Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1397
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.31/6(1364) Հոդ.67
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.01.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 հունվարի 2018 թ.

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գ. Գրիգորյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված` «1997 թվականի սեպտեմբերի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «1997 թվականի սեպտեմբերի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2017 թվականի հունիսի 29-ին՝ Երևանում:

1997 թվականի սեպտեմբերի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 1998 թվականի սեպտեմբերի 15-ին:

Արձանագրությամբ փոփոխություններ են կատարվում Համաձայնագրի 1, 5, 7, 9, 11 և 12-րդ հոդվածներում:

 

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որպեսզի բեռնափոխադրումները, բացառությամբ Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված փոխադրումների, կատարվեն կցորդներով կամ կիսակցորդներով կամ առանց դրանց բեռնատար ավտոմոբիլների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրվող թույլտվությունների հիման վրա: Ընդ որում՝ բեռների յուրաքանչյուր այդպիսի փոխադրման համար պետք է տրվի առանձին թույլտվություն, որն իրավունք կտա դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ կատարելու մեկ ուղևորություն, եթե հենց թույլտվությամբ այլ բան նախատեսված չէ,

- ապահովել, որպեսզի Համաձայնագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության փոխադրողների կողմից կատարվող Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները հավասարության պայմաններով փոխադարձաբար ազատվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարներից:

 

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են ավտոմոբիլային հաղորդակցության ոլորտում փոխշահավետ հետագա համագործակցության ընդլայնմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2017 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված` «1997 թվականի սեպտեմբերի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հադորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

23 հունվարի 2018 թվականի

ՍԴՈ-1397