Գլխավոր տեղեկություն
Համար
N 1671-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.21/79(1354).1 Հոդ.1279.22
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1671-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 2-րդ կետից հանել «միայն» բառը.

2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կարիքների համար կատարվող գնումների պլանում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր, որոնք ունեն արտադրողի երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում և (կամ) գրանցված են Եվրոպական միության անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում:

2.2. Սույն որոշման 2.1-ին կետով նախատեսված դեղերի գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած մատակարարը որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դեղերի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված, դեղի գրանցման փաստաթղթերի փաթեթի` (դոսյե) համընդհանուր տեխնիկական փաստաթղթերի ձևաչափով կամ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ներկայացման վերաբերյալ տեղեկանք, մրցույթում հաղթելու դեպքում` դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու նպատակով: Հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով ծանուցումն ուղարկելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնել որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը, դեղի գրանցման փաստաթղթերի փաթեթը (դոսյե) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված փաստաթուղթը, իսկ բանկային երաշխիքի ձևով ներկայացված հայտի ապահովման բնօրինակը` կից գրությամբ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 21

Երևան