Գլխավոր տեղեկություն
Համար
N 1442-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.01.2018-20.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.23/67(801) Հոդ.1327
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2010 թվականի N 1442-Ն

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1228-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1901-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 21.11.13 N 1308-Ն, փոփ. 03.03.16 N 261-Ն)

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով, 14-րդ հոդվածի 5-րդ մասով և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 03.03.16 N 261-Ն, լրաց. 28.12.17 N 1727-Ն)

1. Սահմանել սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 21.11.13 N 1308-Ն, 03.03.16 N 261-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը սահմանելու մասին» N 1228-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը հաստատելու մասին» N 1901-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

(վերնագիրը խմբ. 21.11.13 N 1308-Ն, 03.03.16 N 261-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սննդային արտադրանքի (այսուհետ՝ սննդամթերք) և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման ընթացակարգերը և դրանց իրականացման պայմանների հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը խմբ. 03.03.16 N 261-Ն)

2. Սույն կարգի իմաստով` բեռ են համարվում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, իսկ սույն կարգի III գլխում՝ նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները:

(2-րդ կետը խմբ. 03.03.16 N 261-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)

5. Բեռը ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում է բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթի՝ առողջության սերտիֆիկատի, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատի, անվտանգության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի կամ համապատասխանության հայտարարագրի կամ բեռի տվյալ խմբաքանակի փորձարկման լաբորատորիայի փորձաքննության արձանագրությունների առկայության դեպքում (այսուհետ` բեռն ուղեկցող փաստաթուղթ):

(5-րդ կետը խմբ. 03.03.16 N 261-Ն)

6. Բեռների ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` իր կազմում գործող սահմանային հսկիչ կետերի (այսուհետ՝ հսկիչ կետ) և մարզային կենտրոնների (այսուհետ՝ մարզային կենտրոն) միջոցով:

7. Բեռների ներմուծման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է հսկիչ կետի կողմից: Արտահանման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից: Արտահանման դեպքում հսկիչ կետի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է մարզային կենտրոնի կողմից տրված համապատասխանության մասին տեղեկանքի հիման վրա:

8. Արտահանման այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվել է մարզային կենտրոնի կողմից, սահմանային հսկիչ կետում այն չի փոխարինվում: Ներմուծման կամ արտահանման ժամանակ հսկողության ենթակա` սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(8-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)

9. Ներմուծման կամ արտահանման դեպքում բեռն ուղեկցող փաստաթղթերը հսկիչ կետում փոխարինվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերով:

9.1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ այլ երկրներից ներմուծվող բեռի բացթողումը կամ տեղաշարժի կասեցումը կամ ներմուծման արգելքը կամ վերադարձը ձևակերպվում է հսկիչ կետի պաշտոնատար անձի կողմից ապրանքն ուղեկցող փաստաթղթերի վրա համապատասխան դրոշմակնիք դնելով:

(9.1-ին կետը լրաց. 03.03.16 N 261-Ն)

10. Տարանցիկ փոխադրման դեպքում` բեռն ուղեկցող փաստաթղթերը հսկիչ կետում չեն փոխարինվում, բեռն ուղեկցում են տարանցիկ փոխադրման ամբողջ ընթացքում:

 

II. ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

 

11. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)

12. Հսկիչ կետում ներմուծվող բեռի փաստաթղթային ստուգումը, զննումը և (կամ) նմուշառումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:

(12-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)

13. Բեռի ներմուծումը չի թույլատրվում, եթե լիազոր մարմնի կողմից կատարված նմուշառման և լաբորատոր հետազոտության արդյունքներով բեռը ճանաչվել է վտանգավոր, կամ տվյալ բեռի ներմուծումը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության կողմից, կամ բացակայում են սույն կարգի 5-րդ կետերով նախատեսված բեռն ուղեկցող փաստաթղթերը:

(13-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)

16. Եթե անհրաժեշտություն է առաջանում նմուշառմամբ և լաբորատոր փորձաքննությամբ որոշելու բեռի անվտանգությունը, ապա հսկիչ կետում բեռը կապարակնքվում է, կազմվում է ներմուծվող բեռի տնօրինումն արգելելու մասին կարգադրագիր, և թույլատրվում է բեռի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Նմուշառումը կատարվում է մաքսային հսկողության ներքո՝ մաքսային մարմինների կողմից թույլատրված և բեռը տեղափոխող անձի կողմից խնդրարկված վայրում:

(16-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)

17. Տնօրինումն արգելված բեռի հետագա օգտագործման հնարավորությունը որոշվում է լաբորատոր փորձաքննության արդյունքներով: Լաբորատոր փորձաքննության իրականացման ժամկետը և տևողությունը չեն կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:

18. Տնօրինումն արգելված բեռը բաց է թողնվում բեռի նկատմամբ պետական վերահսկողության արդյունքների հիման վրա` լիազոր մարմնի կողմից տրված` բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, որը տրվում է ներմուծողին` այն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

19. Տնօրինումն արգելված բեռի պետական վերահսկողության արդյունքներով, լաբորատոր փորձարկումների հիման վրա, վտանգավորության մասին եզրակացության առկայության կամ բեռի անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում բեռը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում կամ վերադարձվում է արտահանող երկիր: Ոչնչացման կամ վերադարձման, դրա հետ կապված` բեռի փորձաքննության, փոխադրման, պահպանման ծախսերը կատարվում են բեռի տիրոջ կողմից:

20. Լաբորատոր փորձաքննության արդյունքներով, լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա, վտանգավոր բեռը ենթակա է ոչնչացման՝ «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով:

(20-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)

21. Ներմուծման թույլտվության դեպքում հսկիչ կետում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, համար` անվտանգության սերտիֆիկատ:

(21-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)

22. Ներմուծման արգելման դեպքում հսկիչ կետում բեռն ուղեկցող առողջության սերտիֆիկատի, որակի և անվտանգության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի կամ համապատասխանության հայտարարագրի վրա դրվում է «Ներմուծումն արգելվում է» դրոշմը, իսկ ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում` «Ներմուծումն արգելվում է» դրոշմը դրվում է բեռն ուղեկցող փաստաթղթի` ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա:

(22-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)

23. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)

24. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)

25. Հսկիչ կետը վարում է լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի ներմուծման համապատասխան գրանցամատյան, որում լրացվում են ներմուծվող բեռի տեսակը, անվանումը, քանակը, քաշը, արտահանող երկրի և կազմակերպության անվանումները, ներմուծողի անվանումը կամ անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրի հասցեն, բեռի ժամանման վերջնակետը, ներմուծման թույլտվության կամ արգելման մասին տեղեկություն:

26. Տեղական արտադրության սննդամթերքը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ ներմուծման համար պահանջվող ուղեկցող փաստաթղթերն են համապատասխանության սերտիֆիկատը կամ գրանցված համապատասխանության հայտարարագիրը:

 

III. ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

27. Բեռն արտահանելու համար արտահանողը լիազոր մարմին է ներկայացնում հայտ՝ առձեռն կամ էլեկտրոնային, կամ փոստային եղանակով` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, ծագման վայրը, արտադրողը (անվանումը, փաստացի գործունեության իրականացման վայրը), քանակը կամ քաշը (քանակը՝ հատով, քաշը՝ կգ-ով), արտահանման երկիրը, վայրը կամ տարածքը, բեռն ստացողը (անվանումը, գտնվելու վայրը), արտահանման նախատեսվող ժամկետը, արտահանողի անվանումը կամ անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրը: Արտահանողը հայտին կից ներկայացնում է՝

1) կենդանական ծագման չվերամշակված սննդամթերքի դեպքում՝ տվյալ արտադրանքի խմբաքանակի անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը.

2) սննդամթերքի դեպքում, այդ թվում՝ փաթեթավորված, համապատասխանության հայտարարագիրը կամ պետական գրանցման վկայականը.

3) սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի դեպքում՝ համապատասխանության հայտարարագիրը.

4) ներմուծող երկրի պահանջի դեպքում՝ տվյալ բեռի խմբաքանակի անվտանգությունը հավաստող լաբորատոր փորձարկման արձանագրությունը:

(27-րդ կետը խմբ. 28.12.17 N 1727-Ն)

28. Հայտն ստանալուց հետո բեռի ծագման վայրի համապատասխան մարզային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է`

1) լիազոր մարմնի տվյալների բազայում արտահանողի առկայությունը, իսկ ԵՏՄ-ի տարածք անասնաբուժական հսկողության ենթակա բեռի արտահանման դեպքում՝ անասնաբուժական հսկողության ենթակա բեռն արտադրողի, վերամշակողի և (կամ) պահպանողի առկայությունը ԵՏՄ-ի տարածք արտահանման թույլտվություն ունեցող կազմակերպությունների ռեեստրում.

2) անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի ծագման վայրի անասնահամաճարակային իրավիճակը և ապահովությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ սահմանված ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությունը.

3) բեռի ծագումը, արտադրողին (կենդանիների դեպքում՝ սեփականատիրոջը), բեռը, բեռի ամբողջականությունը, անվտանգությունը երաշխավորող պայմանները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մակնշմանը ներկայացվող պահանջները.

4) ներմուծող երկրի օրենսդրությամբ բեռի ներմուծմանը ներկայացվող պահանջների առկայությունը և արտահանվող բեռի համապատասխանությունն այդ պահանջներին:

(28-րդ կետը լրաց. 03.03.16 N 261-Ն, խմբ. 28.12.17 N 1727-Ն)

29. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու և սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից բեռն արտահանողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է արտահանվող բեռի համապատասխանության տեղեկանքը՝ հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(29-րդ կետը խմբ. 28.12.17 N 1727-Ն)

29.1. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու, սակայն սույն կարգի 27-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում մարզային կենտրոնն արտահանվող արտադրանքի խմբաքանակից կատարում է նմուշառում անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկումների միջոցով բեռի անվտանգությունը որոշելու նպատակով: Անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկումների միջոցով բեռի անվտանգությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից համապատասխանության տեղեկանքը տրվում է լաբորատոր անվտանգությունը հավաստող փաստաթղթերը տալու օրը:

(29.1-ին կետը լրաց. 28.12.17 N 1727-Ն)

29.2. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները չբավարարվելու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման արդյունքում արտահանվող բեռի վտանգավորությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից հայտը մերժվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ հայտը կամ արդյունքներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(29.2-րդ կետը լրաց. 28.12.17 N 1727-Ն)

30. Եթե տվյալ բեռը (բացառությամբ կենդանիների) արտադրողը գրանցված է լիազոր մարմնի տվյալների բազայում և լիազոր մարմնի կողմից սահմանված ձևաչափով ու ժամկետներում պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել իր արտադրական գործունեության մասին, ապա սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը) բեռն արտահանողին տրվում են հայտ ներկայացնելու օրը՝ առանց սույն կարգի 28-րդ կետով սահմանված ընթացակարգի:

31. Արտահանողի կողմից համապատասխանության տեղեկանքը և սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը, իսկ կենդանիների դեպքում՝ առողջությունը հավաստող փաստաթուղթը, տոհմային կենդանիների և բեղմնավորիչ նյութերի դեպքում՝ նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթը համապատասխան հսկիչ կետ ներկայացվելու դեպքում արտահանման համար տրվող համապատասխան սերտիֆիկատը տրվում է համապատասխանության տեղեկանքի տրամադրման օրը:

(31-րդ կետը խմբ. 28.12.17 N 1727-Ն)

32. Բեռները Եվրոպական միության երկրներ արտահանվում են նաև տվյալ բեռի ներմուծմանը ներկայացվող Եվրամիության պահանջների պահպանմամբ:

33. Հսկիչ կետը և մարզային կենտրոնը վարում են լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի արտահանման համապատասխան գրանցամատյան, որում լրացվում են արտահանվող բեռի տեսակը, անվանումը, քանակը, քաշը, արտահանողի անունը, ազգանունը կամ անվանումը, ներմուծող երկրի և բեռն ստացող կազմակերպության անվանումը կամ անունն ու ազգանունը, գտնվելու կամ բնակության վայրը, ում կողմից է տրվել լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, տալու ամսաթիվը, համարը, պետական վերահսկողության արդյունքում համապատասխան մարզային կենտրոնի կողմից տրված ուղեկցող փաստաթուղթը տալու ամսաթիվը և համարը:

34. Արտահանումը չի թույլատրվում, եթե`

1) չեն ներկայացվել սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը).

2) սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը) և բեռը չեն համապատասխանում միմյանց.

3) բեռի զննման ընթացքում հայտնաբերվել են ֆիզիկական, քիմիական, կենսաբանական գործոններով պայմանավորված` բեռի անվտանգությունը չերաշխավորող պայմաններ կամ բեռի անորակության զգայորոշման` օրգանոլեպտիկ ցուցանիշների խախտումներ:

35. Հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և կենդանիների արտահանման համար տրվում է անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատ, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, համար` անվտանգության սերտիֆիկատ, իսկ տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթ:

(35-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)

36. Եվրամիության երկրներ անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների, կենդանիների և սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, արտահանման համար հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից տրվում են Եվրամիության օրենսդրությամբ սահմանված Եվրամիության տարածք երրորդ երկրներից անասնաբուժական հսկման ապրանքների ներկրման համար ընթացակարգով սահմանված ձևի առողջության սերտիֆիկատներ: Բացի Եվրամիության և ԱՊՀ անդամ երկրներից` մյուս երկրներ բեռների արտահանման համար տրվում են ներկրող երկրի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանող սերտիֆիկատներ:

(36-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)

37. Արտահանման թույլտվության դեպքում ծառայության սահմանային հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող անասնաբուժական կամ առողջության կամ անվտանգության սերտիֆիկատի վրա դրվում է «Արտահանումը թույլատրվում է» դրոշմը, և նշվում են բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերի համարը, տալու ամսաթիվը, իսկ տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային նշանակության մասին տեղեկություն:

38. Արտահանման արգելման դեպքում բեռի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ (սերտիֆիկատ կամ համապատասխանության տեղեկանք) չի տրվում, և բեռն ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Արտահանումն արգելվում է» դրոշմը:

(38-րդ կետը խմբ. 03.03.16 N 261-Ն)

 

IV. ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

39. Տարանցիկ փոխադրումն իրականացվում է լիազոր մարմնի գրավոր թույլտվությամբ, որում նշվում է երթուղին:

40. Լիազոր մարմնի գրավոր թույլտվությամբ տարանցիկ փոխադրվող բեռների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

41. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)

42. Տարանցիկ փոխադրվող բեռի մուտքի և ելքի սահմանային անցման կետերում համապատասխան հսկիչ կետերը տարանցիկ փոխադրման գրանցամատյաններում լրացնում են տարանցիկ փոխադրվող բեռի տեսակը, քանակը, փոխադրողի անվանումը կամ անունը, ազգանունը, բեռն ուղեկցող փաստաթղթի համարը, տալու ամսաթիվը, ուղարկող և ստացող երկիրն ու կազմակերպությունը:

43. (կետն ուժը կորցրել է 03.03.16 N 261-Ն)

44. Տարանցիկ փոխադրումն արգելվում է, եթե`

1) բացակայում է լիազոր մարմնի գրավոր թույլտվությունը.

2) բացակայում են բեռն ուղեկցող փաստաթղթերը.

3) համաճարակային իրավիճակով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում առկա են տարանցիկ փոխադրման սահմանափակումներ.

4) լիազոր մարմնի կողմից արգելված է տվյալ բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

45. Բեռի տարանցիկ փոխադրումը թույլատրելու դեպքում` հսկիչ կետում բեռն ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Տարանցիկ փոխադրումը թույլատրվում է» դրոշմը:

46. Տարանցիկ փոխադրումն արգելելու դեպքում` բեռն ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը, իսկ բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում` «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը դրվում է բեռն ուղեկցող փաստաթղթի` ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Բեռի մաքսային ձևակերպումը կատարվում է բեռի զննման և բեռն ուղեկցող փաստաթղթերի (առկայության դեպքում՝ լաբորատոր հետազոտությամբ բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի) ուսումնասիրության արդյունքների հիման վրա տրված անասնաբուժական կամ առողջության կամ անվտանգության սերտիֆիկատի առկայությամբ:

48. Արտահանող կամ ներկրող երկրում անասնահամաճարակային իրավիճակով կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ներմուծվող որևէ սննդամթերքի կամ անասնակերի տվյալ տեսակի վտանգավորության մասին ստացված տեղեկատվությամբ պայմանավորված` ներկրման կամ արտահանման սահմանափակումների մասին տեղեկատվությունը տեղադրվում է լիազոր մարմնի էլեկտրոնային կայքերում: Նոր սահմանափակումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է դրանց պաշտոնական ստացումից հետո մեկօրյա ժամկետում:

49. Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և կենդանիների արտահանման դեպքում` ներմուծող կամ տարանցիկ երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի պաշտոնական պահանջի դեպքում լիազոր մարմնի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տրվում է բեռի արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար թույլտվություն խնդրելու վերաբերյալ գրություն` ռուսերենով կամ ընդունված միջազգային լեզվով` դրա մասին տեղեկությունն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

50. Սույն կարգի պահանջների կատարման հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

51. Սույն կարգով սահմանված դրույթները չեն գործում ստորև ներկայացվող աղյուսակով սահմանված սննդամթերքի բնաիրային քանակությունների ներմուծման ժամանակ.

(51-րդ կետը փոփ. 03.03.16 N 261-Ն)

 

Աղյուսակ

 

Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքատնտեսագիտական գործունեության դասակարգչի

Ապրանքի անվանումը

Բնաիրային չափը

1

2

3

02

Միս և մսի սննդային ենթամթերք

30 կգ

03

Ձկներ և խեցգետնակերպեր, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ՝ բացառությամբ կենդանի ձկան

30 կգ

0302 90 000 0

Ձկան խավիար

0.5 կգ

04

Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերք՝ դասակարգչի այլ տեղում չհիշատակված կամ չներառված

30 կգ

0408 11

Ձվի դեղնուց չորացված

1 կգ

0407

Թռչնի ձու՝ կճեպով, թարմ պահածոյացված կամ եփած

150 հատ

08

Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի ու սեխի կեղևներ և կճեպներ

50 կգ յուրաքանչյուր տեսակից

09

Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ

5 կգ

1201

Սոյայի պտուղներ՝ մանրատած կամ չմանրատած

20 կգ

1202

Գետնընկույզ՝ չբոված կամ որևէ այլ եղանակով չպատրաստած, կեղևահանած կամ կեղևով, մանրատած կամ չմանրատած՝

20 կգ

1203 00 000
1204 00
1205
1208

Կոպրա, վուշի, հլածուկի կամ կոլզայի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած, մանր և խոշոր աղացվածքի ալյուր՝ ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից՝ բացի մանանեխի սերմերից

20 կգ

1207

Այլ յուղատու մշակաբույսերի սերմեր ու պտուղներ` մանրատած կամ չմանրատած՝

50 կգ

1206 00

Արևածաղկի սերմեր՝ մանրատած կամ չմանրատած՝

50 կգ

1212

Ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ` թարմ սառեցված, պաղեցված կամ չորացված, կոտորակված կամ չկոտորակված, պտուղների կորիզներ և դրանց միջուկներ, սննդի նպատակով օգտագործվող բուսական ծագման այլ մթերք` դասակարգչի այլ տեղերում չհիշատակված կամ չներառված

20 կգ

15

Կենդանական կամ բուսական ծագման ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացված նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագման մոմեր` բացառությամբ գերչակի

25 կգ

16

Պատրաստի մթերք մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից

20 կգ

1604 31 000
1604 32 00

Թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված այլ ձկան խավիարից

0.25 կգ

17

Շաքար, այլ շաքարներ` ներառյալ լակտոզա, ֆրուկտոզա, մալթոզա, գլյուկոզա, պինդ վիճակում, շաքարային սիրոպներ` առանց համահոտային և ներկանյութերի, արհեստական մեղր` խառնված կամ չխառնված բնական մեղրի հետ, մելասա շաքարից պատրաստված կակաո չպարունակող հրուշակեղեն` ներառյալ սպիտակ շոկոլադը

10 կգ

1704 10

Մաստակ` պատված կամ չպատված շաքարով

1 կգ

18

Կակաո և դրանից մթերք

10 կգ

19

Պատրաստի մթերք հացահատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից

15 կգ

1901 10 000 0

Մանկական կեր` փաթեթավորված վաճառքի համար

15 կգ

1901 20 000 0

Հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի պատրաստման համար խառնուրդ և խմոր

15 կգ

1902

Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լափշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում

10 կգ

1904

Պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ` եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված

5 կգ

1905 31
1905 32

Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր

5 կգ

20

Մթերք` ստացված բանջարեղենի, մրգերի, ընկույզների, սնկի կամ բույսերի այլ մասերի վերամշակումից

10 կգ

21

Սննդամթերքներ` տարբեր

5 կգ

2102

Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած միաբջիջ օրգանիզմներ, պատրաստի թխման փոշի

2 կգ

22

Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

2 լիտր կամ
1 շիշ, եթե 1 շշի տարողությունը
2 լիտրից ավելի է

23

Սննդարդյունաբերության մնացորդներ և թափոններ

5 կգ

(աղյուսակը խմբ. 03.03.16 N 261-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 19.04.12 N 489-Ն, փոփ. 25.04.13 N 438-Ն, խմբ. 21.11.13 N 1308-Ն, խմբ., լրաց., փոփ. 03.03.16 N 261-Ն, խմբ., լրաց. 28.12.17 N 1727-Ն )

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան