ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0169/02/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0169/02/15 |
Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան |
Դատավորներ՝ |
Ս. Միքայելյան |
Գ. Խանդանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Զաքարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմեն Զաքարյանի ընդդեմ Արթուր Զաքարյանի և Հասմիկ Մոսոյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից ազատելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Արթուր Զաքարյանի և Հասմիկ Մոսոյանի ընդդեմ Արմեն Զաքարյանի և Մարտունու տարածքային սպառողական կոոպերատիվի վարչության՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արմեն Զաքարյանը պահանջել է Արթուր Զաքարյանի և Հասմիկ Մոսոյանի ապօրինի տիրապետումից ազատել սեփականության իրավունքով իրեն պատկանող` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյանի թիվ 36/5 հասցեում գտնվող անշարժ գույքը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ. Վարդանյան) 15.06.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Սմբատյան, Ա. Հունանյան, Ա. Պետրոսյան) 15.12.2015 թվականի որոշմամբ Արթուր Զաքարյանի և Հասմիկ Մոսոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.06.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Գործի նոր քննության ընթացքում Արթուր Զաքարյանը և Հասմիկ Մոսոյանը հակընդդեմ հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Մարտունու տարածքային սպառողական կոոպերատիվի վարչության սեփականության իրավունքի վկայականը և կիրառել անվավերության հետևանքներ, այն է՝ անվավեր ճանաչել Մարտունու տարածքային սպառողական կոոպերատիվի վարչության և Արմեն Զաքարյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Արմեն Զաքարյանի անվամբ կատարված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Թամրազյան) (այսուհետ` Դատարան) 05.08.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.02.2017 թվականի որոշմամբ Արթուր Զաքարյանի և Հասմիկ Մոսոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 05.08.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Զաքարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արթուր Զաքարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, արհեստականորեն տարանջատելով հիմնական պահանջն ածանցյալ պահանջից և ածանցյալ պահանջին տալով հիմնական պահանջի կարգավիճակ, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից, խեղաթյուրել է հայցի առարկան և անտեսել, որ անվավերության հետևանքից բխող՝ առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրացումն անվավեր ճանաչելու ածանցյալ պահանջները դատարանի կողմից չէին կարող քննության ինքնուրույն առարկա դարձվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.08.2016 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, եկել է ճիշտ եզրահանգման, քանի որ Դատարանը չի գնահատել հակընդդեմ հայցով հայցվորի կողմից ներկայացված ապացույցները, այսինքն՝ չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Արթուր Զաքարյանի և Հասմիկ Մոսոյանի կողմից 22.10.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.
Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 172-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով և 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերի խախտումներ, այն է` պատշաճ գնահատման չի արժանացրել պատասխանողների կողմից ներկայացված ապացույցները, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ2/0064/05/12 վարչական գործով 12.02.2015 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վ. Լազարյանի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 23.06.2010 թվականի որոշումը` չապահովելով գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը, ինչի արդյունքում խախտվել է բողոք բերած անձանց սեփականության իրավունքը (հատոր 3, գ.թ. 44-59):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու է քննության առարկա դարձնելու այնպիսի հիմք, որը չի բխում վերաքննիչ բողոքի բովանդակությունից:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վկայակոչված հոդվածից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքում նշված հիմքերով և հիմնավորումներով և չի կարող դուրս գալ դրանց շրջանակից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը)։
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ հակընդդեմ հայցադիմումով, ըստ էության, ներկայացված են եղել ոչ թե ածանցյալ, այլ առանձին և ինքնուրույն պահանջներ, իսկ Դատարանը, հակընդդեմ հայցի մասով ամբողջությամբ կարճելով գործի վարույթը, մյուս պահանջների մասով քննություն չի իրականացրել, այնինչ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և դրա հիման վրա Արմեն Զաքարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջները ենթակա են դատարանում քննության: Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նման սահմանափակման պայմաններում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների ըստ էության քննություն չի իրականացրել:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ պարագայում Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է այն հիմքերով և հիմնավորումներով, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 172-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով և 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերի խախտումներ, այն է` պատշաճ գնահատման չի արժանացրել պատասխանողների կողմից ներկայացված ապացույցները, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ2/0064/05/12 վարչական գործով 12.02.2015 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վ. Լազարյանի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 23.06.2010 թվականի որոշումը` չապահովելով գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը, ինչի արդյունքում խախտվել է բողոք բերած անձանց սեփականության իրավունքը:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի վերը նշված հիմքերի և հիմնավորումների շրջանակից և եզրահանգումներ կատարելով հակընդդեմ հայցադիմումով ներկայացված պահանջների բնույթի և դրանց՝ դատարանում քննության ենթակա լինելու հարցի վերաբերյալ, քննարկման առարկա է դարձրել մի հիմք, որն արտացոլված չէ վերաքննիչ բողոքի բովանդակությունում: Արդյունքում Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին՝ սահմանափակելով բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, և սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ռ. Հակոբյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |