ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 մարտի 2018 թ. |
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դ. Անանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում ստորագրված՝ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին` Մոսկվայում:
2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված՝ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2015 թվականի հունիսի 11-ի ՍԴՈ-1218 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2015 թվականի հունիսի 16-ին (ԱԺՈ-161-Ն):
2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է, որ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ «Ներմուծման մաքսատուրքերի (այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների, որոնք ունեն համարժեք գործողություն) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» Արձանագրության 12-րդ կետը փոփոխել և կիրառել նոր խմբագրությամբ, որով, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվի չափ է սահմանվում նախկին 1.11 տոկոսի փոխարեն 1,220 տոկոսը:
Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության համաձայն Արձանագրության կիրառության արդյունքում Հայաստանի Հանրապետության համար սահմանված մաքսատուրքերի բաշխման նորմատիվը, ըստ էության, բարձրանում է 0.11 տոկոսի չափով, ինչը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար ապահովում է լրացուցիչ մուտքեր:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները Հայաստանի Հանրապետության համար ողջ ծավալով իրավական հետևանքներ կարող են առաջացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Արձանագրության վավերացումից հետո:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2017 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում ստորագրված՝ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող 13 մարտի 2018 թվականի ՍԴՈ-1404
Վ. Հովհաննիսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|