Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1399
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.07/9(1367) Հոդ.129
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.01.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

30 հունվարի 2018 թ.

 

«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ «ՄԱՍՆԱԿՑԵԼ» ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ «ԱՃՈՒՐԴՆ ՍԿՍՎԵԼՈՒ ՊԱՀԻՑ ԴԱՀԼԻՃ ՄՏՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ՝

դիմողի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի և Ա. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «մասնակցել» և 7-րդ մասի՝ «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության՝ 2017 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով սույն գործով զեկուցողների համատեղ հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ հողային օրենսգիրքը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ հողային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից՝ 2001 թվականի մայիսի 2-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2001 թվականի հունիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 15-ից։

Օրենսգրքի՝ «Աճուրդի կազմակերպումը և իրականացումը» վերտառությամբ 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են.

«6. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:

Աճուրդի անցկացման ձևի մասին նշվում է աճուրդի իրականացման հայտարարության մեջ:

7. Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:

Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկից ավելի է:

Առաջին անգամ աճուրդը չկայանալու դեպքում երկրորդ աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով ու ժամկետներում, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդի, որն անցկացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում` ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության հրապարակայնությունը: Յուրաքանչյուր սակարկության արդյունքով կազմվում է առանձին արձանագրություն, որն իր մեջ ներառում է տվյալներ` աճուրդի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, սակարկման ընթացքի և արդյունքների մասին»:

Ընդունումից ի վեր Օրենսգրքի վիճարկվող դրույթները որևէ փոփոխության չեն ենթարկվել:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

դիմողը դիմումներ է ներկայացրել չորս տարբեր համայնքների ղեկավարների՝ խնդրելով թույլատրել ներկա գտնվել համայնքային սեփականություն հանդիսացող հողերի առաջիկա աճուրդ-վաճառքներին՝ դիտարկելու և լուսաբանելու նպատակով:

Համայնքների ղեկավարները, վկայակոչելով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը, պատասխան գրություններով մերժել են դիմողի պահանջը՝ պատճառաբանելով, որ աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը, և որ աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:

Դիմողը վերը նշված գրությունները վիճարկել է ՀՀ վարչական դատարանում՝ ներկայացնելով վարչական ակտերը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ, որը ՀՀ վարչական դատարանի՝ 23.05.2016թ. վճռով մերժվել է (վարչական գործ թիվ ՎԴ/5371/05/15): ՀՀ վարչական դատարանն իր վճիռը հիմնականում պատճառաբանել է նրանով, որ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:

ՀՀ վարչական դատարանի վերոհիշյալ վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2017թ. որոշմամբ մերժվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր որոշմամբ իրավաչափ է գտել այլ անձանց, այդ թվում՝ հայցվոր կազմակերպության ներկայացուցիչների, փակ աճուրդին ներկա գտնվելու վարչական մարմնի արգելքը:

Նշված որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 17.05.2017թ. որոշմամբ:

 

3. Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «մասնակցում են» արտահայտությունը և 7-րդ մասի՝ «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթը համապատասխանաբար իրավունք սահմանափակող արտահայտություն և դրույթ են և, այդքանով հանդերձ, հակասում են ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին, 2, 7, 42, 48, 49, 51, 78, 79, 80, 81 և 183-րդ հոդվածներին:

Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ տեղեկանալու իրավունքը խոսքի ազատության բաղադրիչ է, հետևաբար՝ համայնքին պատկանող գույքի օտարման մասին տեղեկացված լինելու իրավունքն անհրաժեշտ է համայնքին պատկանող գույքը տնօրինելու իրավունքի իրացման համար: Մինչդեռ, ըստ դիմողի, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «մասնակցում են» եզրույթը վերաբերում է միայն գրանցված, այն է՝ աճուրդում հաղթող ճանաչվելու շահ ունեցող անձանց, կազմակերպչին և արձանագրողին, իսկ նույն հոդվածի 7-րդ

մասն ամրապնդում է այլ անձանց արգելքը, այն է՝ «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է»:

Ըստ դիմողի՝ համայնքներում նշանակված աճուրդ-վաճառքներին ներկա գտնվելն ուղղված է տեղեկատվություն ստանալուն, այդ թվում՝ դրա տարածման նպատակով, իսկ վերջինս պայմանավորված է դիմողի (հասարակական կազմակերպության) հանրային գործունեությամբ՝ հանրային նշանակության դեպքերի լրագրողական հետաքննությամբ:

Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, ստանձնել է կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանը նպաստելու պարտավորություն: Իսկ այդ մասնակցությունը, ըստ դիմողի, պետք է ամրապնդվի այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են՝ թափանցիկության ուժեղացումը, բնակչության համար տեղեկատվության նկատմամբ արդյունավետ մուտքն ապահովելը, հանրության տեղեկացվածության միջոցառումների իրականացումը, կոռուպցիայի մասին տեղեկատվություն փնտրելու, ստանալու, հրապարակելու և տարածելու ազատությունը:

 

4. Պատասխանող կողմը կարծում է, որ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասն այնքանով, որքանով իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, խոչընդոտում է մամուլով աճուրդի լուսաբանմանը, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին, իսկ 7-րդ մասով սահմանված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ Ազգային ժողովի կողմից բավարար օրենսդրական նախադրյալներ ստեղծվել են տեղեկատվության ազատությունը երաշխավորելու համար:

Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առնչությամբ վկայակոչելով, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին, 42, 51, 78 և 81-րդ հոդվածները, կարծիքի ազատության վերաբերյալ Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքները, պատասխանող կողմը գտնում է, որ կոնկրետ դեպքում պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդով վաճառքը հասարակական հետաքրքրություն ներկայացնող միջոցառում է և շոշափում է համայնքի բնակիչների շահերը, հետևաբար՝ մամուլի կողմից լուսաբանման ենթակա է: Այնուամենայնիվ, պատասխանողը գտնում է, որ այս գործընթացում միաժամանակ անհրաժեշտ է ապահովել աճուրդի մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալների երրորդ անձանց փոխանցման դեպքում, քանի որ աճուրդի գործընթացը ենթադրում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով անձնական տվյալների մշակում և օգտագործում, հետևաբար՝ վերը նշված օրենքին համապատասխան իրավական ռեժիմների պահպանում:

Այդուհանդերձ, պատասխանող կողմը կարծում է, որ աճուրդին անմիջականորեն մասնակցող անձանց անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունն ինքնին չի կարող գերակշռել հանրային իրավաչափ հետաքրքրությունը աճուրդների իրականացման գործընթացի օրինականության նկատմամբ: Հետևաբար, զանգվածային լրատվամիջոցների մասնակցության խոչընդոտը չի կարող Եվրոպական դատարանի եզրութաբանությամբ համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:

Անդրադառնալով Օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» իրավակարգավորմանը՝ պատասխանողն անհրաժեշտ է համարում նկատել, որ նշված դրույթը վերաբերում է ոչ թե աճուրդի հնարավոր մասնակիցների շրջանակին և ըստ այդմ՝ որոշակի խումբ անձանց մասնակցության սահմանափակմանը, այլ աճուրդի անցկացման կազմակերպչական կանոն է, ինչը, պատասխանողի կարծիքով, իրավաչափ նպատակ է հետապնդում: Ըստ պատասխանողի, եթե Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը չընկալվեր որպես աճուրդին ԶԼՄ-ների ներկայությունը բացառող, ապա Օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ վերը նշված արգելքը, ընթացակարգային բնույթ կրելով, կընկալվեր բացառապես որպես աճուրդի պատշաճ ընթացքն ապահովող կարգապահական կանոն:

 

5. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողի բարձրացրած հարցը և նրա ներկայացրած հիմնավորումներն առնչվում են բացառապես Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ, այն է՝ «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը», և 7-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված, այն է՝ «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթներին:

Հաշվի առնելով վերոգրյալը, Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյոք պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդները փակ եղանակով անցկացնելը համահունչ է իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքներին և չի խոչընդոտում անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարծիքն ազատ արտահայտելու տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման հնարավորությանը,

- արդյոք Օրենսգրքի վիճարկվող դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված համաչափության և որոշակիության սկզբունքներին:

 

6. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասից հետևում է, որ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ հողային օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:

Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 464-րդ հոդվածի՝ աճուրդները կարող են լինել բաց և փակ: Ի տարբերություն բաց աճուրդների, որոնց կարող է մասնակցել սահմանված չափանիշներին համապատասխանող ցանկացած անձ, «փակ աճուրդին և փակ մրցույթին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք»:

ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ սակարկություններով պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վաճառվում են բաց աճուրդների միջոցով: Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ «Կազմակերպիչն աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողամասերի դեպքում` նաև որակական հատկանիշները), ինչպես նաև տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը»: Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան՝ յուրաքանչյուր անձ, ով Օրենսգրքի համաձայն հանդիսանում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի սուբյեկտ, ցանկության դեպքում կարող է սահմանված կարգով մասնակցել աճուրդին:

Մյուս կողմից, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը: Հաշվի առնելով այն, որ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդների նկատմամբ կիրառվում են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող հոդվածի 6-րդ մասում կիրառված՝ «աճուրդն անցկացվում է փակ» արտահայտությունը չի ենթադրում, որ այդ աճուրդներին կարող են մասնակցել հրավիրված անձինք: Սահմանադրական դատարանը հարկ է համարում տարանջատել «փակ սակարկություններ» հասկացությունը «փակ եղանակով կազմակերպվող աճուրդներ» հասկացությունից: ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել նաև, որ հրապարակային աճուրդներն ամեն դեպքում հանդիսանում են բաց աճուրդներ և դրանից ելնելով էլ՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը սահմանել է, որ «սույն օրենքով չեն կարգավորվում փակ սակարկությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունները»:

 

7. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի տրամաբանությանը համապատասխան՝ հրապարակային աճուրդներին ներկա են գտնվում ինչպես աճուրդի մասնակիցները, այսինքն՝ այն անձինք, ովքեր սահմանված կարգով վճարել են նախավճար և կազմակերպչի կողմից ստացել են մասնակցի վկայական, այնպես էլ աճուրդի մասնակից չհամարվող անձինք: Ընդ որում, վերոհիշյալ հոդվածի համաձայն՝ մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով կարող է սահմանվել մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը: Բացի դրանից, ինչպես նշվեց, աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:

Այս առումով, հրապարակային աճուրդներին, բացի կազմակերպչից, արձանագրողից և մասնակիցներից, կարող են ներկա գտնվել նաև համապատասխան կարգավիճակ ձեռք բերած անձինք:

Այսինքն՝ կարծիք արտահայտելու, տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատությունն իր իրագործումն է գտել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում՝ ցանկացած անձի համար հնարավորություն ստեղծելով ներկա գտնվելու հրապարակային աճուրդին և դիտարկելու դրա ընթացքը:

Մյուս կողմից, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ: Նույն մասը սահմանում է, որ աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հոդվածում խոսքը վերաբերում է աճուրդի բուն գործընթացին առնչվող` գործընթացին «մասնակցող» անձանց, այն չպետք է նույնացվի «ներկա գտնվող» հասկացության հետ, և համապատասխան դրույթները չպետք է խոչընդոտ հանդիսանան աճուրդի ընթացքը դիտարկելու ցանկություն հայտնած և սակարկություններին ներկա գտնվելու կարգավիճակ ունեցող անձանց համար:

Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ, ի պատասխան սույն գործով զեկուցողների՝ 22.12.2017թ. ՍԴԱ-18 գրության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ 16.01.2018թ. N 01/16.1/157-18 պատասխան գրությամբ՝ հարցին՝ արդյոք Հայաստանի Հանրապետության համայնքներում առկա են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված աճուրդի կանոնակարգեր, և արդյոք նախատեսված է աճուրդի մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ կարգավորումներ, նշվել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն՝ աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը, իսկ աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է: Բացի դրանից, նշվել է, որ հողամասերի աճուրդի անցկացման լրացուցիչ կանոնակարգ ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդով վաճառքին առնչվող խնդիրները կարգավորվում են ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, իսկ աճուրդի կազմակերպման և իրականացման կարգը՝ 68-րդ հոդվածի դրույթներով:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև հաշվի առնել, որ դատական պրակտիկայում Օրենսգրքի վիճարկվող 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթը մեկնաբանվել է որպես պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդներին մասնակից չհանդիսացող անձանց ներկա գտնվելը բացառող դրույթ: Մասնավորապես, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ եզրահանգել է, որ «համայնքային հողամասերի փակ աճուրդին կարող են ներկա գտնվել բացառապես աճուրդին գրանցված մասնակիցները, կազմակերպիչը և արձանագրողը»:

 

8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը ներառում է նաև տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել իր` 2012 թվականի մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «... Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը»:

Հարկ է նշել նաև, որ կարծիքի արտահայտման իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է սահմանափակվել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով և կարգով: Մասնավորապես, այն կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ օրենսդիրը պետք է նախատեսի պետական և համայնքային հողամասերի վաճառքի վերաբերյալ կազմակերպվող աճուրդների այնպիսի իրավակարգավորում, ինչը, մի կողմից, կհամարվի անհրաժեշտ աճուրդի բնականոն ընթացքն ապահովելու համար, մյուս կողմից` վերաբերելով պետությանը և համայնքին պատկանող գույքին, այդ կապակցությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության անհրաժեշտությանը, մատչելի կլինի հասարակության համար ու կբարձրացնի հանրային իշխանության և, մասնավորապես, տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրության վստահությունը:

Առաջնորդվելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, հանրային իշխանության գործողությունների թափանցիկությունը, հաշվետու գործունեությունը, հանրային-իրավական պատասխանատվությունն ապահովելու նկատառումներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետությանը և համայնքներին պատկանող հողամասերի աճուրդի վերաբերյալ տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքն աճուրդին ներկա գտնվելու եղանակով իրացնելը` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումների նպատակները հաշվի առնելով, անհրաժեշտություն է, և պետական ու համայնքային հողամասերի աճուրդը պետք է լինի թափանցիկ:

Անդրադառնալով անձի՝ տեղեկություններ փնտրելու իրավունքին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև Օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը ներառում է տվյալներ աճուրդի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, սակարկման ընթացքի և արդյունքների մասին, միևնույն է, արձանագրությամբ արձանագրված տեղեկությունները չեն կարող համարժեք լինել ներկա գտնվելու արդյունքում ստացված տեղեկատվությանը: Բացի դրանից, հարկ է հավելել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի գրության համաձայն՝ պետության և համայնքներին պատկանող հողամասերի աճուրդների ընթացքի տեսաձայնագրություն չի իրականացվում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետությանը և համայնքներին պատկանող հողամասերի աճուրդին անձանց, այդ թվում՝ կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկա գտնվելն արգելելը համաչափ սահմանափակում չէ և իրավաչափ նպատակ չի հետապնդում: Վերջիններիս ներկա գտնվելն ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետության ապահովմանը, հանրային իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության, քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը:

 

9. Սահմանադրական դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 26-ի ՍԴՈ-1396 որոշմամբ վերահաստատելով իր՝ 11.01.2001թ. ՍԴՈ-278 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, գտել էր, որ օրենսդիրը հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումներ նախատեսելիս պարտավոր է առաջնորդվել բացառապես սահմանադրաիրավական այն չափորոշիչներով, որպիսիք նախատեսված են Սահմանադրության 75, 76, 78, 79 և 80-րդ հոդվածներում և 81-րդ հոդվածի 2-րդ մասում:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար և պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Միաժամանակ, Սահմանադրության 79-րդ հոդվածի համապատասխան՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները փակ եղանակով կազմակերպելը սահմանադրականության տեսանկյունից չի կարող գնահատվել որպես համարժեք սահմանափակվող այնպիսի հիմնական իրավունքների նշանակությանը, ինչպիսիք են տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքները: Այն չի կարող գնահատվել որպես պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակի հասնելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում անդրադարձել է տեղեկատվության ազատության խնդիրներին, մասնավորապես. 2009թ. ապրիլի 14-ի Társaság a Szabadságjogokért v. Hungary (գանգատ թիվ 37374/05) գործով դատարանը եզրահանգել է, որ հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկության տրամադրման խոչընդոտները կարող են բացասաբար ազդել ԶԼՄ-ներում և հարակից ոլորտներում գործունեություն ծավալող անձանց վրա:

Մեկ այլ, 2013թ. նոյեմբերի 28-ի Österreichische Vereinigung zur Erhaltung, Stärkung und Schaffung eines wirtschaftlich gesunden land und forstwirtschaftichen Grundbesitzes v. Austria (գանգատ թիվ 39534/07) վճռով դատարանը վերահաստատել է նախկին դիրքորոշումները, այն է` կողմնակից է «տեղեկություններ ստանալու ազատություն» հասկացության ավելի լայն մեկնաբանմանը, որը ներառում է տեղեկությունների մատչելիության սկզբունքը:

Ինչ վերաբերում է Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի՝ վիճարկվող դրույթի համապատասխանությանը որոշակիության սկզբունքին, ապա Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդով վաճառքի իրարամերժ իրավակարգավորումները: Մասնավորապես, մի կողմից, Օրենսգիրքը սահմանափակում է աճուրդին ներկա գտնվելու ցանկություն հայտնած անձանց հնարավորությունը, իսկ, մյուս կողմից՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հատուկ կարգավորում մասնակից չհանդիսացող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ:

 

10. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը կարգավորում է հրապարակային աճուրդի ընթացքը, համաձայն որի՝ նախքան աճուրդի սկսվելը կազմակերպիչը գրանցում է աճուրդի մասնակիցներին՝ ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթեր: Միաժամանակ, վերոհիշյալ օրենքի համաձայն՝ աճուրդի անցկացման այլ ընթացակարգային պայմանները կարող են նախատեսվել աճուրդի մասին կանոնակարգով, որի դրույթներին կազմակերպիչը պարտավոր է մասնակիցներին ծանոթացնել նախքան աճուրդի սկսվելը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը նվիրված է աճուրդի մասին հրապարակային ծանուցմանը, սահմանում է, որ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ պարտադիր պետք է նշվի աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Անգամ այն դեպքերում, երբ հրապարակային ծանուցումն ի սկզբանե նախատեսում է փոփոխությունների կատարման հնարավորություն, այնուամենայնիվ, փոփոխված ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդից առնվազն երեք օր առաջ: Նման իրավակարգավորումները երաշխիք են շահագրգիռ անձանց համար հայտարարված ժամին ներկա գտնվելու սակարկություններին:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև շեշտել, որ աճուրդն սկսվելու պահն ամրագրված է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի՝ «Աճուրդը բացվում է հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է աճուրդում վաճառվելիք լոտի անվանումը և նկարագրությունը, դրա մեկնարկային գինը, լոտի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև աճուրդի անցկացման ձևը, այդ թվում` գնային հայտեր ներկայացնելու կարգը»: Այսինքն՝ աճուրդի սկսվելու պահը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարությունն անելու պահն է: Հետևաբար, նշված դրույթը կոչված է ապահովելու աճուրդի բնականոն ընթացքը, բարձրացնելու աճուրդին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց կարգապահությունը:

Նման իրավընկալման շրջանակներում աճուրդի սկսվելու պահից դահլիճ մտնելու արգելքը համապատասխանում է համաչափության և որոշակիության սկզբունքներին և չի սահմանափակում անձի՝ կարծիք արտահայտելու ազատությունը և տեղեկություններ ստանալու իրավունքը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության՝ «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը» դրույթն այն մասով, որով իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ արգելափակում է պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդներին սահմանված կարգով ներկա գտնվելու և աճուրդի ընթացքը դիտարկելու նման ցանկություն հայտնած անձանց, այդ թվում` իրենց կանոնադրական պարտականությունը կատարող կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 42-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված՝ «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

30 հունվարի 2018 թվականի

ՍԴՈ-1399