ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 350-Ն
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ ծառայություն) միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) պահանջատիրոջ կողմից թղթային տարբերակով ծառայություն ներկայացված կատարողական թերթը սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 3-րդ կետով սահմանված պատճառներով պահանջատիրոջը հետ վերադարձնելու և վերջինիս կողմից խախտումները վերացնելու համար դատարան ներկայացնելու դեպքում` դատարանը թույլ տված խախտումները վերացնելուց հետո այն ծառայություն է ուղարկում սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգին համապատասխան՝ էլեկտրոնային եղանակով.
2) եթե պահանջատիրոջ կողմից թղթային տարբերակով ծառայություն ներկայացված կատարողական թերթը պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձվում է պահանջատիրոջը կամ մինչև որոշման 1-ին կետով սահմանված կարգն ուժի մեջ մտնելն արդեն վերադարձվել է պահանջատիրոջը, ապա պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կրկին անգամ կատարման է ներկայացվում թղթային տարբերակով.
3) թղթային տարբերակով ներկայացված կատարողական թերթի պարզաբանման անհրաժեշտության դեպքում ծառայությունը դիմում է դատարան և ստանում պարզաբանում թղթային տարբերակով:
3. Էլեկտրոնային համակարգի գործարկման և սպասարկման պատասխանատու մարմինն արդարադատության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունն է:
4. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը և տարածվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 3 |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 350-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Դատավորը կամ դատավորին կցված դատական ծառայողը մուտք են գործում դատարանների և ծառայության միջև միմյանց փաստաթղթեր ներկայացնելու նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգ (այսուհետ՝ համակարգ)՝ մուտքանվան և գաղտնաբառի միջոցով: Դատավորի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված կատարողական թերթը և այլ փաստաթղթեր վերբեռնվում են համակարգ:
2. Համակարգի միջոցով ծառայությունն ստանում է համակարգում տեղադրված կատարողական թերթը և այլ փաստաթղթերը` ընթացք տալով կատարողական վարույթին:
3. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում օրենքով նախատեսված պահանջներին, կամ եթե բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, ապա հարկադիր կատարողը որոշում է ընդունում կատարողական թերթը վերադարձնելու մասին և այն վերադարձնում է կատարողական թերթ տված դատարան` համակարգում վերբեռնելով կատարողական թերթը վերադարձնելու մասին որոշումը:
4. Կատարողական թերթը վերադարձնելու դեպքում դատարանի կողմից թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն համապատասխան կատարողական վարույթի շրջանակներում կատարման է ներկայացվում՝ սույն կարգին համապատասխան:
5. Կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա ծառայությունն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում վարույթն ավարտելու մասին: Վարույթն ավարտելուց հետո կատարողական թերթը համակարգի միջոցով ուղարկվում է կատարողական թերթ տված դատարան՝ համակարգում վերբեռնելով վարույթն ավարտելու մասին որոշումը:
6. Օրենքով սահմանված ժամկետում անձի` կատարողական թերթը կրկին կատարման ներկայացնելու դիմումի հիման վրա կատարողական թերթը դատարանի կողմից կատարման է ուղարկվում` այն վերբեռնելով համակարգ` սույն կարգին համապատասխան:
7. Ծառայությունը կատարողական թերթի պարզաբանման անհրաժեշտության դեպքում, էլեկտրոնային եղանակով ստորագրված պարզաբանում ստանալու մասին դիմումը և կից փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դատարան` դրանք վերբեռնելով համակարգ:
8. Կատարողական թերթի պարզաբանման մասին որոշումը դատարանը տեղադրում է համակարգում:
9. Հարկադիր կատարողը կատարողական վարույթի ընթացքի վերաբերյալ ընդունված որոշումները և անհրաժեշտ փաստաթղթերն օրենքով սահմանված դեպքերում տեղադրում է համակարգում՝ դրանց նկատմամբ դատավորի հասանելիությունն ապահովելու համար:
10. Համակարգում գեներացվող կամ վերբեռնվող բոլոր փաստաթղթերը պետք է հաստատված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ՝ բացառությամբ կցվող, սկանավորված փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |