Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1402
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.14/11(1369) Հոդ.147
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.02.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

6 փետրվարի 2018 թ.

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում և 2017 թվականի հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2018 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով հիմնական համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրը (Հիմնական համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Երևանում և 2017 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Հռոմում:

Հիմնական համաձայնագրով սահմանվում է, որ Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանի Հանրապետությունում կարող է ունենալ ներկայացուցչություն: Հիմնական համաձայնագրով սահմանված կարգով և նպատակներով ՊԳԿ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության (Կառավարություն) համաձայնությամբ կարող է նաև հիմնել և պահպանել լրացուցիչ գրասենյակներ:

 

2. Հիմնական համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) ապահովել, որպեսզի աջակցության ցանկացած հայտ Կառավարությունը ներկայացնի ՊԳԿ-ի կողմից սահմանված ձևով՝ Հայաստանի Հանրապետությունում ՊԳԿ ներկայացուցչության միջոցով,

բ) ապահովել, որպեսզի Կառավարությունը ՊԳԿ-ին տրամադրի պատշաճ հարմարություններ և համապատասխան տեղեկություն, որն անհրաժեշտ է Կառավարության աջակցության հայտը գնահատելու համար,

գ) ապահովել, որպեսզի Կառավարությունը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները ծրագրի իրականացումը դյուրացնելու և ՊԳԿ աշխատակազմին աջակցելու համար՝ օգտվելու այնպիսի ծառայություններից և հարմարություններից, որոնք կարող են պահանջվել իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար,

դ) ապահովել, որպեսզի Կառավարությունն զբաղվի երրորդ կողմերի կողմից ՊԳԿ-ի, նրա աշխատակազմի կամ նրա անունից ծրագրին առնչվող ծառայություններ մատուցող անձանց դեմ ներկայացված ցանկացած հայցով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարությունը և ՊԳԿ-ն համաձայնում են, որ այդ հայցերը հետևանք են վերոնշյալ անձանց կողմից լուրջ անփութության կամ դիտավորությամբ կատարված գործողությունների,

ե) ապահովել, որպեսզի Կառավարությունը պատասխանատու լինի ծրագրում իր կողմից ներգրավված անձնակազմի հավաքագրման, աշխատավարձերի և սոցիալական ապահովության վճարումների համար,

զ) ապահովել, որպեսզի Կառավարությունը ՊԳԿ աշխատակազմի և նրա անունից գործող անձանց համար ընձեռի ծրագրի իրականացման վայր մուտք գործելու հնարավորությունը և ծրագրին առնչվող ցանկացած նյութի կամ փաստաթղթի հասանելիությունը, ինչպես նաև հիշյալ աշխատակազմին կամ անձանց տրամադրի ցանկացած համապատասխան տեղեկություն,

է) ապահովել, որպեսզի Կառավարությունը դյուրացնի ՊԳԿ անձնակազմի, միջազգային փորձագետների և ՊԳԿ անունից գործող այլ անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն, ներառյալ պահանջվող վիզաների կամ թույլտվությունների ժամանակին և անվճար տրամադրումը,

ը) ապահովել, որպեսզի Կառավարությունը պատասխանատու լինի ծրագրի համար նախատեսված սարքավորումների ներկրման և մաքսազերծման ծախսերի, երկրի ներսում դրանց տեղափոխման, գործածման, պահեստավորման և հարակից ծախսերի կատարման, դրանց ապահովագրման, անվտանգ խնամքի և ծրագրի իրականացման վայր հասցնելուց հետո պահպանության, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրանց փոխարինման համար,

թ) ապահովել, որպեսզի Կառավարությունը, Հիմնական համաձայնագրով սահմանված կարգով, ՊԳԿ-ին անվճար տրամադրի տարածքները, սարքավորումները, գրասենյակային կահույքը և ՊԳԿ ներկայացուցչության գործառնությունների համար անհրաժեշտ այլ միջոցները:

3. Հիմնական համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են ապահովելու, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն օգտվի ՊԳԿ աջակցությունից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2017 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում և 2017 թվականի հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

6 փետրվարի 2018 թվականի

ՍԴՈ-1402

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան