Գլխավոր տեղեկություն
Համար
N 256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.09/29(1387) Հոդ.325
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2018 թվականի N 256-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքն ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 17
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 15-ի N 256-Ն որոշման


 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը:

2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`

Բնակավայրի անվանումը

Ընտանիքի (երեխաները, ամուսինները, ծնողները, տատը և պապը) անդամների թիվը

մինչև 4 անդամ

4 և ավելի անդամ

Երևան քաղաքում

1500 (դրամ)

2250 (դրամ)

Այլ քաղաքներում

800 (դրամ)

1200 (դրամ)

Այլ բնակավայրերում

500 (դրամ)

750 (դրամ)

3. Դատախազը փոխհատուցում ստանալու համար զեկուցագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Զեկուցագրին կցվում է բնակարանի վարձակալության պայմանագրի պատճենը:

4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարությամբ զեկուցագիրը քննարկվում է Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչությունում: Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավարը ընդունում է դրամական փոխհատուցում տալու մասին եզրակացություն, եթե դրանցում առկա չեն թերություններ: Փաստաթղթերում թերություն հայտնաբերելու դեպքում դրամական փոխհատուցում տալու մասին եզրակացությունն ընդունվում է այդ թերությունները վերացնելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Զեկուցագրի բավարարման դեպքում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մշտական բնակության վայրից դուրս նշանակված կամ գործուղված դատախազին փոխհատուցման գումարները վճարում է Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմը՝ նախատեսված բյուջետային միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան