Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.27
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 
 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0254/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0254/02/16
2017թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության  վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Դոն-Ալֆոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Դոն-Ալֆոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ Ընկերության կողմից փոխանցված գումարները նրա անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին փոխանցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Կազմակերպությանը վերադարձնել սնանկ ճանաչված Ընկերության կողմից օրենքի խախտմամբ փոխանցված 5.000.000 ՀՀ դրամի չափով գումարը՝ այն փոխանցելով պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 21.06.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է՝ պարտավորեցնել Կազմակերպությանը վերադարձնել սնանկ ճանաչված պարտապան Ընկերության կողմից և նրա պարտավորությունների համար փոխանցված 5.000.000 ՀՀ դրամի չափով գումարը՝ այն փոխանցելով պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) 27.10.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 21.06.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ հայցվորը չի հիմնավորել Կազմակերպությանը 5.000.000 ՀՀ դրամի չափով փոխանցումը հենց Ընկերության կողմից կատարված լինելը, հաշվի չի առել, որ ըստ ներկայացված 04.02.2013 թվականի թիվ 248265 վճարման հանձնարարագրի՝ որպես վճարող նշվել է Ընկերությունը, վճարման նպատակ բաժնում նշվել է «Խողովակի արժեք», իսկ 13.02.2013 թվականի թիվ 222875 վճարման հանձնարարագրում թեև որպես վճարող նշվել է «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ն, սակայն որպես վճարման նպատակ նշվել է «Ընկերության կողմից ձեռք բերված խողովակաշարի արժեք»: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ վերը նշված երկու փոխանցումներն էլ պատկանել են Ընկերությանը, պարզապես Կազմակերպության նկատմամբ պարտավորությունները կատարվել են օրենքը շրջանցելով՝ նկատի ունենալով, որ «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ն, լինելով Ընկերության պարտապանը, ուղղակի փոխանցում վերջինիս կատարել չէր կարող: Կազմակերպության պարտավորությունը բավարարվել է ոչ թե ուղղակիորեն Ընկերության միջոցով, այլ շրջանցելով սնանկության վարույթը: Նշված գումարով՝ 5.000.000 ՀՀ դրամով, նվազել է պարտապանի դրամական պարտավորությունն այն դեպքում, երբ վերջինս արդեն իսկ ճանաչված էր սնանկ, և օրենքով արգելվում էր պարտապանի կողմից պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը՝ առանց դատարանի որոշման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.06.2016 թվականի վճռին։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը միանգամայն հիմնավոր եզրահանգում է կատարել այն մասին, որ անկախ այն հանգամանքից, թե վիճարկվող գումարն ինչ նպատակով է «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ն փոխանցել Կազմակերպության բանկային հաշվեհամարին, անվիճելի է, որ այն փոխանցվել է ոչ սնանկ ճանաչված Ընկերության կողմից:

Վճռաբեկ բողոքը բավարարվելու դեպքում կստեղծվի մի իրավիճակ, երբ Ընկերության հետ գույքային ընդհանրություն չունեցող երրորդ անձանց կողմից Կազմակերպությանը փոխանցված դրամական միջոցները կվերադարձվեն ոչ թե երրորդ անձանց, այլ՝ Ընկերությանը, որը որևէ կապ չունի այդ դրամական միջոցների փոխանցման հետ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Թիվ ԿԴ2/0109/04/12 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2012 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, 17.12.2012 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Յուրիկ Օհանյանը: 11.04.2013 թվականին հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում 08.06.2015 թվականի և 11.06.2015 թվականի որոշումների հիման վրա ավելացվել է Կազմակերպության (նախկինում՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) պահանջը՝ 8.463.056 ՀՀ դրամի չափով: 17.09.2013 թվականի որոշումներով Ընկերության գործունեությունը կասեցվել է, և վերջինիս նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ (գ.թ. 28-34, 48):

2. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 07.04.2010 թվականին կնքվել է խողովակների առուվաճառքի պայմանագիր: Կողմերի միջև 21.01.2013 թվականին կազմված հաշվարկների փոխադարձ ստուգման ակտի համաձայն՝ 30.11.2012 թվականի դրությամբ նշված պայմանագրի շրջանակներում վաճառված խողովակների դիմաց Ընկերության պարտքը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին կազմել է 23.702.000 ՀՀ դրամ (գ.թ. 6, 25-26):

3. Ընկերության և «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ի միջև 10.06.2012 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ն պարտավորվել է պայմանագիրը ստորագրելու պահից 90 օրվա ընթացքում Ընկերությանը վճարել ապրանքի՝ մետաղյա խողովակների արժեքը՝ 14.515.612 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) (գ.թ. 18):

4. ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից քաղվածքի համաձայն՝ «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ի հիմնադիրն է Գագիկ Գուրգենի Սարգսյանը (գ.թ. 16):

5. 04.02.2013 թվականի թիվ 248265 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Կազմակերպությանը («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին) փոխանցվել է 3.000.000 ՀՀ դրամ, որպես վճարող նշվել է ««Դոն Ալֆոմ» ՍՊԸ/Գուրգեն Սարգսյան», իսկ որպես վճարման նպատակ՝ «Խողովակի արժեք» (գ.թ. 43):

6. 13.02.2013 թվականի թիվ 222875 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Կազմակերպությանը («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին) փոխանցվել է 2.000.000 ՀՀ դրամ, որպես վճարող նշվել է ««Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ», իսկ որպես վճարման նպատակ՝ «Ընկերության կողմից ձեռք բերված խողովակաշարի դիմաց» (գ.թ. 44):

7. Կառավարիչը 07.03.2015 թվականի գրությամբ առաջարկել է Կազմակերպությանը Ընկերության կողմից վճարված 5.000.000 ՀՀ դրամը փոխանցել վերջինիս սնանկության հատուկ հաշվին, սակայն Կազմակերպությունը 25.03.2015 թվականի գրությամբ մերժել է այն (գ.թ. 13-14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիումի) ընթացքում սնանկ ճանաչված պարտապանի՝ պարտապան հանդիսացող անձի կողմից սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալու հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող անձի՝ պարտապանի կողմից ի կատարումն նշված պարտավորության սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը վճարում կատարելը կարող է համարվել առանց դատարանի որոշման սնանկ ճանաչված պարտապանի կողմից պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի իմաստով:

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանն արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (...):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 39-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարչի լիազորությունների մեջ է մտնում նաև գույքագրում կազմակերպելը և պարտապանին պատկանող գույքի պահպանության համար միջոցներ ձեռնարկելը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ` երրորդ անձանց համար կատարված, սակայն չվճարված աշխատանքները և ծառայությունները, ինչպես նաև պարտապանի տիրապետման ներքո գտնվող իրերը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանին պատկանող գույքի կառավարումից և տնօրինումից ստացված եկամուտը փոխանցվում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին և բաշխվում է պարտատերերի միջև` գույքի վաճառքից ստացված միջոցների հետ միասին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով սահմանվում է չապահովված պահանջների բավարարման հերթականությունը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի դրամական միջոցներն անբավարար լինելու դեպքում համապատասխան հերթի պարտատերերի միջև դրանք բաշխվում են բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ պարտապանին սնանկ ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է (տե՛ս, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած՝ մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն (տե՛ս, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված՝ պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ՝ սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես՝ արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) և այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը՝ նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների՝ օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, մասնավորապես՝ միջանկյալ բաշխման ծրագրին կամ ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Այսպես, օրինակ, ֆինանսական առողջացման ծրագրով սահմանվում է պարտատերերի պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումներ կատարելու կարգը, ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է իրականացվել պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառք կամ պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցում և այլն: Այսինքն՝ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է այնպես, որ հնարավոր լինի ֆինանսապես առողջացնել սնանկ ճանաչված պարտապանին: Հետևաբար պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որևէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից պարտապանի շահերի ապահովումն է՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նաև պարտապանի գործունեությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պահից պարտապանի պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է ոչ միայն ուղղակիորեն սնանկ ճանաչված պարտապանի կողմից, այլ նաև վերջինիս պարտապան հանդիսացող անձանց կողմից, ի կատարումն սնանկ ճանաչված պարտապանի հանդեպ ունեցած պարտավորության, սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունները կենտրոնանում են սնանկության վարույթում: Այդ իսկ նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 17.06.2016 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում: Նույն տրամանաբանությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում: Բացի այդ, նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի կողմից սնանկությունը ճանաչելու դիմումին կից ներկայացվում է նաև վերջինիս պարտատերերի և պարտապանների ցուցակը: Սնանկության վարույթում սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովելու վերջինիս ակտիվների հավաքագրումը և դրանց հիման վրա բոլոր պարտատերերի շահերի ապահովումը՝ օրենքով սահմանված առաջնահերթությամբ վերջիններիս պահանջների բավարարմամբ: Հետևաբար, եթե սնանկ ճանաչված պարտապանն ունի իր օգտին կատարման ենթակա պարտավորություններ, այսինքն՝ տվյալ պարտավորություններով պարտատեր է, ապա պարտավորությունների կատարումը հնարավոր է միայն սնանկության վարույթի շրջանակներում, այլ կերպ ասած՝ պարտավորության կատարման արդյունքը պետք է կենտրոնանա սնանկության վարույթում, որպեսզի հետագայում բաշխվի պարտատերերի միջև: Նույն տրամաբանությամբ սնանկ ճանաչված պարտապանի պարտապաններն իրենց պարտավորությունները չեն կարող կատարել հօգուտ սնանկ ճանաչված պարտապանի պարտատերերի՝ շրջանցելով սնանկության վարույթը: Այլ կերպ ասած՝ չի թույլատրվում սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջն անմիջականորեն բավարարում տալը սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող պարտապանի կողմից:

Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ օրենսդրի կողմից սահմանված արգելքը վերաբերում է պարտապանի կողմից պարտատիրոջը բավարարում տալուն: Այդուհանդերձ, հաշվի առնելով նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի այն պահանջը, որ իրավական ակտի մեկնաբանությունը չպետք է փոխի դրա իմաստը, ինչպես նաև հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ սնանկության գործընթացի որոշակիությունն ու կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ և 84-րդ հոդվածներով սահմանված՝ պարտատերերի պահանջների բավարարման հերթականությունն ու կարգը պահպանելու նպատակով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «ա» կետով և գործող խմբագրությամբ 2-րդ կետով ամրագրված իրավանորմը ենթակա է ավելի լայն մեկնաբանման՝ այն համադրելով նշված օրենքի այլ պահանջների հետ, այլապես նշված նորմի ոչ համակարգային մեկնաբանումը տվյալ դեպքում կխախտի իրավական ակտի իմաստը: Ուստի Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիումի) ընթացքում պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է նաև պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող այլ անձանց՝ սնանկ ճանաչված պարտապանի պարտապան հանդիսացող անձանց կողմից սնանկության վարույթը շրջանցելով սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն:

Սույն գործի փաստերի համաձայն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 07.04.2010 թվականին կնքվել է խողովակների առուվաճառքի պայմանագիր, և 30.11.2012 թվականի դրությամբ նշված պայմանագրի շրջանակներում Ընկերության պարտքը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին կազմել է 23.702.000 ՀՀ դրամ: Ընկերության և «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ի միջև 10.06.2012 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ն պարտավորվել է պայմանագիրը ստորագրելու պահից 90 օրվա ընթացքում Ընկերությանը վճարել ապրանքի արժեքը՝ 14.515.612 ՀՀ դրամ: «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ի հիմնադիրն է Գագիկ Գուրգենի Սարգսյանը: 04.02.2013 թվականի թիվ 248265 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Կազմակերպությանը («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին) փոխանցվել է 3.000.000 ՀՀ դրամ, որպես վճարող նշվել է ««Դոն Ալֆոմ» ՍՊԸ/Գուրգեն Սարգսյան», իսկ որպես վճարման նպատակ՝ «Խողովակի արժեք»: 13.02.2013 թվականի թիվ 222875 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Կազմակերպությանը («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին) փոխանցվել է 2.000.000 ՀՀ դրամ, որպես վճարող նշվել է ««Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ», իսկ որպես վճարման նպատակ՝ «Ընկերության կողմից ձեռք բերված խողովակաշարի դիմաց»:

Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ Կազմակերպության ոչ իրավաչափ գործողությունները հանգեցրել են պարտապան Ընկերության գույքի նվազեցման, խոչընդոտել նրա պարտատերերի իրավաչափ պահանջների բավարարմանը, որպիսի հանգամանքն էլ հիմք է հայցը բավարարելու համար: Դատարանը, անդրադառնալով այն փաստարկին, որ փոխանցումները կատարվել են ոչ թե պարտապանի կողմից, այլ փոխանցվել են այլ անձանց կողմից, արձանագրել է, որ ներկայացված վճարման հանձնարարագրերում վճարողների և վճարման նպատակների տվյալներով հիմնավորվում է, որ դրանք կատարվել են հենց Ընկերության կողմից, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ն վճարային պարտավորություններ ունի Ընկերության, իսկ վերջինս էլ Կազմակերպության նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և այն փոփոխելով՝ հայցը մերժելով, եզրահանգել է, որ հայցվորի կողմից չի ապացուցվել, որ փոխանցումները կատարվել են հենց պարտապանի, այլ ոչ թե՝ երրորդ անձանց կողմից: Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ վճարման հանձնարարագրերում վճարողների և վճարման նպատակների տվյալներից հետևում է, որ վճարումները կատարվել են «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ի կողմից` ի կատարումն Ընկերության հանդեպ ունեցած պարտավորության, այդուհանդերձ գտել է, որ անկախ այն հանգամանքից, թե «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ի կողմից գումարներն ինչ նպատակով են փոխանցվել Կազմակերպությանը, անվիճելի է այն փաստը, որ նշված գումարները չեն փոխանցվել սնանկ ճանաչված պարտապան Ընկերության կողմից:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը (տե' ս, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Իսկուհի Ավագյանի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0417/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ մորատորիումի ընթացքում, «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ն առուծախի պայմանագրից բխող իր դրամական պարտավորությունն Ընկերության հանդեպ կատարելու փոխարեն վճարման ենթակա գումարը միանգամից փոխանցել է Կազմակերպության բանկային հաշվեհամարին՝ դրանով միաժամանակ կատարելով և՛ իր դրամական պարտավորությունն Ընկերության հանդեպ, և՛ վերջինիս դրամական պարտավորությունը Կազմակերպության հանդեպ: Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված փոխանցումները, կատարված լինելով Ընկերության պարտապան հանդիսացող «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ի կողմից հօգուտ Ընկերության պարտատեր Կազմակերպության, հակասում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված սահմանափակմանը: Դրա արդյունքում խախտվել է սնանկության գործընթացի որոշակիությունն ու կանխատեսելիությունը, մեկ պարտատիրոջ իրավունքներն ու շահերը գերակայել են մնացած պարտատերերի իրավունքների և շահերի հանդեպ: Մասնավորապես՝ ստեղծված իրավիճակում պարտատերերից մեկը ստացել է բավարարում սահմանված հերթից դուրս և պահանջների բավարարման կարգի խախտմամբ, իսկ մյուս պարտատերերը զրկվել են վճարված գումարների մասով սահմանված կարգով բավարարում ստանալու հնարավորությունից:

Ուստի Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Վերաքննիչ դատարանը, գումարի փոխանցումը համարելով կատարված ոչ թե Ընկերության, այլ երրորդ անձի կողմից, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի իրավական նորմը մեկնաբանել է ոչ համակարգային, նեղ ծավալով՝ միայն այդ նորմի սահմաններում՝ առանց հաշվի առնելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սնանկության վարույթի առանձնահատկությունները: Մինչդեռ Դատարանը հիմնավոր եզրահանգման է եկել այն մասին, որ «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ-ի կողմից Կազմակերպության բանկային հաշվեհամարին գումարների փոխանցումը կատարվել է ի կատարումն Կազմակերպության առջև Ընկերության ունեցած դրամական պարտավորության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը միանգամայն հիմնավորված եզրահանգում է կատարել այն մասին, որ տեղի ունեցածի արդյունքում 5.000.000 ՀՀ դրամի չափով նվազել է պարտապանի գույքն այն դեպքում, երբ վերջինս արդեն իսկ ճանաչված էր սնանկ, և օրենքով արգելվում էր պարտապանի կողմից պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը՝ առանց դատարանի որոշման:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա.1» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար, գույքային պահանջի գործերով, պետական տուրքը գանձվում է հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվում է և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, ինչպես նաև հաշվի առնելով, որ հայցվորը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա.1» կետի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 150.000 ՀՀ դրամ (5.000.000*3%)՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2016 թվականի վճռին։

2. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 150.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան