ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 փետրվարի 2018 թ. |
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց՝ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 72-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասության՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը և պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998թ. հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998թ. սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Պաշտպանի պարտադիր մասնակցությունը» վերտառությամբ 69-րդ հոդվածի 5-րդ մասը, որով օրենսգիրքը լրացվել է 2009թ. փետրվարի 5-ի ՀՕ-45-Ն օրենքով, սահմանում է.
«Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները»: Հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքը վերաբերում է նույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիայի կիրառմանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը և վարույթին` նրա մասնակցելու այլ հիմքերը» վերտառությամբ 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որն օրենսգրքի ընդունումից հետո փոփոխվել է 2007թ. նոյեմբերի 28-ի ՀՕ-270-Ն օրենքով, սահմանում է.
«1. Փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են`
…
2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից նշանակվելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջի հիման վրա»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Պաշտպանից հրաժարվելը» վերտառությամբ 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությունը սահմանում է.
«Սույն օրենսգրքի 69 հոդվածի առաջին մասի 2-5-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել պաշտպանից կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարվելը և նշանակել պաշտպան կամ պահպանել նշանակված պաշտպանի լիազորությունները»:
2. Դիմողը գտնում է, որ քրեադատավարական օրենսդրությամբ կարգավորվող՝ վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին և 79-րդ հոդվածին այնքանով, որքանով պաշտպանի պարտադիր մասնակցության ինստիտուտի կիրառման պարագայում չի ապահովվում հանցագործության համար մեղադրվող անձի՝ անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքի լիարժեք իրացումը:
Դիմողի կարծիքով՝ գործող իրավակարգավորումներն ստեղծում են այնպիսի իրավիճակ, երբ հակադրվում են, մի կողմից, կասկածյալի կամ մեղադրյալի՝ անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքը, մյուս կողմից՝ արդյունավետ իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի (որպես արդար դատական քննության իրավունքի բաղկացուցիչ մաս) պարտականությունը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել (իսկ դատական նիստերի դահլիճից ամբաստանյալին հեռացնելու սանկցիայի կիրառման դեպքում դատարանը չի ընդունում) պաշտպանից կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի հրաժարումը:
Դիմողը նշում է, որ որպես ընդհանուր պայման պաշտպանն իր լիազորություններն ստանձնում է քրեական հանցագործության մեջ մեղադրվող անձի համաձայնությամբ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մաս), մինչդեռ ամբաստանյալի նկատմամբ սանկցիայի կիրառման դեպքում առանց նրա համաձայնության ներգրավվում է հանրային պաշտպան՝ կիրառելով պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը, ինչը վկայում է այդ իրավակարգավորումների միջև հակասության առկայության և իրավական անորոշության մասին։
Դիմողը պնդում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որոշակիորեն և հստակ կարգավորված չէ, թե որ դեպքում է պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու պետության՝ ի դեմս վարույթն իրականացնող մարմնի, պարտականությունը գերակայում մեղադրյալի՝ անձամբ կամ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքին:
Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշ նախադեպեր՝ դիմողը փաստում է, որ հանցագործության համար մեղադրվող անձի՝ իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքը բացարձակ չէ: Այդ իրավունքը դատարանի կողմից կարող է անտեսվել կամ ստորադասվել, եթե դրա համար առկա են արդարադատության գերակա շահով պայմանավորված վերաբերելի և բավարար հիմքեր: Դիմողի համոզմամբ, քրեադատավարական օրենսգիրքը պետք է հստակորեն նշի այն սահմանները, ինչպես նաև չափանիշներն ու չափորոշիչները, որոնց օգնությամբ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն կունենա որոշել, թե արդյոք առկա են «վերաբերելի» և «բավարար» հիմքեր՝ արդարադատության գերակա շահի առկայությունը հաստատված համարելու համար:
Ըստ դիմողի՝ «Քանի դեռ Օրենսգիրքը չի սահմանում մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքից շեղվելու, նահանջելու նյութաիրավական և վարութային հիմքերը, կշարունակվի պահպանվել իրավական անորոշություն ...» վիճարկվող նորմերի կիրառության հարցում: Միաժամանակ դիմողը գտնում է, որ «պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքերում քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշման կայացման համար օրենքով ամրագրված չեն հստակ և որոշակի չափանիշներ», որպիսիք կարևոր են այնքանով, որ «յուրաքանչյուր դեպքի գնահատման հիմքում կդրվեն և կապահովվեն անձի՝ անձամբ կամ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի և գերակա կամ արդարադատության շահի հավասարակշռությունը»:
3. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ վիճարկվող իրավադրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Ըստ պատասխանողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով անձի համար հնարավորություն է սահմանվել պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ իր ընտրությամբ պաշտպանի միջոցով: Սակայն բոլոր այն դեպքերում, երբ անձը ցանկանում է անձամբ պաշտպանել իրեն՝ չօգտվելով պաշտպանի ծառայությունից, սակայն նրա նկատմամբ կիրառվում է սանկցիա՝ նիստերի դահլիճից հեռացում, պետությունն անձի համար արդար դատաքննություն ապահովելու նպատակով սահմանում է պաշտպանի պարտադիր մասնակցությունը: Ընդ որում, նշված սանկցիայի կիրառման դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինը պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները, եթե անձը պաշտպան ունի։
Պատասխանողի պնդմամբ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ փաստաբանների պալատի միջոցով փաստաբան նշանակելու վերաբերյալ դրույթը գործում է բացառապես այն պայմաններում, երբ անձի նկատմամբ կիրառվում է նիստերի դահլիճից հեռացում սանկցիան, անձը չունի պաշտպան և նաև ցանկություն չի հայտնում իր ընտրած փաստաբանի միջոցով իրեն պաշտպանելու: Հակառակ պարագայում կգործի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչը նշանակում է, որ եթե անձը պաշտպան ունենալու ցանկություն է հայտնում անգամ նիստերի դահլիճից հեռացում սանկցիայի կիրառումից հետո, ապա կարող է պաշտպանվել իր ընտրած փաստաբանի միջոցով։
Պատասխանողը եզրակացնում է, որ նման պարագայում խոսք չի կարող լինել երկու տարբեր ինստիտուտների բախման կամ մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու դատարանի պարտականությանը ստորադասելու մասին, քանի որ մեղադրյալն ինքն է կամովին հրաժարվում իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքից:
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան՝ հաշվի առնելով մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունն ու որոշակիությունը և ելնելով կողմերի փաստարկներից, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավադրույթները գնահատել ոչ միայն մարդու՝ մեղադրանքից անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու սահմանադրական իրավունքի երաշխավորվածության, այլև ընդհանրապես անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու, արդար դատաքննության իրավունքի և քրեական դատավարության մրցակցության սկզբունքի ապահովման տեսանկյունից:
5. ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը յուրաքանչյուրի համար երաշխավորում է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, ինչից բխում է յուրաքանչյուրի հայեցողությունն օգտվել իրավաբանական օգնությունից կամ չօգտվել դրանից: Սահմանադրությունը հանրային իշխանությունից պահանջում է օրենսդրական մակարդակում ամրագրել այնպիսի ընթացակարգեր և կառուցակարգեր, որոնք արդյունավետորեն կերաշխավորեն անձի կողմից իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, ինչպես նաև գործնականում ապահովել, որ անձն իր գիտակցված և կամավոր որոշմամբ ընտրի իր վարքագիծը` օգտվել իրավաբանական օգնությունից, թե՝ ոչ: Այս ընդհանուր կանոնը կիրառելի է նաև Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետի նկատմամբ, ըստ որի` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի` … 2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք»:
Հաշվի առնելով նշված իրավունքի կարևորությունը և նշանակությունը հիմնական իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցում` հատկապես արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի իրացման և պաշտպանության հարցում, Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ ամրագրվել է օրենքով սահմանված դեպքերում պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն ստանալու՝ անձի իրավունքը: Այսինքն, Սահմանադրությունը երաշխավորում է անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը նաև այն դեպքերում, երբ անձն անվճարունակության կամ օրենքով սահմանված այլ դեպքերում չի կարող օգտվել այդ իրավունքից:
Թեև Սահմանադրության 67-րդ հոդվածը հանցագործության համար մեղադրվող անձանց համար երաշխավորում է անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը, սակայն 64-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության հետ համադրված՝ երաշխավորում է ոչ միայն անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով, այլ նաև օրենքով սահմանված դեպքերում պետության կողմից տրամադրվող պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը նույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված անձանց: Օրենքի 41-րդ հոդվածը տալիս է «հանրային պաշտպանություն» հասկացության բովանդակությունը, համաձայն որի՝ հանրային պաշտպանություն է համարվում նույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը, և սահմանում է ինչպես այն անձանց ցանկը, որոնց հանրային պաշտպանություն է տրամադրվում, այնպես էլ թվարկում է այն դեպքերն ու անձանց, որոնց անվճար իրավաբանական օգնություն ցույց տրվել չի կարող:
6. Իրավաբանական օգնություն ստանալու՝ անձի սահմանադրական իրավունքի ապահովումը քրեական դատավարության առանցքային սկզբունքներից մեկն է: Քրեական դատավարության մրցակցային բնույթը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդված) ենթադրում է քրեական վարույթում մեղադրյալի հայտնվելու պահից պաշտպանի պարտադիր մասնակցությունը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու դեպքում կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև օրենսդրությամբ պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:
Այսինքն, քրեական վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ`
ա) կասկածյալը կամ մեղադրյալն այդպիսի ցանկություն է հայտնել,
բ) այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը,
գ) օրենսդրությամբ պարտադիր համարվող դեպքերում:
Վերջին երկու հիմքերի առկայության դեպքում պաշտպանից հրաժարումը կարող է չընդունվել և գործում են քրեական վարույթում պաշտպանի պարտադիր մասնակցության մասին իրավակարգավորումները:
Օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը: Նույն հոդվածի 4-րդ մասը նախատեսում է կասկածյալի և մեղադրյալի իրավունքը մեղադրանքից պաշտպանվելու ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի և օրինական ներկայացուցչի միջոցով, միաժամանակ սահմանելով, որ քրեական դատավարությանը վերջինների մասնակցությունը չի սահմանափակում կասկածյալի և մեղադրյալի իրավունքները:
Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան մեղադրյալն իրավունք ունի մեղադրանք առաջադրելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածը սահմանում է պաշտպանի կարգավիճակն ու իրավավիճակը և կարգավորում է դրանց հետ կապված մնացած հարցերը: Նշված հոդվածի ուժով պաշտպան է համարվում այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունն ստանձնելու պահից: Նույն հոդվածի 3-րդ մասը թվարկում է այն դեպքերը, երբ պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, որոնք են՝
1) կասկածյալը կամ մեղադրյալը լուծել են նրա հետ ունեցած համաձայնությունը.
2) նա լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին.
3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց` հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը.
4) քրեական վարույթն իրականացնող մարմինը, օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից:
Ներկայացված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ հանցագործության համար մեղադրվող անձին թույլատրվում է պաշտպանվել անձամբ (prօ se), պաշտպանվել փաստաբանի միջոցով՝ նրա հետ պայմանագիր կնքելու և վճարելու եղանակով, ինչպես նաև օգտվել անվճար իրավաբանական օգնությունից հանրային պաշտպանության շրջանակներում:
7. ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, որպես կանոն, անձի կամաարտահայտության դեպքում է իրացվում նրա պաշտպան ունենալու իրավունքը, իսկ ընտրած պաշտպանից անձը կարող է հրաժարվել ցանկացած ժամանակ և իր պաշտպանությունն ինքնուրույն իրականացնել: Հարկ է նշել, որ վերջինս բացարձակ իրավունքը չէ, քանի որ օրենսդիրը հստակ նախատեսել է այն դեպքերի շրջանակը, երբ անձի՝ ինքնուրույն պաշտպանվելու իրավունքը կարող է սահմանափակվել: Որոշակի հանգամանքներում, իսկ դրանք սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով, խիստ անհրաժեշտ է, որ կասկածյալը կամ մեղադրյալը ներկայացված լինի, քանի որ առանց պաշտպանի կողմից տրամադրված իրավաբանական օգնության կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող ինքնուրույն պաշտպանվել կամ լիարժեք իրականացնել պաշտպանության իր իրավունքը: Օրենսդրի հայեցողությունը նման դեպքեր սահմանելով չի սահմանափակվում: Օրենսդիրը սահմանում է նաև այն դեպքերը, երբ իրավաբանական օգնություն ստանալը պարտադիր է, իսկ անձի կամքը` օգտվել իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, թե՝ ոչ, դադարում է լինել վճռորոշ: Նման կանոնակարգումը պետք է ուղղված լինի սահմանադրական որևէ արժեքի պաշտպանությանը: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ անձի՝ իր պաշտպանությունն ինքնուրույն իրականացնելու իրավունքն այս իրավիճակում չի սահմանափակվում, քանզի նախատեսված կանոնակարգումները ծառայում են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորմանն ուղղված պետության պոզիտիվ պարտականության իրականացմանը:
Ինչ վերաբերում է անձի՝ պաշտպանվելու իրավունքից հրաժարվելուն, ապա, նախ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ նշում է, թե որ դեպքում հնարավոր չէ հրաժարվել պաշտպանից, ակնհայտ է, որ մնացած դեպքերում անձը կարող է հրաժարվել պաշտպանից: Երկրորդ՝ նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ պաշտպանից հրաժարված կասկածյալը կամ մեղադրյալն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահի փոխելու իր դիրքորոշումն այդ առիթով, միայն թե նոր պաշտպանի մասնակցությունը հիմք չէ գործի վարույթը վերսկսելու համար:
ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ իրավունքի պաշտպանության և իրավունքի իրացումից հրաժարվելու ինստիտուտների կիրառման համատեքստում պետք է ապահովել համաչափություն, իսկ առանց վերապահումների իրավունքից հրաժարվելու ինստիտուտի կիրառումը կարող է հանգեցնել իրավունքների խախտման: Իրավունքի իրացումից հրաժարվելու ինստիտուտը չի կարող հանգեցնել պետության կողմից արդարադատության շահի և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ իր վրա դրված պոզիտիվ պարտավորություններից հրաժարվելու պահանջի: Այսպիսի իրավիճակում պետությունն առաջնորդվում է մարդու իրավունքով՝ ոչ միայն որպես անձի կողմից իր վարքագծի ընտրության հնարավորություն, այլ որպես բարձրագույն արժեք:
8. Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի նորմի սահմանադրականության հարցին՝ ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ փաստաբանի պարտադիր մասնակցության ինստիտուտի շրջանակներում փաստաբանի մասնակցության նպատակն է ապահովել իր վստահորդի իրավունքների պաշտպանությունը, հետևաբար՝ փաստաբանի մասնակցությամբ և ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը շարունակելը բխում է մարդու իրավունքներից և առավել արդյունավետ ընթացակարգ է ենթադրում, քան միաժամանակ ամբաստանյալի և փաստաբանի բացակայությամբ գործի քննությունը շարունակելը: Ամբաստանյալի նկատմամբ դատարանից հեռացնելը որպես սանկցիա կիրառելու դեպքում հանրային պաշտպան նշանակելու մասին իրավակարգավորումը ծառայում է որպես իրավաբանական օգնության իրավունքի երաշխավորում: Իսկ այն հարցը, թե ամբաստանյալը զրկվում է անձամբ պաշտպանվելու և լսվելու իրավունքից, կապված է նման սանկցիա կիրառելու և դատական նիստը շարունակելու հետ:
9. Ինչ վերաբերում է պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքում մեղադրյալի ընտրությամբ փաստաբանին ներգրավելու անհնարինությանը, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ այդպիսի իրավիճակներում չի բացառվում մեղադրյալի՝ իր ընտրությամբ փաստաբան ունենալու հնարավորությունը, տվյալ պարագայում օրենսդրությունն ամրագրել է պաշտպանի պարտադիր մասնակցությունը, ինչից հետևում է, որ անձը կարող է ինքն ընտրել փաստաբանին, սակայն նրա բացակայության պայմաններում պետությունը պաշտպանին կներգրավի պետական միջոցների հաշվին: Օրենսգրքի 69-րդ հոդվածը վերաբերում է պաշտպանի պարտադիր մասնակցությանը և ոչ թե պարտադիր հանրային պաշտպանի մասնակցությանը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ փաստաբանի պարտադիր մասնակցությունը չի սահմանափակում անձի` պետության կողմից տրամադրված փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքով, և քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից հանրային պաշտպան նշանակվելու դեպքում էլ անձը շարունակում է պահպանել իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը: Այլ է իրավիճակը, երբ անձը չունի կամ չի ցանկանում ներկայանալ փաստաբանի միջոցով: Այս դեպքում պետությունն է ներգրավում փաստաբանին, որոշ դեպքերում էլ նույնիսկ բացառում է նրանից հրաժարվելը:
10. Իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունից հետևում է. ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղեկանքի համաձայն՝ 2017 թվականի ընթացքում արձանագրվել են հանրային պաշտպանի ծառայություններից հրաժարվելու 485 դեպքեր, որոնք կազմում են վարույթն իրականացնող մարմինների կողմից հանրային պաշտպան ներգրավելու դեպքերի ընդհանուր թվի մոտ 8%-ը: Ընդ որում, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում կասկածյալի կամ մեղադրյալի կողմից հանրային պաշտպանի ծառայություններից հրաժարվելու նշված դեպքերը պայմանավորված են եղել կասկածյալի կամ մեղադրյալի ընտրությամբ պաշտպան ունենալու կամ անձամբ պաշտպանվելու ցանկությամբ: Ինչ վերաբերում է ամբաստանյալին նիստերի դահլիճից հեռացնելու ձևով սանկցիա կիրառելու հետևանքով հանրային պաշտպան ներգրավելու դեպքերին, ապա 2017 թվականին գրանցված 13 դեպքերից 12-ում ամբաստանյալները չեն տվել իրենց համաձայնությունը, սակայն դատարանը ներգրավել է հանրային պաշտպանների, իսկ մի դեպքում հանրային պաշտպանը ներկայացել է դատարան, սակայն չի ներգրավվել մասնավոր պաշտպան ներգրավվելու պատճառով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «իրավաբանական օգնությունից, այն է՝ պաշտպան ունենալուց կամ նշանակված պաշտպանից հրաժարվելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով թույլատրելի դեպքերին», 29.06.2009թ. թիվ ԵՔՐԴ/0436/01/08 որոշմամբ գտել է, որ իրավաբանական օգնությունից օգտվելու, այն է՝ պաշտպան ունենալու վերաբերյալ անձի հստակ և կամավոր արտահայտած ցանկությունը պարտադիր է վարույթն իրականացնող մարմնի համար, մասնավորապես նշելով, որ՝ «… վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի հրաժարումը պետք է ընդունվի միայն այն դեպքում, երբ, հաշվի առնելով անձի տարիքը և հետազոտելով պաշտպանության իրավունքից նրա հրաժարվելու դրդապատճառները, վարույթն իրականացնող մարմինը կգա այն համոզման, որ.
ա) նման ցանկություն նա հայտնել է ինքնակամ, սեփական նախաձեռնությամբ և այն պարտադրված չէ գործի քննության հանգամանքներով,
բ) նա կարողանում է ամբողջությամբ գիտակցել իր վարքագծի հետևանքները,
գ) անձն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել իր պաշտպանությունը»:
Վճռաբեկ դատարանը նույն որոշման մեջ արձանագրել է նաև այն փաստը, որ՝ «իր կամ այլ անձանց կողմից հրավիրված կամ օրենքով սահմանված կարգով նշանակված պաշտպանից անձի հրաժարումը վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդունելու իրավական հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր»:
11. Իրավաբանական օգնություն ստանալու և անձի՝ մեղադրանքից պաշտպանվելու իրավունքներն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասում և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Քրեական արդարադատության համակարգերում իրավաբանական օգնության մատչելիությանը վերաբերող սկզբունքներ և ուղեցույցներ» A/RES/67/187 բանաձևի առաջին կետում ընդգծվում է, որ իրավաբանական օգնությունը հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի վրա հիմնված արդար, մարդասիրական և արդյունավետ քրեական արդարադատության համակարգի կարևորագույն տարր, մարդու այլ իրավունքների, ներառյալ արդար դատաքննության իրավունքի, իրականացման անհրաժեշտ պայման և կարևոր երաշխիք, որն ապահովում է քրեական արդարադատության գործընթացի հիմնարար արդարությունը և դրա հանդեպ հասարակության վստահությունը (կետ 1, Սկզբունք 1, կետ 14):
Նույն բանաձևում նշվում է, որ պետությունը պետք է իրավաբանական օգնության տրամադրումը դիտարկի որպես իր պարտավորությունների և պատասխանատվության տարրերից մեկը (Սկզբունք 2, կետ 15):
Նշված բանաձևի առաջին ուղեցույցից հետևում է, որ, հաշվի առնելով անձին առնչվող կոնկրետ հանգամանքները, դատարանը կարող է որոշել նրան տրամադրել իրավաբանական օգնություն՝ նրա մասնակցությամբ կամ առանց նրա մասնակցության, եթե դա են պահանջում արդարադատության շահերը (կետ 41)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «իրավաբանական ներկայացուցչության իրավունքը պայմանավորված չէ մեղադրյալի ներկայությամբ», գտնելով, որ «քրեական հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուրի պաշտպանության իրավունքը, որն արդյունավետորեն իրականացվում է պաշտպանի կողմից, արդար դատաքննության հիմնական հատկանիշներից մեկն է: Մեղադրյալը չի կորցնում այս իրավունքը միայն այն պատճառով, որ դատական նիստին /լսումներին/ չի մասնակցել: Օրենսդիրը պետք է կարողանա խուսափել անհիմն մերժումներից և չի կարող պատժել նրանց՝ բացառելով իրավաբանական օգնության իրավունքը: Դատական լսումներին ամբաստանյալների մասնակցության օրինական պահանջը կարող է ապահովվել այլ միջոցներով, բացի պաշտպանվելու իրավունքից զրկելուց» («Van Geyseghem v. Belgium», app. no. 26103/95,21/01/1999):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից հետևում է, որ դատարանը մեղադրյալի՝ անձամբ կամ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանություն իրականացնելու իրավունքը չի դիտարկում որպես բացարձակ իրավունք: Դատարանը նշել է, որ՝ «Ճիշտ է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը քրեական հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուրին վերապահում է իր կողմից ընտրված փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք: Այնուամենայնիվ, չնայած փաստաբանի և վստահորդի միջև փոխհարաբերություններում վստահության կարևորությանը, այդ իրավունքը բացարձակ համարվել չի կարող» և «ներպետական դատարաններն իրավասու են որոշելու, թե արդյոք արդարադատության շահը պահանջում է պարտադիր կերպով իրավաբան նշանակել, թե ոչ» («Croissant v. Germany», app. no. 13611/88, 25/09/1992, §29 «Lagerblom v. Sweden», app. no.26891/95, 14/04/2003): Այն հարցը, թե թույլ տալ անձին իր պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ նշանակել նրա համար փաստաբան, գտնվում է պետության հայեցողության սահմաններում, քանի որ այն առավել արդյունավետորեն կարող է իր իրավական համակարգի շրջանակներում ընտրություն կատարել արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար («Correia de Matos v. Portugal», app. no 48188/99, 15/11/2001):
Եվրոպական դատարանը միաժամանակ գտել է, որ եթե իրավաբանական օգնության համար նշանակված փաստաբանը բացահայտորեն թերանում է կատարել իր պարտականությունները, ապա իշխանությունների պոզիտիվ պարտավորությունն է նրան փոխարինել (Artico v. Italy, app.no 6694/74, 13.05.1980, §31-38):
12. Անդրադառնալով այն հարցին, որ դատական նիստերի դահլիճից հեռացում սանկցիա կիրառելիս պաշտպանը կարող է ինքնակամ կամ պաշտպանյալի պահանջով լքել նիստերի դահլիճը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում պաշտպանյալը փաստացիորեն զրկվում է պաշտպանից, հետևաբար, Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ արդարադատության շահը պահանջում է, որ օրենքով սահմանված կարգով նշանակվի հանրային պաշտպան:
Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ դատավարության ընդհատումներից և հետաձգումներից խուսափելու նպատակով դատարանի կողմից պաշտպանի նշանակումը ևս բխում է արդարադատության շահերից («Croissant v. Germany», app. no. 13611/88, 25/09/1992, §28): Քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն՝ գործին նոր մասնակցող պաշտպանին դատարանը բավարար ժամանակ է տրամադրում գործի նյութերն ուսումնասիրելու համար, և նա իրավունք ունի միջնորդելու կրկնել ցանկացած գործողություն, որը դատական քննության ընթացքում կատարվել է նախքան գործին իր մասնակցելը, և որի արդյունքում գործի համար էական հանգամանքներ են պարզվել, ինչը կարող է հանգեցնել դատավարության ձգձգման:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ.
նախ՝ առանց ամբաստանյալի համաձայնության հանրային պաշտպան կարող է նշանակվել ելնելով միայն արդարադատության շահերից, որպիսին է, մասնավորապես, արդյունավետ դատական պաշտպանության, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքների և քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքի ապահովումը:
Երկրորդ, ամբաստանյալը պետք է նախապես տեղեկացված լինի դատական նիստերի դահլիճից հեռացվելու դեպքում պաշտպանի հեռանալու հետևանքների մասին: Քանի որ իրավաբանական օգնությունն էական ազդեցություն կարող է ունենալ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը երաշխավորելու գործընթացում, Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ պաշտպանից հրաժարվելը պետք է լինի կամավոր և գիտակցված, իսկ անձը պետք է նախապես տեղեկացվի հրաժարման հետևանքների մասին:
Երրորդ՝ եթե նշանակվում է հանրային պաշտպան, սակայն հետագայում ամբաստանյալը ցանկություն է հայտնում ունենալ իր կողմից ընտրված պաշտպան, ապա հանրային պաշտպանի լիազորությունները, արդարադատության շահերից ելնելով, կարող է դատարանի կողմից պահպանվել, ինչը չի կարող արգելք հանդիսանալ ամբաստանյալի կողմից ընտրված պաշտպանի մասնակցության համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 72-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 13 փետրվարի 2018 թվականի ՍԴՈ-1403
Վ. Հովհաննիսյան