ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2013 թվականի N 502-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները կիրառվում են պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի, ինչպես նաև 50 ու ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ձեռք բերվող դեղերի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման |
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
1. Սույն չափորոշիչները սահմանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի գնման տեխնիկական բնութագրերի կազմմանը ներկայացվող պահանջները:
2. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հաստատված դեղերի գնումների պլանում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված` Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում և Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) ընդգրկված դեղերը: Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը, դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստր) տեղադրված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական «www.moh.am» կայքում:
(2-րդ կետը փոփ. 14.12.17 N 1671-Ն)
2.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կարիքների համար կատարվող գնումների պլանում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր, որոնք ունեն արտադրողի երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում և (կամ) գրանցված են Եվրոպական միության անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում:
(2.1-ին կետը լրաց. 14.12.17 N 1671-Ն)
2.2. Սույն որոշման 2.1-ին կետով նախատեսված դեղերի գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած մատակարարը որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դեղերի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված, դեղի գրանցման փաստաթղթերի փաթեթի` (դոսյե) համընդհանուր տեխնիկական փաստաթղթերի ձևաչափով կամ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ներկայացման վերաբերյալ տեղեկանք, մրցույթում հաղթելու դեպքում` դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու նպատակով: Հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով ծանուցումն ուղարկելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնել որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը, դեղի գրանցման փաստաթղթերի փաթեթը (դոսյե) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված փաստաթուղթը, իսկ բանկային երաշխիքի ձևով ներկայացված հայտի ապահովման բնօրինակը` կից գրությամբ:
(2.2-րդ կետը լրաց. 14.12.17 N 1671-Ն)
3. Դեղերի գնումների պլանում գնման առարկա հանդիսացող դեղի գնման տեխնիկական բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող դեղին ներկայացվող հետևյալ պահանջները`
1) դեղի անվանումը նշելիս գրվում են դեղի միջազգային համընդհանուր (ջեներիկ) կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները: Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) առկա են նույն բաղադրատարրերով դեղի այլ գրանցված տարբերակներ, ապա դեղի գնման տեխնիկական բնութագիրը կազմվում է այնպես, որ բացառվի որևէ գրանցված տարբերակի մրցույթին չմասնակցելու հավանականությունը, և ապահովվի մրցակցության հավասար պայմաններ հնարավոր մասնակիցների համար (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).
2) դեղաձևը նշելիս հիմք է ընդունվում «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի «գ» կետով սահմանված դեղաձևերը (օրինակ` դեղահատ, հաբ, պատիճ, կաթիլ և այլն (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).
3) դեղաչափը նշելիս բազմաբաղադրատարր դեղերի դեպքում նշվում է յուրաքանչյուր բաղադրատարր դեղի դեղաչափը (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).
4) թողարկման ձևը նշելիս նկարագրվում են արտաքին ձևավորման բնութագրիչները (օրինակ` ապակե տարա և այլն (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).
5) տեղափոխման պայմանները սահմանելիս, եթե դեղը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման կարգը սահմանելու մասին» N 17-Ն հրամանի համաձայն պահանջում է տեղափոխման հատուկ ջերմային, խոնավության կամ այլ ռեժիմներ կամ պայմաններ, պարտադիր նշվում են այդ պայմանները (օրինակ` տեղափոխումն իրականացնել սառցե շղթայի առկայության պարագայում, կամ վախենում է խոնավությունից, արևի ճառագայթներից և այլն).
6) պահպանման պայմանները սահմանելիս, եթե անվանացանկում ընդգրկված դեղը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման կարգը սահմանելու մասին» N 17-Ն հրամանի համաձայն պահանջում է պահպանման և տեղափոխման հատուկ ջերմային, խոնավության ռեժիմներ կամ պայմաններ, պարտադիր նշվում են այդ պայմանները (օրինակ` պահպանել սառնարանային ջերմաստիճանում, մութ, զով վայրում, վախենում է խոնավությունից, արևի ճառագայթներից և այլն).
7) դեղի պիտանիության ժամկետները գնորդին հանձնման պահին պետք է լինեն հետևյալը`
ա. 2,5 տարվանից ավելի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնման պահին պետք է ունենան առնվազն 2 տարի մնացորդային պիտանիության ժամկետ,
բ. մինչև 2,5 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնման պահին պետք է ունենան դեղի ընդհանուր պիտանիության ժամկետի առնվազն երկու երրորդը,
գ. առանձին դեպքերում, այն է` հիվանդների անհետաձգելի պահանջի բավարարման հիմնավորված անհրաժեշտությունը, դեղի սպառման համար սահմանված պիտանիության կարճ ժամկետները, դեղը հանձնման պահին կարող է ունենալ դեղի ընդհանուր պիտանիության ժամկետի առնվազն մեկ երկրորդը:
(հավելվածը փոփ., լրաց. 14.12.17 N 1671-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.07.2023, N 1088-Ն | 07.07.2023, N 502-Ն | |
03.12.2020, N 1933-Ն | 04.12.2020, N 502-Ն | |
05.12.2019, N 1732-Ն | 12.12.2019, N 502-Ն | |
29.08.2019, N 1108-Ն | 21.09.2019, N 502-Ն | |
06.12.2018, N 1389-Ն | 20.12.2018, N 502-Ն | |
14.12.2017, N 1671-Ն | 31.12.2017, N 502-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|