ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2018 թվականի N 150-Ա
«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Փիրուզյան 4 հասցեում գտնվող 313,17 քառ. մետր մակերեսով ավտոկայանի շենքով (912 910 դրամ սկզբնական և 177 416 դրամ հաշվեկշռային արժեք), 316,7 քառ. մետր մակերեսով երկաթբետոնյա ծածկով (92 600 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,28 հա հողամասով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N0130075) (այսուհետ՝ անշարժ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերությունից «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|