Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.03.2018-30.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.02/15(387) Հոդ.252
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 փետրվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2005 թվականի N 104-Ն


«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Վարդենիսի տուն-ինտերնատ» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից հաշվեկշռային արժեքով առանձնացնել շենքերը, շինությունները, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(1-ին կետը լրաց., փոփ. 21.04.05 N 730-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով։

3. «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

4. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է, և, փոխանցման ակտին համապատասխան, նրան են փոխանցվում գույքի բացի սույն որոշման 1-ին կետում նշված գույքից նկատմամբ սեփականության իրավունքը, 250000 քառ. մետր մակերեսով հողատարածքի և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքն ու «Վարդենիսի տուն-ինտերնատ» փակ բաժնետիրական ընկերության պարտականությունները:

(4-րդ կետը փոփ., լրաց. 21.04.05 N 730-Ն)

5. Սահմանել, որ՝

1) «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ տասնութ տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խորը մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող անձանց, կամ ծերունական փսիխոզով անձանց, կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց շուրջօրյա լրիվ խնամքի, սոցիալական սպասարկման և երկարաժամկետ կացարանով բնակության ապահովումն է.

2) «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, կոշիկով, առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավական օգնության տրամադրման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական հաստատություն ուղեգրման, ազատ ժամանցի և աշխատանքային թերապիայի կազմակերպումն է:

(5-րդ կետը խմբ. 22.01.15 N 32-Ն) 

6. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) վճարովի կամ համավճարով խնամքի, կենցաղային սպասարկման, սոցիալ- հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

բ) հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի աճեցում, հացի, ալյուրե հրուշակեղենի, մակարոնեղենի ու համանման ալյուրե արտադրատեսակների արտադրություն և վաճառք,

գ) բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի արտադրություն, սերմերի, սածիլների աճեցում և վաճառք,

դ) պաշտպանված գրունտում արտադրության կազմակերպում,

ե) անասնապահություն (այդ թվում՝ մորթատու կենդանիների բուծում), թռչնաբուծություն, մեղվապահություն, ձկնաբուծություն, ձկնեղենի ապխտում և վաճառք,

զ) կաթնամթերքի արտադրություն, վերամշակում և վաճառք,

է) արևային էներգիայի արտադրություն և վաճառք,

ը) գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների ու հուշանվերների, կարի արտադրություն և վաճառք,

թ) այգեգործություն և դրա արդյունքում ստացված բերքի վաճառք, մրգի վերամշակում և վաճառք:

(6-րդ կետը խմբ. 15.02.18 N 163-Ն) 

7. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Սույն որոշման համաձայն իրականացվող վերակազմակերպմամբ պայմանավորված փաստաթղթերի հաստատման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

(7-րդ կետը լրաց., փոփ. 21.04.05 N 730-Ն)

8. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացվում է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա.

բ) «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարվում են սեփական միջոցների հաշվին։

9. Առանձնահատկություններով պայմանավորված` զիջել «Վարդենիսի տուն-ինտերնատ» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի տարեկան գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած շահութաբաժնի 2412.4 հազ. դրամի պարտավորությունը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 10
Երևան