Գլխավոր տեղեկություն
Համար
N 426-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.23/33(1391).1 Հոդ.582.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 426-Ն

 

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ) ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներկուամսյա ժամկետում՝

1) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ստանդարտների ցանկի հրապարակումը.

2) սահմանել նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների համապատասխանության սերտիֆիկատի (էներգաարդյունավետության սերտիֆիկատի) ձևը և ձևաթղթի լրացման կանոնները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներկուամսյա ժամկետում մշակել և գործողության մեջ դնել շենքերի էներգաարդյունավետության ապահովման և դրա ցուցանիշների գնահատման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան


2018 թ. ապրիլի 16
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 426-Ն որոշման

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ) ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում (այսուհետ` շենքեր) էներգախնայողության և էներգաարդյունավետության (այսուհետ՝ էներգաարդյունավետություն) գործընթացի հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, շենքերում ներքին միկրոկլիմայի պահանջները և ծախսարդյունավետությունը, որոնք պետք է պահպանվեն նախագծման, կառուցապատման և շահագործման ընդունման փուլերում՝ նպատակ ունենալով նաև սահմանափակել շրջակա միջավայրի վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումները:

2. Սույն տեխնիկական կանոնակարգի կարգավորման շրջանակն ընդգրկում է «տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» հետևյալ տնտեսական գործունեության տեսակները շենքերի մասով՝

1) դաս 41.20՝ «Բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն».

2) ենթադաս 43.21.1՝ «էլեկտրական համակարգերի հավաքակցում».

3) ենթադաս 43.22.2՝ «Ջեռուցման, գազամատակարարման, օդի լավորակման համակարգերի հավաքակցում».

4) ենթադաս 43.99.9՝ «Այլ մասնագիտացված շինարարական գործունեություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում».

5) ենթադաս 71.12.3՝ «Էներգետիկ կառույցների նախագծում, նախագծերի փորձաքննություն»:

3. Կանոնակարգի պահանջներն ուղղված են՝

1) շենքերում էներգաարդյունավետության հաշվարկման միասնական մեթոդաբանության ներդրմանը.

2) շենքերում էներգաարդյունավետության նվազագույն պահանջների ապահովմանը, որոնք տարածվում են՝

ա. շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրարկման դեպքում,

բ. շենքերի կոնստրուկտիվ տարրերի վրա, որոնցով պայմանավորված է պատող կոնստրուկցիաների էներգաարդյունավետության ապահովումը՝ վերջիններիս արդիականացման կամ փոխարինման դեպքում,

գ. շենքերի ինժեներատեխնիկական համակարգերի վրա՝ դրանց տեղակայման, փոխարինման կամ վերազինման դեպքերում,

դ. վերակառուցվող կամ նորոգվող պատմամշակութային հուշարձանների վրա` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին չհակասող մասով.

3) շենքերի էներգետիկ բնութագրերի համապատասխանության գնահատման համակարգի ներդրմանը և էներգաարդյունավետության սերտիֆիկատների տրամադրմանը՝ համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

4) շենքերի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի սահմանված կարգով էներգետիկ փորձաքննության կազմակերպմանը.

5) գրեթե զրոյական էներգասպառմամբ շենքերի կառուցման և դրանց թվի հետևողական ավելացմանն ուղղված ծրագրերի մշակմանը:

4. Կանոնակարգի էներգետիկ բնութագրերի նվազագույն պահանջները չեն տարածվում ստորև թվարկված շենքերի վրա՝

1) շենքեր, որոնք պահպանվում են հատուկ նշանակության գոտու մաս կազմելու և ճարտարապետական կամ պատմամշակութային արժեք ունենալու համար.

2) եկեղեցիներ և պաշտամունքի վայր հանդիսացող այլ շենքեր.

3) մինչև երկու տարի ժամկետով շահագործվող ժամանակավոր շենքեր, արդյունաբերական տարածքներ, արհեստանոցներ և էներգիայի նվազագույն պահանջարկով գյուղատնտեսական նշանակության շենքեր.

4) շենքեր, որոնց շահագործումը նախատեսված է տարեկան երեք ամսվանից պակաս կամ տարեկան սահմանափակ ժամկետով օգտագործման համար, և դրանց կողմից սպառվող էներգիան չի գերազանցում դրա տարեկան ակնկալվող ծախսի 25 տոկոսը.

5) 50 քառակուսի մետր և պակաս ընդհանուր մակերեսով շենքեր.

6) շենքեր, որոնք արդեն իսկ նախագծված են կամ գտնվում են կառուցման, վերակառուցման, նորոգման ընթացքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1504-Ն որոշմամբ հաստատված պահանջների:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն կանոնակարգի իմաստով կիրառվում են հետևյալ հասկացությունները՝

1) գրեթե զրոյական էներգասպառմամբ շենք` շենք, որն ունի սույն կանոնակարգի 3-րդ գլխի համաձայն մշակված մեթոդաբանության պահանջներին համապատասխանող բարձր էներգաարդյունավետություն: Պահանջվող գրեթե զրոյական կամ էներգիայի նվազագույն պահանջարկը բավարարվում է վերականգնվող (արևային, քամու) առաջնային էներգիայի աղբյուրների հաշվին.

2) շենքի ինժեներատեխնիկական համակարգեր` տեխնիկական սարքավորանքների ամբողջություն, որը նախատեսված է շենքի կամ շինության ջեռուցման, հովացման, օդափոխման, տաք ջրամատակարարման, լուսավորման կամ դրանց համակցության ապահովման համար.

3) շենքի էներգետիկ բնութագիր՝ էներգիայի հաշվարկված կամ չափված քանակություն, որն անհրաժեշտ է շենքի նպատակային շահագործման հետ կապված էներգիայի պահանջարկը բավարարելու համար՝ ներառյալ ջեռուցումը, հովացումը, օդափոխումը, տաք ջրամատակարարումը և լուսավորումը.

4) շենքը պատող կոնստրուկցիաներ՝ շենքի համակցված տարրեր, որոնք կազմում են շենքի պատյանը կամ բաժանում են շենքն առանձին սենքերի, ինչպես նաև պաշտպանում են շենքն արտաքին ազդեցությունից (շենքի տանիք, արտաքին պատեր, դռներ ու պատուհաններ և այլն).

5) շենքերի էներգետիկ աուդիտ՝ շենքի էներգետիկ զննում (գնահատում), որը ներառում է շենքի էներգետիկ արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և մշակում, ինչպես նաև առաջարկություններ շենքի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ.

6) շենքի էներգաարդյունավետության դաս՝ շենքի էներգաարդյունավետության մակարդակի ցուցանիշ, որը բնութագրվում է ջեռուցման և օդափոխման համար ջերմային էներգիայի տարեկան պահանջարկի արժեքների տիրույթով (ջեռուցման և օդափոխման վրա ծախսվող ջերմային էներգիայի տեսակարար ծախսի հաշվարկային (փաստացի) արժեքի շեղումը նորմավորվող արժեքից).

7) նորոգում` շենքերի հիմնական կոնստրուկցիաների վերականգնմանն ուղղված միջոցառումների համալիր, որն անհրաժեշտության դեպքում ուղեկցվում է առանձին կոնստրուկտիվ տարրերի և ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների փոխարինումով, արդիականացումով, ինչպես նաև շահագործողական ցուցանիշների բարելավումով.

8) համապատասխանության սերտիֆիկատ (էներգաարդյունավետության սերտիֆիկատ)՝ համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է (փաստում է) շենքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի և (կամ) ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին, և որում տրված է օբյեկտիվ տեղեկատվություն էներգետիկ ռեսուրսների օգտագործման մակարդակի և արդյունավետության մասին.

9) համակցված արտադրություն (կոգեներացիա)՝ մեկ գործընթացով ջերմային էներգիայի և էլեկտրական և (կամ) մեխանիկական էներգիայի արտադրություն.

10) ծախսարդյունավետության մակարդակ` շենքի էներգետիկ ցուցանիշների արժեքները (էներգաարդյունավետության մակարդակը), որոնց դեպքում նվազագույնի են հասնում ծախսերը շենքի շահագործման հաշվարկային ամբողջ ժամկետում: Ընդ որում, նվազագույն ծախսը որոշվում է՝ հաշվի առնելով էներգասպառման հետ առնչվող ներդրումային ծախսերը, ինչպես նաև շահագործման և պահպանման ծախսերը (ներառյալ էներգիայի ծախսերը և խնայողությունները, շենքի տեսակը, արտադրված էներգիայից հասույթները).

11) օդի լավորակման համակարգ՝ փակ սենքերում օդի բոլոր կամ առանձին հարաչափերի (ջերմաստիճանի, հարաբերական խոնավության, մաքրության, շարժման արագության) ավտոմատ պահպանման համակարգ, որով վերահսկվում և կարգավորվում է միկրոկլիման.

12) ջերմային պոմպ` սարքվածք, մեխանիզմ կամ սարքավորում, որը բնական միջավայրի՝ օդի, ջրի կամ ընդերքի ջերմությունը փոխանցում է շենքերին կամ արդյունաբերական շինություններին՝ ջերմության բնական հոսքն ուղղորդելով ցածրից դեպի բարձր ջերմաստիճանային միջավայր։ Հետադարձ (ռևերսային) ջերմային պոմպերը կարող են ջերմությունը շենքից փոխանցել բնական միջավայր.

13) «խելացի» սարքեր և (կամ) համակարգեր՝ արհեստական տրամաբանությամբ, տվիչներով ու կատարող մեխանիզմներով համալրված սարքավորում և (կամ) համակարգ, որը շենքերում, կենցաղում ու տեխնոլոգիական գործընթացներում ապահովում է անվտանգություն, հարմարավետություն ու ռեսուրսախնայողություն՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիական լուծումներ։ Ընդհանուր առմամբ, այն կապված է այլ սարքերի կամ ցանցերի հետ անլար և (կամ) լարային համակարգերի միջոցով, որոնք կարող են աշխատել ինտերակտիվ ու ավտոմատ կամ կիսաավտոմատ կերպով.

14) նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենք` սահմանված կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն մշակված նախագծային փաստաթղթերի հիման վրա կառուցվող շենք:

 

III. ՇԵՆՔԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Շենքերի էներգաարդյունավետության ապահովման և դրա ցուցանիշների գնահատման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը մշակվում, ընդունվում և գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 426-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետի համաձայն:

7. Շենքի նպատակային օգտագործման հետ կապված կարիքների բավարարման համար անհրաժեշտ էներգիայի օգտագործման արդյունավետությունը որոշվում է տարեկան հաշվարկային կամ փաստացի էներգասպառման հիման վրա: Այն ներառում է շենքի ներքին միկրոկլիմայի ապահովման, լուսավորության և կենցաղային տաք ջրամատակարարման կարիքների բավարարման համար անհրաժեշտ էներգիայի քանակությունը։

8. Շենքի էներգետիկ բնութագիրը պետք է արտահայտված լինի հստակ ձևաչափով, ներառի էներգաարդյունավետության ցուցանիշ կամ ջերմային և (կամ) էլեկտրական էներգիայի օգտագործման բերված թվային արժեք: Այդ ցուցանիշները կամ թվային արժեքները հիմնված են գնահատված միջին արժեքների կամ տեղում արտադրված էներգիայի տեսակարար արժեքի վրա:

9. Շենքերի էներգետիկ արդյունավետությունը նախագծային փաստաթղթերի մշակման փուլում բնութագրվում է էներգաարդյունավետության ցուցանիշով, որն ընդունվում է որպես շենքի ջեռուցման և օդափոխության վրա ծախսվող ջերմային էներգիայի տեսակարար բնութագիր, թվայնորեն հավասար՝ միավոր ժամանակում, շենքի ջեռուցվող 1 մ3 ծավալի ջեռուցման և օդափոխության վրա ծախսվող ջերմային էներգիային, ջերմաստիճանների 10 С տարբերության դեպքում: Այս ցուցանիշը պետք է փոքր կամ հավասար լինի նորմավորվող արժեքից և որոշվում է ընտրված ծավալահատակագծային լուծումների, կողմնորոշման, շենքի պատող կոնստրուկցիաների ջերմապաշտպան հատկությունների, շինարարության վայրի կլիմայական պայմանների, օդափոխության համակարգերի, ինչպես նաև այլ էներգախնայող լուծումների հիման վրա:

10. Էներգաարդյունավետության հաշվարկման մեթոդաբանությունը ներառում է հետևյալ գործոնները և դրանց առանձնահատկությունները՝

1) շենքի, ինչպես նաև դրա պատող կոնստրուկցիաների ու միջնապատերի ստորև թվարկված փաստացի ջերմային հատկությունները՝

ա. ջերմունակություն,

բ. ջերմամեկուսացում,

գ. պասիվ ջեռուցում,

դ. ջերմային կամրջակներ.

2) ջեռուցման և տաք ջրամատակարարման համակարգերի սարքավորանքը՝ ներառյալ դրանց ջերմամեկուսացման առանձնահատկությունները.

3) օդի լավորակման համակարգի սարքավորումները.

4) բնական և արհեստական օդափոխության համակարգի սարքավորանքը, անհրաժեշտության դեպքում՝ նաև հերմետիկությունը.

5) տեղակայված լուսավորման սարքավորումները (հիմնականում շենքի ոչ բնակելի հատվածի).

6) շենքի նախագիծը, գործառնական նշանակությունը, դիրքը և կողմնորոշումը՝ ներառյալ արտաքին կլիմայական պայմանները.

7) պասիվ արևային և (կամ) արևապաշտպան համակարգերը.

8) շենքի ներքին միկրոկլիմայի պայմանները, այդ թվում՝ նախագծով նախատեսված.

9) ներքին ջերմային բեռնվածքները.

10) 1 կՎտգժ/տարի խնայողությունից ստացված տեսակարար շահույթը, դրամ/(կՎտգժ/տարի)` էներգախնայող միջոցառման հաշվին ստացված շահույթ, վերածած 1 կՎտգժ/տարի ջերմային էներգիայի խնայողության արժեքի, երբ ջեռուցման շրջանի ջերմաստիճան-օրերը (այսուհետ՝ ՋՇՋՕ)` ՋՇՋՕ = 1000օ С օր/տարի, դրամ/(կՎտգժ/տարի).

11) 1 կՎտգժ/տարի խնայողության միանվագ, տեսակարար ծախսերը, դրամ/(կՎտգժ/տարի)` էներգախնայող միջոցառումների միանվագ ծախսեր վերածած 1 կՎտգժ/տարի ջերմային էներգիայի խնայողության արժեքին, երբ ՋՇՋՕ=1000օ С.օր/տարի, դրամ/մ2։

11. Հաշվարկներում հաշվի են առնվում հետևյալ գործոնների ազդեցությունը՝

1) արևի ճառագայթման (ինսոլյացիա) տեղային պայմաններ, ակտիվ արևային համակարգեր, ինչպես նաև ջեռուցման և էլեկտրամատակարարման համակարգեր՝ հիմնված վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա.

2) համակցված արտադրության (կոգեներացիայի) արդյունքում ստացված էներգիան.

3) թաղամասի կամ շենքի մասշտաբով կենտրոնացված, ինչպես նաև անհատական ջեռուցման և հովացման համակարգերը.

4) բնական լուսավորումը։

12. Հաշվարկներ կատարելու նպատակով շենքերի դասակարգումը՝ ըստ նպատակային նշանակության, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն որոշման համաձայն:

 

IV. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

13. Էներգաարդյունավետության քաղաքականության գործնական կիրառման նպատակով՝

1) Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի N 465 որոշմամբ սահմանված կարգով իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինման և տիրապետման տակ գտնվող շենքերի համակարգված դիտարկումներ և ստեղծում տվյալների միասնական ռեեստր՝ դասակարգելով շենքերն ըստ գործառնական նշանակության, շենքի տեսակի, արտաքին պատերի նյութի, հարկայնության և մակերեսների (մ2

ա. 500-ից բարձր,

բ. 250-ից մինչև 500,

գ. մինչև 250.

2) սահմանվում է շենքերի ցանկը` նշելով դրանց գործառնական նշանակությունն ու էներգիայի տարեկան ծախսի ցուցանիշները, որոնց էներգաարդյունավետության կամ արդիականացմանն ուղղված միջոցառումների իրագործումը տեխնիկապես իրագործելի է և ծախսարդյունավետ.

3) սահմանվում են սույն կանոնակարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցառումների կատարման առաջնահերթությունները:

14. Որոշման 2-րդ և 3-րդ կետերի համաձայն մշակվում և գործողության մեջ են դրվում շենքերի՝ ծախսարդյունավետություն ապահովող էներգետիկ բնութագրերի նվազագույն ցուցանիշների, էներգետիկ աուդիտի և էներգաարդյունավետության դասակարգման վերաբերյալ համապատասխան ստանդարտները և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը:

15. Շենքերի պատող կոնստրուկցիաների էներգաարդյունավետության վրա էական ազդեցություն ունեցող կոնստրուկտիվ տարրերի համար սահմանվում են որոշման 3-րդ կետի համաձայն գործողության մեջ դրված շենքերի էներգաարդյունավետության ապահովման նվազագույն պահանջներ, դրանց փոխարինման կամ արդիականացման դեպքում՝ ծախսարդյունավետություն ապահովելու պայմանով։ Պահանջները սահմանելիս պետք է ցուցաբերել տարբերակված մոտեցում նոր կառուցվող, վերակառուցվող և նորոգվող շենքերի համար:

16. Էներգետիկ բնութագրերի նվազագույն պահանջները սահմանվում են՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները, շենքի ներքին միկրոկլիմային ներկայացվող պահանջները, շենքի գործառնական նշանակությունը և շահագործման ժամկետը: Հաշվի է առնվում, որ շենքի շահագործման ընթացքում էներգետիկ բնութագրերի նվազագույն պահանջները ենթակա են իրականացման միայն այն դեպքում, երբ դրանք ծախսարդյունավետ են:

17. Էներգետիկ բնութագրերի նվազագույն պահանջները վերանայվում են հնգամյա պարբերականությամբ և անհրաժեշտության դեպքում թարմացվում են շինարարության ոլորտում տեխնիկական առաջընթացի հետ կապված նորամուծությունների ներառման նպատակով։

 

V. ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

18. Շենքերը պատող կոնստրուկցիաների էներգետիկ բնութագրերի նվազագույն պահանջների ծախսարդյունավետության մակարդակների հաշվարկման համեմատական մեթոդաբանությունը սահմանվում է որոշման 2-րդ և 3-րդ կետերի համաձայն մշակված համապատասխան փաստաթղթերով։ Համեմատական մեթոդաբանությունը հաշվի է առնում կանոնակարգի 10-րդ կետի գործոնները՝ տարբերակելով նոր կառուցվող, վերակառուցվող, նորոգվող շենքերը, ինչպես նաև շենքերի գործառնական նշանակությունը։

19. Էներգետիկ բնութագրերի նվազագույն պահանջների իրականացման ծախսարդյունավետության մակարդակները հաշվարկվում են համեմատական մեթոդաբանության կիրառմամբ՝ հաշվի առնելով կլիմայական պայմաններն ու էներգետիկ ենթակառուցվածքի գործնական հասանելիությունը, այնուհետև հաշվարկների արդյունքները համեմատվում են էներգետիկ բնութագրերի գործող նվազագույն պահանջների ապահովման համար կատարված և (կամ) կատարվելիք ծախսերի հետ։

 

VI. ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

20. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերին ներկայացվող էներգաարդյունավետության պահանջները ներառում են՝

1) շենքերի էներգետիկ բնութագրերը, ջեռուցման, օդափոխման, հովացման և (կամ) օդի լավորակման, լուսավորման (ոչ բնակելի տարածքների) կամ դրանց համակցության համար անհրաժեշտ էներգիայի հաշվարկային արժեքները և դրանց իրագործման տեսակները (կենտրոնական, տեղային, անհատական).

2) շենքերը պատող կոնստրուկցիաների, դրանց կառուցվածքային տարրերի և շինարարական նյութերի ջերմային բնութագրերը (ջերմափոխանցում, ջերմահաղորդականություն, ջերմակայունություն, գոլորշակայունություն և այլն) ու կիրառելիության հիմնավորումները.

3) շենքի ներքին՝ բնակելի և ոչ բնակելի տարածքների միկրոկլիման բնորոշող գործոնների հարաչափերը.

4) շենքի ակնկալվող էներգաարդյունավետության ցուցանիշի հաշվարկային արժեքը:

21. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերը և դրանց պատող կոնստրուկցիաները նախագծվում և կառուցվում են այնպես, որ բավարարեն սույն կանոնակարգի IV գլխի պահանջները՝ հաշվի առնելով՝

1) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմանները, սենքերում համապատասխան միկրոկլիմային ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջները.

2) շենքերի էներգետիկ բնութագրերին և էներգաարդյունավետության ցուցանիշներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև բարձր արդյունավետության՝ ստորև նշված համակարգերի տեխնիկական, շրջակա միջավայրի պահպանության և տնտեսական առումներով իրագործելիությունը՝

ա. վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա հիմնված էներգամատակարարման ապակենտրոնացված համակարգերի,

բ. էներգիայի համակցված արտադրության,

գ. թաղամասի կամ շենքի մասշտաբներով կենտրոնական կամ տեղային, ինչպես նաև անհատական ջեռուցման կամ հովացման, որոնք, ամբողջովին կամ մասնակիորեն հիմնված են վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա,

դ. ջերմային պոմպերի օգտագործման։

22. Սույն կանոնակարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համակարգերի վերլուծության փաստաթղթավորումն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Այդպիսի վերլուծությունը կատարվում է առանձին շենքերի կամ համանման շենքերի խմբի և (կամ) միևնույն տարածքի ընդհանուր նույնատեսակ շենքերի համար: Եթե վերլուծությունը վերաբերում է ընդհանուր ջեռուցման և հովացման համակարգերին, ապա այն կարող է կատարվել համակարգին միացված միևնույն տարածքի բոլոր շենքերի համար:

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Պետական միջոցների հաշվին կառուցվող, նորոգվող, վերակառուցվող շենքերի համար իրականացվում է էներգետիկ փորձաքննություն (աուդիտ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1399-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան, և ելակետային տվյալների հիման վրա էլ կազմվում են նախագծային փաստաթղթերը:

24. Պետական միջոցների հաշվին կառուցվող շենքերի կառուցման, վերակառուցման, նորոգման ճարտարապետահատակագծային առաջադրանքում ներառվում են սույն կանոնակարգի IV գլխում նշված էներգետիկ բնութագրերի նվազագույն պահանջները, եթե դրանք տեխնիկապես, գործառնական և տնտեսական առումներով իրագործելի են: Այդ պահանջները կիրառվում են նաև ամբողջովին նորոգվող շենքի կամ շենքի նորոգվող հատվածի նկատմամբ:

25. Շենքերի վերակառուցման, նորոգման դեպքում պատող կոնստրուկցիայի մաս կազմող և դրա էներգաարդյունավետության վրա զգալի ազդեցություն ունեցող կոնստրուկտիվ տարրի արդիականացման կամ փոխարինման դեպքում գործում են սույն կանոնակարգի 24-րդ կետի պահանջները, եթե դրանք տեխնիկական, գործառնական և տնտեսական առումներով իրագործելի են:

 

VIII. ՇԵՆՔԻ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26. Շենքերի ինժեներատեխնիկական համակարգերի էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով կիրառվում են որոշման 3-րդ կետի համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով սահմանված` դրանց էներգաարդյունավետության, տեղակայման և հարաչափերի ճիշտ ընտրության, ինչպես նաև տեղակայման և վերահսկման պահանջները:

27. Սույն կանոնակարգի 26-րդ կետում նշված պահանջները սահմանվում են շենքերի, նոր փոխարինված և արդիականացված ինժեներատեխնիկական համակարգերի համար, եթե դրանք իրագործելի են տեխնիկական, տնտեսական և գործառնական առումներով:

28. Ինժեներատեխնիկական համակարգերի համար նախատեսված էներգաարդյունավետության նվազագույն պահանջները վերաբերում են՝

1) ջեռուցման համակարգերին.

2) տաք ջրամատակարարման համակարգերին.

3) օդի լավորակման համակարգերին.

4) ընդհանուր օդափոխման համակարգերին կամ դրանց համակցությանը.

5) լուսավորության համակարգերին:

29. Շենքերի նախագծման, կառուցման, վերակառուցման, նորոգման մասին որոշումներ ընդունելիս հաշվի են առնվում «խելացի» սարքերի և (կամ) համակարգերի ներդրման հնարավորությունները՝ պայմանով, որ դրանք ապահովեն՝

1) սպառողների անմիջական մասնակցություն դիտարկվող գործընթացներին, շուկայի առանձին սպառողների համար այդպիսի սարքերի կամ համալիրների ներդրման երկարաժամկետ ծախսերի ու եկամուտների գնահատում.

2) «խելացի» սարքերի և (կամ) համակարգերի ծախսի տեսանկյունից առավել ծախսարդյունավետ և նպատակահարմար տեսակների ընտրություն ու դրանց կիրառման համար նպատակահարմար ժամկետների որոշում.

3) գնահատման արդյունքներին համապատասխան ոլորտի կարգավորման մարմինների կողմից «խելացի» սարքերի և (կամ) համակարգերի փորձնական ներդրման գործընթացի սահմանում՝ մինչև 10 տարի թիրախային ժամկետով։

30. Եթե «խելացի» սարքերի և (կամ) համակարգերի գործարկման արդյունքը դրական է, ապա դրանց կիրառումը տարածվում է մնացած սպառողների վրա: Էներգամատակարարող կազմակերպություններն ապահովում են իրենց սպասարկման ոլորտում գտնվող տարածքներում կիրառված «խելացի» սարքերի և (կամ) համակարգերի փոխկապակցված գործողությունը, և պատշաճ կերպով կիրառում են համապատասխան ստանդարտների պահանջների կիրառումը, առաջավոր փորձը։

 

IX. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

31. Շենքերը շահագործման հանձնելուց կամ շուկայահանելուց առաջ պետք է ներկայացվեն սույն կանոնակարգով սահմանված էներգաարդյունավետության պահանջներին համապատասխանության գնահատման: Համապատասխանության գնահատումն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

32. Շենքերի էներգաարդյունավետության համապատասխանության սերտիֆիկատը պետք է ներառի շենքի էներգաարդյունավետության դասի, էներգաարդյունավետության ցուցչի թվային արժեքի և այն ապահովող էներգետիկ բնութագրերի վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք հնարավորություն կտան համեմատել և գնահատել դրանց էներգաարդյունավետության մակարդակը:

33. Սույն կանոնակարգման օբյեկտ հանդիսացող հասարակական և արտադրական նշանակության շենքերի համար էներգաարդյունավետության սերտիֆիկատը ներառում է հավելյալ տեղեկություններ, օրինակ, տարեկան էներգասպառումը և վերականգնվող աղբյուրների էներգիայի (դրա առկայության դեպքում) օգտագործման տոկոսային չափաբաժինն ընդհանուր էներգասպառման մեջ:

34. Էներգաարդյունավետության սերտիֆիկատը տրամադրվում է էներգետիկ փորձաքննության (աուդիտ) հիման վրա, որը ներառում է էներգաարդյունավետությունն օպտիմալ կերպով բարելավելու վերաբերյալ առաջարկություններ՝ բացառությամբ այն դեպքի, երբ գործող էներգաարդյունավետության պահանջների համեմատությամբ այդ բարելավումը նպատակահարմար չէ:

35. Էներգաարդյունավետության սերտիֆիկատում ներառված տվյալները պետք է վերաբերեն`

1) շենքի պատող կոնստրուկցիաների կամ շենքի ինժեներատեխնիկական համակարգի (համակարգերի) վերականգնման հետ կապված հնարավոր ձեռնարկվելիք միջոցառումներին.

2) առանձին կոնստրուկտիվ տարրերի համար նախատեսված միջոցառումներին` անկախ շենքը պատող կոնստրուկցիաների կամ շենքի ինժեներատեխնիկական համակարգի (համակարգերի) վերակառուցման, նորոգման հանգամանքից:

36. Սույն կանոնակարգի 35-րդ կետում նշված առաջարկությունները պետք է տեխնիկապես իրագործելի լինեն շենքերի միատեսակ խմբերի համար: Դրանցում կարող է ներկայացվել շենքի տնտեսական առումով գնահատված շահագործման ամբողջ ժամկետի կտրվածքով ծախսերի հետգնման ժամկետների կամ ծախսերի և արդյունքների վերաբերյալ նախահաշիվը:

37. Էներգաարդյունավետության սերտիֆիկատում պետք է նշված լինի ծախսարդյունավետության վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը: Ծախսարդյունավետության գնահատումը պետք է հիմնված լինի այնպիսի ստանդարտ պայմանների վրա, ինչպիսիք են էներգախնայողության թվային արժեքը, էներգիայի գործող գները և ծախսերի նախնական կանխատեսումը: Սերտիֆիկատը պետք է պարունակի տեղեկատվություն սույն կանոնակարգի 35-րդ կետում նշված առաջարկությունների իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերի վերաբերյալ:

38. Շենքերի սերտիֆիկացումը կարող է իրականացվել՝ ամբողջ շենքի սահմանված կարգով սերտիֆիկացման կամ էներգետիկ նույն բնութագրերն ունեցող մեկ այլ սերտիֆիկացված շենքի համեմատական գնահատման միջոցով:

39. Էներգաարդյունավետության սերտիֆիկացումը կարող է իրականացվել մեկ այլ` համանման նախագծով, կառուցվածքով և չափսերով, ինչպես նաև փաստացի համարժեք էներգաարդյունավետությամբ նմանատեսակ շենքի հետ համեմատական գնահատման միջոցով, եթե այդ համապատասխանությունը կարող է երաշխավորվել էներգաարդյունավետության ցուցանիշներին համապատասխանության գնահատման՝ սահմանված կարգով սերտիֆիկացված փորձագետի կողմից:

40. Շենքերի էներգաարդյունավետության համապատասխանության գնահատման համար պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Է և (կամ) Զ1 ընթացակարգերի պահանջները:

 

X. ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

41. Շենքերի կառուցման դեպքում էներգաարդյունավետության սերտիֆիկատը կամ դրա պատճենը պետք է տրամադրվի պատվիրատուին, իսկ օտարման կամ վարձակալության դեպքում՝ վարձակալին կամ գնորդին։

42. Երբ շենքն օտարվել է մինչև դրա շահագործման հանձնելը, ապա շենքի նոր տնօրինողը (տիրապետող) կարող է կառուցապատողից պահանջել ակնկալվող էներգաարդյունավետության գնահատում. այս դեպքում էներգաարդյունավետության սերտիֆիկատը տրամադրվում է շինարարության ավարտից անմիջապես հետո։

43. Գնահատման հետ կապված հնարավոր տարաձայնություններն ու վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

 

XI. ՇԵՆՔԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

44. Շենքերի ջեռուցման, օդափոխման, օդի լավորակման համակարգերի, ինչպես նաև շենքերը պատող կոնստրուկցիաների էներգետիկ փորձաքննությունը (աուդիտ) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1399-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

45. Շենքերի ջեռուցման համակարգերի հասանելի բաղադրիչները (ջերմային գեներատոր, վերահսկման համակարգ, շրջանառու պոմպեր) և լավորակման համակարգերը փորձաքննության են ենթարկվում, եթե դրանց անվանական հզորությունը բարձր է համապատասխանաբար 20 կՎտ-ից և 12 կՎտ-ից: Դիտարկման և վերահսկման էլեկտրոնային համակարգի առկայության դեպքում կարելի է նվազեցնել փորձաքննությունների հաճախականությունը կամ պարզեցնել դրանք:

46. 100 կՎտ-ից բարձր առավելագույն անվանական հզորությամբ կաթսաներով ջեռուցման համակարգերի ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1843-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

 

XII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան