«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2006 թվականի N 765-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ
Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ` ճանապարհներ) օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում, ինչպես նաև բնակավայրերով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներին տեղադրվող գովազդի և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:
Սույն կարգի դրույթները չեն տարածվում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը տեղադրված գովազդային վահանակների վրա:
(նախաբանը խմբ. 19.04.07 N 734-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ճանապարհներին գովազդի տարածումն ու տեղադրումն իրականացվում է «Գովազդի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
(1-ին կետը փոփ., լրաց. 26.04.18 N 492-Ն)
2. Ճանապարհներին գովազդը տեղադրվում է` հաշվի առնելով ճանապարհային երթևեկության, բնակչության անվտանգության և ճանապարհի հեռանկարային զարգացման կամ փոփոխման պայմանները, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով այն պատահական վնասելու հնարավորությունները:
3. Սույն կարգը տարածվում է ճանապարհներին գովազդ տեղադրելու գործընթացին մասնակից (գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր) իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների վրա:
Սույն կարգի դրույթները տարածվում են նաև երթևեկության մասնակիցներին սպասարկելու համար նախատեսված ցանկացած օբյեկտների (խորտկարաններ, տեխսպասարկման կետեր, ավտոպահեստամասերի և շինանյութերի խանութներ և այլն) տեղաբաշխման մասին տեղեկացնելու համար ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների վրա:
4. Ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնությունը ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ տալիս է`
ա) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին (ներառյալ պաշտպանական գոտիները)` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,
բ) մարզային ենթակայության տեղական նշանակության ճանապարհներին` համապատասխան մարզպետը։
(4-րդ կետը փոփ. 26.04.18 N 492-Ն)
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այսուհետ` դիմող) սույն կարգի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված համապատասխան մարմիններին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում լիազոր մարմնի ղեկավարի անունով` համաձայն ձևի.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.07 N 734-Ն).
գ) գովազդային վահանակի նախագիծը (էսքիզը).
դ) տարածքի 2 լուսանկար (10x15 չափսի) տարբեր դիրքերից, որտեղ սխեմատիկ նշված լինի գովազդի դիրքը ճանապարհի նկատմամբ.
ե) ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնությունը:
(5-րդ կետը փոփ. 19.04.07 N 734-Ն)
6. Լիազոր մարմինը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո մինչև 30 օրվա ընթացքում իրականացնում է`
ա) ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն.
բ) գովազդի տեղադրման վայրի զննում.
գ) գրավոր համաձայնեցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ.
դ) եզրակացության կազմում:
(6-րդ կետը փոփ. 19.04.07 N 734-Ն)
7. Դրական եզրակացության դեպքում, լիազոր մարմնի կողմից դիմողին տրվում են տեխնիկական պայմաններ, որոնք թույլ են տալիս գովազդակրին իրականացնելու գովազդային վահանակի տեղադրման շինմոնտաժային աշխատանքները:
8. Դիմողը ներկայացված նախագծերի և տեխնիկական պայմանների հիման վրա կատարում է գովազդային վահանակի տեղադրման շինմոնտաժային աշխատանքներ: Աշխատանքների ավարտից հետո լիազոր մարմնին գրավոր տեղեկացնում է աշխատանքների ավարտի մասին, որից հետո 7 օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից ուսումնասիրվում և կազմվում է տեխնիկական պայմանների համապատասխանության ակտ:
(8-րդ կետը խմբ. 19.04.07 N 734-Ն)
9. Գովազդային վահանակի տեղադրման համար լիազոր մարմնի կողմից տրված տեխնիկական պայմանների խախտման դեպքում՝
ա) լիազոր մարմնի կողմից 7 օրվա ընթացքում կազմվում է անհամապատասխանության ակտ, որից հետո դիմողը գրավոր տեղեկացվում է 15-օրյա ժամկետում թերությունները վերացնելու մասին,
բ) սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամկետում դիմողի կողմից թերությունները տեխնիկական պայմաններին չհամապատասխանեցնելու դեպքում գովազդային վահանակը ենթակա է ապամոնտաժման` 10 օրվա ընթացքում, որն իրականացվում է դիմողի միջոցներով:
(9-րդ կետը խմբ. 19.04.07 N 734-Ն)
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԵՐԺՈՒՄԸ
10. Գովազդային վահանակի տեղադրման դիմումը կարող է մերժվել, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում դիմողը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ սույն կարգի պահանջներին.
գ) գովազդը տեղադրվելու է` ճանապարհի հողային պաստառի սահմաններում (երթևեկելի մասում, բաժանիչ գոտում, կողնակներին, մայթերին, լիցքերին, հանույթներին, ջրահեռացման առուներում), ճանապարհի վթարավտանգավոր հատվածներում, երկաթուղային գծանցների վրա, թունելներում, էստակադների կամ կամուրջների ուղեանցների վրա, հենապատերի, ծառերի կամ ժայռերի վրա, 40 տոկոսից ավելի երկայնական թեքությամբ ճանապարհների տեղամասերում, կտրուկ շրջադարձերում, ինչպես նաև այն տեղամասերում, որտեղ նվազագույն տեսանելիությունը 350 մետրից պակաս է:
Սույն ենթակետում նշված պահանջները չեն տարածվում միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վրա, որոնք անցնում են բնակավայրերի միջով
(10-րդ կետը լրաց., փոփ. 19.04.07 N 734-Ն)
11. Դիմումի մերժման դեպքում լիազոր մարմինը դիմողին դրա մասին գրավոր տեղեկացնում է սույն կարգի 6-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված եզրակացությունը կազմելուց հետո 5 օրվա ընթացքում` ներկայացնելով մերժման հիմքերը:
IV. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Գովազդային վահանակի հենասյունը պետք է պատրաստվի այնպիսի նյութերից, որ քամու ազդեցության հաշվարկային բեռնվածության տակ և շահագործման ընթացքում ապահովի բավարար կայունություն:
13. (կետն ուժը կորցրել է 19.04.07 N 734-Ն)
14. Երթևեկության ուղղությամբ գովազդային վահանակների միջև եղած հեռավորությունը` ըստ ճանապարհների թույլատրելի արագության, պետք է լինի`
ա) 60 կմ/ժ-ից ավելի թույլատրելի արագության ճանապարհներին գովազդի ընդհանուր մակերեսի դեպքում` ոչ պակաս`
15-27 քառ. մ` 200 մ,
6-15 քառ. մ` 150 մ,
2-6 քառ. մ` 100մ,
բ) բնակավայրերում 60 կմ/ժ և պակաս թույլատրելի արագության ճանապարհներին գովազդի ընդհանուր մակերեսի դեպքում` ոչ պակաս`
15-27 քառ. մ` 150 մ,
6-15 քառ. մ` 100 մ,
2-6 քառ. մ` 50մ,
Մեկ գովազդի ընդհանուր մակերեսը թույլատրվում է մինչև 27 քառ. մետրը:
(14-րդ կետը փոփ. 19.04.07 N 734-Ն)
15. Գովազդային վահանակ տեղադրվում է`
ա) պաշտպանական գոտիներում` գովազդային վահանակի ներքևի եզրը ճանապարհի մակերևույթից 2.2 մետր և ավելի բարձրության վրա.
գովազդային վահանակի կողային եզրն ասֆալտաբետոնե ծածկի եզրից պետք է լինի ոչ պակաս, քան 3,5 մետր.
բ) ընդհանուր օգտագործման կանգառների կետերից 150 մետր հեռավորության վրա (բացառությամբ անմիջապես կանգառի տաղավարում` բացառությամբ բնակավայրերի).
գ) ճանապարհային հետիոտնային անցումներից և խաչմերուկներից 150 մետր և ավելի հեռավորության վրա` բացառությամբ բնակավայրերի.
դ) երկաթուղային գծանցներից, թունելներից, էստակադաներից, կամուրջներից, ուղեանցներից 150 մետր և ավելի հեռավորության վրա՝ բացառությամբ բնակավայրերի.
ե) լուսավորության ցանցի էլեկտրահաղորդման գծերից 1 մետրից ոչ պակաս հեռավորության վրա.
ը) Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերին համապատասխան:
(15-րդ կետը լրաց. 19.04.07 N 734-Ն)
16. Գովազդի լուսավորությունը`
ա) լուսավորության համար թույլատրվում է օգտագործել հակահրդեհային անվտանգության պահանջները բավարարող էլեկտրական լուսավորման սարքեր.
բ) լուսավորման սարքերի ամրացումը պետք է ապահովի դրանց հուսալի միացումը գովազդային կառուցվածքի հետ այնպես, որ դիմանան ձյան ու քամու ազդեցության բեռնվածություններին, տատանվող և հարվածային ազդեցություններին.
գ) երթևեկության մասնակիցներին չկուրացնի լույսով.
դ) շարժվող տարրեր պարունակող գովազդային պատկերների օգտագործումը գովազդային վահանակի վրա պետք է իրականացվի այնպես, որ գովազդային ամբողջ տեղեկությունը միաժամանակ ամբողջությամբ հայտնվի գովազդային վահանակի վրա.
ե) լուսավորությունը պետք է իրականացվի փողոցային արտաքին լուսավորության հետ միասին (դրա առկայության դեպքում):
17. Ճանապարհին տեղադրված գովազդը պետք է ապահովի`
ա) ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը և երթևեկության մասնակիցների կողմից դրանց ընկալումը.
բ) կառույցի իրական չափերը (չփոքրացնի) ինժեներական կառույցների թռիչքային շինությունների ճակատային մասի վրա տեղադրելու դեպքում.
գ) հետիոտների կողմից այն ընկալելը, առանց ճանապարհի երթևեկելի մաս դուրս գալու:
18. Գովազդակիր կազմակերպությունն ապահովում է գովազդային վահանակի պատշաճ վիճակը (ժամանակին ներկել, փոխել պատռված պաստառը և այրված լամպերը):
19. Գովազդակիր կազմակերպությունն իր ցանկությամբ իրավունք ունի փոխելու գովազդային վահանակի պաստառը, դադարեցնելու գովազդի տարածումը` դրա մասին 7 օր առաջ գրավոր տեղյակ պահելով լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև |
__________________________
__________________________
պրն ______________________
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ Ձեր թույլտվությունը ___________________________ ճանապարհի
(նշել ճանապարհի անվանումը)
__________ կմ-ում, ճանապարհի __________________________________________
(նշել աջ, ձախ, բաժանարար գոտում)
տեղադրել ___________ չափերով գովազդային վահանակ:
Ծանոթացել եմ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին:
Կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը:
Դիմող __________________________ |
_________________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
_________________________________________ | |
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը) |
(ձևը խմբ. 26.04.18 N 492-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 19.04.07 N 734-Ն, 26.04.18 N 492-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.09.2021, N 1603-Ն | 11.10.2021, N 765-Ն | |
10.09.2020, N 1484-Ն | 21.09.2020, N 765-Ն | |
06.06.2019, N 733-Ն | 20.06.2019, N 765-Ն | |
26.04.2018, N 492-Ն | 11.05.2018, N 765-Ն | |
19.04.2007, N 734-Ն | 12.07.2007, N 765-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|