Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.04.03/11(614) Հոդ.243
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2018 թվականի N 191-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 24-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 1
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

փետրվարի 22-ի N 191-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում) բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների (այսուհետ՝ մշտադիտարկում) իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) եռամսյակային կտրվածքով հաղորդումները, տարեկան հաշվետվությունները ներկայացնելու և ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով մշտադիտարկումների ցուցիչները մշակվում են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային ծրագրերին զուգընթաց՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով, օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային նախագծով, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և ազդեցության գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշների հիման վրա:

3. Մշտադիտարկումների ծրագրի կազմման համար որպես ելակետային տվյալներ դիտարկվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտով և հիմնական հաշվետվությամբ ներկայացված տվյալները՝ շրջակա միջավայրի փաստացի աղտոտվածության վերաբերյալ:

 

II. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

4. Շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումները վերաբերում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով, հիմնական գնահատման հաշվետվությամբ և բնապահպանական կառավարման պլաններով նշված բացասական ազդեցությունների տեսակներին:

5. Մշտադիտարկումների ծրագիրը կազմվում է ըստ շրջակա միջավայրի բոլոր բնական բաղադրիչների՝ հողային ծածկույթ, մթնոլորտային օդ, մակերևութային և ստորերկրյա ջրեր, բուսական ծածկույթ և կենդանական աշխարհ:

6. Աղտոտվածության ուսումնասիրության նպատակով վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունն իրականացվում է հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում:

7. Մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերում շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների տեսակների և ծավալների որոշմանը պետք է ցուցաբերվի տարանջատված մոտեցում՝ ելնելով բացասական ազդեցությունների դրսևորման հավանականությունից, ծավալից, ազդեցության աստիճանից:

8. Մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը ներկայացված են N 1 ձևում:

 

III. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Մշտադիտարկումների իրականացման վայրերը պետք է ներկայացվեն համապատասխան քարտեզագրական նյութերում, աղտոտիչների պարունակությունները և ենթակառուցվածքների ինժեներատեխնիկական ցուցանիշները՝ դիագրամներով կամ աղյուսակներով:

10. Ընդերքօգտագործողները պարտավոր են ընդերքօգտագործման իրավունք հայցելու նպատակով ներկայացվող նախագծային (ծրագրային) փաստաթղթերում, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և (կամ) հիմնական գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշներից բացասական շեղումների դեպքում նախաձեռնել անհրաժեշտ քայլերը հետևանքները վերացնելու համար։

11. Մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումները (մետաղական օգտակար հանածոների դեպքում), տարեկան ամփոփ հաշվետվությունները (մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների դեպքում) ընդերքօգտագործողները լիազոր մարմին են ներկայացնում թղթային կամ էլեկտրոնային եղանակով։

12. Մետաղական օգտակար հանածոների դեպքում ընդերքօգտագործողները մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումն ընդերքօգտագործողները լիազոր մարմին են ներկայացնում մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (բացառությամբ շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողների):

13. Ամփոփ տարեկան հաշվետվությունն ընդերքօգտագործողները լիազոր մարմին են ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը (բացառությամբ շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողների):

14. Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում:

15. Շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ տրամաչափարկված չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողները չափման արդյունքներն իրենց էլեկտրոնային կայքում տեղադրում են անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով:

16. Լիազոր մարմինը եռամսյակային հաղորդումներն ու ամփոփ տարեկան հաշվետվություններն ստանալուց հետո ամփոփում է դրանք և 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում լիազոր մարմնի պաշտոնական կայքում։

17. Հաշվետվությունների օրինակելի ձևը ներկայացված է N 2 ձևում:

18. Յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ ընդերքօգտագործողները պարտավոր են վերանայել և լիազոր մարմնի հետ համաձայնեցնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Մշտադիտարկումների օբյեկտը

Մշտադիտարկումների վայրը

Ցուցանիշը

Մշտադիտարկումների տեսակը

Նվազագույն հաճախականությունը

Մակերևութային ջրեր

շահագործական փորվածքների արտահոսքեր, հիդրոտեխնիկական կառույցների արտահոսքեր, ջրերի հեռացման համակարգեր, կենացաղային արտահոսքեր

ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ սահմանված նորմեր

նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն, հոսքի ուսումնասիրություն

շաբաթական մեկ անգամ

Ստորերկրյա ջրեր

հանքավայրի շրջակայքում առկա բնական աղբյուրների ելքեր, ստորգետնյա ջրերի հորիզոնների դիտակետեր

- ջրերի քիմիական կազմ,

- մակարդակ

նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն

ամսական մեկ անգամ

Մթնոլորտային օդ

բացահանքի տարածք, ճանապարհներ, արտադրական հրապարակ,

ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի տարածք, ազդակիր համայնքներ, ըստ քամիների վարդերի գերակշռող ուղղությունների՝ արտանետումների աղբյուրից 5 կմ հեռավորություն

- հանքափոշի, այդ թվում՝ ծանր մետաղներ և կախյալ մասնիկներ (PM10 և PM2.5), ածխածնի օքսիդ, ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, մուր, ծծմբային անհիդրիդ, բենզ(ա)պիրեն, մանգանի օքսիդներ, ֆտորիդներ, երկաթի օքսիդներ, ֆտորաջրածին

նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն, չափումներ ավտոմատ չափման սարքերով

շաբաթական մեկ անգամ՝ 24 ժամ տևողությամբ

Հողային ծածկույթ

շահագործական փորվածքներ, արտադրական հրապարակ, ընդերօգտագործման թափոնների օբյեկտի տարածք, վերամշակող գործարանների, արտադրամասերի շրջակայք

- հողերի քիմիական կազմը (pH, կատիոնափոխանակման հատկությունները, էլեկտրահաղորդականության հատկանիշներ, մետաղների պարունակությունը` Fe, Ba, Mn, Zn, Sr, B, Cu, Mo, Cr, Co, Hg, As, Pb, Ni, V, Sb, Se),
- հողերի կազմաբանությունը՝ կավի պարունակությունը, բաշխումն ըստ մասնիկների չափերի, ջրակլանումը, ծակոտկենությունը,
- հումուսի պարունակությունը,
- հողերում նավթամթերքների պարունակությունը

նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն, չափումներ ավտոմատ չափման սարքերով

- տարեկան մեկ անգամ
- ամսական մեկ անգամ

Վայրի բնություն, կենսամիջավայր, կարմիր գրքում ընդգրկված, էնդեմիկ տեսակներ

ընդերքօգտագործման տարածքին հարակից շրջան

տարածքին բնորոշ վայրի բնության ներկայացուցիչների քանակ, աճելավայրերի և ապրելավայրերի տարածք, պոպուլյացիայի փոփոխություն

հաշվառում, նկարագրություն, քարտեզագրում

տարեկան մեկ անգամ

 

Ձև N 2

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՄՓՈՓ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

Մշտադիտարկումների օբյեկտը

Մշտադիտարկումների վայրը

Ցուցանիշը

Մշտադիտար-կումների տեսակը

Հաճախականությունը

Արդյունքը

Մակերևութային ջրեր

         

Ստորգետնյա ջրեր

         

Մթնոլորտային օդ

         

Հողային ծածկույթ

         

Վայրի բնություն, կենսամիջավայր, կարմիր գրքում ընդգրկված, էնդեմիկ տեսակներ

         

Աղմուկ և թրթռում

         

Ոչ վտանգավոր թափոններ

         

Վառելանյութերի պահեստարաններ

         

Ցիանային լուծույթների օգտագործման հետ կապված ենթակառուցվածքներ

         

Տեղեկատվությունը ներկայացրեց

________________________________________________________________________

(գտնվելու և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կայքը, էլեկտրոնային հասցեն` առկայության դեպքում)

 

Ղեկավար ___________________________

_________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)