ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
21 դեկտեմբերի 2017 թվականի N 1721-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Համաձայն սույն որոշման՝ հասարակական կազմակերպությունների ընտրություն իրականացնող, ընտրված հասարակական կազմակերպություններին գումարը տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է:
3. Առաջարկել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել օրենքով սահմանված գումարի փոխանցման ընթացակարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1721-Ն որոշման |
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) ընտրության և գումարի տրամադրման կարգը և պայմանները:
2. Համաձայն սույն կարգի՝ կազմակերպություններն ընտրվում և դրանց գումարը տրամադրվում է կազմակերպությունների կարողությունների զարգացման և նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով:
3. Կազմակերպությունների ընտրության նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ՝ ընտրող հանձնաժողով):
4. Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) մեկական և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության երեք ներկայացուցիչ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալն է և ի պաշտոնե՝ հանձնաժողովի նախագահը: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի գրության հիման վրա համապատասխան նախարարությունները պարտավոր են 3-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան ներկայացուցչի թեկնածությունը, իսկ հանձնաժողովին առաջարկվում է ներկայացնել թեկնածու:
5. Կազմակերպությունն ընտրվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
1) կազմակերպության կանոնադրական նպատակներից է սպառողների շահերի պաշտպանությունը.
2) կազմակերպության անդամներից առնվազն երեքն ունեն հանրային ծառայությունները կարգավորող ոլորտներից որևէ մեկում նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ։ Կարգավորվող ոլորտի ստաժ է համարվում նաև այդ ոլորտում պետական կառավարում կամ կարգավորում իրականացնող մարմիններում կամ այդ ոլորտում սպառողների հետ կապերի գծով աշխատանքային ստաժը.
3) կազմակերպությունը՝
ա. առաջին անգամ ընտրվելու համար դիմելու դեպքում՝ մասնակցել է հանձնաժողովի վերջին երեք տարվա ընթացքում անցկացրած նիստերի առնվազն 5 տոկոսին,
բ. առաջին անգամ ընտրվելուց հետո՝ երկրորդ տարվանից սկսած ընտրվելու համար դիմելու դեպքում՝ մասնակցել է հանձնաժողովի վերջին մեկ տարվա ընթացքում անցկացրած նիստերի առնվազն 15 տոկոսին.
4) առաջին անգամ ընտրվելուց հետո՝ երկրորդ տարվանից սկսած ընտրվելու համար դիմելու դեպքում՝ կազմակերպությունը մասնակցել է տվյալ տարվա ընթացքում հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային խորհրդակցությունների և լսումների առնվազն 50 տոկոսին, որոնց մասին հանձնաժողովը նախապես հրապարակել է իր պաշտոնական կայքում, ինչպես նաև ներկայացրել է գրավոր դիրքորոշում իրեն կարծիքի ուղարկված՝ հանձնաժողովի գրությունների և որոշումների նախագծերի վերաբերյալ։
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 20-ը կազմակերպությունների ընտրության գործընթացն սկսելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հttp://www.azdarar.am/):
7. Ընտրվելու նպատակով կազմակերպությունը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն է ներկայացնում դիմում՝ ներկայացնելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ հիմնավոր փաստաթղթեր (այսուհետ՝ դիմում), այդ թվում՝
1) հանձնաժողովի կողմից տրամադրված՝ հանձնաժողովի նիստերին կազմակերպության մասնակցության վերաբերյալ տեղեկանք.
2) կազմակերպության անդամների աշխատանքային ստաժի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր.
3) հանձնաժողովի կողմից տրամադրված՝ հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային խորհրդակցություններին, լսումներին կազմակերպության մասնակցության և կազմակերպությանը կարծիքի ուղարկված՝ հանձնաժողովի գրությունների և որոշումների նախագծերի առնչությամբ գրավոր դիրքորոշում ներկայացնելու վերաբերյալ տեղեկանք՝ սույն կարգի 5-րդ կետի համաձայն։
8. Կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:
9. Դիմումում ոչ էական թերությունների (վրիպակների և այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում ընտրող հանձնաժողովը դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկում է կազմակերպությանը 3 աշխատանքային օրվա ընթացքում բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը վերացնել թերությունները, որի դեպքում սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև կազմակերպության կողմից համապատասխան թերությունների վերացումը, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը:
10. Ընտրող հանձնաժողովը դիմումն ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին է ներկայացնում եզրակացություն կազմակերպության ընտրության կամ ընտրության մերժման վերաբերյալ, որը հաշվի առնելով` նախարարը 2 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համապատասխան հրաման կազմակերպության ընտրության կամ ընտրության մերժման վերաբերյալ: Նշված հրամանը 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում է համապատասխան կազմակերպությանը:
11. Կազմակերպության դիմումը մերժվում է, եթե կազմակերպությունը՝
1) չի համապատասխանում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պահանջներին.
2) սահմանված ժամկետում չի վերացրել սույն կարգի 9-րդ կետում նշված թերությունները.
3) նախորդ գրանցման ժամանակահատվածի ընթացքում չի ներկայացրել կամ հրապարակել սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հաշվետվությունը.
4) նախորդ ընտրման ժամանակահատվածի ընթացքում տրամադրված գումարը չի օգտագործել սույն կարգի 15-րդ կետի համաձայն։
12. Կազմակերպությունն ընտրվում է մեկ օրացուցային տարով:
13. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանձնաժողովի տարեկան բյուջեի մեկ տոկոսի չափով հաշվարկված գումարը (որը ներառվում է հանձնաժողովի պահպանման ծախսերում) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից տրամադրվում է սույն կարգին համապատասխան ընտրված կազմակերպություններին՝ եռամսյակային կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա ավարտը։
14. Սույն կարգի 13-րդ կետում նշված գումարը բաժանվում է ընտրված կազմակերպությունների թվի վրա և բաշխվում հավասարապես։
15. Կազմակերպությունն իրեն տրամադրված գումարի 50 տոկոսը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պետք է ուղղի իր կարողությունների զարգացմանը, իսկ 50 տոկոսը՝ անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը։
16. Ընտրված կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 5-ը իրեն տրամադրված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հttp://www.azdarar.am/)։
17. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով կազմակերպության ընտրությունը չեղյալ է համարվում, և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով գումարի տրամադրումը դադարեցվում է, եթե՝
1) կազմակերպության գործունեությունն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է.
2) կազմակերպությունը դիմում է ներկայացրել դրա մասին.
3) կազմակերպությունն ընտրման ժամանակահատվածի ընթացքում դադարել է բավարարել սույն կարգի 5-րդ կետում նշված պահանջները.
4) կազմակերպությունը գրանցման ժամանակահատվածի ընթացքում չի ներկայացրել կամ հրապարակել սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հաշվետվությունը.
5) կազմակերպությունը գրանցման ժամանակահատվածի ընթացքում տրամադրված գումարը սույն կարգի համաձայն չի օգտագործել:
18. Սույն կարգի 17-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պահանջով, կազմակերպությունը պարտավոր է 3-օրյա ժամկետում տրամադրել հաշվետվություն մինչև հիմքի առաջացման պահը տրամադրված գումարի օգտագործման վերաբերյալ:
19. Կազմակերպության ընտրությունը չեղյալ համարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի՝ սույն կարգի 17-րդ կետում նշված հրամանով սահմանված ժամկետում կազմակերպության կողմից ենթակա է վերադարձման՝
1) սույն կարգի 17-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում՝ դադարեցման հիմքի ծագմանը հաջորդող ժամանակահատվածի համար արդեն իսկ տրամադրված գումարը, եթե բացակայում են սույն կետով սահմանված այլ դեպքերը.
2) սույն կարգի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում, ինչպես նաև 18-րդ կետի համաձայն հաշվետվությունը չներկայացվելու պարագայում՝ տրամադրված ամբողջ գումարը.
3) կազմակերպության կողմից գրանցման ժամանակահատվածի ընթացքում տրամադրված գումարը սույն կարգի համաձայն չօգտագործվելու դեպքում՝ տրամադրված՝ սույն կարգին համապատասխան չօգտագործված գումարը:
20. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը յուրաքանչյուր տարի կազմակերպության ընտրության գործընթացի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 6-րդ կետում նշված կայքերում տեղեկատվություն է հրապարակում ընտրված կազմակերպությունների վերաբերյալ։
21. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վարում է ընտրված կազմակերպությունների էլեկտրոնային մատյան (այսուհետ՝ մատյան)։ Դիմումն ստացվելուց հետո մատյանում անմիջապես կատարվում է գրանցում կազմակերպության տվյալների, վերջինիս ընտրության կամ ընտրության մերժման, ժամկետի, դրա մասին կազմակերպությանը պաշտոնական գրություն ուղարկելու ամսաթվի, ընտրությունը չեղյալ համարվելու, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկությունների վերաբերյալ։
22. Սույն կարգի գործողության առաջին տարում՝ սույն կարգի՝
1) 6-րդ կետով նախատեսված հայտարարությունը հրապարակվում է մինչև 2018 թվականի հունվարի 20-ը.
2) 7-րդ կետով նախատեսված դիմումը ներկայացվում է մինչև 2018 թվականի փետրվարի 10-ը.
3) 9-րդ կետով նախատեսված վերջնաժամկետները մինչև 2018 թվականի փետրվարի 25-ն են.
4) 13-րդ կետով առաջին եռամսյակի համար նախատեսված գումարը տրամադրվում է մինչև 2018 թվականի առաջին եռամսյակի վերջին ամսվա ավարտը։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|