Գլխավոր տեղեկություն
Համար
N 954-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913).1 Հոդ.938
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2012 թվականի N 954-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՏԻՊԱՅԻՆ (ՕՐԻՆԱԿԵԼԻ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների տիպային (օրինակելի) կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության, կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

(2-րդ կետը լրաց. 04.10.12 N 1252-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 1474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրից հանել «և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը և դրանով հաստատված N 2 հավելվածը:

4. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 6
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 26-ի N 954-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ

 

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

 

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

 

4. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մաթեմատիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

 

5. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ

 

6. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ

 

7. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ

 

8. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ

 

9. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ

 

10. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ

 

11. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

 

12. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

 

13. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ

 

14. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

 

15. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

 

16. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

 

17. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ

 

18. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ

 

19. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

 

20. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ

 

21. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ

 

22. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ

 

23. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ

 

24. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ

 

25. (կետն ուժը կորցրել է 21.12.17 N 1696-Ն)

 

26. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ»ՊՈԱԿ

 

27. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ

 

28. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ

 

29. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» ՊՈԱԿ

 

30. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

 

31. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ

 

32. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

 

33. «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» ՊՈԱԿ

(հավելվածը փոփ. 21.12.17 N 1696-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 26-ի N 954-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի   Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ————————————————————— պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Կազմակերպության հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր):

4. Կազմակերպությունը պատասխանատու չէ իր հիմնադրի պարտավորությունների համար: Կազմակերպության հիմնադիրը պատասխանատու չէ կազմակերպության պարտավորությունների համար:

5. Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

6. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, իր անունից կնքում է պայմանագրեր, ձեռք բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում հանդես գալիս որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Կազմակերպությունը կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

8. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է բանկերում (այդ թվում` նաև օտարերկրյա) բացել հաշիվներ` ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ` արտարժույթով:

9. Կազմակերպության անվանումն է`

1) հայերեն լրիվ`____________________ պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` __________________ ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` _______________________________________________.

4) ռուսերեն կրճատ` _________________.

5) անգլերեն լրիվ` _______________________________________________.

6) անգլերեն կրճատ` _________________:

10. Կազմակերպության գտնվելու վայրն է` ____________________________:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

11. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

1) իր մասնագիտացմանը համապատասխան գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների անցկացումը.

2) գիտական կադրերի պատրաստումը:

12. Կազմակերպությունն իր առջև դրված խնդիրները լուծելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) որոշում է գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնական ուղղություններն ու գիտահետազոտական ծրագրերը.

2) հայտարարում է մրցույթներ գիտական ստորաբաժանումների ղեկավարների և գիտական աշխատողների թափուր տեղերի համար.

3) պլանավորում և իրականացնում է գիտական կադրերի պատրաստումը, պարբերաբար (առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ) անցկացնում է գիտական աշխատողների ատեստավորում.

4) հիմնադրի որոշմամբ կարող է հանդիսանալ այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից.

5) կազմում է կազմակերպության խմբագրական-հրատարակչական գործունեության պլանները, աջակցում տպագրության համար երաշխավորված աշխատանքների հրատարակմանը:

13. Կազմակերպությունը կարող է մասնակցել հայրենական և միջազգային գիտական ընկերությունների ու միությունների գործունեությանը, հրավիրել միջազգային գիտաժողովներ, կազմակերպել սեմինարներ:

14. Կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գիտամեթոդական, գիտակրթական և գիտատեխնիկական խորհրդատվության մատուցում.

2) մասնագիտական վերապատրաստում և վերաորակավորում.

3) գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների իրականացում.

4) պետական առաջադրանքի կատարումից ազատ շարժական և անշարժ գույքի վարձակալության հանձնում.

5) սեփական գիտատեխնիկական մշակումների և տեխնոլոգիաների իրացում:

15. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթն ուղղվում է կազմակերպության կանոնադրական խնդիրների իրականացմանը:

16. Կազմակերպությունը կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

17. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ ակադեմիա) և գործադիր մարմինը (այսուհետ՝ տնօրեն):

18. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

19. Ակադեմիան`

1) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

2) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը.

3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

4) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

5) իրականացնում է վերահսկողություն կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

6) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

7) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

8) ստեղծում է պետական կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.

9) իրականացնում է հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

20. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որը պատասխանատու է կազմակերպության գործունեության համար:

21. Կազմակերպության տնօրենի ընտրությունն իրականացվում է` համաձայն ակադեմիայի կողմից հաստատված՝ կազմակերպության գործադիր մարմնի (տնօրենի) պաշտոնում ընտրության մրցույթի ընթացակարգի: Տնօրենի յուրաքանչյուր թեկնածու մրցույթի մասնակցության համար ներկայացնում է կազմակերպության զարգացման ծրագիր, իսկ ընտրվելուց հետո լիազոր մարմնի ղեկավարը մրցույթում հաղթողի հետ կնքում է պայմանագիր:

22. Կազմակերպության տնօրենը կարող է վաղաժամկետ ազատվել պաշտոնից` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

 23. Կազմակերպության տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերն ու կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և ակադեմիայի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

9) նշանակում է կազմակերպության հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին, նրանց տալիս է համապատասխան լիազորագրեր.

10) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

24. Կազմակերպության գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ) այդ կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող մարմին է, որի կառուցվածքը և անդամների թիվը, տնօրենի առաջարկությամբ, հաստատում է ակադեմիայի համապատասխան բաժանմունքի բյուրոն:

25. Տնօրենի ներկայացմամբ, ինչպես նաև գիտական անձնակազմի առաջադրմամբ, կազմակերպության առաջատար գիտնականները գիտական խորհրդի կազմում ընտրվում են գիտական անձնակազմի ընդհանուր ժողովում (համաժողովում): Գիտական խորհրդի անդամներն ընտրվում են փակ գաղտնի քվեարկությամբ` մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Կազմակերպությունում չաշխատող ճանաչված մասնագետները գիտական խորհրդի անդամ են ընտրվում տնօրենի ներկայացմամբ` բաց քվեարկությամբ:

26. Ի պաշտոնե և հրավիրված անդամների թիվը չպետք է գերազանցի գիտական խորհրդի անդամների թվի մեկ երրորդը:

27. Գիտական խորհրդի վերջնական կազմը հաստատում է ակադեմիայի համապատասխան բաժանմունքի բյուրոն` տնօրենի ընտրության օրվանից 2 ամսվա ընթացքում:

28. Կազմակերպության տնօրենն ի պաշտոնե գիտական խորհրդի նախագահն է:

29. Կազմակերպության գիտական քարտուղարն ի պաշտոնե գիտական խորհրդի քարտուղարն է:

30. Կազմակերպության գիտության գծով փոխտնօրենը և գիտական քարտուղարն ի պաշտոնե գիտական խորհրդի անդամներն են:

31. Գիտական խորհուրդն իրավասու է ընդունելու որոշումներ, եթե նիստին մասնակցում է նրա կազմի առնվազն երկու երրորդը: Գիտական խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե նրա օգտին քվեարկել է ներկաների կեսից ավելին: Որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդը որոշում չի ընդունել փակ գաղտնի քվեարկություն անցկացնելու մասին:

32. Գիտական խորհուրդը`

1) քննարկում և հաստատում է կազմակերպության գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկան ու ծրագրերը, գիտական կադրերի պատրաստման, միջազգային գիտական համագործակցության հարցերը.

2) համակարգում է գիտական թեմաներով կատարվող աշխատանքները.

3) քննարկում և հրատարակության է երաշխավորում կազմակերպության աշխատողների ու տվյալ մասնագիտությամբ այլ կազմակերպություններում աշխատող հեղինակների պլանային և արտապլանային մենագրությունները, ժողովածուները և այլն.

4) առնվազն տարեկան մեկ անգամ քննարկում և հաստատում է տնօրենի և գիտական ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվություններն ու առաջարկությունները կազմակերպության գիտական գործունեության վերաբերյալ.

5) քննարկում է գիտության զարգացման հրատապ հիմնահարցեր, լսում գիտական հաղորդումներ.

6) նշանակալի գիտական աշխատանքները, գյուտերն ու հայտնագործություններն առաջադրում է պարգևատրման, կազմակերպության գիտնականներին ներկայացնում է գիտական կոչումների շնորհման ու առաջադրում ընտրել ակադեմիայի կազմում.

7) հաստատում է գիտական աշխատողների ատեստավորման արդյունքները:

33. Կազմակերպության գիտահետազոտական ստորաբաժանումների ղեկավարներն ընտրվում են կազմակերպության գիտական խորհրդի կողմից` հինգ տարի ժամկետով: Մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով ընտրությունների պայմանների և ժամկետի մասին մեկ ամիս առաջ տրվում է հայտարարություն:

34. Կազմակերպության գիտահետազոտական ստորաբաժանումների ղեկավարների թեկնածուների առաջադրման համար փաստաթղթերը ներկայացվում են կազմակերպության գիտական քարտուղարին: Գրանցվում են այն թեկնածուները, ովքեր գրավոր համաձայնություն են տալիս ընտրություններին մասնակցելու մասին:

35. Գիտահետազոտական համապատասխան ստորաբաժանման գիտական անձնակազմն իր ժողովում քննարկում է բոլոր գրանցված թեկնածությունները և փակ գաղտնի քվեարկությամբ, գիտական անձնակազմի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցությամբ, կարծիք է հայտնում յուրաքանչյուր թեկնածության վերաբերյալ: Քննարկման և քվեարկության արդյունքների մասին արձանագրությունը ներկայացվում է գիտական խորհուրդ:

36. Կազմակերպության գիտահետազոտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում ընտրվելու մասին որոշումն ընդունվում է գիտական խորհրդի կողմից` փակ գաղտնի քվեարկությամբ, մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

37. Եթե քվեարկության 1-ին փուլում ընտրությունը չի կայանում, անցկացվում է քվեարկության 2-րդ փուլ: Եթե քվեարկության 2-րդ փուլի ընթացքում նույնպես ընտրությունը չի կայանում, ապա կազմակերպության տնօրենն ընդունում է որոշում գիտահետազոտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատարի նշանակման (2 տարի ժամկետով) մասին, և անցկացվում է նոր ընտրություն:

38. Ակադեմիայի անդամներին գիտահետազոտական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններում նշանակում է կազմակերպության տնօրենը` 5 տարի ժամկետով, առանց մրցույթի և ընտրությունների:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

39. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռքբերված գույքից:

40. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

41. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

42. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

43. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

44. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` ակադեմիայի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կողմից:

45. Կազմակերպության ֆինանսական միջոցները ձևավորվում են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից.

3) հանրապետության և արտերկրի իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ պայմանագրային աշխատանքներից.

4) իրավաբանական և ֆիզիկական անձանց ( այդ թվում՝ արտերկրի) նվիրատվություններից, դրամաշնորհներից, ինչպես նաև կտակներից.

5) կազմակերպության գույքից և գույքային իրավունքից ստացված եկամուտներից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցներից:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

46. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

47. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպության:

48. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել` միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

49. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.12.2017, N 1696-Ն 18.01.2018, N 954-Ն
04.10.2012, N 1252-Ն 18.10.2012, N 954-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան