Գլխավոր տեղեկություն
Համար
N 1615-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.18/78(1353) Հոդ.1270
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1615-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1016-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1016-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 28-րդ կետում «վկայագրում» բառը փոխարինել «պայմանագրում» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28.1-ին, 28.2-րդ և 28.3-րդ կետերով.

«28.1. Եթե տրամադրված բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում շահառուն մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն չի ներկայացնում բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, ապա շահառուն կարող է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը հանձնաժողովի նախագահին ներկայացնել շահառուի կողմից ընտրված նոտարի դեպոզիտային հաշվեհամար և նոտարի հետ կնքված պայմանագիր, որի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տվյալ հաշվեհամարին է փոխանցում բնակարանի գնման վկայագրում նշված գումարը:

28.2. Սույն կարգի 28.1-ին կետում նախատեսված դեպքում բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում շահառուի կողմից նոտարին ներկայացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի հիման վրա նոտարն իր դեպոզիտային հաշվից պայմանագրում նշված գումարը փոխանցում է վաճառողի հաշվին:

28.3. Սույն կարգի 28.1-ին կետի համաձայն բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում նոտարին բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր չներկայացվելու դեպքում` նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը, իսկ սույն կարգի 28.2-րդ կետի համաձայն պայմանագրում նշված գումարը բնակարանի գնման վկայագրում նշված (նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված) գումարից պակաս լինելու դեպքում` մնացորդային գումարը, համապատասխանաբար բնակարանի գնման վկայագրի գործողության ավարտի օրվան կամ առուվաճառքի պայմանագիրը հաստատելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոտարի կողմից հետ է վերադարձվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2017 թ. դեկտեմբերի 15
Երևան