Գլխավոր տեղեկություն
Համար
N 75-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2018 թվականի N 75-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԻՆՈՒԺ» ՄԵԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ (այսուհետ` հիմնարկ)` միաձուլման ձևով վերակազմակերպելով «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները:

2. Հիմնարկի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի 5:

3. Սահմանել, որ հիմնարկի գործունեության խնդիրները, նպատակներն ու գործառույթներն են՝

1) հեռուստածրագրերի, ռադիոհաղորդաշարերի և տպագիր մամուլի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գործունեության լուսաբանումը.

2) զինվորական ծառայության քարոզչությունը.

3) հոգևոր, մշակութային, հայրենասիրական գաղափարների տարածումը.

4) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին հակազդումը.

5) հանրության հայրենասիրական ոգու բարձրացմանը նպաստող ծրագրերի մշակումը և իրականացումը, տեսանյութերի, հեռուստառադիոհաղորդումների և հրապարակումների թողարկման և համացանցում զետեղելու միջոցով հանրային իրազեկման ապահովումը.

6) տեղեկատվական շտեմարան-պահոցի (ֆիլմեր, տեսաձայնագրություններ և այլ նյութեր) շարունակական արդիականացումը.

7) համացանցում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվական սպասարկումն ու զարգացումը.

8) զինված ուժերում իրականացվող միջոցառումների լուսաբանումը.

9) ազգային ինքնության, լեզվի ու մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ տեղեկատվաքարոզչական նյութերի պատրաստումը և հրապարակումը:

4. Սահմանել, որ «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկների իրավունքները և պարտականություններն անցնում են հիմնարկին` փոխանցման ակտին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի կազմը և դրա օգտագործման կարգը.

2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 2

Երևան