Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.30
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0280/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0280/02/16
2017թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան  

Դատավորներ՝

 Ա. Խառատյան

 

 Ա. Մկրտչյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

    Ռ. Հակոբյանի
    Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գրետա Չոբանյանի ներկայացուցիչ Մինաս Ամիրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գրետա Չոբանյանի ընդդեմ «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` թիվ 1743-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ընկերության ընդդեմ Գրետա Չոբանյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գրետա Չոբանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 20.11.2015 թվականի թիվ 1743-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Գրետա Չոբանյանից բռնագանձել Ընկերությանը 36.025 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 19.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.02.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 19.10.2016 թվականի վճիռը` հայցը բավարարելու մասով, բեկանվել է, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության: Մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրետա Չոբանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 122-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ, 232-րդ, 237-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ միայն այն հանգամանքը, որ Գրետա Չոբանյանը թույլ է տվել Լարիսա Այվազյանի փոխարեն ցուցակում ստորագրի վերջինիս ամուսինը, դեռևս չի նշանակում, որ Լարիսա Այվազյանն իրեն հասանելիք կենսաթոշակի գումարն ի վերջո չի ստացել: Ընդ որում, գործում առկա է ամուսիններ Լարիսա Այվազյանի և Ռուբեն Հարությունյանի 26.01.2016 թվականի համատեղ հայտարարությունն այն մասին, որ Լարիսա Այվազյանի անկողնային հիվանդ լինելու հանգամանքն է հիմք հանդիսացել վերջինիս կենսաթոշակի գումարը Ռուբեն Հարությունյանի կողմից ստանալու և իրեն փոխանցելու համար, որպիսի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Լարիսա Այվազյանին հասանելիք կենսաթոշակի գումարն ի վերջո հանձնվել է վերջինիս, և որ Ընկերությունը դրա արդյունքում վնաս չի կրել: Հետևաբար հիմնավորվում է այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ Գրետա Չոբանյանի կողմից կենսաթոշակառու Լարիսա Այվազյանի կենսաթոշակը վճարվել է այլ անձի, և որ պատասխանողը դրա արդյունքում կրել է կենսաթոշակի գումարի չափով վնաս: Ընդ որում, նշվածն ապացուցվել է նաև այն հանգամանքով, որ Գրետա Չոբանյանի աշխատավարձից որպես Ընկերությանը պատճառված վնասի հատուցում երբևէ Լարիսա Այվազյանի կենսաթոշակի չափով գումար չի պահվել:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել ինչպես այն հանգամանքը, որ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածով նախատեսված նյութական պատասխանատվության առաջացման բոլոր հիմքերը, այնպես էլ այն, որ սույն գործով բացակայում է աշխատողի նյութական պատասխանատվության հիմքը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նման պարագայում, եթե սույն գործով հաստատվում է, որ բացակայում է Գրետա Չոբանյանի՝ որպես աշխատողի նյութական պատասխանատվության հիմքը, այսինքն՝ բացակայում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքը, ապա կարելի է եզրահանգել, որ տվյալ դեպքում չի հիմնավորվում Գրետա Չոբանյանի ոչ օրինաչափ վարքագծի (արարքի), ինչպես նաև վերջինիս մեղքի առկայությունը: Հետևաբար Ընկերությունը չէր կարող կորցնել Գրետա Չոբանյանի նկատմամբ վստահությունը:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը չի ապացուցել Գրետա Չոբանյանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 02.02.2017 թվականի որոշումը բեկանել և փոփոխել այն` Գրետա Չոբանյանի հայցն ամբողջությամբ բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության և Գրետա Չոբանյանի միջև 01.01.2007 թվականին կնքված թիվ 31 աշխատանքային պայմանագրի Հավելված 1-ի համաձայն` Գրետա Չոբանյանն Ընկերությունում ընդունվել է աշխատանքի` որպես Երևանի թիվ 02 փոստային բաժանմունքի փոստատար (հատոր 1-ին, գ.թ. 17-18).

2) Ընկերության և Գրետա Չոբանյանի միջև 01.07.2008 թվականին կնքված թիվ 31 աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ թիվ 31 լրացուցիչ համաձայնագրի 1-ին կետի համաձայն` կողմերը համաձայնել են փոփոխել և լրացնել գործող պայմանագրի դրույթները: Նոր խմբագրությամբ պայմանագիրը կցվել է սույն համաձայնագրին: Նշված պայմանագրի 4.1 կետի համաձայն` Գրետա Չոբանյանի ամսական աշխատավարձը սահմանվել է 42.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 13-15).

