչնո-կոնստրուկտորսկի ցենտր» ՍՊԸ-ի և Ընկերության միջև կնքված առուվաճառքի պայմանագրով և մաքսային հայտարարագրով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում վնասը հատուցելու պահանջի բավարարման առաջին նախապայմանը՝ վնասի առկայությունը, քանի որ Ընկերությունը չի ապացուցել Կազմակերպության Երևանի թիվ 0013 փոստային բաժանմունքին 5.336.000 ՌԴ ռուբլի արժողության 5.800 հատ միներալոկերամիկական գնդաձև կրնկատակեր հանձնած լինելու հանգամանքը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի վկայակոչած վերը նշված փաստաթղթերը, հաշվի առնելով դրանց բովանդակությունը, թեև վերաբերում են գործին, բայց տվյալ դեպքում բացակայում է ապացուցման ենթակա փաստերի միջև օբյեկտիվ կապը: Այսպես՝ 16.08.2012 թվականին տրված ձև 1 անդորրագիրը տեղեկություն է պարունակում միայն այն մասին, որ այդ օրը Կազմակերպության Երևանի թիվ 0013 փոստային բաժանմունքից Ռուսաստանի Դաշնության Նովոուրալսկ քաղաքում գտնվող համապատասխան հասցեատիրոջն ուղարկվել է թիվ RR074549347AM «մանր կապոցը»` որպես պատվիրված գրանցումով փոստային առաքանի, «կապոցի» քաշը կազմել է 700 գրամ, իսկ գնահատված արժեքը նշված է 0, որի համար վճարվել է 4.800 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է 15.07.2012 թվականին «Նովոուրալսկի նաուչնո-կոնստրուկտորսկի ցենտր» ՍՊԸ-ի և Ընկերության միջև կնքված առուվաճառքի պայմանագրին և մաքսային հայտարարագրին, ապա դրանցից առաջինով հաստատվում է «Նովոուրալսկի նաուչնո-կոնստրուկտորսկի ցենտր» ՍՊԸ-ի և Ընկերության միջև համապատասխան առարկայի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր կնքված լինելու փաստը, իսկ երկրորդով` մաքսային մարմնին համապատասխան հայտարարագիր ներկայացված լինելու փաստը: Բացի այդ, թիվ RR074549347AM միջազգային փոստային առաքանի փոքր փաթեթը գնահատման չի ենթարկվել: Ավելին՝ գործում առկա չէ ապացույց նաև այն մասին, որ Կազմակերպության թիվ 0013 փոստային բաժանմունքում դրա պարունակությունն ընդունվել է բաց վիճակում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության հայցը ենթակա էր մերժման, մինչդեռ Դատարանը, սույն գործով չիրականացնելով գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, սխալ եզրահանգման է եկել գործի լուծման վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկին, գտնում է, որ այն չի վերաբերում վճռաբեկ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին, որպիսի պայմաններում և չի կարող էական նշանակություն ունենալ սույն բողոքի ըստ էության քննության համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, ու հայցը` մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 106.720 (5.336.000*2%) ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ և 226 ((4.800+6.500)*2%) ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Դատարանի 22.02.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Միաժամանակ Ընկերությունից հօգուտ Կազմակերպության ենթակա է բռնագանձման 2.009.343 ՀՀ դրամ` որպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2013 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար Կազմակերպության կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, 1.154.176 ՀՀ դրամ` որպես Դատարանի 18.02.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար Կազմակերպության կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, և 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար Կազմակերպության կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2016 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

2. «Կրիստեխ» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 106.720 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ և 226 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված ու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

 «Կրիստեխ» ՍՊԸ-ից հօգուտ «Հայփոստ» ՓԲԸ-ի բռնագանձել 2.009.343 ՀՀ դրամ` որպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2013 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, 1.154.176 ՀՀ դրամ` որպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.02.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, և 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան 

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան