«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 ապրիլի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 05018107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 մարտի 2018 թվականի |
թիվ 38-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարձրացնել բանկերում ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև բանկերի կողմից օգտագործվող ներքին մոդելների կազմման ու կիրառման արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իբ» կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 4-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) Կանոնակարգի 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) Երկրի ռիսկ:»,
2) Կանոնակարգի 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1 կետով.
«29.1. Չհեջավորված փոխառուների դեպքում բանկը պետք է գնահատի նաև փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված վարկային ռիսկը: Ընդ որում, չհեջավորված է համարվում այն փոխառուն, որի` պահանջի (օրինակ՝ փոխառություն, վարկ, լիզինգ, ֆակտորինգ) արժույթով արտահայտված ներհոսքերը (բացառությամբ՝ տվյալ պահանջի գումարի) վերջին մեկ տարվա ընթացքում քիչ են եղել կամ բանկի կանխատեսմամբ առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են քիչ լինել նույն արժույթով արտահայտված դրամական արտահոսքերից (ներառյալ տվյալ պահանջի գծով կատարվող բոլոր վճարումները), և որի արտարժութային ռիսկը հեջավորված չէ տվյալ բանկում:»,
3) Կանոնակարգը 55-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.1-55.4-րդ կետերով.
«55.1. Երկրի ռիսկը հավանականությունն է, որ այլ երկրում տեղի ունեցող տնտեսական, սոցիալական և (կամ) քաղաքական պայմանները կամ իրադարձությունները բացասական ազդեցություն կունենան բանկի ռիսկի պրոֆիլի, իրացվելիության, կապիտալի և (կամ) շահույթի վրա:
55.2. Բանկը մշակում է ռեյտինգավորման համապատասխան համակարգեր այն երկրների գծով, որոնց ռեզիդենտների հետ բանկը կամ բանկի հաճախորդները իրականացնում են այնպիսի ֆինանսական գործառնություններ, որոնք էական են բանկի համար երկրի ռիսկի տեսանկյունից:
55.3. Բանկը սահմանում է համապատասխան սահմանաչափեր սույն Կանոնակարգի 55.2-րդ կետով նախատեսված երկրների և վերջիններիս հետ կատարվող ֆինանսական գործառնությունների գծով: Ընդ որում, սույն կետով սահմանված սահմանաչափերը պետք է վերանայվեն առնվազն տարին մեկ անգամ:
55.4. Սույն կանոնակարգի 55.2-55.3-րդ կետերով սահմանված պահանջները կարող են կիրառվել ոչ թե առանձին երկրների, այլ ընդհանուր տարածաշրջանի նկատմամբ, եթե բանկի հիմնավոր կարծիքով՝ տարածաշրջանի երկրները ենթակա են միևնույն կամ նմանատիպ երկրի ռիսկի:»,
4) Կանոնակարգը 57-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 57.1-57.4-րդ կետերով.
«57.1. Բանկի կողմից ռիսկերի կառավարման գործընթացում (ռիսկի ախորժակի սահմանում, ռիսկի չափում, կապիտալի համարժեքության ներքին գնահատում, ֆինանսական ցուցանիշների կանխատեսում) ներքին մոդելներ կիրառվելու դեպքում բանկը պետք է բացահայտի և նվազագույնի հասցնի մոդելի մեջ կիրառվող պարամետրերի սխալ նկարագրության, սխալ գնահատումների, թերի հիպոթեզների և (կամ) ենթադրությունների, մաթեմատիկական հաշվարկների սխալների, սխալ կամ թերի տվյալների, սխալ կամ թերի կիրառման, անբավարար մոնիթորինգի և (կամ) հսկողության արդյունքում առաջացող ռիսկերը:
57.2. Բանկի կողմից ռիսկերի կառավարման գործընթացում կիրառվող յուրաքանչյուր ներքին մոդելի համար բանկը պետք է ունենա ներքին կարգեր և գործընթացներ, որոնք նկարագրում են մոդելի մշակման և կիրառման ամբողջ կենսացիկլը, այդ թվում՝
1) մոդելի կիրառման անհրաժեշտության գնահատում,
2) մոդելի մշակում,
3) մոդելի գնահատում,
4) մոդելի հաստատում,
5) մոդելի պարբերական մոնիթորինգի իրականացում, այդ թվում` պատմական տվյալների հիման վրա թեսթավորում (առնվազն տարին մեկ անգամ),
6) մոդելում փոփոխությունների և ճշգրտումների իրականացում (ըստ անհրաժեշտության)։
57.3. Բանկի կողմից ռիսկերի կառավարման գործընթացում կիրառվող յուրաքանչյուր ներքին մոդել հաստատումից առաջ պետք է անցնի գնահատում, որի պարագայում բանկը պետք է ապահովի գնահատման գործընթացի անկախությունն ու անաչառությունը։
57.4. Սույն կանոնակարգի 57.2-րդ և 57.3-րդ կետերի պահանջները (բացառությամբ սույն կանոնակարգի 57.2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված պահանջների) պարտադիր չեն այն բանկերի համար, որոնք կիրառում են իրենց մայր կազմակերպությունների կողմից մշակված ներքին մոդելներ, պայմանով, որ առկա են բավարար հիմնավորումներ, որ մայր կազմակերպությունում ներդրված են մոդելների մշակման, գնահատման և հաստատման համարժեք մեխանիզմներ։»,
5) Կանոնակարգի 70-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) երկրի ռիսկ:»,
6) Կանոնակարգի 71-րդ կետում «գնային և վարակի» բառերը փոխարինել «գնային, վարակի և երկրի» բառերով,
7) Կանոնակարգի 85-րդ կետի 7-րդ ենթակետում «սկզբունքները,» բառից հետո լրացնել «ընդ որում՝ չհեջավորված փոխառուի դեպքում գնանշման ժամանակ բանկը պետք է հաշվի առնի նաև փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված վարկային ռիսկը,» բառերը,
8) Կանոնակարգի 91-րդ կետի 4-րդ ենթակետում «վերլուծություն» բառից հետո լրացնել «, չհեջավորված փոխառուի դեպքում՝ նաև փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված ռիսկի գնահատում,» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ին։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
2018 թ. ապրիլի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|