040.0670.26.10.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության»
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 1999 թվականի N 670
քաղ. Երևան
1975 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ 1994 թվականի հունիսի 8-ից Հայաստանի Հանրապետությունը միացել է 1975 թվականի միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) կոնվենցիային և դրա N 6 հավելվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի միջազգային փոխադրողների միությունը ճանաչել ազգային երաշխիքային մարմին և նրան վերապահել միջազգային ճանապարհային փոխադրումների կոնվենցիայի 6 հոդվածով սահմանված իրավասությունը` միջազգային ճանապարհային փոխադրումների փոխադրագրքույկներ և երաշխիքներ տալու մասով:
2. Միջազգային ճանապարհային փոխադրումների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման մասով իրավասու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
(2-րդ կետը փոփ. 14.12.17 N 1614-Ն)
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` տրանսպորտային միջոցների և բեռնարկղերի համար միջազգային ճանապարհային փոխադրումների փոխադրագրքույկներով միջազգային փոխադրումներ իրականացնելու և տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար օգտագործելու թույլտվություններ տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` կազմված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության միջազգային փոխադրողների միության ներկայացուցիչներից:
(3-րդ կետը լրաց., փոփ. 14.12.17 N 1614-Ն)
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Տիր Արմենիա» («TIR ARMENIA») բաց բաժնետիրական ընկերությունը և ընկերության պարտատերերի պահանջները սահմանված կարգով ու հերթականությամբ բավարարելուց հետո պետական բաժնեմասի դիմաց պետությանը վճարման ենթակա միջոցները սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի միջազգային փոխադրողների միությանը` Միջազգային փոխադրողների միությանը (IRU) անդամակցելու հետ կապված վճարումներն իրականացնելու, նրանից միջազգային ճանապարհային փոխադրումների փոխադրագրքույկներ ձեռք բերելու և երաշխիքներ տրամադրելու գործընթացի հետ կապված ծախսերը կատարելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.12.2017, N 1614-Ն | 28.12.2017, N 670 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|