3) Ընկերության կողմից 31.03.2011 թվականին թիվ 163-Ա հրամանով հաստատվել է կենսաթոշակների վճարումների ծառայությունների սպասարկման աշխատակարգը, որի 46-րդ կետի համաձայն՝ փոստատարն իրավունք չունի գումարը հանձնելու այլ անձի, այդ թվում՝ կենսաթոշակառուի ամուսնուն (կնոջը) կամ ընտանիքի այլ անդամին (հատոր 1-ին, գ.թ. 34-44).

4) Գրետա Չոբանյանը 18.06.2015 թվականին ծանուցվել է Ընկերության կողմից 31.03.2011 թվականին հաստատված «Կենսաթոշակների վճարումների ծառայությունների սպասարկման աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 163-Ա հրամանի մասին (հատոր 1-ին, գ.թ. 45).

5) Գրետա Չոբանյանի կողմից 19.10.2015 թվականին տրված բացատրագրի համաձայն` երկու թոշակառուի կենսաթոշակի գումարը վճարել է մեկին՝ երկուսի ներկայությամբ: Ամուսինը ստորագրել է կնոջ փոխարեն (հատոր 1-ին, գ.թ. 46).

6) Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Ավագյանի 20.11.2015 թվականի թիվ 1743-Ա հրամանի համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով գործատուի նախաձեռնությամբ Գրետա Չոբանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է (հատոր 1-ին, գ.թ. 19).

7) Լարիսա Այվազյանի և Ռուբեն Հարությունյանի 26.01.2016 թվականի գրավոր հայտարարության համաձայն` Լարիսա Այվազյանի վատառողջ և անկողնային հիվանդ լինելու պատճառով վերջինիս կենսաթոշակը պարբերաբար ստացել և ցուցակում նրա փոխարեն ստորագրել է նրա ամուսինը` Ռուբեն Հարությունյանը՝ Լարիսա Այվազյանի համաձայնությամբ և իմացությամբ, որից հետո կենսաթոշակի գումարը փոխանցել է կնոջը (հատոր 1-ին, գ.թ. 21):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ, 237-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նյութական վնաս պատճառած աշխատողի նկատմամբ վստահությունը կորցրած գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքին՝ վերահաստատելով աշխատանքային հարաբերություններում աշխատողի նյութական պատասխանատվության պայմանների վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս:

Նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք է աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը, որի դրսևորում է աշխատողի կողմից գործատուին նյութական վնաս հասցրած լինելը: Այսինքն՝ եթե աշխատողի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածով նախատեսված արարքների արդյունքում գործատուն կրում է նյութական վնաս, ապա վերջինս իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նյութական վնասի առկայությունը տվյալ դեպքում պետք է քննարկման առարկա դառնա ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ աշխատողի նյութական պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների համատեքստում: Այլ կերպ ասած, որպեսզի հիմնավորվի գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու իրավական հիմքը, գործի քննության ընթացքում պետք է ապացուցվի աշխատողի կողմից գործատուին նյութական վնաս պատճառած լինելը՝ հիմք ընդունելով հետևյալ կարգավորումները.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին: Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Վկայակոչված հոդվածից հետևում է, որ աշխատանքային հարաբերություններում վնասի հատուցման հարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված վնասի ինստիտուտի ընդհանուր կանոնները, եթե ՀՀ աշխատանքային օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, դրանցից յուրաքանչյուրի մասով ապացուցման բեռի բաշխմանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե'ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը: Նշված հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տե'ս, «Էքսոլթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵՔԴ/0036/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել առավել մանրամասն անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին:

Վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ):

Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության և թե՛ անզգուշության ձևով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում:

Միաժամանակ նշված որոշման շրջանակներում անդրադառնալով աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկություններին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում.

1) պատճառված է վնաս.

2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով.

3) առկա է պատճառական կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև.

4) առկա է խախտողի մեղքը.

5) խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ.

6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն` աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է`

1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով.

2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով.

3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.

4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից.

5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով.

6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում է աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը:

Վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկությունները հանգում են հետևյալին` պատճառված վնասի համար պատասխանատվության վերը շարադրված պայմաններին ավելանում են ևս երկու պայման, այն է` վնաս պատճառողն ու տուժողն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ: Ընդ որում, պատճառված վնասի համար պատասխանատվության մյուս տարրերն աշխատողի նյութական պատասխանատվության դեպքում հարկ է դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համատեքստում, որը թվարկում է աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը` սպառիչ սահմանելով վնաս պատճառելուն ուղղված հակաիրավական վարքագծի դրսևորումները (տե՛ս, Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Գրետա Չոբանյանի միջև 01.01.2007 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա Գրետա Չոբանյանն Ընկերությունում ընդունվել է աշխատանքի` որպես Երևանի թիվ 02 փոստային բաժանմունքի փոստատար: Կողմերի միջև 01.07.2008 թվականին նոր խմբագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն` Գրետա Չոբանյանի ամսական աշխատավարձը սահմանվել է 42.000 ՀՀ դրամ: Ընկերության կողմից 31.03.2011 թվականին հաստատված թիվ 163-Ա հրամանով հաստատված կենսաթոշակների վճարումների ծառայությունների սպասարկման աշխատակարգի համաձայն՝ փոստատարն իրավունք չունի գումարը հանձնելու այլ անձի, այդ թվում՝ կենսաթոշակառուի ամուսնուն (կնոջը) կամ ընտանիքի այլ անդամին: Ըստ Գրետա Չոբանյանի կողմից 19.10.2015 թվականին տրված բացատրագրի` երկու թոշակառուի կենսաթոշակի գումարը վճարել է մեկին՝ երկուսի ներկայությամբ, իսկ ամուսինը ստորագրել է կնոջ փոխարեն: Ընդ որում, սույն գործով անվիճելի փաստ է, որ Ընկերության կողմից Գրետա Չոբանյանի աշխատավարձից որպես Ընկերությանը պատճառված վնասի հատուցում պահում չի կատարվել: Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Ավագյանի 20.11.2015 թվականին թիվ 1743-Ա հրամանով Գրետա Չոբանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է` հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը: Լարիսա Այվազյանը և Ռուբեն Հարությունյանը 26.01.2016 թվականին տվել են հայտարարություն այն մասին, որ Լարիսա Այվազյանի վատառողջ և անկողնային լինելու պատճառով վերջինիս կենսաթոշակը ստացել և ցուցակում ստորագրել է նրա ամուսինը` Ռուբեն Հարությունյանը՝ կենսաթոշակը փոխանցելով կնոջը:

Սույն գործով Դատարանը, Գրետա Չոբանյանի հայցը բավարարելով, արձանագրել է, որ Ընկերությունը չի ապացուցել, որ Լարիսա Այվազյանի կենսաթոշակը վճարվել է այլ անձի, և որ Ընկերությունը դրա արդյունքում կրել է կենսաթոշակի գումարի չափով վնաս: Ավելին, Ընկերությունը չի ներկայացրել ապացույց այն մասին, որ Գրետա Չոբանյանի աշխատավարձից Լարիսա Այվազյանի կենսաթոշակի չափով գումար է պահվել՝ որպես Ընկերությանը պատճառված վնասի հատուցում: Բացի այդ, Ընկերությունն ապացույց չի ներկայացրել այն մասին, որ Լարիսա Այվազյանն իրեն հասանելիք կենսաթոշակի գումարը չի ստացել: Ուստի Ընկերությունը չի ապացուցել Գրետա Չոբանյանի կողմից Ընկերությանը նյութական վնաս հասցնելու հանգամանքը, որի արդյունքում Ընկերությունը կորցրել է Գրետա Չոբանյանի նկատմամբ վստահությունը: Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրահանգել է, որ Գրետա Չոբանյանին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով աշխատանքից ազատելու հիմքերն առկա չեն:

Վերաքննիչ դատարանն Ընկերության բողոքը բավարարելիս և գործը` հայցը բավարարելու մասով, նոր քննության ուղարկելիս պատճառաբանել է, որ Լարիսա Այվազյանի և Ռուբեն Հարությունյանի 26.01.2016 թվականի համատեղ հայտարարությունից չի բխում, որ Լարիսա Այվազյանին հասանելիք կենսաթոշակի գումարն ի վերջո հանձնվել է վերջինիս, այլ ընդամենը դրանում նշված է, որ Լարիսա Այվազյանի անկողնային հիվանդ լինելու պատճառով նրան հասանելիք կենսաթոշակի գումարը ստացել է նրա ամուսին Ռուբեն Հարությունյանը: Այսինքն՝ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Գրետա Չոբանյանն իր իսկ բացատրությամբ անվիճելի է դարձրել այն փաստը, որ Լարիսա Այվազյանին հասանելիք կենսաթոշակի գումարը վճարել է այլ անձի: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման առարկա չի դարձրել գործում առկա ապացույցները, ուստի հայցի մասով առկա է նոր քննության անհրաժեշտություն:

Մինչդեռ վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում սույն գործի փաստերից, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը չի ապացուցել Գրետա Չոբանյանի կողմից այնպիսի գործողություններ կատարելը, որի արդյունքում Ընկերությանը պատճառվել է նյութական վնաս: Նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում սույն գործում առկա` Լարիսա Այվազյանի և Ռուբեն Հարությունյանի 26.01.2016 թվականի համատեղ հայտարարությունն այն մասին, որ Լարիսա Այվազյանի անկողնային հիվանդ լինելն է հիմք հանդիսացել վերջինիս կենսաթոշակը Ռուբեն Հարությունյանի կողմից իր փոխարեն ստանալու, այնուհետև իրեն փոխանցելու համար, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ Լարիսա Այվազյանի կենսաթոշակի գումարն ի վերջո հանձնվել է վերջինիս, որպիսի պայմաններում Ընկերությունը չէր կարող կրել նյութական վնաս: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև Գրետա Չոբանյանը 19.10.2015 թվականին տրված բացատրագրով ընդունել է, որ երկու կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը վճարել է Ռուբեն Հարությունյանին, այնուամենայնիվ վերոնշյալ հանգամանքը հիմք չի հանդիսացել, որպեսզի Ընկերությունը դրա արդյունքում կրի կենսաթոշակի գումարի չափով վնաս:

Նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում նաև այն, որ Գրետա Չոբանյանի աշխատավարձից որպես Ընկերությանը պատճառված վնասի հատուցում գումար չի պահվել, ինչպես նաև կենսաթոշակառուն՝ Լարիսա Այվազյանը, ոչ միայն չի վիճարկել կենսաթոշակի գումարը ստացած լինելու հանգամանքը, այլ նաև հայտարարություն է տվել այն մասին, որ ստացել է այդ գումարը: Նման պայմաններում Ընկերության կրած ենթադրյալ վնասի, այդ վնասի և Գրետա Չոբանյանի վարքագծի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ ապացույցների բացակայությունը հիմք է հանդիսանում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի շրջանակներում արձանագրելու, որ Գրետա Չոբանյանը թույլ չի տվել նշված հոդվածով սահմանված որևէ արարք, որն իր հերթին կարող էր հանգեցնել նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 122-րդ հոդվածով նախատեսված հետևանքների: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի հիմքով Դատարանն իրավաչափ եզրահանգման է եկել հայցը բավարարելու՝ Ընկերության հրամանն անվավեր ճանաչելու, Գրետա Չոբանյանին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումար բռնագանձելու վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը 02.02.2017 թվականի որոշմամբ Ընկերության բողոքը մերժելիս և Դատարանի 19.10.2016 թվականի վճիռը` հակընդդեմ հայցը մերժելու մասով, օրինական ուժի մեջ թողնելիս պատճառաբանել է, որ «բացակայում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքը, այն է` գործատուն չի հատուցել աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձին պատճառված վնասը, հետևաբար աշխատողը` Գրետա Չոբանյանը, պարտավոր չէ հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը: Այսինքն` գործով բացակայում է աշխատողի նյութական պատասխանատվության հիմքը»՝ ըստ էության հակասելով նույն որոշմամբ եկած այն եզրահանգմանը, որ սկզբնական հայցի մասով անհրաժեշտ է իրականացնել գործի ամբողջ ծավալով նոր քննություն, քանի որ «Դատարանը, թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման առարկա չի դարձրել գործում առկա ապացույցները»:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված`առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի և նույն հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ աշխատավարձի գանձման և աշխատանքային վեճին վերաբերող սույն քաղաքացիական գործով Գայանե Չոբանյանն ազատված է պետական տուրքի վճարումից: Մինչդեռ Գայանե Չոբանյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք, որը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.10.2016 թվականի վճռին, հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Ընկերությունից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել երկու ոչ գույքային պահանջների համար 40.000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր ոչ գույքային պահանջի համար 20.000 ՀՀ դրամ) և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 20.11.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարմանը պահը, հաշվարկվող գումարի երեք տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1.000.000 ՀՀ դրամը՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2017 թվականի որոշման` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.10.2016 թվականի վճիռը՝ հայցը բավարարելու մասով, բեկանելու և այդ մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.10.2016 թվականի վճռին։

2. «Հայփոստ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 40.000 ՀՀ դրամ և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 20.11.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը, հաշվարկվող գումարի երեք տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1.000.000 ՀՀ դրամը՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրք:

Գրետա Չոբանյանի կողմից 20.000 ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան 

 

Մ. Դրմեյան

  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան